[ARM]     [RUS]     [ENG]

ՈՉ ՊԱՐԻՏԵՏԱՅԻՆ ԱՌԱՋԸՆԹԱՑ, կամ՝ Ինչպես էր Ալիևը երկչոտությամբ

 ՙԵվրոպայի՚ դռների առջև ետ ու առաջ գնում... 

 Բրյուսելում Եվրամիության հետ Հայաստանի կողմից ստորագրված համաձայնագիրը՝ ինչպես հենց տեքստի, այնպես էլ այդ իրադարձության շուրջ տեղեկատվության բազմիմաստ բովանդակությամբ և ոչ պակաս բազմակողմանի հետևանքներով, անշուշտ, դեռ երկար կլինի հասարակական քննարկումների թեմա։ Սակայն այստեղ կա ևս մեկ ասպեկտ, ինչի մասին դեռևս քիչ է խոսվում ու գրվում` բերելով, որպես կանոն, միայն Ադրբեջանի իշխանությունների դիվանագիտական պարտությանը։

Պատահական չեն Ալիևի հետ կադրերը (ով միայնակ ու որբի պես կանգնած էր ՙԵվրոպա՚ շենքի սրահում և ակնհայտորեն իրեն կաշկանդված էր զգում) սրընթաց կերպով տարածում ստացել համացանցում՝ որպես Բաքվի իշխանությունների պարտության ու Եվրոպայից մեկուսացման ապացույց։ Դրա հետ մեկտեղ անհնարին է չարձանագրել անվիճելի փաստը. գրեթե 30 տարիների ընթացքում առաջին անգամ, այդ թվում նաև ղարաբաղյան դիմակայության միջազգայնացման 25 տարիները, միջազգային հանրակցությունը բացեիբաց խախտել է զգուշավորությամբ ստեղծված, փայփայվող և սրբորեն պահպանվող հավասարությունը կողմերի միջև։ Այդ հավասարությունը կամ մեղավորության հավասարակշռությունը, որն, անկասկած, կրում է արատավոր և հակամարտությունն ընդամենը ուռճացնող բնույթ, դրսևորվում էր նրա բոլոր փուլերում՝ սկսած դեռևս ՙսումգայիթից՚։ Հրեշավոր ողբերգությունից անմիջապես հետո խորհրդային ղեկավարությունն սկսեց Հայաստանում նման կամ առնվազն դրան մոտ ինչ-որ բան կազմակերպելու հուսահատ փորձեր ձեռնարկել, որպեսզի հնարավորություն ստանա հավասարաչափ մեղադրել երկու կողմերին։ Չստացվեց, և հարկադրված առասպել ստեղծվեց ՙՂափանում և Գուգարքում ադրբեջանցիների ջարդերի՚ մասին: Կողմերի միջև քաղաքակրթական և մտավոր ակնհայտ տարբերությունը պատահաբար չընդգծելու ձգտումն այնքան ուժեղ էր, որ չօգնեց ո՜չ Հայաստանի ՊԱԿ-ի կողմից համոզիչ կերպով` թվերով և փաստերով, ստի պսակազերծումը, ո՜չ Կիրովաբադում, Բաքվում, Ադրբեջանի այլ քաղաքներում ու գյուղերում տեղի ունեցած հետագա սոսկալի իրադարձությունները։ Այն, ինչ իրականացվեց արդեն 1992թ. Աղդամի մերձակայքում, այսպես կոչված, Խոջալուի դեպքերը, Բաքվի ղեկավարության կողմից հետապնդում էր նաև այս նպատակը՝ հաստատել ՙմեղավորության հավասարակշռություն՚` հակադրելով միանգամայն կասկածելի (թեև այսօր արդեն հստակ արձանագրված) հանգամանքներում տեղի ունեցած՝ Խոջալուի բնակիչների գիշերվա ողբերգությունը Սումգայիթի ցեղասպանությանը, որը 3 օր ու գիշեր իրականացվում էր միասնական պետության խաղաղ պայմաններում` բացարձակապես բացեիբաց, ցուցադրաբար, օրը ցերեկով, հարյուրավոր ջարդարարների ու մարդասպանների մասնակցությամբ և Ադրբեջանի ու Կրեմլի իշխանությունների անթաքույց անգործության պարագայում։ 

Զարմանալի է, բայց միջազգային հանրակցությունն այդ նույն մարտավարությունը որդեգրեց ԽՍՀՄ փլուզումից գրեթե անմիջապես հետո։ 1988-1991թթ. ժամանակահատվածը, երբ ԱՄՆ-ում և Եվրոպայում ընդունվում էին հակամարտության շրջանակներում իրական դրությունն արտացոլող բանաձևեր, արագորեն փոխարինվեց կողմերի նկատմամբ, անկախ ամեն ինչից, բացարձակապես հավասար վերաբերմունք հաստատելու ցանկությամբ։ ՙԵրկուսն էլ մեղավոր են՚ հայեցակարգը սրընթաց կերպով ստացավ նպատակամետ քաղաքականության բնույթ.  անտեսելով ակնհայտ անհեթեթությունը, ոչ լիարժեքությունն ու վնասակարությունը` այդ  քաղաքականությունը որդեգրեցին նաև Մինսկի խմբի համանախագահները և եվրոպական կառույցները։

Այստեղ տեղին չէ մանրամասն վերլուծել նման վերաբերմունքի պատճառները՝ կապված ինչպես տարածաշրջանային աշխարհաքաղաքականության, այնպես էլ տնտեսական նախագծերի հետ։ Բայց այն փաստը, որ արատավոր հավասարությունը հաղթում էր անգամ կողմերի նկատմամբ հավասար վերաբերմունքի անթույլատրելիության ամենաաղաղակող դեպքերում, կասկածի ենթակա չէ։ Հարավային Կովկասի ճանաչված երեք պետություններից արագորեն առանձնացնելով ՙառաջատար՚ Վրաստանին՝  միջազգային հանրակցությունն սկսեց նախանձելի համառությամբ Ադրբեջանին հավասարեցնել Հայաստանին և բոլոր հարթություններում հետևողականորեն վարել երկու երկրներին համեմատելու քաղաքականություն։ Դրա վառ վկայությունը Եվրոպայի խորհուրդ Երևանի և Բաքվի ընդունումն է։ Թեև բոլորին պարզ էր, որ Հայաստանը վաղուց էր դրան պատրաստ և համապատասխանում է բոլոր պահանջներին, իսկ Ադրբեջանն ակնհայտորեն հետ է մնում՝ ընկղմվելով բռնապետության հորձանուտը, արհեստական հավասարությունն սկզբում բերեց այն բանին, որ ձգձգում էին ՀՀ ընդունումը, իսկ երբ արդեն անհնարին էր այլևս հետաձգել, էներգառեսուրսների մատակարարին չնեղացնելու համար միաժամանակ երկու երկրներին էլ ընդունեցին։ 

Կողմերի հանդեպ խայտառակ պարիտետային, նախևառաջ հենց Եվրոպայի համար, վերաբերմունքի բազմաթիվ դեպքեր կարելի է նշել։ Հավասարակշռությունը հազվադեպ էր խախտվում՝ կա՜մ                       իրական լոբբիստների, կա՜մ ՙլվացքատան՚ խավիարով կաշառված ՙհաստամարմին՚ հաճախորդների ջանքերով, ինչը հատկապես ցցուն կերպով դրսևորվում էր այդ նույն Եվրոպայի խորհրդում։ Սակայն կարգավորման գործընթացի շրջանակներում կողմերի նկատմամբ հավասար վերաբերմունքի սկզբունքը պահպանվում էր հստակ  ու անշեղորեն։  Նույնիսկ 2004թ. Բուդապեշտում կատարված սարսափելի հանցագործությունը, անգամ 2014թ. նոյեմբերին ուղղաթիռի հետ կապված ողբերգությունը և անգամ 2016թ. Ադրբեջանի ապրիլյան ագրեսիան չհանգեցրին համանախագահների հռետորաբանության էական փոփոխության։ Արդյունքում Ալիևի մոտ ձևավորվեց ինչպես սեփական երկրի ներսում, այնպես էլ հայ ժողովրդի դեմ իրականացվող  հանցագործությունների հարցում ամենաթողության ու անպատժելիության զգացողություն։ Ամենևին էլ պատահական չէր ցանկացած գնով Երևանում ԵԱՀԿ գրասենյակի փակմանը հասնելու Բաքվի մոլեգին ձգտումն Ադրբեջանում ներկայացուցչության լուծարումից հետո՝ ագրեսորի և մարդասպանների հովանավորի համար այդչափ ձեռնտու հավասարակշռությունը խախտել թույլ չտալու նպատակով։

Նոյեմբերի 24-ին Բրյուսելում Եվրոպան և արևմտյան հանրակցությունը ցուցադրաբար գնացին բազմամյա հավասարության խախտմանը։ Հայաստանի հետ ստորագրվեց պատմական համաձայնագիր այն բանի համապատկերին, որ Ադրբեջանի հետ համաձայնագիրը դեռևս միայն մշակվում է, և զգույշ ակնարկներ են արվում, որ, գուցե, հաջորդ տարի տեղի ունենա ստորագրումը: Սակայն Ադրբեջանի հետ ԵՄ-ի ակնհայտ խնդիրների պայմաններում այդ ժամկետը ևս կասկածի տակ է առնվում։ Մյուս կողմից չի բացառվում, որ հենց Երևանի գործոնը կստիպի ԵՄ-ին արագացնել Բաքվի հետ գործընթացը՝ զուգահեռաբար Ալիևի վրա սաստկացնելով ճնշումը՝ երկրի ներսում տիրող իրավիճակի հետ կապված: 

Կարելի է ոչ պարիտետային առաջընթացի բազմաթիվ պատճառներ մատնանշել։ Անշուշտ, Հայաստանի հետ համաձայնագիր ստանալու Եվրամիության ձգտումը թելադրված է նաև աշխարհաքաղաքական բնույթի պատճառներով` ընդհանուր առմամբ ելնելով Մեծ տարածաշրջանում տիրող իրավիճակից ու Ռուսաստանի հետ փոխհարաբերություններից, Հայաստանի ու Արցախի աճող քաղաքակրթական և քաղաքական դերակատարությամբ։ Դրա հետ մեկտեղ պետք չէ թերագնահատել ալիևյան ռեժիմի ՙարժանիքները՚, որը վաղուց անցել է քաղաքակիրթ աշխարհում տիրող փոխհարաբերությունների բոլոր բանական նորմերը։ Ընդ որում, դա վերաբերում է և՜ բռնաճնշումների ներքին քաղաքականությանը, և՜ ամեն կերպ բռնապետության ամրապնդմանը, և՜ Եվրոպայում ու աշխարհում Ադրբեջանի կոռուպցիոն գործունեության բազմաթիվ բացահայտումներին, որոնց ի հայտ գալն, ի դեպ, պետք է դիտարկել տարածաշրջանի և հակամարտության կողմերի և մի շարք  ուրիշ ասպեկտների հանդեպ վերաբերմունքի փոփոխության շրջանակներում։ 

Միայնակ բռնապետը, ով իր համար անսովոր` բոլորի կողմից բացարձակ անտեսման իրավիճակից գույնը փոխել ու, ասես, սեղմվել է ՙԵվրոպա՚ շենքի դռներին, որին ՙփրկում է՚ Մամեդյարովի հայտնվելը, ասես, հավաքական արտացոլումն է այն իրավիճակի, որում այսօր հայտնվել է Ալիևը, ով շատ հեռուն է գնացել իր հանցավոր գործունեության մեջ և չափից շատ հույսեր է դրել նավթային ու նավթադոլարային գործոնի ունեցած ուժի վրա։ Այդ օրերին Բաքվում տիրող վշտալի տրամադրությունը դրա վառ վկայությունն է։ 

Բնականաբար, հուսալ, որ հավասարության հետ կապված իրավիճակն մի ակնթարթում կփոխվի, չափազանց միամիտ կլիներ։ Բայց Բրյուսելում ձեռք բերված առաջընթացը թույլ հույս է տալիս այն բանի հանդեպ, որ աշխարհը կդադարի համեմատել անհամեմատելին և կսկսի ցուցաբերել կողմերից յուրաքանչյուրի առանձնահատկության գիտակցումը` թեկուզև հենց Եվրոպայի համար ամենանշանակալից և ճակատագրական հարցերում:

 

www.golosarmenii.am

Մարինա ԳՐԻԳՈՐՅԱՆ