[ARM]     [RUS]     [ENG]

ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆ. ՙՓՈՐՁՈՒՄ ԵՆՔ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԵՎ ԱՐՑԱԽԸ ՀԵՌՈՒ ՊԱՀԵԼ ԱՇԽԱՐՀԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՄԵՆԱՄԱՐՏԵՐԻՑ՚

ԱՀ և ՀՀ խորհրդարանների արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովների համատեղ նիստին հետևեց հանձնաժողովների նախագահներ Արզիկ Մխիթարյանի և Արմեն Աշոտյանի  ճեպազրույցը  ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ։ 

 Նիստի արդյունքներն ամփոփելով՝ Արմեն Աշոտյանը նշեց,  որ այս ձևաչափը թեպետ ավանդական է, բայց միշտ թարմացման կարիք ունի։ Վերլուծական աշխատանքը պահանջում էր ավելի բաց միջավայր հատկապես արտաքին քաղաքականությանը վերաբերող հարցերի քննարկման ժամանակ։ Բաց միջավայրը, նրա խոսքով, հնարավոր է ստեղծել փակ դռների ետևում։ Այդուհանդերձ, ելնելով նրանից, որ խորհրդարանականները հաշվետու են և՜ հանրությանը և՜ տեղեկատվական միջոցներին, ձգտել են ապահովել աշխատանքի թափանցիկությունը։ 

Արտաքին քաղաքական օրակարգի շուրջ Հայաստանի և Արցախի խորհրդարանների միջև շփումները պետք է լինեն պարտադիր։ Մի կողմից դա հնարավորություն է ընձեռում թարմացնել գիտելիքների և մոտեցումների բազան, մյուս կողմից էլ՝ շնորհիվ տեղեկատվության փոխանակման, հնարավոր է միշտ մնալ արդիական։ ՀՀ խորհրդարանն ստանձնել է նաև Արցախի ժողովրդի և նրա խորհրդարանի արտաքին քաղաքական օրակարգի մի զգալի մասը, չնայած Արցախի խորհրդարանին արդեն հաջողվել է իր միջազգայնացման հետ կապված  հաջող քայլեր  ձեռնարկել։ Արցախի ժողովրդի իրավունքների միջազգային ճանաչումը մենք դիտում ենք որպես արցախյան խնդրի արդար լուծման կարևոր ուղղություններից մեկը, ընդգծեց հանձնաժողովի նախագահը և հավելեց, որ այս տեսանկյունից խորհրդարանական ձևաչափն անփոխարինելի է, որովհետև պատգամավորները ներկայացնում են ժողովրդին։  Համատեղ իրականացված աշխատանքների արդյունքում ծնվել են մի շարք առաջարկություններ, որոնց մասին Աշոտյանը չբարձրաձայնեց, բայց շեշտեց, որ  աշխատանքը տարվելու է միջխորհրդարանական մակարդակով։ Նրան գոհացնում էր այն իրողությունը, որ երկու հանրապետությունների խորհրդարանների արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովները կարողացան զգալի և տեսանելի  ներդրում ունենալ օրակարգի հետագա զարգացման գործում։ Երկուստեք պայմանավորվածություն է ձեռքբերվել նաև գալիք տարի երկու հանձնաժողովների համատեղ նախաձեռնությամբ խորհրդարանական լսումներ անցկացնել Ստեփանակերտում։ Լսումները կվերաբերեն արտաքին քաղաքականության ամենահրատապ  հարցերին։

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահն այնուհետև տեղեկացրեց ՀՀ խորհրդարանում իր նախաձեռնությամբ ստեղծված Վերլուծական խորհրդի  մասին, որը բաղկացած է առաջատար  փորձագետներից, միջազգայնագետներից, քաղաքական գործիչներից։ Նախատեսվում է նաև Վերլուծական խորհրդի արտագնա նիստի կազմակերպում Ստեփանակերտում։ Հաջորդ տարվա համար արդեն ուրվագծվել է երկու համատեղ նախագիծ. խորհրդարանական լսումներ և Վերլուծական խորհրդի արտագնա նիստ այն հարցերի շուրջ, որոնք հետաքրքրություն կներկայացնեն Հայաստանի և Արցախի համար։ Համատեղ նիստի ժամանակ քննարկվել է նաև 2018-ի ընթացքում պետական մակարդակով նշվելիք տարեդարձերի և տարելիցների հետ կապված ձեռնարկումների իրականացման ծրագիրը։  Խոսքը Արցախյան  շարժման 30-ամյակին առնչվող միջոցառումների մասին է, որոնք նաև Հայաստանում պիտի իրականացվեն։ Դա հրաշալի առիթ է՝ միջազգային հանրությանը  վերստին ներկայացնելու Շարժման իրական պատճառները և պատմությունը։ Արցախյան շարժումը ծագել է որպես ազգային, ժողովրդավարական շարժում  Խորհրդային Միության ժամանակներում, ինչի արդյունքում ծնվեց Արցախի Հանրապետությունը։ Դրանով է արցախյան խնդիրը տարբերվում հետխորհրդային տարածքի մյուս հակամարտություններից։  

Գալիք տարի  Հայաստանում  նշվելու է Առաջին հանրապետության 100-ամյակը, ինչը  համատեղ աշխատանքի ևս մեկ հնարավորություն կընձեռի։ Բացի այդ, ՀՀ-ում տեղի կունենա Ցեղասպանությունների կանխարգելման միջազգային ֆորումը, որին արցախցի  խորհրդարանականները կներկայանան հավուր պատշաճի։ 

Ա. Մխիթարյանը շնորհակալություն հայտնեց ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովին, որը, ընդառաջելով արցախյան գործընկերների խնդրանքին,  համատեղ նիստ անցկացրեց Ստեփանակերտում։ Օրակարգում ներառված հարցերը բավականին մանրամասն քննարկվեցին,  եղան առաջարկություններ երկու խորհրդարանների հետագա  փոխգործակցու՜թյան վերաբերյալ։ ԱՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահը լիահույս էր, որ ապագայում   երկու նույնանուն հանձնաժողովների համատեղ աշխատանքը կշարունակվի՝ կյանքի կոչելու այն բոլոր ծրագրերը, որոնք ուրվագծվել են միասնական աշխատանքի արդյունքում։ 

Նիստի արդյունքները ներկայացնելուց հետո հանձնաժողովների նախագահները պատասխանեցին լրագրողների հարցերին։ ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահին  ուղղված ՙԱԱ՚-ի հարցը վերաբերում էր Հայաստան-Եվրամիություն Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրին։ ՀՀ-ն անդամակցում է ԵԱՏՄ-ին ու նաև հարաբերությունները խորացնում է Եվրամիության հետ, ինչն ընդունվում է որպես դիվանագիտական հաջողություն, բայց, դրա հետ մեկտեղ,  այն իր մեջ պարունակում է որոշակի ռիսկեր, քանի որ խոսքը գնում է աշխարհաքաղաքական տարբեր բևեռների հետ հարաբերվելու մասին։ Ներկա մարտահրավերներին իր բացման խոսքում անդրադարձավ  նաև ԱՀ ԱԺ նախագահ Ա. Ղուլյանը՝ ընդգծելով, որ, հաշվի առնելով աշխարհաքաղաքական իրավիճակը և հնարավոր  փոխակերպումները, պետք է զգոնություն ցուցաբերել արտաքին քաղաքական  հարցերում, հետևաբար և՝ վարել  զգուշավոր քաղաքականություն։ 

Խնդրի վերաբերյալ ի՞նչ տեսակետ ունի  ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահը։

Պատասխանելով հարցին՝ Աշոտյանը նշեց, որ իրենք փորձում են ՀՀ-ն և Արցախը հեռու պահել աշխարհաքաղաքական մենամարտերից, որովհետև այն պետությունները, որոնք դառնում են գերտերությունների աշխարհաքաղաքական շահերի բախման թատերաբեմ, մշտապես կանգնում են կորուստների առաջ։ Հայաստան-Եվրամիություն համաձայնագիրը մեծապես կարող է նպաստել ՀՀ-ի հետագա զարգացմանը, բարեփոխումներին՝ պետական կառավարման ոլորտից մինչև  տնտեսության ճյուղային  բարեփոխումներ, մարդու իրավունքների և ազատությունների ինստիտուտների հետագա կատարելագործմանը։ Նաև  կարևոր է արցախյան հակամարտության կարգավորման քաղաքական այն բանաձևումը, որը տեղ է գտել իրավական պարտադիր փաստաթղթում։ Աշոտյանի համոզմամբ՝ Համաձայնագրի վավերացումից հետո  ԵՄ-ի կողմից տրված քաղաքական գնահատականը դառնալու է աներկբա, ինչը մեծապես կարող է նպաստել տարածաշրջանային կայունությանը։ Որքան ուժեղ լինի Հայաստանը, այնքան ավելի ուժեղ ու պաշտպանված կլինի Արցախը։  Հանձնաժողովի նախագահի բնորոշմամբ՝ Համաձայնագիրը նաև Արցախի համար է կարևոր. այն փորձը, որը ձեռք է բերելու Հայաստանը եվրոպական ինստիտուտների հետ համատեղ բարեփոխումների շրջանակներում, կարող է տրամադրվել նաև արցախյան պետական կառույցներին։ Հայաստանյան փորձը կարող է նաև կիրառելի լինել Արցախի Հանրապետության այս կամ այն ոլորտում իրականացվող բարեփոխումների համար։ Արտաքին քաղաքականությունը ոչ թե հույզերի, այլ մտագործունեության ոլորտ է, պահանջում է ինտելեկտուալ աշխատանք։  Մենք մշտապես փորձում ենք գործել սառը  դատողության շրջանակներում՝ ելնելով բացառապես Հայաստանի և Արցախի ազգային ու պետական միասնական շահերից, եզրակացրեց հանձնաժողովի նախագահը հավելելով՝ անվտանգային և ռազմաքաղաքական տեսակետից երկու հանրապետությունների  շահերը ամբողջությամբ համընկնում են։ Երկու հայկական պետություններն իրենց արտաքին քաղաքական ձեռնարկումներով միայն նպաստում են Հարավային Կովկասի խաղաղության և անվտանգության ապահովմանը։                         

Ռուզան ԻՇԽԱՆՅԱՆ