ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՇԱՐԺՈՒՄԸ ԴԵՌ ԵՐԿԱՐ ԿՏԵՎԻ

Հայրենիքը սիրում ես ոչ նրա համար, որ մեծ է, այլ նրա համար, որ քոնն է

Սենեկա

 

 

 

 ԷՋԵՐ ՕՐԱԳՐԻՑ

2 մարտի, 1988 թվական

Այսօր ինձ, Սիլվային, Սոսին և Իգորին հրավիրեցին Կենտկոմ։ Նստեցինք երկար սեղանի շուրջ. մի կողմում՝ մենք, Կարեն Դեմիրճյանի հետ, մյուս կողմում Դոլգիխը, Լուկյանովը, Տրուշինը և էլի ինչ-որ մեկը ՙՆովոստի՚ մամուլի գործակալությունից (Ըկծ):

Հաղորդվում էին Սումգայիթի կոտորածի և ջարդերի մանրամասները։ Դոլգիխը ներկայացրեց ահավոր փաստեր։ Ինձ ապշեցրեց այն, որ նա մի տեսակ շատ հանգիստ էր (ասես հաշվետվություն տալով) արտաբերում այնպիսի բառեր, ինչպիսիք էին սպանությունը, բռնաբարությունը, դիակապտությունը, հրկիզումը։

Ես լսում էի Քաղբյուրոյի անդամության թեկնածուին ու մտածում… այն մասին, թե ինչպես բառացիորեն մեկ շաբաթ առաջ հանդիպեցի Գորբաչովին, և ինչպես այդ հանդիպումից մեկ օր անց ելույթ ունեցա Երևանում տեղի ունեցած բազմահազարանոց (ավելի քան 500 հազար մարդ) միտինգում, փորձելով համազգային գիտակցության հերկված դաշտ նետել հույսի հատիկ։

Չեմ ցանկանում  մարգարե լինել: Թեև, ի դժբախտություն ինձ, տիրապետում եմ կանխատեսելու այդ անիծյալ շնորհին։ Այդ իսկ պատճառով կարծում եմ, որ ՙսումգայիթից՚, թեկուզ դանդաղորեն, բայց սկսվելու է մեր ժողովրդի հոգեբանության որոշակի փոխակերպումը։ Ամեն ինչ պարզ է. չէ՞ որ երբ ԽՄԿԿ ղեկավարները, ասես գաղտագողի, մեզ պատմում են սումգայիթյան ոճրագործության մասին, դա նշանակում է, որ այդ ցեղասպանության կազմակերպիչները չեն բացահայտվելու։ Նշանակում է՝ պետական մակարդակով պատիժներ չեն լինելու, արդարացի հատուցում` արվածի դիմաց։ Եվ այնժամ… Ի՞նչ է լինելու այդ ժամանակ։

Իմ ներսում զգում եմ մի ինչ-որ մեղավորություն։ Իմը, թե՞ ուրիշինը։ Դժվար է ասել։ Եթե հետևեմ Ֆրեյդին, ուրեմն պետք է խորհուրդ տամ, որ ՙսումգայիթին՚ պատասխանեն ՙսումգայիթով՚։ Հայե՞րը։ Դա զառանցանք է։ Մարդկային այդպիսի ստորության աստիճան հայը չի իջնի։ Նա չի բռնաբարի, թալանի, սպանի անմեղներին… Ոչ, ես նման խորհուրդ չեմ տա։ Ոչ մեկին։ Բայց այդ դեպքում ինչպե՞ս վարվել այդ նույն ՙփոխակերպման՚՝ չարացածության, վիրավորվածության զգացումի և համաժողովրդական զայրույթի հետ։ Ինչպե՞ս վարվել այն ամենի հետ, ինչն այդպես ծածուկ լսեցինք և իմացանք հայերի սումգայիթյան ցեղասպանության մասին։ Եվ ի՞նչ է լինելու վաղը։

Խառը զգացմունքերով ու մտքերով մեկնեցի Եղվարդ։ Շտապում էի։ Պետք էր արագ թղթին հանձնել բոլոր այդ խառը հույզերն ու մտքերը։ Ռադիոյով ինչ-որ տեղեկատվություն էին հաղորդում։ Ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի տվյալների, Երկրագնդի վրա ապրում է արդեն հինգ միլիարդ մարդ։ Տխրությամբ, նույնիսկ անելանելի թախիծով մտածում էի. եթե կշեռքի մեկ նժարին դրվի իմ տասմիլիոնանոց ժողովրդի վիշտը, իսկ մյուսին՝ հինգ միլիարդինը, դեռ հայտնի չէ, թե որ նժարը կիջնի։

10 մարտի

Ընդամենը մեկ ժամով եկա Եղվարդ, որպեսզի ինչ-որ թղթեր վերցնեմ ու միաժամանակ մի քիչ աշխատեմ ՙՀայկաշեն՚ ծրագրի տեքստի վրա։ Այսուհետ ուրիշ ոչ մի բանով չեմ զբաղվելու։ Միայն Ղարաբաղով։ Վեպերը, վիպակները, պատմվածքները, ակնարկները կսպասեն։ Թեև… կսպասե՞ն արդյոք։

Երեկվա երեկոն մի տեսակ տհաճ անցավ։ Կինոյի տան դահլիճում անցկացվեց ՙՂարաբաղ՚ կոմիտեի ոչ այն է համագումարը, ոչ այն է պարզապես համահավաքը։ Բուռն կերպով քննարկվեցին ինչպես հայի հոգին ճմլող ՙսումգայիթի՚ թեման, այնպես էլ ընդհանրապես Շարժման խնդիրներն ու հետագա գործողությունները։ Իհարկե, պետք է մերկացնել թուրքական Ադրբեջանի (նկատի է առնվում Ադրբեջանական ԽՍՀ-ն - խմբ.) ղեկավարությանը. դա պարզապես անհրաժեշտ է։ Բայց որքանո՞վ է ճիշտ այսօր այդ մերկացումներում ներգրավել նաև Մոսկվան։ Զայրացած ժողովուրդն ընկալում է միայն ուղիղ, նույնիսկ ուղղագիծ կոչերը. ճշմարտության և համարձակ մտքերի կարոտ մարդկանց դա սկսում է դուր գալ, նրանք իրենց համար մի ուրիշ այլընտրանք չեն տեսնում։  Առանձնապես ակտիվորեն ու վճռականորեն այդ առումով հանդես էր գալիս Շարժման երիտասարդ ղեկավարներից մեկը, ամեն ինչում մեղադրելով ռուս ժողովրդին և կոչ անելով տոտալ գանդիականության։ Նա չէր հասկանում, որ գանդիականությունը յոթհարյուրմիլիոնանոց ժողովրդի դրսևորած երևույթ է, և տասը միլիոն հայերը ոչ մի կերպ չեն կարող պատրաստ լինել դրան։ (ՙԵրիտասարդ առաջնորդներից մեկը՚ մեղմասություն է, որ էթիկական նկատառումներով հատուկ կիրառվել է խմբագրության կողմից։ Օրագրի տեքստում ակտիվիստի անունը նշված է)։

Հասկանալի է, որ ես չէի կարող անմասն և չեզոք մնալ, երբ հախուռն մեղադրում էին ողջ ռուս ժողովրդին, որն անձամբ ինձ օտար չէր։ Օտար չէի նաև ես ռուս ժողովրդի համար։ Չէ՞ որ անձամբ ինձ համար Ռուսաստանը Գորբաչովն ու Լիգաչովը չեն, այլ Յուդենիչը և Բրյուսովը։

Բայց հարցը ոչ միայն և ոչ այնքան նրա մեջ է, որ չլռեմ, չառարկեմ, չպաշտպանեմ սեփական սկզբունքներս։ Պարզապես ելնել ամբիոն և պաշտպանել այդ սկզբունքները, նշանակում է՝ չտեսնել, թե Սումգայիթից հետո ինչ է կատարվում ժողովրդի հետ։ Իսկ եթե չես պաշտպանում, նշանակում է՝ կորցնում ես այն, ինչ ժողովուրդը ձեռք է բերել տարիների ընթացքում։ Դա առանձին թեմա է, և ես ինչ-որ ժամանակ կվերադառնամ դրան (առավել լայնորեն թեման Զորի Բալայանի կողմից արծարծվել է հրապարակախոսական ակնարկների ՙԱնդունդ՚ ժողովածուում (Երևան, ՙԱմարաս՚, 2004թ.) – խմբ)։

Եվ այնուամենայնիվ ես ելա ամբիոն։ Ինձ սատարեց Սոս Սարգսյանը, որն ինձնից առաջ էր խոսք վերցրել։ Առաջին անգամ ես այդքան մոտիկից տեսա և, ինչպես ասում են, շոշափելիորեն ընկալեցի բուն արիությունը։ Այն ճառագում էր Սոսից, որն իմանալով, թե իրեն սուլելու են, այնուամենայնիվ ասաց այն, ինչը ճիշտ էր համարում։

Այն, որ Շարժումը թափ է հավաքում, գնալով դառնում ավելի բուռն և հզոր, թվում է՝ պետք է միայն ուրախացներ։ Դրանով կարելի է նույնիսկ պարծենալ։ Սակայն հենց այստեղ էլ թաքնված է վտանգը։ Չէ՞ որ բուռն հոսանքը ոչ միայն մաքրում, այլև ավերում է։ 

20 մարտի

Այսօր ՙհրապարակայնությունը՚ ամենատարածված բառն է խորհրդային հասարակության մեջ։ Բայց հրապարակայնությունը դա առաջին հերթին մամուլն է։ Իսկ մամուլը Ղարաբաղյան հարցում առայժմ իրեն դրսևորում է ոչ լավագույն կերպով։ Նույնիսկ՝ վատթարագույն։ Ինձ արդեն հայտնի էր, որ ՙՊրավդան՚ նողկալի հոդված է նախապատրաստում մեր Շարժման մասին։ Նույնը և ՙԻզվեստիան՚։ Ինձ հայտնի էր և այն, որ այդ (կենտրոնական) թերթերից մեկում տրված էր իմ անունը՝ որպես կազմակերպչի, ոգեշնչողի, նախաձեռնողի, հրահրողի և այլն, և այլն՝ բացասական երանգներով։ Մի խոսքով, որպես ՙխռովարարի և անդորրը խաթարողի՚։ Չէ՞ որ պատահական չէր, որ մի քանի օր առաջ զանգվածային լրատվամիջոցների ղեկավարների և կուսքարտուղարների հետ անցկացրած խորհրդակցության ժամանակ ԿԿ երկրորդ քարտուղար (ԽՄԿԿ – խմբ.) Եգոր Լիգաչովը գովեց ՙՍովետսկայա Ռոսիա՚ թերթում ոմն Նինա Անդրեևայի վերջերս հրատարակած հոդվածը, որը պախարակում էր վերակառուցումը, իսկ ինձ պարսավում ու մրոտում որպես ՙՕջախ՚ ՙվեպի՚ հեղինակի։ Լիգաչովը նույնիսկ չգիտեր, որ ՙՕջախը՚ ոչ թե վեպ է, այլ յուրօրինակ հաշվետվություն ՙՎերածնունդ՚ արշավի շրջանակներում Խորհրդային Հայաստանով ճամփորդության մասին, նվիրված Ռուսաստանի կազմում Հայաստանի ընդգրկման 150-ամյակին։ Ինձ անվանելով թունդ ազգայնամոլ, Լիգաչովը, բնականաբար, դրանով հաստատեց, որ չի կարդացել իմ գիրքը, որում կան նաև այսպիսի տողեր. ՙ…ՙսիրելու և բարեկամություն անելու՚ իմ ժողովրդի տաղանդը իր մեջ ներառում է ոչ միայն ՙիմ ընկերոջ ընկերը իմ ընկերն է՚, այլև ՙիմ ընկերոջ թշնամին իմ թշնամին է՚ բանաձևերը։

14 ապրիլի, 1988 թվական

Վաղուց չէի եղել Եղվարդում, որտեղ հինգ տարվա ընթացքում հասցրել էի գրել ինը գիրք, չհաշված պարբերական մամուլում տպագրված հրապարակախոսությունը։ Բայց հասցրել էի երկու անգամ լինել Մոսկվայում։ Նորից հանդիպել ՙօգոստափառ՚ անձանց հետ, որոնք բազմում էին Հին հրապարակի բարձր աշխատասենյակներում։ Նրանց ահավոր հուզում են գործադուլները Ղարաբաղում։ Մինչդեռ Մոսկվայում մարդկանց մեծամասնությունը նույնիսկ չգիտի, թե որտեղ է գտնվում Սումգայիթը։ Չգիտեն՝ ով ում է սպանել։ Չգիտեն նաև, որ զոհերի մեջ էին տասնյակներով ռուս տղաներ։ Դրանք այն զինվորներն էին, որոնց ուղարկել էին կարգուկանոն հաստատելու, բայց որոնց արգելել էին կրակել մարդասպանների և դիակապտողների վրա։ Եվ ահա նրանց վրա կրակեցին մարդասպաններն ու դիակապտողները։ 

Տեղեկացա, որ պատրաստ է և շուտով եթեր դուրս կգա Հենրիխ Բորովիկի ՙԴիրքորոշում՚ հաղորդումը։ Կարծես թե առաջին անգամ ասվելու է ճշմարտությունը, թեկուզև ոչ ամբողջը։

1988 թվականի մայիսի 1-ին անպայման կմեկնեմ Ղարաբաղ։ Այնտեղ ինձ համար լավ նորություն կա։ Վերջապես իմ հայրենիքը կսկսի հեռուստահաղորդումներ ընդունել Երևանից։ Ցանկանում եմ լինել առաջին հաղորդումների ականատեսը։ Ցանկանում եմ այդ օրը Հենրիխ Պողոսյանի հետ (կուսակցության ԼՂ մարզկոմի առաջին քարտուղարը՝ Բ.Ս.Կևորկովից հետո)։ Հենրիխ Պողոսյանը Զ. Բալայանի մանկության ընկերն է - խմբ.) նստել հեռուստացույցի առջև և էկրանից, ասես առաջին անգամ, լսել հայերեն խոսք։ Ուզում եմ իմ ձեռքերով ՙշոշափել՚ այն երջանկությունը, հանուն որի պայքարել եմ տասնհինգ տարի՝ Կամչատկայից վերադառնալուց հետո։ Կարեցածին չափով արագացնում էի այդ օրվա գալուստը։

Միայն Աստված գիտի, թե քանի տարի եմ տանջվել սրտիս թանկ Ղազանչեցոց տաճարի հետ։ Շուշին երկար ժամանակ մերը չէր։ Անթույլատրելիորեն երկար՝ մի այնպիսի քաղաքի համար, որտեղ մինչև 1920 թվականը լույս էին տեսնում 22 թերթեր. քսանը՝ հայերեն, և երկուսը՝ ռուսերեն։ Բայց Շուշին, որտեղ ծնվել է մայրս, դեռևս մերը չէ։ Ինչ-որ ժամանակ այն նորից մերը կլինի։ Այդ պատճառով էլ պետք է արագացնել տաճարի վերականգնման աշխատանքները։ Պետք է ավելի շատ ուշադրություն հատկացնել ոչ այնքան հարդարմանը, որքան բետոնային աշխատանքներին. ամրացնել փառահեղ եկեղեցու թուլացած տեղերը։ 

Թող առայժմ Ղազանչեցոցը կանգուն մնա որպես մարտական հիշողություն անցած ժամանակների մասին։ Կգան և ներկա ժամանակներ։ Կլինեն և՜ գմբեթ, և՜ խաչ։

20 հունիսի, 1988 թվական

Ինչ գնով էլ լինի, պետք է փրկել Շահումյանի շրջանը (Գյուլիստանի մելիքություն)։ Ողբերգական է այն հայերի ճակատագիրը, որոնք ապրում են հարազատ հողի վրա, որն ընդգրկված չէ նույնիսկ կեղծ ինքնավարության մեջ (ԼՂԻՄ – խմբ.)։ Կեղեքում, ծանակում, ստորացում։ Ամբողջ յոթանասուն տարի։

Այսօր վերածնված հայրենիքն սկսվում է Ղարաբաղից։ Շահումյանի շրջանը պետք է փրկվի։ Պետք չէ ձգձգել։ Գորբաչովը, Լիգաչովը… մի խոսքով, վերակառուցման հայրերը մեծ սխալ են թույլ տալիս։ Կա՜մ պետք է լուծել Ղարաբաղի հարցը, կա՜մ վաղը կտուժի ինքը՝ վերակառուցումը։ Կույր պետք է լինել՝ իր առջև բացված անդունդը չտեսնելու համար։ Կա՜մ Գերագույն իշխանությունը փրկում է Ղարաբաղը, կա՜մ իմաստից զրկվում է տասնիններորդ կուսկոնֆերանսի անցկացումը։ Քանզի դրանից հետո վրա կհասնի Շարժման բարձրակետը։ Եվ վերակառուցումը կփոխարկվի փոխհրաձգության (Խորհրդային Միության կոմունիստական կուսակցության XIX համամիութենական կոնֆերանսը տեղի ունեցավ Մոսկվայում 1988 թվականի հունիսի 28-ից մինչև հուլիսի 1-ը։ Կուսկոնֆերանսն ընդունեց հինգ բանաձև. ՙԽորհրդային հասարակության ժողովրդավարականացման և քաղաքական համակարգի բարեփոխման մասին՚, ՙԲյուրոկրատիզմի դեմ պայքարի մասին՚, ՙԱզգամիջյան հարաբերությունների մասին՚, ՙՀրապարակայնության մասին՚ և ՙԻրավական բարեփոխման մասին՚)։

Ճշգրիտ ամսաթիվը հայտնի չէ

Ես ուշադրությամբ ծանոթացա կոնֆերանսի փաստաթղթերին և եկա այն եզրահանգման, որ ԽՄԿԿ առաջնորդները զբաղվում են օնանիզմով։ Նրանք այդպես էլ չհասկացան, որ պատերից դուրս բոլորովին ուրիշ ժամանակներ են, բոլորովին ուրիշ եղանակ։

Ղարաբաղյան շարժումը չէր կարելի կանխարգելել, ինչպես չի կարելի կանխարգելել արևածագը։ 

Կատարվեց այն, ինչ պետք է կատարվեր։ Եվ խորհրդային կոմունիստների առաջնորդները դա առայժմ չեն գիտակցել։ Կգիտակցե՞ն արդյոք։ Եվ արդյոք ուշ չի՞ լինի։

Այնպես է ստացվել, որ Հայաստանի ընդհանուր աշխարհաքաղաքականության մեջ Ղարաբաղի աշխարհաքաղաքականությունը, առանձնապես վերջին ութ տարիներին, պարտավորեցրել է ղարաբաղցիներին միշտ լինել անփոփոխ մարտական վիճակում։ Հրեշավոր կեղեքմանը և մարդկային արժանապատվությունը նսեմացնող ամոթին չվարժված Ղարաբաղը հանկարծ հայտնվեց տականքների կրնկի տակ, որոնց աջակցում էր հզոր պետությունը։ Ի՛նչ ճշգրիտ են Ղարաբաղին համապատասխանում մեծն Մաքիավելիի խոսքերը, որը պատկերել է Իտալիայի ողբերգական կերպարը. ՙ… որպեսզի իր մեջ վերագտներ իտալական ոգու կորովը, Իտալիան պետք է հասներ իր ներկայիս խայտառակությանը. ավելի ստրկացվեր, քան հրեաները, ավելի նվաստացվեր, քան պարսիկները, ավելի պառակտվեր, քան աթենացիները…՚։ Ա՜խ, եթե միայն Մաքիավելին իմանա՛ր Ղարաբաղի մասին…

Ղարաբաղը հասավ իր խայտառակությանը։ Եվ միակ ելքն էր՝ իր մեջ վերագտնել ղարաբաղյան ոգու կորովը։ Եվ Ղարաբաղը վերագտավ։

15 սեպտեմբերի

Վաղը թռչում եմ Ստեփանակերտ։ Պետք է բանակցել Վոլսկու հետ, որին հասցրել եմ բարեկամանալ։ Պետք է ասել նրան, մեջբերելով մեծն Մարիետա Շահինյանին, այն մասին, որ նույնիսկ ոչ թե ՙՆԱԽՔԱՆ՚, այլ Ղարաբաղի խորհրդային շրջանի դեռևս ամենասկզբում, այնտեղ հայկական բնակչությունը կազմում էր իննսունչորս տոկոս։ Իհարկե, Վոլսկին բարձրակիրթ մարդ է և Ղարաբաղ է գործուղվել ոչ թե հենց այնպես, այլ լուրջ որոշումներ իրականացնելու համար։ Եվ դրանց, ամենայն հավանականությամբ, նախապատրաստվել է որպես պետական մասշտաբի գործիչ։ Ուրեմն առավելևս, նրան և Հենրիխին (Պողոսյանին – խմբ.) կտանեմ Ծրագրի նախագիծը (ՙՀայկաշեն՚ - խմբ.)։ Թող ծանոթանան։ Գիտե՞ն արդյոք նրանք, որ ցանկացած պահի կարող է դժբախտություն պատահել։ Արկադի Վոլսկին երևի նայում է Ղարաբաղի քարտեզին և մտածում, թե ամե~ն-ամեն ինչ եղել է այնպես, ինչպես նկարված է քարտեզին այսօր։ Գուցե նույնիսկ համոզված է, թե Շուշին իրոք ադրբեջանական քաղաք է, քանի որ հիմա այնտեղ ապրում են ադրբեջանցիները։ Թե Ստեփանակերտին հյուսիս-արևմուտքից մերձակա Կրկժան գյուղը, որտեղ տեղավորվել են ադրբեջանցիները, գոյություն է ունեցել հին ժամանակներից։ Ինչպեսև Մալիբեյլու գյուղը, որը քաղաքին է նայում հյուսիս-արևելյան կողմից։ Եվ կամ Խոջալուն, որը տեղադրված է Քարքար գետի ձախ ափին և մի տեսակ անջատող փակոց է ծառայում Ստեփանակերտի ու Ասկերանի միջև։ Այն նույն Խոջալուն, որտեղ դեռևս XX դարի սկզբին ապրում էին ընդամենը մի քանի հայ ընտանիքներ, որոնց մեջ էին նաև իմ նախնիները մայրական գծով։ Ընդամենը մի քանի հայ ընտանիքներ, և ոչ մի մահմեդական։ Գիտի՞ արդյոք Վոլսկին, որ հեռուն գնացող ծրագրերով պատմությունը կեղծելու համար այդ ամենը Սովետների օրոք ստեղծվել է հավատարիմ լենինյան Միրջաֆար Բաղիրովի և շարունակվել Բրեժնևի սիրելի Հեյդար Ալիևի կողմից։ Դա մի ամբողջ ծրագիր էր. սկզբում կղզու վերածել մահմեդական բնակչությամբ շրջապատված բուն Ղարաբաղը, իսկ հետո նաև նրա մայրաքաղաքը՝ Ստեփանակերտը։ Այդ նպատակով Ղարաբաղ վերաբնակեցրին Ղրիմի թաթարներին, որոնց հայերը սովորության համաձայն կոչում էին ՙթորքեր՚։ Ինչի՞ համար էր այդ ծրագիրը։ Իրենց հարազատ հողերից հայերին վտարելու, հայրենի օջախներից դուրս մղելու համար։ Համապատասխան պայմանների դեպքում՝ նաև ՙսումգայիթների՚ միջոցով։ Այսօր, երբ ղարաբաղյան հարցը չի լուծվում համաձայն պատմական արդարության, համաձայն հայ բնակչության կամքի արտահայտման, որը դեռևս մեծամասնություն է կազմում, ՙսումգայիթ՚ ոճրի կրկնությունը միանգամայն իրական է։ Եվ այն կարող է սկսվել Ստեփանակերտը շրջանակող օղակի ցանկացած կետից։ Գուցե՝ միանգամից բոլոր կետերից։

Բայց Վոլսկու գալուստը կարծես թե հուսադրում է։ Թեև Ղարաբաղի արշալույսի սպասումը՝ կապված Վոլսկու հետ, ամբողջ ժամանակ իմ ներսում խառնվում է Գորբաչովի հետ կապված ծանրատանջ զգացումին։ Չէ՞ որ հայերը (ինչպես Ղարաբաղում, այնպես էլ Երևանում), մի կողմ նետելով ՙԼենին-Կուսակցություն-Գորբաչով՚ էությամբ անհեթեթ կարգախոսը,  դրա հետ միասին իրենց սրտից դուրս նետեցին նաև հարգանքը, վստահությունը և նույնիսկ սերը նրա նկատմամբ։ Դա վտանգավոր է։ Միաժամանակ նաև անարդարացի. չէ՞ որ վերակառուցումը կապված է հենց Գորբաչովի հետ։ Մի ինչ-որ խառնաշփոթ է ստացվում, գրո՜ղը տանի։ Մի կողմից մոտենում է ՄԵՐ օրը (Վոլսկին իր կոմիտեով), մյուս կողմից՝ անվճռական Գորբաչովը և նոր ՙսումգայիթների՚ վտանգը։

Ճշգրիտ ամսաթիվը հայտնի չէ

Պատմական զուգահեռներ անցկացնելու փորձը հետապնդում է կոնկրետ նպատակ՝ կանխել ճակատագրական սխալներն ու վրիպումները։ Հավանաբար չեմ սխալվի, եթե Ղարաբաղյան շարժումը դիտարկեմ որպես սեփական հողի վրա հայ ժողովրդի վերջին մարտի սկիզբ։ Եվ այնժամ, իրոք, ողջ ուշադրությունը պետք է ուղղված լինի այն բանին, որ թույլ չտրվեն ճակատագրական սխալներ։ Երբ Մաքիավելիի մոտ ես կարդում եմ հռոմեացիների մասին, ապա աչքերիս առջևով անցնում են հայերը, քանզի հռոմեացիք նույնպես ունեցել են իրենց ՙղարաբաղյան շարժումը՚, որն էլ հենց փրկեց նրանց։ Հռոմեացիների սրտին մոտ չէր ասույթը, որը երբեմն հնչում է ներկայիս իմաստունների շուրթերից. ՙապավինեք բարենպաստ ժամանակներին՚։ Հռոմեացիները բարենպաստ համարեցին սեփական արիությունն ու հեռատեսությունը։ Հապաղումն ինչ ասես կարող է բերել, քանզի ժամանակն իր հետ բերում է ինչպես չարիք, այնպես էլ բարիք։ Ինչպես բարիք, այնպես էլ չարիք։

* * *

Երկու փրկիչ բառեր՝ արիություն և հեռատեսություն։ Երկու կողմերը նույն մեդալի, որի անունն է Պայքար։ Սակայն որքանո՞վ են փայլում հեռատեսությամբ Շարժման որոշ առաջնորդների փորձերը, որոնց գործունեության դաշտը սկսվում ու ավարտվում է Թատերական հրապարակով, պաշտոնազրկելու խորհրդային հիերարխիական կառուցվածքի ներկայացուցիչներին՝ որպես նոմենկլատուրային ՙկալվածատեր իշխանների՚։ Մելիքների, խաների, արքայիկների և այլն, և այլն։ Հիմարություն է։ Ինքնախաբեություն։ Ինձ օգնության կկանչեմ Սպինոզային, որին բարձր էր գնահատում իմ կողմից խորապես հարգված Մաքիավելին. ՙ…որքան անխոհեմ են վարվում շատերը, ձգտելով վերացնել բռնակալին, մինչդեռ չեն կարղ վերացվել պատճառները, որոնց հետևանքով իշխանը վերածվում է բռնակալի..՚։

Իհարկե, Ղարաբաղյան շարժումը ցնցեց նաև սոցիալական խնդիրների լճացած ճահիճը, որոնք տարեցտարի ավելի էին խորանում։ Եվ այնուամենայնիվ Ղարաբաղյան շարժումը, լինելով խորապես ու ամբողջապես ժողովրդական, չի դադարում լինել զուտ ազգային Շարժում, զուտ Ղարաբաղյան։ Ինչ վերաբերվում է ՙզանգվածների հեղափոխական գիտակցության՚ խորապատկերին ժողովրդավարություն պատկերելու վաղաժամ խաղերին, ապա պետք է ոչ թե հեռացնել նախարարներին ու տնօրեններին, այլ հրապուրել նրանց Շարժման կողմը, օգտագործել նրանց փորձը…

Սխալներ, սխալներ… Այսօր, առավել քան երբևէ, պետք է վախենալ դրանք գործելուց։ Չէ՞ որ թշնամին, որը լավ ուսումնասիրել է մեզ, արդեն նախապես գիտի, թե որտեղ և ինչպես դրանք՝ այդ սխալները, կարտահայտվեն։ Այդ իսկ պատճառով միտինգների ժամանակ ոչ թե պետք է պերճախոսության վարժանքներ անել, զբաղվելով քաղաքական ստրիպտիզով ու օնանիզմով, այլ յուրացնել այն, ինչը վաղուց մշակված է ժողովրդի կողմից։ Արդար է այն պայքարը, որն անհրաժեշտ է։ Եվ սրբազան է այն զենքը, որի վրա է դրված միակ հույսը։

14 հոկտեմբերի, 1988 թվական

Եվ այնուամենայնիվ ի՞նչ կատարվեց մեզ հետ։ Ինչո՞ւ հանկարծ սկսեցինք նմանվել Վեզուվ հրաբխին՝ իր ժայթքման պահին։ Ի՞նչը համոզեց ժողովրդին՝ մեկ մարդու պես ելնել փողոցներ ու հրապարակներ։ Ո՞րն է այդ ժայթքման պատճառը։ Պետք է պարզել։ Դա հարկավոր է լուծելու համար ոչ միայն Շարժման ռազմավարական, այլև այսրոպեական, զուտ մարտավարական նպատակները։ Թեմա, որն արժանի է դոկտորական շատ դիսերտացիաների։ Բայց… մի՞թե այսօր դիսերտացիաների ժամանակն է։ Մանավանդ որ պարզվեց՝ մեր համարյա բոլոր ինստիտուտները մեռած են։ Թեման ուսումնասիրող մարդ չկա։ Եվ ժամանակ էլ չկա։ Գուցե այդ դեպքում դիմենք պատմությա՞նը, Աստվածաշնչի՞ն, գրականությա՞նը։ Հիշենք Մովսեսին, որը հրեա ժողովրդին համոզեց իր հետևից գնալ, փախչելով եգիպտական լծից։ Կամ Հռոմուլոսին, որը դարձավ Հռոմի արքա և պետության հիմնադիր, քանզի ի ծնե թողնված էր ճակատագրի քմահաճույքին։ Կամ Կյուրոսին, որը հզորության հասավ շնորհիվ այն բանի, որ պարսիկները չարացած էին մարերի տիրապետությունից։ Թեսևսն, օրինակ, իր արիությունը դրսևորեց, քանի որ տեսավ, որ աթենացիներն ապրում են իրարից անջատ։ Կարելի է բերել նաև այլ օրինակներ պատմությունից, որտեղ անհատի դերը այնքան էլ վառ արտահայտված չի լինի, ի տարբերություն բուն երևույթի, որը վերջին հաշվով բերեց հայրենիքի փառաբանման, նրա ժողովրդի երջանկացման։ Միայն թե ինչո՞ւ դա անել, ինչպես ասում են, այստեղ ու հիմա։

Գուցեև ոչինչ պետք չէ պարզել։ Ամեն ինչ առանց այդ էլ պարզ է։ Գործել է պետք։ Պետք է գործեն ամենքն ու ամեն կերպ։ Սկսած առաջին քարտուղարներից, մինչև հաստոցի մոտ կանգնած բանվորը, նախարարից մինչև բուհի ուսանողը, իրավապահներից մինչև (մեղք առնեմ հոգուս) իրավախախտը։ Ամենքն ու ամեն կերպ։ Քանզի Ղարաբաղյան շարժումը դեռ երկար կտևի։ Քանզի մենք ունենք մեկ նպատակ. Ղարաբաղը դուրս բերել Ադրբեջանի քաղաքական և վարչական ենթակայությունից։ Մնացյալ ամենը դատարկ հնչյուն է։

 

Զորի ԲԱԼԱՅԱՆ