Logo
Print this page

ՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԱԴԱՍԱՎՈՐՈՒՄՆԵՐ ԵՎ ԱՌԱՅԺՄ՝ ՄԿԱՆՆԵՐԻ ՑՈՒՑԱԴՐՈՒՄ

Մերձավորարևելյան տարածաշրջանը թևակոխում է անկայունության ևս մեկ փուլ. տարածաշրջանային դերակատարների միջև լարվածության ակնհայտ  խորացումը կարող է անկանխատեսելի հետևանքներ ունենալ։ Քաղաքական փորձագետների կանխատեսումներով՝ Մերձավոր Արևելքի երկրների միջև հարաբերությունները պայմանավորված կլինեն ԱՄՆ-ի դիրքորոշմամբ։

Ամենայն հավանականությամբ, ավելի կխորանա Թուրքիա-ԱՄՆ առճակատումը, քանի որ նախագահ Թրամփը հիմնականում հաշվարկներ է անում Մերձավոր Արևելքի իր երկու գործընկերների՝ Սաուդյան Արաբիայի և Իսրայելի վրա։

Տարածաշրջանային զարգացումների շարունակությունը Ստամբուլում  Իսլամական համագործակցության կազմակերպության (ԻՀԿ)՝ Երուսաղեմի հարցով արտակարգ գագաթնաժողովի նախաձեռնումն էր, որին մասնակցում էր նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ ԻՀԿ երկրների ղեկավարների մասնակցությամբ անցկացված գագաթնաժողովը պատասխան էր ԱՄՆ նախագահ Դ. Թրամփի՝ Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու և ամերիկյան դեսպանատունն այնտեղ տեղափոխելու մասին հայտարարությանը։ Գագաթնաժողովի բացման խոսքում Թուրքիայի նախագահը մահմեդական աշխարհին կոչ է արել Երուսաղեմը ճանաչել որպես Պաղեստինի մայրաքաղաք։ Նրա մեկնաբանմամբ՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որոշումը ծառայում է արմատական հոսանքների շահերին։ Իսրայելը ահաբեկչական քաղաքականություն վարող պետություն է, և փաստորեն այդ քաղաքականության համար է պարգև ստացել ԱՄՆ նախագահից, ասել է Էրդողանը և հավելել, որ Թրամփը միայնակ է պարգևը հանձնել իսրայելցիներին։ Ահա թե ինչու միայն Իսրայելը պաշտպանեց ԱՄՆ նախագահի որոշումը։ 

Թուրքիայի նախագահի՝ մահմեդական աշխարհին ուղղված կոչի կապակցությամբ հայտարարությամբ հանդես է եկել Ռուսաստանի նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը, ինչից պարզ է դարձել  իրադարձությունների նկատմամբ ՌԴ վերաբերմունքը. իսրայելա-պաղեստինյան հակամարտության հարցով Էրդողանի դիրքորոշումը հայտնի է Մոսկվային, սակայն դա չի համադրվում ռուսաստանյան քաղաքականությանը։ Բոլորին հայտնի է Երուսաղեմի և, առհասարակ, մերձավորարևելյան կարգավորման հարցում Ռուսաստանի Դաշնության դիրքորոշումը, ընդգծել է Պեսկովը։ Հարցին՝ արդյո՞ք այդ դիրքորոշումը Ռուսաստանն օգտակար է համարում, Պեսկովը տվել է այսպիսի պատասխան. ՙԵս ոչինչ չունեմ ավելացնելու՚։  

Ադրբեջանի նախագահը հետ չի ընկել Էրդողանից, ավելի ճիշտ՝ գերազանցել է նրան։ ԻՀԿ-ի գագաթնաժողովում նա կոնկրետ վերաբերմունք է արտահայտել Երուսաղեմի խնդրի վերաբերյալ՝ շեշտելով, որ ԱՄՆ նախագահի՝ Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու և երկրի դեսպանատունն այնտեղ տեղափոխելու մասին որոշումը լուրջ անհանգստություն է առաջացրել Բաքվում։ Նա պաղեստինցիների նման Երուսաղեմն անվանել է Ղոդս, այնուհետև ընդգծել Էրդողանի՝ իսլամական աշխարհի համերաշխության գործում ունեցած  ավանդը՝ չմոռանալով հընթացս նշել, որ Ադրբեջանն իսլամաֆոբիայի դեմ ակտիվ պայքարող երկրների առաջին շարքում է։   

Ադրբեջանի նախագահի շեշտադրումները  զուրկ չեն ենթատեքստից. խոսքն այստեղ միայն պաղեստինյան կողմին աջակցելու մասին չէ, և այս իմաստով հասկանալի է նրա՝  իսլամաֆոբիայի դեմ պայքարի մասին ակնարկը։  

Իրավացի են այն քաղաքական վերլուծաբանները, ովքեր ի սկզբանե զգուշացնում էին, որ Երուսաղեմի թնջուկը շոշափում է նաև հայության շահերը։  Հիշեցնենք ՀՀ արտգործնախարարի հայտարարությունը, որում հայկական կողմի զգոնությունն է արտահայտվել։ Ներկայացնելով ՀՀ դիրքորոշումը՝ Էդվարդ Նալբանդյանը շեշտել է Երուսաղեմում բազմադարյա  հայկական ներկայության փաստը, որն արտահայտված է հարուստ պատմամշակութային ժառանգությամբ։ Նա միջազգային հանրությանն իրազեկել է, որ Հայաստանն ուշադրությամբ է հետևում Երուսաղեմին առնչվող զարգացումներին։ 

Հայկական կողմին ուղղված ազդանշան էր Իսրայելի Կնեսետի ընդդիմադիր Yesh Atid կուսակցության առաջնորդ Յաիր Լապիդի հայտարարությունն այն մասին, որ ինքը նախատեսում է խորհրդարան ներկայացնել Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչման մասին օրինագիծ։ Նրա խոսքով՝ Իսրայելը վաղուց պիտի ճանաչած լիներ այդ պատմական փաստը։ ՙԱրմենպրես՚- ը հարց է ուղղել Լապիդին՝ ինչո՞ւ Հոլոքոստ տեսած Իսրայելն առ այսօր  խուսափում է Հայոց ցեղասպանության ճանաչումից։ Կուսակցական գործչի պատասխանում արտահայտվել են հրեական դիվանագիտության նրբերանգները. նախագահ Էրդողանի ագրեսիվ պահվածքից հետո այլևս չի կարող ներում լինել որևէ մեկի համար, ով կխուսափի ճիշտ քայլ անելուց։ Լապիդի խոսքից հետևում է, որ եթե Էրդողանի պահվածքը դառնա պակաս ագրեսիվ Իսրայելի նկատմամբ, ցեղասպանության ճանաչման հարցը կորցնելու է իր հրատապությունը։ Այս հարցում զգոնությունն, իսկապես, շատ կարևոր է։  

Հարկ է ուշադրություն դարձնել նաև մերձավորարևելյան քաղաքական վերադասավորումներին։ ԱՄՆ-ն բարձրացնում է Իսրայելի դերակատարությունը, որի հետ Ադրբեջանը ռազմաքաղաքական սերտ համագործակցության մեջ է։ Դրան հակադրվում են Իսրայել-Իրան շարունակական հակասությունները, և այս համատեքստում վերստին կարևորվում է Իրանի հետ Հայաստանի և Արցախի հարաբերությունների զարգացումը։ 

Երուսաղեմի հարցը վերստին թարմացնելու ամերիկյան նախաձեռնությունը, բնականաբար, պետք է հարուցեր ռուսաստանյան ղեկավարության հակազդեցությունը։ Անցած երկուշաբթի ռուսական լրատվամիջոցները տեղեկացրին նախագահ Վլադիմիր Պուտինի մերձավորարևելյան շրջագայության մասին։ Մեկ օրում ՌԴ նախագահն այցելեց երեք պետություն՝ Սիրիա, Եգիպտոս և Թուրքիա։ Տարածված տեղեկատվության մեջ նույնիսկ ընդգծվեց, որ դա  նախագահի այցելությունների պատմության մեջ նոր ռեկորդ է, ինչը միայն դրականորեն կազդի առաջիկա նախագահական ընտրություններում գործող նախագահի վարկանիշի վրա։ Նախագահը նախ եղավ Սիրիայի Հմեյմիմ ավիաբազայում, հանդիպեց Բաշար ալ Ասադի հետ և հայտարարեց ռուսական զորքի մի մասի դուրսբերման մասին։ Եգիպտոսում Պուտինն իր պաշտոնակցի՝ Աբդուլֆաթահ ալ Սիսիի ներկայությամբ ատոմակայան կառուցելու պայմանագիր է ստորագրել։ Եթե նկատի ունենանք այն փաստը, որ Եգիպտոսն արաբական աշխարհի ամենամեծ պետությունն է, հասկանալի է դառնում ռուսաստանյան արտաքին քաղաքականության ռազմավարությունը։ Եգիպտոսը համարվում է նաև ռուսական զենքի ամենամեծ գնորդներից մեկը, իսկ ատոմակայանի վերաբերյալ պայմանագրի ստորագրումը վկայում է տնտեսական հարաբերությունների խորացման երկուստեք պատրաստակամության մասին։ Այնպես որ՝ Կահիրե այցելելը ռուսական ազդեցությունն ամրապնդելու նպատակ է հետապնդում։ 

Ինչ վերաբերում է Ռուսաստան-Թուրքիա հարաբերություններին, որոնք վերջին տարիներին բազմաթիվ վայրիվերումներ են ունեցել, քաղաքական վերլուծաբանները կանխատեսում են նոր շրջան Մոսկվա-Անկարա հարաբերություններում։  

Ընդամենը մեկ օրում լինելով Միջին Արևելքի երեք պետություններում, ՌԴ նախագահն աշխարհի մյուս ուժային կենտրոններին ի ցույց է դրել Մոսկվայի դերակատարությունն ու ազդեցությունը տարածաշրջանում։       

Այս գործընթացներում իրեն զգացնել է տալիս նաև մերձավորարևելյան տարածաշրջանում Իրանի ազդեցության հանգամանքը։ Իրան-Պաղեստին բարեկամական միության ղեկավար Մոհամմեդ ալ Բահիսիի բնորոշմամբ՝ Ղոդսը (Երուսաղեմը) սիոնիստական ռեժիմի մայրաքաղաք հայտարարելու հարցում պատասխանատու են Միացյալ Նահանգների կառավարությունը և սիոնիստական ռեժիմը։ Նա կարևորել է Իրանի կողմից Պաղեստինի ժողովրդին ցույց տրված աջակցությունը, որը մշտապես իր դերն է ունեցել։ Ավելին՝ Պաղեստինի դիմադրության հաղթանակները կայացել են հենց Իրանի ցուցաբերած աջակցության շնորհիվ։  

ԱՄՆ նախագահի հայտարարությունն ուղղակիորեն շոշափել է Իսրայել-Պաղեստին հարաբերությունները։ Պաղեստինի ինքնավար վարչակազմի նախագահ Մահմուդ Աբասը, ի գիտություն միջազգային հանրության,  հայտարարեց, որ Իսրայելը սահման չունի, ուրեմն, հնարավոր չէ, որ մայրաքաղաք ունենա։ Պետք է ճակատագրական որոշում կայացնել Ղոդսը և նրա սրբությունները պաշտպանելու համար, հավելել է Պաղեստինի ղեկավարը։ Նա անհրաժեշտ է համարել նաև ազդանշան ուղարկել ամերիկյան ուղղությամբ՝ ասելով, որ ԱՄՆ-ն կորցրել է իր միջնորդական առաքելությունը խաղաղության բանակցություններում, և Պաղեստինն այլևս թույլ չի տա Միացյալ Նահանգներին դեր ունենալ այդ քաղաքական գործընթացում։

Նման զարգացումներից, անտարակույս, չէր կարող զերծ մնալ արաբական աշխարհի ազդեցիկ երկրներից մեկը՝ Լիբանանը, որի արտգործնախարար Ջեբրան Բասիլը կոչ է արել արաբական պետություններին Ղոդսի վերաբերյալ ընդունված որոշման համար  պատժամիջոցներ սահմանել ԱՄՆ-ի դեմ։

Նախագահ Թրամփի որոշման բացասական հետևանքներն ակնառու են. ինչպես ցույց տվեցին իրադարձությունները, այն սրեց հարաբերությունները ԱՄՆ-ի և մահմեդական աշխարհի միջև։ Եթե նախկինում ամերիկյան կողմին ընդունում էին որպես անաչառ միջնորդ իսրայելա-պաղեստինյան հարաբերություններում, ապա այժմ այս երկրի վարկանիշն իջավ տարածաշրջանի երկրների աչքում։ Լարվածության նոր փուլ է սկսվում ԱՄՆ-Թուրքիա հարաբերություններում։   

Բնականաբար, չեն բացառվում նոր սրացումները հրեաների և արաբների միջև։ Եվրոպական երկրների կողմից ևս բացասաբար ընդունվեց այդ հայտարարությունը, քանի որ սպառնում է նաև եվրոպական տարածաշրջանի անվտանգությանը, որոնցում առկա են արաբական հոծ համայնքներ։ 

Այն տպավորությունն է, որ հակամարտություններով հարուստ այս տարածաշրջանում ազդեցություն ունեցող պետությունները լավ  առիթ են գտել՝ ցուցադրելու իրենց մկանները։ Բայց չի բացառվում նաև, որ քաղաքական հռետորաբանությունը վերածվի ռազմական գործողությունների, մանավանդ որ Գազայի հատվածում արդեն արձանագրվել են ռազմական բախման միջադեպեր։    

                

Ռուզան ԻՇԽԱՆՅԱՆ

 

 

 

Կայք էջից օգտվելու դեպքում ակտիվ հղումը պարտադիրէ © ARTSAKH TERT. Հեղինակային իրավունքները պաշտպանված են.