[ARM]     [RUS]     [ENG]

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂ. ԻՆՏԵՆՍԻՎՈՒԹՅՈՒ՞Ն, ԹԵ՞ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅՈՒՆ

Ադրբեջան և Հայաստան ԵԱՀԿ Մինսկի խմբի առաջիկա այցի առթիվ

 Ռուսաստանի ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը ԵԱՀԿ գործող նախագահ, Իտալիայի արտաքին գործերի նախարար Անջելինո Ալֆանոյի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հանդես է եկել մի շարք կարևոր հայտարարություններով: Բանակցություններին շոշափված հարցերի թվում էր նաև լեռնայինղարաբաղյան հակամարտության կարգավորման խնդիրը:Այդ կապակցությամբ, պատասխանելով լրագրողների հարցերին, հատկապես լեռնայինղարաբաղյան կարգավորմամբ զբաղվող ԵԱՀԿ հատուկ ներկայացուցչի գրասենյակի ընդլայնման մասով, Լավրովն արեց հետևյալ հայտարարությունը. ՙԱյդ պատմությունն սկսվել է բավականին վաղուց: Դեռևս 2010թ. սկզբին բանակցություններ էին ընթանում այդ գոտում` վստահության միջոցների ամրապնդման ուղղությամբ: Բայց կոնկրետ 2016թ. ապրիլին, շփման գծում հայտնի միջադեպից հետո, Վիեննայում կայացավ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը` ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների արտաքին գործերի նախարարների մասնակցությամբ: 2016թ. հունիսին Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցավ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների եռակողմ հանդիպումը` նույնպես համանախագահների մասնակցությամբ: Այդ հանդիպման ժամանակ ձեռքբերվեց պայմանավորվածություն` որպես վստահության ամրապնդման հստակ քայլ ավելացնել բառացիորեն մի քանի մարդ (վեց-յոթ)` որպես շփման գծում ԵԱՀԿ լրացուցիչ դիտորդներ: Այդ պահից  աշխատանքը տարվում է և, ըստ իս, այժմ կողմերը մոտ են պայմանավորվածությունների իրագործման կոնկրետ պարամետրերի համաձայնեցմանը: Մենք ակնկալում ենք, որ ԵԱՀԿ-ն կկարողանա օպերատիվ կերպով այն գործի դնել:

Ես կասկածներ եմ լսել այն առնչությամբ, որ եթե մենք ավելացնում ենք դիտորդների քանակը, ձգտում ենք շփման գծում կայունացնել անվտանգության պայմանները, ապա արդյո՞ք դա  առիթ չի դառնա հակամարտության հավերժականացման համար, և այն չի՞ զրկի, արդյոք, քաղաքական կարգավորման խթանից: Այնուամենայնիվ, պետք է ելնել այն հանգամանքից, որ ցանկացած հակամարտությունների կարգավորման ցանկացած գործընթաց` լինի դա Ղարաբաղում թե Դոնբասում, իր մեջ պետք է ներառի համաձայնեցված, համապարփակ, զուգահեռ գործողություններ, որոնք կպարունակեին անվտանգության ամրապնդման ու քաղաքական կարգավորման շուրջ քայլեր: Ամեն դեպքում, տրամաբանությունը, որի համաձայն` ՙինչքան շատ են կրակում, այնքան արագ համաձայնության կգան պայմանավորվածությունների շուրջ՚, ըստ երևույթին, չի կարող աշխատել իրական կյանքում: Ակնկալում եմ, որ այն, ինչի մասին պայմանավորվել են Ադրբեջանի և Հայաստանի արտաքին գործերի նախարարները, և ինչին ակտիվորեն սատարել են Մինսկի խմբի համանախագահները և ԵԱՀԿ ներկայացուցիչները, կյանքի կկոչվեն՚:

Եվ այսպես, որպես մեկնակետ են վերցվել 2016թ. Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած ապրիլյան պատերազմը և դրան հաջորդած վիեննյան և սանկտպետերբուրգյան պայմանավորվածությունները: Այդ պահից անցել է գրեթե երկու տարի, և հակամարտության կարգավորման ճանապարհին գործնական առաջխաղացում չի եղել, թեև կայացել են Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդների և երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների հանդիպումներ: Ճիշտ է, վերջին շրջանում փորձագետներն սկսել են հայտարարել բանակցային գործընթացի ՙինտենսիվության՚ մասին, բայց, ինչպես արդարացիորեն նկատել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան` ՙլեռնայինղարաբաղյան կարգավորման շուրջ տարվող բանակցային գործընթացում անհրաժեշտ է ոչ թե ակտիվացում, այլ արդյունավետության բարձրացում՚: Ավելի ճշգրիտ` այնպիսի իրավիճակի հասնելը, որի պարագայում հակամարտող կողմերն սկսում են պայմանավորվածությունների կոնկրետ ձևեր իրագործել:

Սակայն խնդիրը հենց նրանում է, որ եթե Հայաստանը ստորագրել է վիեննյան և սանկտպետերբուրգյան համաձայնագրերը, ապա առայսօր Ադրբեջանի ստորագրությունը դրանց տակ պաշտոնապես չկա: Այդ ուղղությամբ արվելիք քայլը Բաքուն վերապահում է անում ինչ-որ ՙպայմաններով՚, որոնք դուրս էին գալիս համաձայնագրերի շրջանակներից, ինչը հանգեցնում էր բանակցային գործընթացի տեղապտույտի: Ահա այժմ էլ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայության ղեկավար Հիքմեթ Հաջիևը սուր քննադատության տարափ թափեց Հայաստանի ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանի վրա, ով օբյեկտիվ կերպով շարադրեց դրա պատճառով բանակցություններում ծագող խնդիրները: Հաջիևի խոսքով` ՙԵԱՀԿ գործող նախագահի դաշտային օգնականների քանակի ավելացման հարցն անմիջականորեն առարկայական ու տրամաբանական բանակցություններից կախված օժանդակ միջոց է՚: Ընդ որում, նա մատնացույց է անում վերջերս Կրակովում կայացած Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների բանակցությունները, որոնք, նրա խոսքով, ՙշատ տրամաբանական էին՚, և այդպես են համարում նրանք, ովքեր ՙտեղյակ են հարցերի խորին բովանդակությանը՚:

Իրոք, բանակցություններն ընթանում են փակ ռեժիմով, և դրանց նրբություններին իրազեկված մարդկանց շրջանակը սահմանափակ է: Բայց ահա թե ինչ է հայտարարել մարդը, որի բանակցային գործընթացից իրազեկվածությունը չպետք է կասկածներ հարուցի: Մինսկի խմբի ռուսաստանյան համանախագահ Իգոր Պոպովը պատմել է, որ Կրակովում կայացած ԱԳՆ ղեկավարների հանդիպման ընթացքում քննարկվել են ռազմական ռիսկերի նվազեցման հետ կապված հարցեր` ներառյալ հակամարտության գոտում ԵԱՀԿ դիտորդների առաքելության ընդլայնումը:  Նախարարներն սկզբունքային համաձայնություն են տվել միջնորդների նախապատրաստած փաստաթղթին, որը կանոնակարգում է լրացուցիչ յոթ դիտորդների գործունեությունը: Եվ այժմ մնացել են որոշ տեխնիկական մանրամասներ, որոնք դեռևս պետք է համաձայնեցվեն, նախքան ընդլայնման մեխանիզմին մեկնարկ տալը: 

Այսպես, կոնկրետ նախանշված է ԵԱՀԿ ՄԽ առաջին խնդիրը, որի համանախագահները մոտ օրերս կժամանեն տարածաշրջան, որտեղ մտադիր են հստակեցնել կողմերի դիրքորոշումները Ադրբեջանի և Հայաստանի նախագահների հետ հանդիպումների ընթացքում:

Սա դասական իրավիճակ է: Չէ՞ որ համատեղ նպատակների և խնդիրների սահմանումը միայն կարող է դառնալ հակամարտող կողմերի հաշտեցման և փոխգործակցության ճանապարհին արված քայլ: Եթե Ադրբեջանն իր համաձայնությունը չտար դրան, ապա Մինսկի խմբի այցը զուրկ կլիներ որևէ իմաստից: Իհարկե, բանակցություններին, Պոպովի խոսքով, ՙշարունակվել է նաև գործընթացի հանգուցալուծմանը խոչընդոտող ղարաբաղյան կարգավորման առավել բարդ ասպեկտների քննարկումը՚: Նրանք, ըստ Պոպովի` ՙկապված են կարգավիճակային հարցերի լուծման ու տարածքային խնդրի կարգավորման հետ՚: Այն գոյություն ունի, բայց ներկա պահին, այնուամենայնիվ, ունի երկրորդային բնույթ: Եվ գլխավոր ինտրիգն այն է, թե ինչպես այնուհետև կզարգանան իրադարձությունները, եթե Բաքվում դարձյալ խոսք են բացել ինչ-որ ՙնախապայմանների՚ մասին, առանց որոնց Կրակովում ձեռքբերված պայմանավորվածությունների իրագործումը կարող է տապալվել: Դիվանագետները գիտեն, որ բանակցությունների ընթացքի մասին տեղեկատվության խեղաթյուրումը, մեկը մյուսի վրա գործադրվող հակամարտող կողմերի կոշտ տեղեկատվաքաղաքական ճնշումը, որպես կանոն, չեն նպաստում երկարաժամկետ փոխշահավետ համագործակցության ու վստահության հաստատմանը: Առայժմ ամեն ինչ մատնացույց է անում այն բանին, որ Ադրբեջանն ինչ-որ բանի է սպասում, փորձում է լեռնայինղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ տարվող բանակցությունները դարձնել չընդհատվող գործընթաց, երբ փակ պայմանավորվածությունների արդյունքում ձեռքբերված այս կամ այն որոշումը կարելի է հրապարակայնորեն հրամցնել որպես ՙհաղթանակ՚: Նրան առայժմ այլ բան հարկավոր չէ:

Ստանիսլավ ՏԱՐԱՍՈՎ

regnum.ru