Logo
Print this page

ՔԱՐԻՆՏԱԿ, 1992 ԹՎԱԿԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 26…

Անցնող տարիները ոչ միայն մոռացության չեն մատնում Քարինտակի հերոսամարտի դրվագները, այլև մեր հոգեաշխարհում ավելի տեսանելի են դարձնում մեր ժողովրդի դիմադրության և հերոսական ընդվզման  իրողությունը:

Մարդու հոգում արթնանում է հողի դարավոր ուժը, քարերի համառությունը, երբ նրան փորձում են ստիպել իր հայրենի հողում ընդունել ստրկություն ու մահ: 1992թ. հունվարի 26-ի հերոսամարտի մասին իր խոհերը կիսելով ընթերցողի հետ, Քարինտակ գյուղի դպրոցի տնօրեն Արամայիս ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆՆ այսօր ավելի շատ մտահոգված է արյան գնով ազատագրված Հայրենիքի բարգավաճման խնդիրներով:

- Երբ հիշում եք 92թ. հունվարի 26-ի մաքառման ու հաղթահարման օրը, ի՞նչ զգացմունքներ եք ապրում:

-92թ. հունվարի 26-ը հիշելիս իմ հոգում ծնվում են երկակի, նույնիսկ իրարամերժ զգացմունքներ: Առաջինը  անսահման հպարտությունն է, որ համակում է ինձ, երբ հիշում եմ, թե ինչպես մի բուռ քաջեր, գտնվելով անբարենպաստ դիրքերում, կարողացան ջախջախել ազերի թուրքերի տասնյակ անգամ գերազանցող ոհմակներին և Քարինտակը փրկել եղերական ճակատագրից:

Երկրորդը կորուստներ տեսած մարդու խորունկ ցավն է, որ արթնանում է մեջդ ու խոցում սիրտդ: Այդ օրը նահատակվեցին 21 ազատամարտիկներ: Հետևաբար, մեր հաղթանակի բերկրանքը խառնված է որդեկորույս մայրերի, ծնողներ կորցրած մանուկների լացի հետ, կորստի ցավն անբացատրելի կերպով սղոցում է սիրտդ, սեղմում կոկորդդ…

- Այդ ճակատամարտի ո՞ր պահերն են ավելի խոր հետք թողել Ձեր հոգեաշխարհի վրա:

- Իմ հոգում խորը հետքեր են թողել այդ օրվա բախման բազմապիսի դրվագներ. մինչև հիմա ականջներիս մեջ հնչում են գնդացրորդ Ալյոշա Վարդանյանի նախազգուշական կրակոցները, որոնցով նա գուժում էր թշնամու կողմից գյուղի շրջապատման մասին: Ազերիների զրահամեքենան պայթեցնելը մեր ոգևորության սկիզբն էր: Օգնության եկած հետևակի մարտական մեքենայի անսպասելի կրակահերթերը թշնամու դիրքերի վրա քաջալերանքի մեծ լիցք հաղորդեցին գյուղի պաշտպաններին: Ցնցող էր վիրավորներին ՙԺիգուլի՚ ավտոմեքենայով Ստեփանակերտի հիվանդանոց տեղափոխելու ողբերգական միջադեպը, որի մասին սրտի խորունկ ցավով գրել է բանաստեղծ Վարդան Հակոբյանը. ՙՉնայած ծանր վերքին՝ Ալյոշան չէր ուզում լքել դիրքը:

Նորապսակներ Աբոն ու Ադելան դիրքավորվել էին Շամիրանց  բաղից վերև, ջրաղացի մոտերքում: Եվ հանկարծ Ադելան նկատեց, որ Աբոն արյունոտ է, սակայն չի ուզում խոստովանել վիրավորված լինելը. կինը հասկացավ՝ փրկել է պետք: Քաղաքից օգնության եկող ՙԲՄՊ՚-ն մինչև ճանապարհ կտար վիրավորներ տեղափոխող մեքենային՝ ազերիները խփեցին, ու արկը պայթեցրեց ՙԺիգուլին՚: Կենդանի մնաց միայն ՙԲՄՊ՚-ի վարորդից ճանապարհ խնդրելու համար մեքենայից իջած վարորդը…՚:

- Այդ օրն անհնարինը դարձավ հնարավոր: Այդպե՞ս չէ:

- Այո, որովհետև Քարինտակի պաշտպանները նախապես հաղթահարել էին մահվան զգացումը և, ինչպես մի բռունցք, պայքարել հայրենի հող ու քարի համար:

- Դժվար չէ՞ր կռվելը շուրջ 800 ազերիների դեմ, երբ դեռևս գյուղում էին գտնվում ծերերը, կանայք ու երեխաները:

-Մեր մարտիկների մարտունակությունն ու պատասխանատվությունը բարձրացնելու նպատակով գյուղի ընդհանուր ժողովում որոշում ընդունվեց երեխաներին, կանանց ու ծերերին չտեղափոխել: Չնայած դրանով վտանգի ենթարկվեց գյուղի խաղաղ բնակչության կյանքը, բայցևայնպես՝ այդ համարձակ քայլը ես համարում եմ մեր հաղթանակի գլխավոր կռվանը:

Մեր համառությունը ոչ միայն կոտրեց թշնամուն, այլև սասանեց նրա ինքնատիրապետումը: Ես տեսել եմ, թե ինչպիսի գազանային կատաղությամբ էր թշնամու նշանառուն իր անզոր զայրույթը թափում՝ անընդհատ կրակելով լվացքի պարանից կախված մանկական խանձարուրների վրա… Նա կատաղել էր այն մտքից, թե ինչու այդ թոհուբոհում գյուղը չի լքել նույնիսկ ծծկեր երեխան:

Մեր մարտիկների արիությունն ավելի արդյունավետ կլիներ, եթե մարտի պահին փամփուշտի պակասություն չզգացվեր: Օմոնականներից շատերն իրենց մահկանացուն կկնքեյին ՙԱրյունոտ ձորում՚, եթե բավարար չափով զինամթերք լիներ…

- Այդ հերոսական մարտից հետո ինչպիսի՞ հայացքով ես սկսել նայել աշխարհին, մարդուն:

- Հաղթողն իր իրավունքներն ունի, և դրանք պարտվածի համար վերածվում են իրավազրկության: Աշխարհում թագավորում է գոյության, կռվի, պայքարի օրենքը. հաղթում են ուժեղներն ու հնարամիտները: Ցավոք, քաղաքակիրթ այս դարում մորեխի պես բազմացող մեր հարևանների կողմից սպառնալիքը չի վերացել: Հետևաբար, մեր ապահովությունը ՙերկաթի պաշտամունքի՚ մեջ է:

- Քարինտակցու ոգու ուժը կրկնապատկվել էր մարտի ժամանակ. ինչպիսի՞ ակունքներից էր սնվում այդ ոգու անպարտելիությունը:

- Քարինտակցու հերոսական ոգին միշտ էլ հերթական գոյամարտից դուրս է եկել ավելի զորեղացված և ամրապնդված: 1920թ. մի բուռ քարինտակցիներ 3 օր անընդհատ դիրքային անհավասար մարտեր են մղել Շուշին մոխրացրած թաթարական հրոսակների դեմ: Հպարտությամբ եմ նշում, որ Քարինտակում է ծնվել Հայրենական մեծ պատերազմի Խորհրդային Միության արցախցի 22 հերոսներից մեկը՝ Հրանտ Ավագյանը:

- Հունվարի 26-ի բարձունքից երբ նայում ես՝ ինչպիսի՞ն ես տեսնում Արցախի ապագան:

- Այսօր մեր լեռնաշխարհը վերջապես ազատության մթնոլորտում է ապրում: Մեր հաղթանակներն էլ ավելի տևական դարձնելու համար պետք է նվաճումներ անել նաև դիվանագիտական ճակատում: Ու նաև՝ Արցախի տնտեսությունը վերականգնելով՝ մենք կապահովենք մեր հայրենակիցների բարեկեցիկ, արժանապատիվ կյանքը:

 

Հարցազրույցը՝

Ռոբերտ ԵՍԱՅԱՆԻ

 

 

 

Կայք էջից օգտվելու դեպքում ակտիվ հղումը պարտադիրէ © ARTSAKH TERT. Հեղինակային իրավունքները պաշտպանված են.