ՉՆԱՀԱՆՋԵԼ, ՄԻԱՍՆԱԲԱՐ ԿԵՐՏԵԼ ԱԶԳԻ ԱՊԱԳԱՆ. ՍԱ ԷՐ ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ

Մեկ դար և քսանյոթ տարի. պատկառելի տարիք նույնքան պատկառելի ՀՅԴ կուսակցության համար։ Եվ կարևորն այն է, որ իր անցած ճանապարհի յուրաքանչյուր տարին կուսակցությունն ապրել է պատվով, չի ճկվել խոչընդոտների առաջ։ 

 Դեկտեմբերի 14-ին Ստեփանակերտի Սայաթ-Նովայի անվան երաժշտական քոլեջի դահլիճում տեղի ունեցած միջոցառումը նվիրված էր ՀՅԴ ստեղծման հերթական տարեդարձին։ Հանդիսավոր երեկոյին ներկա էին Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, ԱՀ Ազգային ժողովի պատգամավորներ, կառավարության անդամներ, հյուրեր։

Կուսակցության տարեդարձը շնորհավորեց և նրա վաստակը ներկայացրեց ԱՀ խորհրդարանի փոխխոսնակ, ՀՅԴ Արցախի կենտրոնական կոմիտեի անդամ Վահրամ Բալայանը։ Նրա խոսքով՝ Դաշնակցության ծննդյան օրն ամեն տարի նշելը յուրօրինակ հաշվետվություն է ինչպես թիմակիցիների, այնպես էլ` հասարակության առջև։ Բայց օրն ավելի շատ որպես հարթակ է ծառայում՝ ներկայացնելու ոչ հեռավոր ապագային միտված անելիքները, հստակեցնելու դրանց հասնելու միջոցները։ Կուսակցության ամեն մի անդամի համար կարգախոսի նշանակություն ունի ՙԴաշնակցությունն ու Արցախը սկզբնական դաշնակիցներ են՚ ասույթը, որը նաև հստակ գործողությունների ծրագիր է։ Նշված դրույթները գործողության մեջ են դրվել դեռևս 20-րդ դարի սկզբներից, երբ ՀՅԴ-ն՝ որպես կառույց, սկսել է գործել Արցախում։ Ըստ բանախոսի՝ այն ժողովրդի էությունից բխող արժեհամակարգի ծնունդ է։ Դաշնակցության համար բարձրագույն արժեք են մարդը, նրա ազգային արժանապատվությունն ու իրավունքը։ Այդ տեսանկյունից՝ 19-րդ դարի վերջերից դաշնակցությունը հայության մեջ ոչ միայն իր ուժերի նկատմամբ վստահությունը վերականգնեց, այլև իր հայրենիքում ազատ ապրելու և ազգային պետականություն ունենալու գաղափարը ներարկեց։ 

Անդրադառնալով Արցախի ազգային-ազատագրական պայքարին՝ Վ. Բալայանն ասաց. ՙԱյսօր Արցախի Հանրապետության միջազգային իրավական տեսանկյունից ճանաչումը ՀՅԴ բոլոր կառույցների համար գերխնդիր է համարվում։ Դաշնակցության արցախյան կառույցը՝ հանրապետության իշխանությունների հետ համադրաբար, առաջիկայում Հայ Դատի գրասենյակների միջոցով լայնածավալ աշխատանք կկատարի արցախահայության արդար դատը պաշտպանելու ուղղությամբ։ Կուսակցությունը մեծ աշխատանքներ ունի կատարելու նաև Ադրբեջանի և Թուրքիայի հակահայկական քարոզչությունն ու լոբբիստական աշխատանքը չեզոքացնելու, Արցախը աշխարհին ընկալելի դարձնելու ասպարեզում՚։ 

Արցախի խորհրդարանի ՙԺողովրդավարություն՚ խմբակցության ղեկավար Վարդգես Բաղրյանը շնորհավորանքի իր խոսքում հատկանշեց, որ հիմնադրման օրից ՀՅԴ-ն միշտ եղել է ժողովրդի կողքին, պաշտպանել ու շարունակում է պաշտպանել հայության  դատն ամբողջ աշխարհում, հսկայական աշխատանք է կատարում արտերկրում։ ՙԳալիք տարի լրանում է Հայաստանի առաջին հանրապետության 100-ամյակը, որի հիմնադիրը Հայ հեղափոխական դաշնակցությունն է, և որն այդ ծանր ժամանակաշրջանում իր վրա վերցրեց այդ պատասխանատվությունը,- ասաց ԱԺ պատգամավորը։- Ճիշտ է, Առաջին հանրապետությունը գոյություն ունեցավ  ընդամենը 2,5 տարի, սակայն անմոռանալի է նրա դերը մեր ժողովրդի պատմության քառուղիներում։ Երբ սկսվեց Ղարաբաղյան շարժումը, իսկ այնուհետև մեր հակառակորդի կողմից մեզ պարտադրվեց պատերազմ, Դաշնակցությունն անտարբեր չմնաց հայրենիքում ծավալվող իրադարձություններին։ Բազմաթիվ դաշնակցականներ՝ մեր մյուս հայորդիների հետ միասին, կանգնեցին հայրենիքի պաշտպանության դիրքերում և իրենց սուրը փառքով դրեցին պատյան՚։ Վ. Բաղրյանի խոսքով՝ ՀՅԴ Արցախի կառույցը մեր երկրի ազդեցիկ և ամենակազմակերպված քաղաքական ուժերից մեկն է։ ՙԺողովրդավարություն՚ խմբակցությունը ԱԺ-ում սերտորեն համագործակցում է ՙԴաշնակցություն՚ խմբակցության հետ։ ՙԵրբեմն որոշ հարցերում լինում են տարաձայնություններ,-ասաց պատգամավորը,- սակայն երկուսս էլ մտահոգ ենք ու համակարծիք մեր երկրի ճակատագրին վերաբերող հարցերում, հատկապես երբ խոսքը վերաբերում է նրա անվտանգությանը՚։ 

Կուսակցության ծննդյան հերթական տարեդարձի կապակցությամբ շնորհավորանքի և օրհնանքի խոսքում  Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը կարևորեց Դաշնակցության առաքելությունը Սփյուռքում և Հայրենիքում։ ՀՅԴ-ն աչքի է ընկնում իր ազգապահպան գործով, վիթխարի գործ է անում Հայ Դատի ասպարեզում։ Թեմական առաջնորդի հավաստմամբ՝ Դաշնակցության բջիջներն Արցախում կային դեռևս մինչև 1988 թվականը, քանզի սկսած 60-ականներից ազգային գիտակցությունը վերելք էր ապրում թե՜ մայր Հայաստանում, և թե՜ Արցախում, հատկապես Ցեղասպանության 50-ամյակից հետո։ ՙՈւրախ ենք, որ Դաշնակցությունը լծված է պետականաշինության, ազգային-ազատագրական պայքարի գործին։ Տվեց հերոսներ, նահատակներ և ունի մեկ երազանք՝ ունենալ ազատագրված, միացյալ պատմական Հայաստան, որն ամեն մի հայի երազանքն է։ Վստահ եմ՝ հավատի ուժով, կուսակցություններով ու անհատներով մի օր կհասնենք այդ երազանքին՚, -նման հավատով ու լավատեսությամբ իր խոսքն ավարտեց Սրբազանը։ 

ՀՅԴ հերթական տարեդարձն Արցախում նշելու և որպես բանախոս օրվա պատգամն ու խոսքը փոխանցելու համար Լիբանանից ժամանել էր ՙԱզդակ՚ թերթի խմբագիր Շահան Գանտահարյանը։ Նրա խոսքով՝ թե՜ ժամանակի, և թե՜ միջավայրի առումով պարտավորեցնող է ՀՅԴ ծննդյան օրը նշելը։ Բանախոսն անդրադարձավ հայ ժողովրդի անցած պատմական փառավոր ուղուն, մասնավորապես Արցախյան պատերազմին, որի ժամանակ Դաշնակցությունը միշտ կանգնած էր, այսօր էլ կանգնած է պայքարի դիրքերում։ Կուսակցության նպատակը, ինչպես հավաստիացրեց Շ. Գանտահարյանը, հայի սրբազան արժեքների պահպանումն է, հայության արդար դատն է, նրա ապահովությունն ու ազատությունը։ Նա կոչ արեց բոլորին՝ չնահանջել, այլ միասնաբար կերտել ազգի փայլուն ապագան, քանզի միասնականության մեջ է կենտրոնացած ուժը։ Եվ տա Աստված, որ կուսակցության լուսաբացները լինեն ազատ, անկախ, միացյալ Հայաստանի երկնքի տակ, ինչին էլ ձգտում և երազում է ՀՅԴ յուրաքանչյուր անդամ։ 

Միջոցառումն ավարտվեց տոնական համերգով, որին իրենց մասնակցությունն էին բերել  Արցախի կամերային նվագախմբի լարային քառյակը, դաշնակահար, ԱՀ արվեստի վաստակավոր գործիչ  Սիմոն Սարգսյանը, լիբանանահայ երգիչ Գևորգ Հաջյանը։ 

Լաուրա ԳՐԻԳՈՐՅԱՆ