Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_content, 1
  • Error loading component: com_content, 1

ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՇԱՐԺՈՒՄԸ ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻ ԶԱՎԱԿՆ Է

Լուսավորյալ ժողովուրդների իսկական արիությունը ամփոփված է հանուն հայրենիքի ինքնազոհաբերվելու պատրաստակամության մեջ։

Գ.Հեգել

 Միասնական լինելով ազգագրականորեն, տնտեսապես և լեզվով, Ղարաբաղը դարձավ Հայաստանի միջնաբերդը, նրա արևելյան թևը։ Այդպիսին էր անցյալում, այդպիսին է հիմա և այդպիսին կլինի միշտ։ Քանզի Հայաստանի սիրտը։ Արարատյան դաշտը 

չի կարելի պաշտպանել, առանց տիրապետելու Ղարաբաղին՚։

Սերգեյ Գորոդեցկի

(1919 թվական)

Անցել է երեսուն տարի այդ հիշարժան տարեթվից։ Դա նշանակում է, որ 1988 թվականին ծնված երեխաներն այսօր տղամարդիկ և կանայք են, որոնցից շատերն արդեն ավարտել են բանակային ծառայությունը, հասցրել են  բուհեր ավարտել, ծնողներ դառնալ։ Մի խոսքով, իրենք արդեն կյանքի փորձ են կուտակել։ Ասենք, խոսքը միայն նրանց մասին չէ, այլ նաև նրանց, ովքեր այն ժամանակ,  լեգենդար և ողբերգական 1988 թվականին, արդեն տասը, տասնհինգ տարեկան էին… Խոսքն ընդհանրապես այն սերունդների մասին է, որոնք տարիքի, բնության տրամաբանության բերումով չէին կարող գիտակցված ընդունել պատմական և բախտորոշ իրադարձության  էությունն ու մանրամասները և  շատ քիչ բան գիտեն այն մասին, թե ինչ է մեր ժողովրդի համար 1988 թվականի փետրվար 20-ը։ Եվ դա նրանց մեղքը չէ. դա նրանց դժբախտությունն է։ Իսկ մեղավոր ենք մենք՝ ավագ սերունդը։ Հին իմաստունները տագնապով կրկնում էին, թե պետք է կշտամբել ու պատժել հայրերին նրա համար, որ զավակները չգիտեն կամ վատ գիտեն իրենց ժողովրդի, իրենց ընտանիքի պատմությունը։

Հավանաբար դա տեղի է ունենում այն պատճառով, որ յուրաքանչյուր սերունդ ունի իր գերակա տեղեկատվությունը, իր տարեգրությունը։ Եվ գուցե հենց այդ պատճառով էլ ժողովուրդը միշտ հանդիսավորապես նշում է այն տարեթվերը, որոնք կապված են բախտորոշ իրադարձությունների հետ։ Չէ՞ որ դա  չի արվում միայն պատմական հիշողությունը թարմացնելու համար, այլ ավելի շուտ նրա համար, որ մանրազնին յուրացվեն պատմության դասերը, որոնք սթափորեն չիմաստավորելու դեպքում անհնար է ռազմավարաբար մտածել ապագայի մասին։

Ես երջանկություն եմ ունեցել ծնվելու Արցախում։ Սակայն ոչ միայն այդ պատճառով պետք է հայտնվեի և հայտնվեցի սոցիալական այն երկրաշարժի էպիկենտրոնում, որն ստացավ ՙՂարաբաղյան շարժում՚ անվանումը։ Եվ այսօր, երբ ողջ ժողովրդով, բոլոր հինգ մայրցամաքներում նշում ենք փառապանծ տարեդարձը, ընթերցողի ուշադրությանն եմ ներկայացնում մի նյութ հենց փետրվարի 20-ի մասին, ստեղծված տարեգրական էջերի հիմքի վրա, քանզի ո՜չ անվերջանալի ուղևորությունների ժամանակ, ո՜չ պաշտոնյաների աշխատասենյակներում, ո՜չ էլ Արցախի խրամատներում երբեք չեմ բաժանվել իմ հուշատետրից։

1988 թվականի փետրվարից դեռ շատ առաջ ես գրել եմ օրագրում. ՙԻնձ վիճակվել է տեսնել մեծ գետերի շատ ակունքներ։ Սելիգեր լճի մոտ տեսել եմ մի աղբյուր, որում, ինչպես կենդանի բջջի մեջ, դրված է Վոլգայի գենետիկ կոդը։ Ցատկել եմ թելանման այն առվակի վրայով, որն աստիճանաբար թափ ու լայնք էր հավաքում, դառնալու համար հզոր Դնեպր։ Եվ ամեն անգամ միտք եմ արել ցանկացած Շարժման  մի ինչ-որ աստվածային նախանշանակության վրա…՚։ Եվ ահա, թերթելով իմ այն ժամանակների օրագրային գրառումները, հիշում եմ, թե ինչպես այդ ամենը  եղավ և երբ այդ ամենը սկսվեց։ Հիշում եմ անվերջանալի պայքարի բուն տարեգրությունը, որ մենք անվանեցինք Շարժում։ Հին մտածողներն ասում էին, թե շարժումը կյանք է։ Ամեն ինչ ածանցված է Շարժումից։ Նույնիսկ ինքը՝ Ժամանակը, ոչ միայն փիլիսոփայական կատեգորիա է, այլև շարժում, որն ունի ընդամեը մեկ չափում՝ անցյալից ապագա։ Ազատության համար պայքարը նույնպես շարժում է։ Այստեղից էլ՝ Ղարաբաղյան շարժում, որն ըստ էության, իհարկե, սկսվել էր 1988 թվականի փետրվարի 20-ից շատ ավելի շուտ։ Գուցե սկսվել էր այն օ՞րը, երբ ադրբեջանական  վանդալները Դաշքեսանի շրջանի Բանանց  գյուղում բուլդոզերով գետնին հավասարեցրին Մեծ Հայրենականում զոհված իրենց համերկրացի հայ զինվորների հուշարձանը։ Իսկ գուցե,երբ կացնով (դարձյալ կացնով) գլխին հարվածելով, հենց հերկված դաշտի ակոսում սպանեցի՞ն ութսունամյա  հերկող Մարկոս Յուզբաշյանին, և մարդասպանը մնաց անպատիժ։ Իսկ գուցե այն օ՞րը, երբ Կարադաղլու գյուղի ադրբեջանցի ՙուսուցիչն՚ ու իր հանցակիցները ութ տարեկան հայ տղայի գլխին մեխեր խփեցին և հանեցին աչքերը (դատարանում նա լկտիաբար ցուցմունք տվեց, իբր՝ վախենում էր, որ երեխայի աչքերում կտպվի իր դեմքը)։ Գուցեև այն ժամանակ, երբ աղդամցի վեց հրեշներ բռնաբարեցին տասնվեցամյա հայ աղջկան, իսկ մարմինը գցեցին Հայոց ցեղասպանության և պատերազմի զոհերի Ստեփանակերտի հուշահամալիրի Հավերժական կրակի՞ն։ Այո, չափից ավելի շատ էին Ղարաբաղյան շարժում սկսելու պատճառներն ու առիթները։

Եվ սակայն, ես կարծում եմ, որ սկիզբը դրեցին մշակույթի և արվեստի գործիչների նամակները՝ ուղղված երկրի հասարակայնությանը և ղեկավարությանը։ Այն գրողների, բանաստեղծների, հրապարակախոսների հոդվածներն ու գրքերը, որոնք, հարգանք արտահայտելով բարձր հասցեատիրոջ նկատմամբ, փորձում էին բացահայտել Լեռնային Ղարաբաղում և Նախիջևանում, Բաքվում և Գարդմանքում, Գանձակում ու Շահումյանի շրջանում հայերի նկատմամբ խտրականության էությունը։ Այսօր, ժամանակի բարձունքից նայելով Շարժման խորքը, մեզանից ոմանք այդ նամակների հեղինակներին համարում են պարզամիտ մարդիկ։ Ես խորհուրդ չէի տա շտապ եզրահանգումներ անել. խոսքն այնպիսի ժամանակների մասին է, երբ նույնիսկ նման նամակի տակ ստորագրելը ոչ պակաս արիություն էր պահանջում, քան կրծքով հրակնատ փակելը։ 

Դեռևս վաթսունականների կեսերին, Ալիև-ավագի օրոք, որն այն ժամանակ ղեկավարում էր պետանվտանգության կոմիտեն, սկսվեցին աննախադեպ բռնաճնշումներ արցախյան մտավորականության դեմ։ Բագրատ Ուլուբաբյանի լեգենդար խումբը, որը մարզում հսկայական աշխատանք էր տանում, դեռևս 1965 թվականին տասնյակ հազարավոր արցախցիների ստորագրահավաք կազմակերպեց հայկական պատմական մարզը Հայաստանի ԽՍՀ-ին վերամիացնելու պահանջի տակ։ Եվ տասներեք մարդուց կազմված ողջ խումբը ենթարկվեց բռնաճնշումների։ Շատերին արտաքսեցին հարազատ օջախներից, այդպիսի չարագույժ գործողություններով միայն սրելով իրավիճակը և յուղ լցնելով Ղարաբաղյան շարժման ջահի վրա։ Տարիներ անց, Միլլի մեջլիսի նիստերից մեկում, Նախիջևանից պատգամավոր ընտրված Հեյդար Ալիևը բացեիբաց խոստովանեց, թե իրեն խանգարեցին կենսագործել Ղարաբաղում հայության վերացման և, ինչն արդեն արվել էր Նախիջևանում, հայկական ինքնավար կազմավորման փաստացի լուծարման ծրագիրը։

Հանուն արդարության պետք է ասել, որ Ալիևը զուր էր համեստություն անում. Արցախի համար իր մահաբեր մտադրությունների իրականացմանն ուղղված  քայլերը բավական արդյունավետ էին։ Սկսեց նրանից, որ Արցախի ղեկավար նշանակեց իր դրածո Բ.Կևորկովին, որը մարզկոմի առաջին իսկ, այսպես ասած՝ գաղափարախոսական պլենումում, կատարելով իր շեֆի հրահանգը, ձեռնարկեց մտավորականության ջարդը։ Բավական է հիշել ՙՍովետական Ղարաբաղ՚ թերթի սեփական թղթակից Յաշա Բաբալյանի վտարումն Արցախից միայն նրա համար, որ գրչակիցների շրջապատում կարդացել էր Արամայիս Սահակյանի ՙգաղափարախոսական կրիմինալով՚ ներծծված բանաստեղծությունը, որում պոետը տարակուսանք էր հայտնում, թե մարդկությունն արդեն տեսել է լուսնի հակառակ կողմը, իսկ այ իրեն՝ բանաստեղծին, չի հաջողվում աստվածաշնչյան լեռանը նայել հակառակ կողմից։ Յաշայի հետ կապված դեպքի մասին հազարավոր նամակներ մենք ուղարկեցինք աշխարհով մեկ։ Այդ, ինչպես արտասահմանյան թերթերը գրեցին, ՙտխմարության՚ և ՙանհեթեթության՚ արձագանքն այնքան բուռն էր, որ Բաքվում իրարով անցան։ Հայտնի դարձավ, որ այն երկրների խորհրդային դեսպանատները, որտեղ հայկական մեծ գաղութներ կային, տեղեկացրել էին ԽՍՀՄ արտգործնախարարությանն այդ տեսակի անհեթեթությունների վտանգավորության մասին, որոնք կարող են պատասխան շղթայական ռեակցիա առաջացնել։

1977 թվականին մեզ հայտնի դարձավ, որ Բաքվի կուսակցական առաջնորդն իր խողովակներով համառորեն առաջարկում է Արցախի մասին նյութ նախապատրաստել ՙՊրոբլեմի միրա ի սոցիալիզմա՚ ամսագրում տպագրելու համար։ Այդ ամսագիրը մոլորակի կոմունիստական, բանվորական կուսակցությունների տեսական  և տեղեկատվական  հրատարակությունն էր, որ լույս էր տեսնում 32 լեզուներով, 145 երկրներում, ԽՄԿԿ-ի միջոցներով։ Ալիևը լավ էր հաշվարկել. բավական է այնտեղ տպագրվեր իրեն անհրաժեշտ նյութը ՙՂարաբաղի տեղի՚ մասին, որպեսզի հասարակական կարծիքում երկար ժամանակով ամրագրվեր ինքնավար մարզի` Ադրբեջանի կազմում ընդգրկված լինելու ՙտրամաբանությունը՚։ Գլխավորն այն էր, գտնում էր Ալիևը, որ նյութը նախապատրաստեին տարբեր երկրների անկախ լրագրողներ։ Հարցազրույցը, իհարկե, կտա ոչ այլ ոք, քան հայ, հենց այդ նույն Կևորկովը։

Շուտով ամսագրի վեցերորդ գրքույկում տպագրվեց արտասահմանյան ժուռնալիստներ Ս. Միտրի և Ա. Խաբի զրույցը կուսակցության Ղարաբաղի մարզկոմի առաջին քարտուղարի հետ։ Այն հարցին, թե ՙԻնչո՞ւ է Լեռնային Ղարաբաղը գտնվում Ադրբեջանի կազմում և ոչ թե Հայաստանի, որից բաժանված է ընդամենը հողի մի բարակ շերտով, ըստ էության պատասխանեց Ալիևը՝ Կևորկովի շուրթերով. ՙՄարզը Հայաստանից բաժանված է բարձր սարերով։ Ղարաբաղը ծաղկեց Ադրբեջանում, և միայն ազգայնամոլները կարող են ասել՝ թող ես վատ ապրեմ, բայց կապված լինեմ Հայաստանի հետ՚։ Եվ առանձնակի ընդգծեց պատվիրված նախադասությունը. ՙԼեռնային Ղարաբաղի հայ ժողովուրդը պետականություն ձեռք բերեց Ադրբեջանի կազմում և այդ ճակատագիրն ընտրեց կամովին՚։ Նյութում խցկված էին անհեթեթ օրինակներ, որոնք իբր հաստատում էին հայերի և ադրբեջանցիների եղբայրությունը։ Եվ զրույցի վերնագիրը նույնպես մտածված էր այն ժամանակների ոգով՝ ՙՄենք տեսանք ազգերի եղբայրությունը՚։

Հենց որ ամսագիրը մեր ձեռքն ընկավ, որոշվեց օպերատիվ կերպով արձագանքել, ընդ որում՝ հնարավորինս բարձր։ Գտանք ավանդական ձևը. բաց նամակ Բրեժնևին, որն արդեն զբաղեցրել էր ԽՍՀՄ Գերագույն խորհրդի Նախագահության Նախագահի աթոռը, մնալով, բնականաբար, ԽՄԿԿ Կենտկոմի Գլխավոր քարտուղար։ Բրեժնևի անունը այն ժամանակ մի տեսակ մարմնավորում էր արդեն բուն ԽՍՀՄ տերությունը։ Նամակի վրա աշխատում էինք Սերո Խանզադյանի տանը։ Նամակի տեքստին կցված էր վերլուծական մեկնաբանություն։

Այստեղ ես պարզապես պարտավոր եմ մի անհրաժեշտ շեղում կատարել։ Վերակառուցման թեժ պահին հաճախ էր վիճակվում կարդալ և լսել, թե ինչպես են ոմանք ժամանակի բարձրությունից հեգնում Չարենցին և Իսահակյանին, Շիրազին ու Կապուտիկյանին և շատ ուրիշների, թե՝ տեսեք-տեսեք, չափազանց գովաբանական նամակներ կամ բանաստեղծություններ էին գրում՝ նվիրված Ստալինին կամ այլ առաջնորդների։ Մինչդեռ այդ դեպքերում նույնպես պոետները մտածում էին ավելի շուտ հայրենիքի, և ոչ թե իրենց մասին։ Ավագ սերունդը լավ գիտեր, որ ոչ միայն իրենցից յուրաքանչյուրի, այլև յուրաքանչյուր հանրապետության և, հետևաբար՝ յուրաքանչյուր ժողովրդի բախտն էր կախված մազից, օրինակ` 1936 թվականի դեկտեմբերի 5-ին ընդունված նոր (Ստալինյան) սահմանադրության մեջ միանգամից բարձրացվեց մի քանի ինքնավար կազմավորումների կարգավիճակը։ Ինքնավար մարզերը վերածվեցին ինքնավար հանրապետությունների, իսկ ինքնավար հանրապետությունները՝ միութենականների։ Եվ դա արվեց մեկ մարդու՝ Ստալինի գրչի մեկ հարվածով։ 

Այսինքն, երբեմն թանաքի կաթիլից էին կախված ժողովուրդների ճակատագրեր։ Բավական էր, ասենք, հայերը հոսանքին դեմ գնային, որպեսզի գրչի այդ նույն հարվածով Հայկական ԽՍՀ-ն վերածեին Հայկական ԻԽՍՀ-ի։ Մոսկվայի պետհամալսարանի պրոֆեսոր Հրանտ Եպիսկոպոսովը այդ առիթով գրել է. ՙՍտալինը լավ էր հասկանում, որ Անդրկովկասի իր գծած քարտեզը Հայաստանը խոցելի է դարձնում առաջին հերթին  ՌՍՖՍՀ-ի հետ սահմանի բացակայության պատճառով, ինչը նրա ձեռքը փաստարկ էր տալիս հայերին շանտաժելու և նրանց դեմ սադրանքներ կազմակերպելու համար՚։ Այնպես որ մեր հանճարների ու պայծառ գլուխների վերամբարձ խոսքն ավելի շուտ  ոչ այնքան վարվեցողության տուրք էր, որքան պարտադրված դիվանագիտություն։ Ճիշտ է, երբ Սերո Խանզադյանի տանն աշխատում էինք նամակի վրա, ժամանակներն այլ էին։ Հետևաբար, վերաբերմունքի և դիմելաձի ոճն էլ ուրիշ էր։ Եվ այդ մասին լավ գիտեր Սերո Խանզադյանը (և ոչ միայն նա. այլև Սիլվա Կապուտիկյանը, Պարույր Սևակը, Բագրատ Ուլուբաբյանը, Համո Սահյանը, Լեոնիդ Հուրունցը, Հրաչյա Հովհաննիսյանը, Ջոն Կիրակոսյանը և շատ ուրիշներ), որն առաջարկեց ինձ. ՙԵկ տրորենք այդ դեմագոգների քիթը։ Բայց դրա համար դու պետք է գտնես համապատասխան մեջբերում հենց հասցեատիրոջից՝ Բրեժնևից՚։ Մեզ պետք էր համարժեք պատասխան տալ Կևորկովի փարիսեցիական նախադասությանը, թե միայն ազգայնամոլները կարող են ասել՝ թող վատ ապրեմ, բայց լինեմ Հայաստանի հետ։

Եվ ահա թե ինչպիսի տեքստ ստացվեց, որի տակ իր ստորագրությունը դրեց հայ գրող-ռազմաճակատային, ԽՍՀՄ գրողների միության վարչության անդամ, Հայաստանի պետական մրցանակի դափնեկիր, Հայաստանի Գերագույն խորհրդի պատգամավոր, հանրապետության Գրողների միության սկզբնական կուսկազմակերպության քարտուղար Սերո Խանզադյանը. ՙԻսկ չէ՞ որ այդ նախադասությունը կապ ունի ոչ թե պարզապես Հայաստանի, այլ Խորհրդային Հայաստանի հետ։ Եվ դա ասվում է այն բանից հետո, երբ Դուք, թանկագին Լեոնիդ Իլյիչ, նշելով Խորհրդային Հայաստանի հիրավի ծաղկունքը, ասացիք. ՙԽորհրդային Հայաստանի ժողովուրդը, կոմունիստները և անկուսակցականները, բանվորները, գյուղացիները և մտավորականությունը հիանալիորեն զուգակցում են հայրենասիրության ոգին մեկ այլ, խորհրդային մարդու համար ոչ պակաս կարևոր հատկության՝ ինտերնացիոնալիզմի հետ՚։ Այդ մեջբերումը ոչ միայն զինաթափեց սադրիչներին, այլև թույլ տվեց ողջ աշխարհով մեկ հայտարարել ամենագլխավորի մասին. ՙԼեռնային Ղարաբաղի հայ ժողովուրդը երբեք իր կամքով չի ընտրել իր ներկայիս ՙբախտը՚, որով նա փաստորեն զատված է հայրենիքից։ Եվ նման ՙբախտն՚, իհարկե, ինքնին անարդարություն է, որը պետք է վերացվի՚։

Սերո Խանզադյանի նամակը՝ վերլուծական մեկնաբանությամբ, առաջինը տպագրեց Բեյրութի ռամկավարների ՙԶարթոնք՚ թերթը։ 1977 թվականի սեպտեմբերի միայն մեկ շաբաթվա ընթացքում նամակը տպագրվեց նաև այնտեղի դաշնակցական ՙԱզդակ՚, հնչակյան ՙԱրարատ՚, սոցիալիստների ՙԿանչ՚  թերթերում։ Եվ ապա շղթայական ռեակցիայով ՙԱրցախի գտնվելու իսկական տեղի մասին հարցը՚ բարձրացվեց բոլոր հինգ աշխարհամասերում, որտեղ կային հայկական գաղութներ։ Իսկ ՙԱմերիկայի ձայնի՚ հայկական բաժինը կես տարի շարունակ, համարյա թե ամեն օր հատուկ հաղորդումներ էր պատրաստում՝ մեկնաբանություններով և արձագանքներով։ Արտասահմանյան երկրներից նամակներ էին գալիս ԽՄԿԿ Կենտկոմ, ԽՍՀՄ արտգործնախարարություն։ Խնդրով զբաղվում էին ՊԱԿ-ում։ Մոսկվան հանգիստ չէր տալիս Կարեն Դեմիրճյանին և գաղափարախոսության գծով Կենտկոմի քարտուղար Կառլեն Դալլաքյանին։ Պետք է խոստովանել, որ նրանք երկուսն էլ իրենց արժանավայել էին պահում։ Նամակի վերաբերյալ Դեմիրճյանի արձագանքի մասին մանրամասն պատմել եմ իմ ՙԴրախտ և դժոխք՚ գրքում։

Զորի ԲԱԼԱՅԱՆ

(Շարունակելի)