Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
[ARM]     [RUS]     [ENG]

ՔԱՂԱՔԱԿՐԹՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱԿԱԴՐՈՒՄ, ԿԱՄ՝ ԳԼՈԲԱԼ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆԸ

Ղարաբաղյան խաղաղ կարգավորման գործընթացում միջնորդի դեր ստանձնած ԵԱՀԿ-ի հերթական նախաձեռնությունը դեկտեմբերի 7-8-ը Վիեննայում անդամ պետությունների արտգործնախարարների խորհրդի հերթական նիստի հրավիրումն էր, որի շրջանակներում նախատեսվել է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը։

Վիեննայի հանդիպման մասին ավելի վաղ ծանուցելիս Մինսկի խմբի համանախագահները շեշտը դրել էին հրադադարի պահպանման առավել հստակ մեխանիզմների շուրջ քննարկումներ ծավալելու վրա։ Նման քննարկումների արդյունքները ներկայացնելիս նրանք մշտապես ընդգծում են, որ խաղաղ կարգավորմանն այլընտրանք չկա, համանախագահները շարունակելու են աջակցել հակամարտող կողմերին՝ տարածաշրջանում խաղաղության ու կայունության պահպանման համար։ Այս անգամ էլ ԱՄՆ-ի պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը և ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն իրենց հայտարարություններում ընդգծեցին, որ  գործընթացը շարունակվելու է համաձայն այն սկզբունքների, որոնք բազմիցս հավանության են արժանացել համանախագահող պետությունների կողմից։ Մեջբերենք Միացյալ Նահանգների պետքարտուղարի խոսքը. կարևոր առաջընթաց կարող է արձանագրվել միայն այն դեպքում, երբ կա քաղաքական կամք։

Ադրբեջանի համար, սակայն, այդ լեզուն մնում է անհասկանալի, քաղաքական կամքի մասին խոսելն էլ ավելորդ է։ Խոսենք փաստերի լեզվով։ Նոյեմբերի վերջին, Վիեննայի հանդիպումից մեկ շաբաթ առաջ, ադրբեջանական պաշտոնական կայքն իրազեկեց  Իսլամական համագործակցության կազմակերպության մեդիա կառույցի նախաձեռնության մասին. Ադրբեջանի նախագահի օգնական Ալի Հասանովն ընդունեց Եգիպտոսի առաջատար ԶԼՄ-ների ներկայացուցիչներին։ Ադրբեջանը մեծ նշանակություն է տալիս մահմեդական աշխարհի համերաշխությանը, քարոզում է մուլտիկուլտուրալիզմ, բայց երկրի ամենամեծ խնդիրը ղարաբաղյան հակամարտությունն է, որն առանձնահատուկ ուշադրություն է պահանջում։ Այսքանը՝ որպես նախաբան։ Քանի որ նման խնդիր կա, ըստ Հասանովի, մահմեդական աշխարհի երկրների միջև փոխգործակցությունը պետք է ավելի խորանա, իսկ այդ գործում մեծ է տեղեկատվական դաշտի դերը։ Ի. Ալիևի օգնականն այստեղ վերջակետ չի դրել։ Ադրբեջանական պաշտոնական լրատվամիջոցի փոխանցմամբ՝ հանդիպման ավարտին Հասանովը հյուրերին ՙհանձնել է հրապարակումներ, որոնցում արտացոլված են վերջին երկու հարյուրամյակների ընթացքում ադրբեջանական ժողովրդի դեմ հայերի կողմից իրագործված զանգվածային սպանությունների, ցեղասպանության քաղաքականության վերաբերյալ փաստեր՚։

Հանդիպման նախաձեռնողն իրականում ալիևյան կլանն էր։ Պարզ է, որ հրավիրված լրագրողներից ոչ մեկը ցանկություն չպիտի ունենար ճշտելու Ադրբեջան պետության ՙպատմությունը՚ և նրա ի հայտ գալու հանգամանքները։ Երկու հարյուրամյակն ու ադրբեջանական ժողովուրդը ոչ մի կերպ իրար չեն համադրվում։ Հասանովն ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունը ներկայացրել է պետական գաղափարախոսության շրջանակներում՝ արտերկրից ժամանած լրագրողներին քարոզելով հայատյացություն։ Եվ քանի որ եգիպտացի լրագրողների նպատակը պատմական իրողությունները ճշտելը չի եղել, նրանք հարցեր չեն տվել Թուրքիայի կողմից իրականացված Հայոց ցեղասպանության, Ադրբեջանի հայաշատ բնակավայրերում կատարված բազմաթիվ ոճրագործությունների մասին։   Պաշտոնական Բաքուն ուղղորդել է արտերկրի լրագրողներին՝ հանդես գալ հակահայկական քաղաքականության պաշտպանության դիրքերից։ 

Նկատենք, որ այս քարոզչությունն արվել է նախքան Վիեննայի հանդիպումը։ Բաքուն նաև մատնացույց է արել Իսլամական համագործակցության կազմակերպությանը՝ որպես Ադրբեջանի համար  ընդունելի հարթակ, որում նա մահմեդական աշխարհի այլ երկրների հետ ունի ընդհանուր շահեր ու նպատակներ։ Սա, իհարկե, երկու քաղաքակրթությունների հակադրման փորձ է, մարտահրավեր միջազգային անվտանգությանը։    

Հետադարձ հայացքով դիտարկենք վերջին ամիսների տարածաշրջանային իրադարձությունները, մասնավորապես Թուրքիայի՝ ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում ներգրավվածության հասնելու փորձերին։ Դրանք չէին կարող հաջողություն ունենալ, թեկուզև այն պատճառով, որ Թուրքիան միջազգային հանրության կողմից ընդունվում է որպես հակաժողովրդավարական և ահաբեկչական պետություն, այսինքն՝ նրա  ագրեսիվ նկրտումներն արդեն իսկ հուշում են, թե ինչպիսին կարող է լինել  նրա միջնորդական առաքելությունը։ 

Հարավկովկասյան տարածաշրջանի անվտանգության համատեքստում պետք է դիտարկել արցախյան կողմից օրերս հնչած հայտարարությունը. ԱՀ արտգործնախարար Մասիս Մայիլյանն իրանական ՙՇարղ՚ օրաթերթին տված հարցազրույցում ընդգծել է, որ Արցախի և Իրանի միջև սահմանը մնում է փակ, ինչն անբնական է։ Մայիլյանի խոսքով՝ 1992թ. առաջին կեսին ղարաբաղյան խաղաղ կարգավորման գործընթացում Իրանը հանդես է եկել որպես միջնորդ, ինչը վկայում է տարածաշրջանի անվտանգության ապահովման հարցում նրա շահագրգռվածության մասին։ Այսօր էլ պաշտոնական Թեհրանը պատրաստակամություն է հայտնում կրկին միջնորդական առաքելություն իրականացնել այդ գործընթացում։ Նաև  Իրանի շահերից է բխում Արցախի հետ ընդհանուր սահմանի պահպանումը, ինչը համահունչ է տարածաշրջանում հետաքրքրություններ ունեցող այլ դերակատարների շահերին, շեշտել է արտգործնախարարը։ 

Քաղաքակրթությունների հակադրման վտանգավոր քաղաքականության դրսևորում է նաև ԱՄՆ-ի և Թուրքիայի նախագահների՝ միմյանց հասցեագրած հայտարարությունները։ Նշենք, որ  թուրքական կողմը փայլուն առիթ ունեցավ ևս մեկ անգամ ցուցադրելու իր արտաքին քաղաքականության ռազմավարությունը։ Էրդողանն ասել է, որ Թուրքիան ունի Իսրայելի հետ դիվանագիտական հարաբերությունները խզելու լիարժեք իրավունք, եթե Վաշինգտոնը պաշտոնապես Երուսաղեմը ճանաչի Իսրայելի մայրաքաղաք։ Այդ դեպքում  առաջիկա 10 օրում Իսլամական համագործակցության կազմակերպության պետությունների առաջնորդները կհավաքվեն Ստամբուլում և ՙշարժման մեջ՚ կդնեն ողջ մահմեդական աշխարհը։ Նրա բնորոշմամբ՝ Երուսաղեմը ՙկարմիր գիծ է՚ մահմեդականների համար, ուստիև, իրենք չեն թողնի, որ նման բան տեղի ունենա։  

Պատմական իրողությունն այն է, որ 50 տարի առաջ Իսրայելը տիրացել է Երուսաղեմին, ինչը միջազգային հանրության կողմից ճանաչման չի արժանացել։ Առ այսօր Երուսաղեմի կարգավիճակը համարվում է Մերձավոր Արևելքի չլուծված խնդիրներից մեկը. պաղեստինցիներն Արևելյան Երուսաղեմը համարում են իրենց ապագա պետության մայրաքաղաքը։  

Թրամփի հայտարարությունը ցույց է տալիս, որ խնդիրն ԱՄՆ-ի համար այլևս զգայուն չէ՝ մահմեդական աշխարհին հակադրվելու տեսանկյունից։ Սա նաև նշանակում է, որ մերձավորարևելյան տարածաշրջանում անկայունության ևս մեկ օջախ է ձևավորվելու, և այնտեղ ծավալվելիք գործընթացներն իրենց ազդեցությունն են ունենալու հարավկովկասյան տարածաշրջանի զարգացումների վրա։   

Թրամփ-Էրդողան առճակատման փաստն ուշագրավ է մեկ այլ տեսանկյունից. Թուրքիայի նախագահը բացահայտորեն ցույց տվեց իր անփոփոխ տրամադրությունը Մերձավոր Արևելքում, այն է՝ ոչ մի կերպ չզիջել դիրքերը, իսկ վտանգի դեպքում ոտքի կանգնեցնել ողջ մահմեդական աշխարհը։    

Սա, թերևս, սպասելի պատասխան էր։ Նույն ոճով է խոսում պաշտոնական Բաքուն։ Արտերկրից ժամանած լրագրողների ներկայությամբ Ի. Ալիևի օգնականի ունեցած ելույթը նույնպես մահմեդական աշխարհին ուղղված կոչ էր։ 

Վտանգավոր իրավիճակ. Ադրբեջանն ու Թուրքիան միջազգային հանրության՝ հակամարտությունների խաղաղ կարգավորման հասնելու կոչերին համարժեքորեն արձագանքելու փոխարեն գերադասում են հակադրել քրիստոնեական և մահմեդական քաղաքակրթությունները։ Անշրջահայաց  քաղաքականություն է ցուցադրում նաև ԱՄՆ նախագահը, ինչը և արժանացավ եվրոպական ազդեցիկ քաղաքական գործիչների քննադատությանը։ Քանի որ խոսքը միջազգային անվտանգության մասին է, ապա նման զարգացումները չպիտի անարձագանք  մնան  համաշխարհային քաղաքականության սուբյեկտների կողմից։  

ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի արձագանքն այսպիսին էր. Հայաստանն ուշադրությամբ է հետևում Երուսաղեմին առնչվող բոլոր զարգացումներին, քանի որ այնտեղ առկա է բազմադարյա հայկական ներկայություն, հայկական հարուստ պատմամշակութային ժառանգություն։ Երուսաղեմի կարգավիճակի հարցը կարող է լուծում ստանալ բանակցությունների միջոցով՝ իսրայելա-պաղեստինյան հակամարտության կողմերի համար ընդունելի կարգավորման համատեքստում։ 

Ռուզան ԻՇԽԱՆՅԱՆ