[ARM]     [RUS]     [ENG]

ՄԵՐ ԺՈՂՈՎՐԴԻ ԿԱՄՔԸ, ՆՐԱ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՐԳՎՈՒՄ ԵՆ ԱՐՏԱՔԻՆ ԱՇԽԱՐՀԻ ԿՈՂՄԻՑ

Անցնող քաղաքական տարին ամփոփում է ԱՀ Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ Դավիթ ԲԱԲԱՅԱՆԸ 

 - Տարվա անցուդարձերն ամփոփելիս հիմնականում  ուշադրությունը սևեռում ենք  արցախյան հիմնախնդրի վրա, քանի որ այն շարունակում է մնալ մեր երկրի արտաքին քաղաքականության օրակարգային գլխավոր հարցը։ Պարոն Բաբայան, ինչպիսի՞ն է Ձեր քաղաքական գնահատականը, ի՞նչ ընդհանրացումներ եք արել։ 

- 2017 թվականը համեմատաբար ավելի հանգիստ տարի էր, հատկապես եթե նկատի ունենանք 2016-ի սարսափելի իրադարձությունները, որոնց հետևանքները դեռ երկար ժամանակ իրենց զգացնել կտան։  2017-ը առանձնացավ նախևառաջ ապրիլյան պատերազմի հետևանքների վերացմամբ, երկրորդ՝ սահմանների ամրապնդման նպատակով իրականացվեցին լայնածավալ աշխատանքներ, ինչ-որ տեղ նաև արտաքին քաղաքականության ակտիվացում արձանագրեցինք։ Բավականաչափ աշխատանքներ են տարվել Պաշտպանության բանակի տեխնիկական հագեցվածության մակարդակի բարձրացման ուղղությամբ։        

Չենք մոռացել պատերազմի զոհերին, նրանց ընտանիքները մշտապես  գտնվում են պետական հոգածության ներքո։ Դժբախտաբար, մեզ չի հաջողվել զոհերից խուսափել նաև այս տարի, բայցևայնպես, պետք է նշել, որ այս տարվա զոհերի քանակը համեմատելի չէ նախորդ տարվա քանակի հետ, ինչը սահմանների ամրապնդմանն ուղղված ջանքերի արդյունք է։ 

Ունեցել ենք նշանակալի ձեռքբերումներ։ Շահագործման հանձնվեց Արցախի և Հայաստանի համար ռազմավարական նշանակություն ունեցող Վարդենիս-Մարտակերտ մայրուղին։ Ասենք, որ այն սոցիալ-տնտեսական զարգացում ապահովող ՙշնչերակ՚ է մեզ համար։ Բացվեցին դպրոցներ, աշխատանքներ իրականացվեցին բնակչության բուժսպասարկման մակարդակը բարձրացնելու ուղղությամբ, շահագործման հանձնվեցին  մի շարք օբյեկտներ։ 

Ինչ-որ առումով ակտիվացել է նաև արտաքին քաղաքականությունը։ Մենք տեսանք, որ ԱՄՆ-ի ևս մեկ կարևոր նահանգ՝ Միչիգանը, ճանաչեց Արցախի Հանրապետության անկախությունը։ Ունեցանք նոր քույր քաղաքներ. ֆրանսիական Ալֆորվիլ և արցախյան Բերձոր քաղաքների միջև բարեկամության հռչակագիր ստորագրվեց։ Առաջին անգամ դա  տեղի ունեցավ հեռուստակամրջի միջոցով, ինչը նոր և գեղեցիկ երևույթ է, ինքնին ոգևորիչ։ Ընդհանուր առմամբ, կարելի է ասել, որ 2017 թվականը  մեզ համար հաջող տարի էր, քանի որ նախորդ տարիների համեմատ եղել է ավելի կայուն, ավելի խաղաղ։ Պետք է ամեն ինչ անել, որպեսզի այդ կայունությունն ու խաղաղությունն ամրապնդվեն, ամեն ինչ անել՝ երկրի պաշտպանունակությունն ավելի բարձր հիմքերի վրա դնելու համար, մանավանդ որ 2018 թվականը առանձնահատուկ տարի է լինելու հայ ժողովրդի համար։ Նշելու ենք Ղարաբաղյան շարժման վերջին փուլի 30-ամյակը, Հայաստանի առաջին հանրապետության, Սարդարապատի հերոսամարտերի և արցախյան հիմնախնդրի ծագման 100-ամյակը։ Բնական է, որ հակառակորդը, այս ամենը հաշվի առնելով, փորձելու է յուրովի ՙշնորհավորել՚ այդ բոլոր տոները։ Մենք պետք է լինենք շատ ավելի զգոն և շատ ավելի ակտիվ, համառորեն աշխատենք թե՜ արտաքին քաղաքականության, թե՜ տեղեկատվության և թե՜ բանակաշինության ոլորտներում։ 

-ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների նախաձեռնած գրեթե բոլոր հանդիպումների ժամանակ խոսվում է Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի գագաթնաժողովներում ձեռքբերված պայմանավորվածությունների մասին և առաջնային է համարվում սահմանային միջադեպերի հետաքննության մեխանիզմի ներդրման խնդիրը, ինչին Ադրբեջանն անընդհատ խոչընդոտում է։ Քաղաքական ի՞նչ գնահատական կտայիք նման դիրքորոշմանը։

- Անհեթեթ իրավիճակ է ստեղծվել։ Պաշտոնական Բաքուն իր համաձայնությունն է արտահայտել  2016 թվականին և՜ Վիեննայում, և՜ Սանկտ Պետերբուրգում ձեռքբերված պայմանավորվածություններին, որոնք իրենց բնույթով քաղաքական չեն։ Բաքուն պատրաստ չէ կյանքի կոչել ո՜չ մի համաձայնություն,  այսքանից հետո ինչպե՞ս խոսենք հակամարտության կարգավորման ավելի բարդ բաղադրիչների մասին։ Նշված պայմանավորվածությունները պարզապես նպատակաուղղված են հրադադարի ռեժիմի խախտումների կանխմանը, իսկ եթե կողմերից մեկը թույլ է տվել խախտում, դա պետք է վեր  հանվի, այդպիսով կուժեղացվի անվտանգության  համակարգը, կփրկվեն հարյուրավոր մարդկանց կյանքեր՝ և՜ մեր, և՜ ադրբեջանական կողմից։ Այս հարցը գտնվում է  տեխնիկական, ռազմական և մարդասիրական հարթությունում, այսինքն՝ քաղաքական հարց չէ, մեր երկրի կարգավիճակին ու  ճանաչմանը չի վերաբերում։ Ադրբեջանն, իհարկե, խոչընդոտում է այդ ամենին, բայց  դա չի նշանակում, որ միջազգային հանրությունը ջանքեր չի գործադրելու՝ պահպանելու խաղաղությունն ու կայունությունը։ Այս ուղղությամբ մեծ աշխատանք պիտի կատարվի։ 

Հարկ է նաև հաշվի առնել մեկ այլ հանգամանք. 2017 թվականը աշխարհաքաղաքական զարգացումների առումով եղել է շատ յուրահատուկ  ժամանակահատված. արձանագրվել են մի շարք ֆունդամենտալ զարգացումներ։ Դրանք տասնամյակներ շարունակ իրենց զգացնել կտան։ Խոսքը վերաբերում է Մերձավոր Արևելքում տեղի ունեցող իրադարձություններին, մասնավորապես Երուսաղեմի կարգավիճակին, Կատալոնիայում տեղի ունեցած գործընթացներին։ 

Այս ամենը ցույց է տալիս, որ անկայունության կենտրոնը Հարավային Կովկասից մի քիչ հեռանում է։

Նշված կետերը բավականին պայթյունավտանգ են, հետևաբար, չի կարելի թույլ տալ, որ նման ևս մեկ կետ լինի մեր տարածաշրջանում։ Եթե այստեղ պոռթկում լինի, կլինեն շատ ավելի անկանխատեսելի հետևանքներ, քան ցանկացած այլ վայրում։ Ուրեմն, կարելի է ասել, որ հարաբերական առումով խաղաղությունն ու կայունությունը կպահպանվեն մեր տարածաշրջանում, չնայած հակառակորդը շարունակելու է խախտել զինադադարի ռեժիմը։ Կարծում եմ, միջազգային հանրությունը թույլ չի տա մեծ պոռթկում, ինչը նաև գերտերությունների շահերից է բխում: Մյուս կողմից  էլ՝ տեսնելու ենք ֆունդամենտալ զարգացումներ աշխարհի տարբեր տարածաշրջաններում, որոնք այս կամ այն կերպ առնչվելու են նաև հայ ժողովրդին։ Պատրաստ լինենք բոլոր հնարավոր զարգացումներին, երբևիցե չկորցնենք մեր ինքնավստահությունն ու լավատեսությունը։ 

- Անդրադառնանք ադրբեջանական պետական գաղափարախոսության և քարոզչության վերջին ելևէջներին. ալիևյան վարչակազմը, ի տես միջազգային հանրության, քնած հայ սպային կացնահարած Ռամիլ Սաֆարովին շնորհեց գնդապետի կոչում։ Ադրբեջանը շարունակում է ցուցադրաբար անտեսել այդ նույն հանրության՝ ահաբեկչությունը դատապարտող կոչերը։ 

- Եվ անտեսում է շատ վատ ձևով։ Մենք 2017 թվականին ադրբեջանական փողերի լվացմանն առնչվող՝  բավականին հետաքրքիր զարգացումների ականատեսն էինք։ Եվրոպական տարբեր կառույցներում նույնիսկ բարձրաստիճան պաշտոնատար անձինք ստիպված եղան հրաժարական տալ։ Եվրոպան կարծես զգում է Ադրբեջանից եկող վտանգը, ընդունում, որ կոռուպցիան նույնպես ահաբեկչություն է,  այս դեպքում արդեն՝ ֆինանսաբարոյական հարթությունում։ Դա նույն բանն է, քանի որ, ի վերջո, ահաբեկում է մարդկանց, ոչնչացնում նրանց իմունային համակարգը։ Մյուս կողմից՝ մենք տեսնում ենք, որ միջազգային հանրության կողմից պատշաճ հակազդեցություն չի ցուցաբերվում, երբ Ռամիլ Սաֆարովին շնորհվում է գնդապետի կոչում։ Գնդապետը մարշալ չէ, գեներալիսիմուս չէ, որ բարձրաձայն հայտարարեն այդ մասին։ Բայց հատուկ են այդպես անում՝ ցույց տալով իրենց նպատակը։ Սաֆարովին գնդապետի կոչում տալը վկայում է, որ Ադրբեջանը չի հրաժարվում ցեղասպան, կացնային քաղաքականությունից։ Բնականաբար, սա չպետք է անտեսվի առաջին հերթին մեր կողմից։ Ադրբեջանի ցեղասպան քաղաքականությունը միայն Սաֆարովի միջոցով չի արտահատվում։ Դպրոցականների մեջ են հայատյացություն սերմանում, պետական բարձրաստիճան պաշտոնյաներն են այդ քաղաքականությունը ցուցադրում։ 

Նշենք նաև, որ Ադրբեջանում լուրջ խնդիր կա հենց իշխանության ներսում։ ՄԱԿ-ի նստաշրջանում Իլհամ Ալիևի ելույթի ժամանակ նրա կնոջ և դստեր պահվածքը դրա վառ վկայությունն է։ Դե, եթե նախագահի ընտանիքն է նման վարքագիծ դրսևորում, կարելի է պատկերացնել քաղաքական դաշտում տիրող իրավիճակը։ Այս ամենից հետևում է, որ ադրբեջանական իշխող կլանը բնակչության ուշադրությունը ներքին խնդիրներից շեղելու նպատակով կարող է դիմել սադրանքների, որոնց պետք է մշտապես պատրաստ լինենք։  

Անցնող տարվա մասին խոսելիս չենք կարող շրջանցել մի կարևոր իրողություն. հայոց պետականության կարևորությունը 2017 թվականին նորովի զգացվեց մի շարք քայլերի շնորհիվ։ Դա նախևառաջ Հայաստան-Եվրամիություն Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրումն էր, որը ցույց տվեց հայկական գործոնի նշանակությունը ինչպես Արևմուտքի, այնպես էլ Ռուսաստանի համար։ Սրան գումարենք ևս մի հետաքրքիր փաստ. Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունը Երևանում կառուցում է մի դեսպանատուն, որը կլինի տարածաշրջանի մասշտաբով ամենամեծը։ Սա պատահականություն չէ, սա  մեր կարևորությունը մատնանշող փաստ է։ Մենք ունենք հզորանալու բավականին մեծ ներուժ, մեզանից պահանջվում է համակարգված աշխատանք, նվիրվածություն, և ամեն ինչ կստացվի։

- Մեր արտաքին քաղաքական օրակարգի մյուս կարևոր խնդիրը ԱՀ միջազգային իրավական ճանաչումն է։ Քանի որ խոսք եղավ ԱՄՆ Միչիգան նահանգի Սենատի կողմից ընդունված բանաձևի մասին, կխնդրեի Ձեզ ուշադրություն դարձնել հետևյալ ձևակերպմանը. բանաձևը կոչ է անում ԱՄՆ նախագահին և Կոնգրեսին ճանաչել ԼՂՀ-ն, որը հայտնի է նաև Արցախ անվանմամբ, տնտեսական ու մշակութային կապեր հաստատել ժողովրդի հետ և աջակցել Հարավային Կովկասում խաղաղությանն ու կայունությանը։ Միանգամայն նոր շեշտադրում. մատնացույց է արվում պատմական իրողությունը։

- Փաստորեն, Միչիգանն առաջինն էր, որ ԱՀ ճանաչման մասին բանաձևում նշեց մեր երկրի  պատմական անունը։ Իհարկե, ողջունելի է, սա նաև նշանակում է, որ մեր ժողովրդի կամքը, նրա պատմությունը հարգվում են արտաքին աշխարհի կողմից։ Կարծում եմ, աշխատանքն այս ուղղությամբ պետք է շարունակվի, հնարավորություններ կան ընդլայնելու նման սուբյեկտների աշխարհագրությունը։ Համոզված եմ, մենք ճիշտ ընթացքի մեջ ենք, մեզ սպասվում են նորանոր հաջողություններ։          

Ռուզան ԻՇԽԱՆՅԱՆ