[ARM]     [RUS]     [ENG]

1988թ. ՓԵՏՐՎԱՐԻ 22. ՀԱՐՁԱԿՈՒՄ ԱՍԿԵՐԱՆԻ ՎՐԱ

1988թ. փետրվարի 20-ին տեղի ունեցավ մարզխորհրդի պատմական նստաշրջանը, որն ընդունեց ԼՂԻՄ-ը Մայր Հայաստանին  վերամիավորելու որոշում:

Այն արտահայտում էր արցախահայության միասնական ցանկությունը և միաժամանակ բխում էր երկրում  հռչակված վերակառուցման ուղեգծի տրամաբանությունից: Թվում էր` միութենական  իշխանություններն ըմբռնումով կընդունեին ինքնավար մարզի իշխանության բարձրագույն մարմնի որոշումը, սակայն ստացվեց միանգամայն հակառակը: 

Հազիվ մեկ օր տևեց համաժողովրդական հրճվանքը: Ադրբեջանի ղեկավարությունը, կատաղելով այն փաստից, որ չկարողացավ խոչընդոտել մարզխորհրդի նստաշրջանի անցկացմանը, ձեռնամուխ եղավ Աղդամի անմիջական հարևանությամբ գտնվող Ասկերան ավանը հարձակման ենթարկելու ահաբեկչական քայլին: Զուգահեռաբար ԽՄԿԿ ԿԿ Քաղբյուրոյին հորդորեց դատապարտել մարզխորհրդի որոշումը` սպառնալով հարյուր հազար ադրբեջանցի երիտասարդների մասնակցությամբ հանրահավաք անցկացնել Ստեփանակերտում, որը կարող էր  լուրջ բախումների պատճառ դառնալ ՙերկու դարավոր բարեկամ ազգերի միջև՚: Նման  սպառնալիք Բաքուն հնչեցրել էր  նաև փետրվարի 12-ին և 13-ին: 

Մարզխորհրդի նստաշրջանի որոշումից ընդամենը ժամեր անց ԽՄԿԿ Կենտկոմի Քաղբյուրոն ընդունում է ՙԼեռնային Ղարաբաղում իրադարձությունների մասին՚ որոշումը, որն էլ հաջորդ օրը ԼՂ մարզկոմի բյուրոյի նիստում ընդունվում է ի ղեկավարումն ու ի կատարումն:

Ուշ գիշերին Հադրութի կուսշրջկոմի պլենումը ևս, ճնշման ենթարկվելով, հավանություն տվեց Քաղբյուրոյի որոշմանը: Ասկերանի շրջկոմում նույնպես նախագիծ էր մշակվել, որպեսզի հաջորդ օրը` փետրվարի 22-ին, ներկայացվի շրջանային ակտիվին և հավանության արժանանա:  Շարժման ամենաճակատագրական պահն էր դա, երբ վերջնականապես պետք էր ընտրություն կատարել` համաձայնե՞լ Կենտկոմի որոշմանը, թե՞ ընդդիմանալ և պահանջել հարցի դրական լուծում։ Կուսշրջկոմի բակում հանրահավաքի մասնակիցներն այնպիսի համերաշխությամբ էին ՙՀայաստան՚ և ՙՄիացում՚ վանկարկում, որ դահլիճում ոչ մեկը չփորձեց պաշտպանել շրջկոմի բյուրոյի մի քանի անդամների` Քաղբյուրոյի որոշմանը հավանություն տալու առաջարկությունը: 

Նիստն ընթանում էր, երբ գյուղատնտես Մամիկոն Գրիգորյանը հանրահավաքի մասնակիցներին և շրջխորհրդի նախագահին հայտնեց, որ տասնյակ հազարավոր ազերիներ Խնապատի  կոլտնտեսության այգիներով գալիս են դեպի Ասկերան: Շրջխորհրդի գործկոմի նախագահ Վիլեն Քոչարյանը չհավատաց լսածին և որոշեց գնալ, անձամբ համոզվել դրանում: Նա Մ. Գրիգորյանի հետ նստեց իր ծառայողական ավտոմեքենան, ու շարժվեցին դեպի խաղողայգիները: Ճանապարհին նրանք հանդիպեցին դիմապակին քարով ջարդված մի մեքենայի ու նավթաբազայի աշխատողների, որոնք տեղեկացրին, որ ազերիները, ճանապարհին պատահած ամեն բան ջարդելով,  գալիս են Ասկերանի ուղղությամբ: Վ. Քոչարյանը ճանապարհին կանգնած պետավտոտեսչության աշխատողներին հանձնարարեց մյուս միլիցիոներների հետ գնալ, ճանապարհը փակել, իսկ ինքն անցավ Կարկառ գետի աջ ափը` պարզելու հարձակվող ադրբեջանցիների քանակը: Համոզվելով, որ նրանք շատ են, մեկնեց Ստեփանակերտ` օգնություն խնդրելու: 

Նիստն ընդհատվեց: Հրավիրվածները և բյուրոյի անդամներն անցան կուսշրջկոմի քարտուղարի աշխատասենյակ, իսկ Շարժման ակտիվը հավաքվեց բակի անկյունում` քննարկելու իրավիճակը, որոշելու հետագա անելիքը: Լսելով  նավթաբազայի երկու աշխատողների պատմածը և տեսնելով ճանապարհի ողջ երկայնքով երկինք ելնող ծուխը, համոզվեցին, որ գործ ունեն ոչ թե խաղաղ ցուցարարների, այլ գազազած ամբոխի հետ: Արագ վճիռ կայացվեց` ազերիներին թույլ չտալ մտնել Ասկերան: Ալբերտ Ավանեսյանը, Սլավիկ Միրզոյանը, Մարատ  Հակոբջանյանը երիտասարդների հետ շարժվեցին դեպի Ասկերանի մուտքը, իսկ Վարազդատ Հայրիյանը, Ռաֆիկ Ասրյանը, Գրիշա Մարտիրոսյանը և ուրիշներ մեքենայով գնացին ազերիներին ընդառաջ: Ես բարձրացա կուսշրջկոմի առաջին քարտուղարի ընդունարան և, զանգելով 07, հեռախոսակայանի աղջիկներին խնդրեցի հեռախոսով տեղեկացնել հարևան բնակավայրերի ակտիվիստներին, որպեսզի շուտափույթ օգնություն ուղարկեն։ 

Ասկերանի մատույցներում  արդեն արձանագրվել է առաջին ընդհարումը: Տեղացի երիտասարդները գարեջրի գործարան և կոմունալ ձեռնարկություն ներխուժած թուրք խաժամուժին դուրս էին շպրտել, և ազերիները, իրենց վրա նետված քարերից գլուխները ձեռքերով պաշտպանելով, ձորի միջով աղաղակելով փախչում էին: Ջարդարարները հասցրել էին կոտրել կոմունալ ձեռնարկության բոլոր մեքենաների ապակիները, բացի խոջալուեցի Հասանին պատկանող տրակտորից, իսկ գազի շահագործման գրասենյակը և պետավտոտեսչության կետն ամբողջովին ավերել էին: Ձորի երկու կողմում արագ մեծանում էր հարձակվողների ու  պաշտպանվողների թիվը: Միլիցիայի շրջանային բաժնի աշխատողներն առաջին կազմակերպված ուժն էին, որ գնացին թուրքերին ընդառաջ և փորձեցին կարգուկանոն հաստատել: Մի քանի աշխատակիցներ, մարմնական վնասվածքներ ստանալով, հետ դարձան ու  համալրեցին պաշտպանների շարքերը: Հրշեջ մեքենայի ջրմուղ պոմպը չհաջողվեց գործի գցել, և դիմահար ապակին ջարդվելուց հետո մեքենան հետ քաշվեց: Եթե ընդհարումն ավելի շուտ սկսվեր, քան մոտակա գյուղերից օգնության գալը, ասկերանցիների ուժերը չէին բավականացնի կանգնեցնել ազերի հրոսակներին: Նպաստավոր դիրքը տալը հավասարազոր էր պարտության. ձորի երկու կողմերի միջև հեռավորությունը մոտ 25 մետր էր, իսկ ազերիների մեծաքանակ  լինելն այդ պայմաններում քիչ դեր էր խաղում: 

Ընդհարումը կանխելու գործում ժողովրդի հետ միավորվել էին կուսակցական, խորհրդային, կոմերիտական կազմակերպությունների, իրավապահ մարմինների աշխատողները: Առաջին շարքերում էին Ստեփանակերտից վերադարձած շրջկոմի առաջին քարտուղար Վ. Գրիգորյանը, շրջխորհրդի գործկոմի նախագահ Վ. Քոչարյանը և նույնիսկ շրջկոմի բյուրոյի այն անդամների մեծ մասը, որ քիչ առաջ թուրքերի հետ համերաշխության քարոզ էր կարդում ու առաջարկում հավանություն տալ Կենտկոմի Քաղբյուրոյի վերոհիշյալ որոշմանը: 

Թուրքերը խորքում կանգնած մեքենաներից սկսեցին գետաքարեր բաժանել: Հայկական կողմն էլ քարեր ժողովեց: Նրանք քարերը շպրտեցին դեպի ասկերանցիները, բայց՝ տեսնելով, որ հակառակ կողմից ավելի շատ էին քարեր թռչում դեպի իրենց, և համարյա բոլոր քարերը հասնում էին նպատակին, ընկրկեցին: 

Ազերիների կողմից կրակոցներ լսվեցին: Յուրի Խաչատրյանը (Ջաբի), Ալբերտ Ավանեսյանը և Մարատ Հակոբջանյանն առաջարկեցին զենք բերել ու կիրառել: Լինելով կուսակցական նոմենկլատուրայի աշխատող` չհամարձակվեցի պաշտպանել այդ առաջարկությունը` պատճառաբանելով, որ չենք հասցնի։ Թուրքերն անընդհատ բազմանում էին: Այժմ գալիս էին ոչ միայն խաղողայգիներով, այլև ճանապարհներով: 

Խորքից առաջացան մեկ բենզատար և  երկու բեռնատար, որոնցից քիչ առաջ գետաքարեր էին բաժանում: Հավանաբար, էլի կային, բայց մարդկանց խտության պատճառով չէին երևում: Ասկերանցիների տեսադաշտում գտնվող ավելի քան 1 կիլոմետր երկարությամբ և 30մ լայնությամբ ճանապարհը լցված էր թուրքերով: Նրանց թիվը հարյուր հազարի էր հասնում, ինչպես նախապես սպառնացել էին: Տեղեկություն ստացվեց, որ հրկիզել են Ստեփանակերտի ավտոբազային պատկանող ԶԻԼ-130 մեկ բեռնատար և Հադրութի շրջանից մեկ ԳԱԶ-53 ավտոմեքենա` մսի կոմբինատ տարվող խոշոր եղջերավոր անասունների հետ միասին: Թշնամու ագրեսիվության աճից ու ճանապարհի երկարությամբ ծխի քուլաների թանձրությունից զգացվում էր, որ վտանգն ահագնանում է: Հրկիզել էին նաև Խնապատի Ն. Ստեփանյանի անվան կոլտնտեսության` ճանապարհի մոտ գտնվող պահեստն ու ալրաղացը, ճանապարհին հանդիպած ամեն ինչ: Որոշվեց զենք բերել: Հենց դրա  շնորհիվ կանխվեց Ասկերանի ցեղասպանությունը։ 

Շուտով Նորագյուղից, Պատարայից և մոտակա գյուղերից օգնության եկան։ Հակառակորդի շարքը խտանալով` պրկվում էր։ Մի քանի հոգի կարծես փորձում էին ամբոխը կանգնեցնել, բայց հանկարծ ճանապարհի ամբողջ լայնությամբ միանգամից վազելով, նրանք հարձակման անցան։ Հեղեղի պես առաջ էին գալիս։ Ընդհարումն անխուսափելի էր։ Հրամանի կարիք ու ժամանակ չկար։ Որոտացին որսորդական հրացանները... և կարծես ինչ-որ գերբնական ուժ թուրքերի ոտքերը մեխեց ասֆալտին։ Այլևս ոչ մի սանտիմետր չառաջացան։ Ընդհակառակը` աստիճանաբար հետ դարձան։ Ազերիների կողմից վիրավորներ կային, որոնց արագ տարան։ Սթափվելով,  հակառակորդից մի քանի հոգի բարձրացան քարեր բարձած ավտոմեքենան և հընթացս սկսեցին միտինգ անել` ձեռքներին թափահարելով ԽՄԿԿ ԿԿ փետրվարի 21-ի` թանաքը դեռ չչորացած որոշումը։ Մեքենաներից մեկի վրա դրոշներ կային ու ցուցապաստառ` ՙՂարաբաղը մերն է՚։ Իսկ թափքում նստած էր բարձրաստիճան հոգևոր առաջնորդը։ 

Բեռնատար մեքենաներից մեկը դաշտամիջյան ճանապարհով գնաց դեպի Կարկառ գետը և Խնապատ գյուղի պոմպակայանի մոտ մնաց փակուղու մեջ: Երեկոյան մեքենան զննելուց պարզվեց, որ այն պատկանում է Ասկերանի շրջանի Աստղաշենի ՙՀոկտեմբեր՚ կոլտնտեսությանը (վարորդն ադրբեջանցի էր), իսկ թափքը լիքն էր գործարանային պայմաններում պատրաստված սրածայր նիզականման երկաթաձողերով, 100-150 մմ երկարությամբ մեխ խփած գուրզանման մահակներով, ամրաձողերով ու գետաքարերով։ 

Շուրջ երեք ժամ տևեց այս լարված վիճակը, և միայն թուրքերի գրոհները հետ մղելուց հետո, վերջապես, մեկ ՙԳԱԶ-66՚ մակնիշի մեքենայով երկու տասնյակի չափ խորհրդային ներքին զորքերի զինվորներ եկան` վահաններով ու ռետինե մահակներով (առանց հրազենի) ու աստիճանաբար սկսեցին հետ մղել թուրք բարբարոսներին։ Կես ժամ անց եկան նաև մեկ ավտոբուս օմոնականներ Ստեփանակերտի կայազորից, իսկ որոշ ժամանակ անց նաև զրահամեքենաներ։  

Թուրքերի մի մասը շարժվեց Խնապատի ուղղությամբ։ Մի խումբ էլ փորձեց շրջանցել օմոնականներին և այգիների միջով գրոհել Ղլիժբաղ թաղամասի վրա, մեկ ուրիշն էլ` ներխուժել Ասկերանի հարավ-արևելյան թաղամաս, ինչը նույնպես կանխվեց։

Պաշտպանական ջոկատներ ստեղծելու հանձնարարականներ տրվեցին  Սլավիկ Միրզոյանին (Սառնաղբյուր), Ալբերտ Ավանեսյանին, Մարատ Հակոբջանյանին (Ասկերան), Վիտալի և Վալերի Պետրոսյաններին (Նորագյուղ), Սեմյոն Հայրիյանին (Շոշ)։

1988թ. փետրվարի 22-ի թուրքերի կողմից ավազակային հարձակման մասին Խորհրդային Միության առաջին իսկ տեղեկատվություն իրականության կատարյալ խեղաթյուրում էր: Խեղաթյուրել են  Աղդամից հարձակվողների քանակի մասին տվյալները` անտեսելով թուրքի սպառնալիքները` 100 հազարով մտնել Ղարաբաղ և այն գերեզմանոց դարձնել: Չնայած թուրքերի մինչև Ասկերանի  մատույցները հասնելը ամբողջ 4 կմ ճանապարհահատվածում գործած բարբարոսություններին (շենքերի, մեքենաների, ցանկապատների հրկիզումներ, ձեռնարկությունների ավերածություններ, երեք տասնյակի հասնող մարդկանց  հաշմանդամության հասցված ծեծ ու ջարդեր և այլն), առաջ քաշած լոզունգներին, զինանոցին ու կոնկրետ մարդկանց միջոցով ՙԱսկերանը հողի երեսից վաղը ջնջելու ենք՚, ՙՄահ հայերին՚ սպառնալիքներին, Աղդամից հարձակվողներին մինչ այսօր  դիտարկում են որպես Ստեփանակերտ գնացող ցուցարարարների: Թուրքերին կանգնեցնելը վերագրում են խորհրդային բանակին, մինչդեռ բանակը եկավ 3 ժամ ուշացումով և հետ մղեց արդեն զենքի ուժով կանգնեցված բարբարոսներին: 

Թերագնահատվում է հարձակումը գործադիր ու հոգևոր իշխանությունների կողմից կազմակերպված լինելը: Նրանց առաջին մեքենայի վրա  իսլամի դրոշն էր: Այդպես են ներկայացրել, որպեսզի  հրավիրեն  մուսուլմանական  մյուս պետությունների  ուշադրությունը  և օգնություն ստանան:  Ու հետագայում ահագին էլ օգնություն են ստացել Աֆղանստանից, Պակիստանից, Չեչնիայից: 

Փետրվարի 22-ից սկիզբ դրվեց Արցախի ինքնապաշտպանությանը, որին անդամագրվեցին Արցախի, Հայաստանի և Սփյուռքի հայրենասիրական ուժերը։ Մեր ժողովրդի ծոցից ելան բազմաթիվ նվիրյալներ, որոնք իրենց տաղանդն ու բազկի ուժն արդյունավետ ծառայեցնելով մեր փրկության գործին` կերտեցին մեր անկախ պետականությունը։ 

 

Արցախյան շարժման առաջամարտիկ Սլավիկ ԱՌՈՒՇԱՆՅԱՆԻ պատմածները գրի առավ

 Սվետլանա ԽԱՉԱՏՐՅԱՆԸ