Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_content, 1
  • Error loading component: com_content, 1

ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՐՑԵՐՈՒՄ ՀՆԱՐԱՎՈՐ Է ՍԱՀՄԱՆԵԼ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՎԵԼԻ ԲԱՐՁՐ ՆՇԱՁՈՂ

Արցախի և Հայաստանի հանրապետությունների խորհրդարանների արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովների  հերթական համատեղ նիստն անցկացվեց Ստեփանակերտում, դեկտեմբերի 9-ին, ԱԺ նիստերի փոքր դահլիճում։

Նիստին մասնակցում էին ԱՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը, նույն հանձնաժողովի անդամներ, Արցախի Հանրապետության խորհրդարանից՝ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արզիկ Մխիթարյանը, հանձնաժողովի անդամներ, խմբակցությունների ղեկավարներ և ներկայացուցիչներ, ինչպես նաև միջխորհրդարանական հանձնաժողովների անդամներ։ Հրավիրված էին ԱՀ արտգործնախարար Մասիս Մայիլյանը և նրա երկու տեղակալները։ Նիստը դռնփակ էր, լրագրողների ներկայությունը թույլատրված էր մինչև զեկույցները։ 

Նիստն ընթացավ Ա. Աշոտյանի և Ա. Մխիթարյանի համանախագահությամբ։ Նախատեսված էր երկու զեկույց. ՙՀայաստանի և Արցախի  խորհրդարանական համագործակցության արտաքին քաղաքական օրակարգը՚, զեկուցող՝ ԱՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արզիկ Մխիթարյան և ՙՏեղեկություններ Հայաստանի արտաքին քաղաքական վերջին զարգացումների մասին՚ զեկույցը, որը ներկայացրեց ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը։ Բացման խոսքով հանդես եկան ԱՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը և երկու մշտական հանձնաժողովների նախագահները։

ՀՀ 6-րդ գումարման ԱԺ-ի հետ հարաբերություններն ավելի ինտենսիվ ու նպատակային են դառնում, հերթական նիստը դրա լավագույն վկայությունն է, ասաց Ա. Ղուլյանը և վկայակոչեց ս.թ. նոյեմբերի 10-ին Երևանում անցկացված  միջխորհրդարանական նիստը, որի արդյունքներն  Արցախի խորհրդարանականները գնահատել են հետաքրքիր և օգտակար։ Հայկական երկու հանրապետությունները համակողմանի հարաբերություններ զարգացնելու մեծ ճանապարհ են անցել, և դրանում առանձնահատուկ նշանակություն ունեն միջխորհրդարանական կապերը։ Միասնական տնտեսական, ֆինանսական, լեզվական, կրթական ու մշակութային միջավայրը, բնականաբար, ենթադրում է նաև արտաքին մարտահրավերներին դիմակայելու միասնական ճակատի անհրաժեշտություն։ Այդ հարթությունում երկրորդական հարցեր չկան, իսկ եթե նկատի ունենանք ադրբեջանա-ղարաբաղյան չկարգավորված հակամարտությունը, առավել քան պարզ կդառնա պարբերական հանդիպումների և օպերատիվ ու գլոբալ իրավիճակների հետ կապված մեր պատկերացումները մշտապես թարմացնելու կարևորությունը,  ընդգծեց ԱԺ նախագահը։ Մեր օրերում արտաքին հարաբերություններն ու դիվանագիտությունն անհնար է պատկերացնել առանց խորհրդարանական բաղադրիչի։ Գնալով աճում է խորհրդարանականների ներգրավվածությունը  միջազգային կապերի ընդլայնման գործընթացում, ինչը  չնկատելն ուղղակի անհնար է։ Ա. Ղուլյանի դիտարկմամբ՝ խորհրդարանական դիվանագիտության դերակատարությունը կարևորվում է ոչ միայն մեր կարգավիճակում գտնվող երկրների համար, որոնց արտաքին քաղաքականության հնարավորությունները սահմանափակ են, թեկուզև ժամանակավոր, դրանք կարևոր են նաև կայացած տարածաշրջանային կամ միջազգային ազդեցիկ ակտորների համար։ Նրա բնորոշմամբ՝ Արցախի Հանրապետության արտաքին քաղաքական կապերի ընդլայնման գործում խորհրդարանական դիվանագիտության չափաբաժինը բացահայտ մեծ է։ Ընդամենը մեկ համեմատություն. գործնական հետաքրքրությամբ մեր երկիր այցելող օտարերկրացիների մեջ պատգամավորները երկրորդ տեղում են, լրագրողներից հետո։ Այդ հետաքրքրությունն արտահայտվել է 2013 թվականից սկիզբ առած՝ բարեկամության խմբերի և շրջանակների գործունեությամբ, նահանգային խորհրդարանների կողմից Արցախի անկախության ճանաչման մասին բանաձևերի ընդունմամբ։ Սա առանձնահատուկ վերաբերմունք է, որին նոր սերնդի պետություններից առայժմ միայն Արցախի Հանրապետությունն է արժանացել։ Երկու խորհրդարանների համագործակցության ներկայիս մակարդակը թույլ է տալիս արտաքին քաղաքական հարցերում խորհրդարանական մասնակցության ավելի բարձր նշաձող սահմանել։ ՀՀ Ազգային ժողովը յուրահատուկ կապող օղակ է մեզ համար այլ երկրների խորհրդարանականների հետ շփումների նպատակով, շարունակեց Ա. Ղուլյանը, ունենք բավականին ձեռքբերումներ, նույնքան էլ անելիքներ։ Վերջին մեկ տարում, առավել ևս  2016-ի ապրիլից հետո, մեր անմիջական հարևանությամբ, և ոչ միայն, ծավալվող աշխարհաքաղաքական գործընթացները հուշում են, որ իրականում լուրջ վերադասավորումներ են տեղի ունենում միջազգային հարաբերություններում, որոնք կարող են հիմք ծառայել քաղաքական նոր փոխակերպումների համար։ Նման իրավիճակում չի կարելի կորցնել զգոնությունը, ուստի խորհրդարանական ներուժի  ճիշտ օգտագործումը մեր ընդհանուր արտաքին քաղաքական օրակարգի հարցերի լուծման համար մնում է պահանջված և հրատապ։ Ելույթի ավարտին ԱՀ խորհրդարանի խոսնակը հույս հայտնեց, որ Երևանում սկսված քննարկումներն իրենց շարունակությունը կունենան  երկրորդ հայկական պետության խորհրդարանում։ 

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ա. Աշոտյանն իր ելույթում գոհունակությամբ շեշտեց, որ  երկու խորհրդարանների համատեղ աշխատանքն սկսել է ծավալվել նաև խմբակցությունների և հանձնաժողովների միջև։ Սահմանադրական բարեփոխումներից հետո երկու պետությունների խորհրդարանների դերը փոխվել է, ինչը հանգամանալից քննարկվեց երևանյան նիստի ժամանակ, որի օրակարգում ներառված առաջին հարցը վերաբերում էր սահմանադրական բարեփոխումներից հետո խորհրդարանական գործունեության առանձնահատկություններին։ Ըստ հանձնաժողովի նախագահի՝ Հայաստանի պարագայում խոսքը խորհրդարանական հանրապետության մասին է, որը թույլ է տալիս Ազգային ժողովին ավելի մեծ ներգրավվածություն ունենալ արտաքին քաղաքական հարցերի լուծման գործում, ինչը մի յուրահատուկ մարտահրավեր է ու նաև՝ պատասխանատվություն, որովհետև նոր գործառույթների կատարման համար նոր կարողությունների և հնարավորությունների կարիք է զգացվում։ Այդ առումով Արցախի խորհրդարանի հետ շփումները տանում են փոխադարձ հարստացման։ Ներկա միջազգային իրադրությունում Հայաստանի խորհրդարանը նաև յուրահատուկ բարձրախոս է Արցախի ժողովրդի և նրա խորհրդարանի համար։ ՙՄեզանով խոսում է նաև Արցախը՚. սա պետք է դառնա կարգախոս, նմանատիպ շփումները լեգիտիմացնում են մեզ՝ ձեզ ներկայացնելու արտաքին քաղաքական ասպարեզում՚,-ընդգծեց Աշոտյանը։  Նրա գնահատմամբ՝ Հայաստանի խորհրդարանի դերակատարությունն արտաքին քաղաքական դաշտում այս ամիսների ընթացքում կտրուկ աճել է։ Նա այնուհետև անդրադարձավ ընթացիկ տարվա մայիս-հունիս ամիսներին արցախյան կողմի հետ իր ղեկավարած մշտական հանձնաժողովի աշխատանքին, մասնավորապես արդեն ուրվագծած գործողությունների ծրագրին՝ ուրախությամբ շեշտելով, որ տարին փակվում է ծրագրային կետերի կատարմամբ։ Փոխադարձ համագործակցությանն առնչվող բոլոր պայմանավորվածությունները կյանքի են կոչվում։ Քանի որ Հայաստանն ու Արցախը գտնվում են ընդհանուր ռազմաքաղաքական տարածքում, արտաքին քաղաքականությունը դառնում է ռազմաքաղաքական միջավայրի ապահովման կարևոր գործիքներից մեկը, ուստի այս ձևաչափը նաև նպատակ ունի, ինչպես ընդունված է ասել, ուղղել ժամացույցները։ Արցախի խորհրդարանի հետ ժամանակը պետք է ճշգրտվի, որպեսզի արտաքին քաղաքական դաշտում հատկապես անվտանգության հետ առնչություն ունեցող  քայլերը լինեն համահունչ Արցախի խորհրդարանին և նրա ժողովրդի սպասումներին։

ԱՀ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ա. Մխիթարյանը կարևորեց երկու խորհրդարանների մշտական հանձնաժողովների համատեղ գործողությունների ծրագիրը, մասնավորապես հայաստանյան իր պաշտոնակցի կողմից արված առաջարկությունները՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ԱՀ խորհրդարանի նույն հանձնաժողովը չունի համապատասխան գործիքակազմ, որի միջոցով կարողանա արտաքին աշխարհում ներկայացնել արցախյան հիմնախնդիրը։ Հանձնաժողովի նախագահը դրական տեղաշարժ էր արձանագրել եվրոպական երկրների և ԱՄՆ-ի հետ Արցախի Հանրապետության հարաբերություններում, սակայն նույնը չի կարելի ասել Արևելքի երկրների հետ կապերի մասին։ Այս ուղղությունում առկա են չօգտագործված հնարավորություններ, մանավանդ եթե նկատի ունենանք հայկական համայնքների առկայությունն այդ երկրներում։ Նա այնուհետև ուշադրություն հրավիրեց  մի խոսուն փաստի վրա.  Արցախ այցելողների թիվը գնալով աճում է, ինչը նպաստում է մեր հանրապետության միջազգային ճանաչմանը, նրա կրթական, մշակութային հնարավորությունները  հասանելի են դառնում արտաքին աշխարհին։ Մխիթարյանի գնահատմամբ՝ Հայաստան-Եվրամիություն Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրից բխող մի շարք դրական զարգացումներ անուղղակի կերպով իրենց դրական ազդեցությունը կունենան նաև Արցախի վրա։ Արցախյան կողմին չի գոհացնում ղարաբաղյան խաղաղ կարգավորման բանակցությունների ներկա  ձևաչափը։ Արցախը պետք է ներգրավված լինի  բանակցություններում՝ լիարժեք ներկայացնելու մեր ժողովրդի շահերը։  

Ռուզան ԻՇԽԱՆՅԱՆ