[ARM]     [RUS]     [ENG]

ՙԳՈՐԾՈՒՄ ԷԻՆՔ ԼԵԳԱԼ, ԲԱՅՑ ՇԱՏ ԲԱՐԴ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ՚

1988 թվական, մարտ ամիս։ Արցախն ալեկոծված էր, ցույցեր, հանրահավաքներ, պահանջը՝ մարզը  վերամիավորել մայր Հայաստանին։

ԽՍՀՄ շատ հանրապետություններ դատապարտել էին Շարժումը,  դիմել էին Ադրբեջանին ու Հայաստանին՝ դադարեցնելու գործադուլը։ Ստեփանակերտի հրապարակը գրաված ամբոխը վրդովված էր, հուզումը հասել էր գագաթնակետին։ Սկզբնական կարգախոսները սպառվել էին, ելույթները` նույնպես։ Շարժումը սկսում էր կորցնել քաղաքական զգոնությունն ու հստակությունը։ Այն ղեկավարելու համար անհրաժեշտ էր մի մարմին, որ պետք է համակարգեր միտինգավորներին: Եվ` ընդհանրապես: Ու ստեղծվեց ՙԿռունկ՚ կոմիտեն։ 

1988-ի մարտի 24-ին Հայաստանում արգելվեց ՙՂարաբաղ՚ կոմիտեի գործունեությունը, նույն օրն Ադրբեջանական ԽՍՀ Գերագույն խորհուրդն ընդունեց որոշում, որով ևս արգելվեց ՙԿռունկի՚ գործունեությունը: Նրա վերջին նիստը տեղի ունեցավ մարտի 28-ին, կազմակերպությունն անցավ ընդհատակ, որոշվեց աշխատել Տնօրենների խորհրդի (ՏԽ) հետ միասին։ Տնօրենների խորհուրդը խորհրդային շրջանում ստեղծված կառույց էր, որը Ղարաբաղյան շարժումն սկսվելուց մատնվել էր անգործության։ Տնօրենների խորհրդի նախագահներից մեկը՝ Բորիս ԱՌՈՒՇԱՆՅԱՆԸ,  ով եղել է նաև ՙԿռունկ՚ կոմիտեի վարչության անդամ, պատմում է այդ կառույցի նշանակության և այն տարիներին կատարած աշխատանքների մասին։ 

-Տնօրենների խորհուրդը կար և գործում էր 1974թ. մինչև 1987թ. ամառը: Նախագահն էր Էլեկտրատեխնիկական գործարանի տնօրեն Ալբերտ Սեյրանյանը, ում մահից հետո ինձ ընտրում են էլեկտրատեխնիկականի տնօրեն (մինչ այդ 9 տարի գործարանի գլխավոր ինժեներն էի): Ինչ-ինչ պատճառներով մինչև 1988թ. մայիս ամիսը ՏԽ-ի նոր նախագահ չէր ընտրվել: 

1988թ. մարտի 24-ին Ադրբեջանական ԽՍՀ Գերագույն խորհրդի որոշմամբ   արգելվում է ՙԿռունկ՚ կոմիտեի գործունեությունը: Բացի այդ, արդեն գործի էին դրվել հալածանքների, պատժամիջոցների մեխանիզմները: Մարզի տարածքը լցվել էր Ադրբեջանի և ԽՍՀՄ իրավապահ մարմինների աշխատակիցներով, Ստեփանակերտ էր ժամանել անգամ ԽՍՀՄ ներքին գործերի նախարարության քրեական հետախուզության պետ գեներալ-գնդապետ Պանկինը, որը Էլեկտրատեխնիկական գործարանում և քաղաքի այլ հիմնարկ-ձեռնարկություններում հանկարծակի ստուգումներ էր կազմակերպում` զենքի արտադրության դեպքեր հայտնաբերելու և համապատասխան միջոցներ ձեռնարկելու նպատակով: Ստուգումներ էին անցկացվում նաև այլ բնույթի (ֆինանսատնտեսական) խախտումներ հայտնաբերելու նպատակով: Այսինքն, ստեղծվել էր մի մթնոլորտ, որը ՙԿռունկ՚ կոմիտեի անդամների համար  (իսկ նրանց մեծամասնությունը տնօրեններ էին) վտանգավոր էր, կարող էին սկսվել ձերբակալությունները: Մեկ ամսից ավել ՙԿռունկ՚-ի անդամները գործում էին նման արգելքների և սկսված ստուգումների պայմաններում: 1988թ. մայիսի առաջին օրերին միտք հղացավ վերականգնել Տնօրենների խորհրդի գործունեությունը և այդ անվան տակ շարունակել ՙԿռունկ՚-ի կիսատ թողած գործը: Լավ միտք էր:

Հավաքվեցինք  Ստեփանակերտի քաղաքապետարանի ներկայիս շենքում և որոշեցինք ՏԽ նախագահ ընտրել: Առաջինն առաջարկեցին  Արկադի Մանուչարովի թեկնածությունը, որպես ՙԿռունկ՚-ի գործադիր վարչության ղեկավարի և փորձառու տնօրենի, բայց նա ինչ-ինչ պատճառներով հրաժարվեց: Առաջադրվեցին ևս մի քանի թեկնածություններ, ովքեր ևս հրաժարվեցին: Այդ ժամանակ տեղից բարձրացավ քաղաքի ՙՋրմուղ-Կոյուղի՚ հիմնարկի տնօրեն Վլադիմիր Գևորգյանն ու առաջարկեց իմ թեկնածությունը: Սկզբում ես նույնպես հրաժարվեցի` պատճառաբանելով, որ ընդամենը մեկ տարի է, որ տնօրեն եմ աշխատում, և ճիշտ կլիներ ընտրել ավելի փորձառու մեկին: Այդ պահին տեղից բարձրացավ Ռոլես Աղաջանյանը և իրեն հատուկ ուղղամտությամբ բացականչեց. ՙԲորյա, ի՞նչ է, վախենո՞ւմ ես՚: Հարվածը նշանակետին էր հասցված, և ես տվեցի իմ  համաձայնությունն այն պայմանով, որ բոլոր տնօրենները խոստանան անվերապահորեն կատարել ՏԽ-ի որոշումները, լինեն միասնական: Տեղակալ է ընտրվում Արմո Ծատրյանը:  ՏԽ նիստերին և հարցերի քննարկումներին միշտ հրավիրվում էին նաև ՙԿռունկ՚ կոմիտեի անդամները: 

Գործում էինք լեգալ, բայց շատ բարդ պայմաններում: Բացի վերը նշված ճնշումներից, փորձեր էին արվում պառակտելու ՏԽ-ի անդամների միասնությունը, քրեական գործեր էին հարուցվում տնօրենների դեմ, կամ նրանց ենթարկում նյութական պատասխանատվության (անգամ չնչին խախտումների համար): Օրինակ` քաղաքի դատախազությունը, երկար ստուգումներից հետո, որոշել էր ինձ պատժել իմ մեկ տարվա աշխատավարձի չափով, առանց որևէ լուրջ հիմքերի, միայն գործադուլներին մասնակցելու և ժամանակին բեռնափոխադրումների կարգերը խախտելու համար: Ղարմետաքսկոմբինատի տնօրեն Ռադիկ Աթայանին քրեական պատասխանատվության ենթարկեցին մեկ ադրբեջանուհու ՙօրենքի խախտմամբ՚ աշխատանքից հեռացնելու համար, Արկադի Մանուչարովին` ֆինանսա-տնտեսական խախտումների համար և այլն: 

Ադրբեջանի ղեկավարությունը լավ էր հասկանում, որ ՏԽ-ի անվան տակ գործում էր նույն ՙԿռունկ՚-ը, և անգամ 1990թ. նրանք բրոշյուր էին հրատարակել, որտեղ նշում էին այդ մասին: 

Այդ բրոշյուրում նշված էր նաև, թե ինչպես էր Արկադի Վոլսկու գլխավորած Հատուկ կառավարման կոմիտեին հաջողվել պառակտում մտցնել ՏԽ-ի աշխատանքներում: Ադրբեջանի իշխանություններն աղավաղված են ներկայացնում փաստերը, քանի որ նրանց այդպես էլ չհաջողվեց պառակտել տնօրենների միասնությունը: Չնայած ՏԽ անդամների տարբեր մոտեցումներին, նրանք կարողանում էին քննարկումների միջոցով  գալ ընդհանուր հայտարարի, իսկ եթե լինում էին բացթողումներ  կամ մարտավարական սխալներ, ապա հետագա քայլերով շտկումներ էին մտցնում և ուղղում այդ սխալները: Կարելի է ասել, որ ռազմավարական սխալներ չենք կատարվել: Այդ մասին են վկայում ՙԿռունկ՚-ի և ՏԽ-ի կողմից կամ նրանց նախաձեռնությամբ ընդունված բոլոր կարևոր որոշումները: Բացի այդ, խորհրդի անդամները հասկանում էին, որ ՙՍումգայիթ՚-ից և Արցախի հարցն  ուժային հարթություն տեղափոխելուց հետո նահանջի ճանապարհ չկա: ԼՂԻՄ ղեկավարության մի մասը Հենրիխ Պողոսյանի առաջարկով գտնում էր, որ կարելի է Ադրբեջանի իշխանությունների հետ պայմանավորվել և ավելի բարձր կարգավիճակ ստանալ Արցախի համար, աստիճանաբար հասնել դրված նպատակին` ապահովելով բարձր տնտեսական աճ, ներդնելով նոր տեխնիկա, վերազինելով տնտեսությունը և այլն: Բայց ակտիվիստների մեծամասնությունը չէր կիսում այդ տեսակետը: Նրանք գտնում էին, որ կարելի է համագործակցել Արկադի Վոլսկու կոմիտեի հետ, բայց միայն այն հարցերում, որոնք բխում էին  ԼՂԻՄ-ի շահերից, այսինքն` սոցիալ-տնտեսական բնույթի հարցերում: Այդ ուղղությամբ Վոլսկին մեծ օգնություն էր ցուցաբերել Արցախին, բայց չէր կարողանում զսպել Ադրբեջանին, առանձնապես նրա քայլերը շինարարության ոլորտում՝ ադրբեջանական գյուղերում և Շուշիում: Ադրբեջանի ղեկավարությունը շատ հարցերում շրջանցում էր Վոլսկուն և ստեղծում լարված իրավիճակ և անգամ պահանջում նրան հետ կանչել Մոսկվա: 

Պայքարի թեժացմանը զուգահեռ փոխվում էին նաև մոտեցումները, պայքարի ձևերը, ստեղծվում էին նոր, ոչ լեգալ, ընդհատակյա խմբեր և ղեկավար մարմիններ, որոնք գործում էին ՏԽ-ի հետ համաձայնեցված, համերաշխ:

       1990թ. դեկտեմբերին ես տեղափոխվում եմ այլ աշխատանքի, և ՏԽ-ի նախագահ է ընտրվում կահույքի ֆաբրիկայի տնօրեն Էռնեստ Հայրապետյանը:  Ասեմ նաև, որ 1989թ. սեպտեմբերից մինչև 1990թ. հուլիս` իմ բացակայության ժամանակ (սովորում էի ԽՍՀՄ Նախարարների խորհրդին կից Ժողովրդական տնտեսության ակադեմիայում), ՏԽ նախագահի պարտականությունները կատարում էր Արմո Ծատրյանը: Կարելի է շատ երկար թվարկել ՏԽ-ի կատարած աշխատանքները, հակասությունները, իրավիճակների փոփոխությունները և բոլոր բարդությունները, բայց դա շատ ծավալուն նյութի թեմա է… 

Առայժմ այսքանը։

 

Ի մի բերեց 

Նվարդ  ՍՈՂՈՄՈՆՅԱՆԸ