[ARM]     [RUS]     [ENG]

ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՇԱՐԺՈՒՄԸ ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻ ԶԱՎԱԿՆ Է

Այսօր շատ քչերն են հիշում այդ առաջին ծիծեռնակի մասին։ Առաջին ցույցի։ Սակայն մենք կազմակերպեցինք այնպես, որպեսզի հենց այդ ցույցի մասին տեղեկատվությունը հասնի ամերիկյան թերթեր և Վաշինգտոնում ԽՍՀՄ դեսպանություն՝ հայկական տարբեր հասարակական կազմակերպություններից։

Առանձնակի ակտիվությամբ աչքի էին ընկնում Լոս Անջելեսի և Նյու Յորքի հասարակական կազմակերպությունները։ Լուիզ-Սիմոնը, ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի սոցիալ-տնտեսական հարցերով օգնական Բենոն Սևանի աջակցությամբ, կազմակերպեց իմ հանդիպումը (պաշտոնապես, որպես ՙԺողովրդական դիվանագիտության՚ խորհրդային պատվիրակության անդամ և Հայաստանում ՙԼիտերատուրնայա գազետա՚ թերթի սեփական թղթակից) քսանինը երկրների ներկայացուցիչների հետ։ 1988 թվականի փետրվարի 17-ի հանդիպմանը ներկա էին նաև Արևելա-ամերիկյան հայկական թեմի առաջնորդ, արքեպիսկոպոս Թորգոմ Մանուկյանը և ԽՍՀՄ ներկայացուցիչ Վիկտոր Զվեզդինը։ Տրվող հարցերը հիմնականում Ղարաբաղի մասին էին։ Ես արդեն ձեռքի տակ տեղեկություններ ունեի այն մասին, որ ոչ միայն Ստեփանակերտի քաղգործկոմում, այլև շրջանային գործադիր կոմիտեներում ընթանում են ժողովրդական պատգամավորների նստաշրջաններ, որտեղ ընդունվում է բացառապես մեկ որոշում՝ հայկական պատմական մարզի միավորումը Հայաստանի հետ։ 

Փետրվարի 20-ից ուղիղ մեկ շաբաթ առաջ ՙժողովրդական դիվանագետների՚ մեր պատվիրակությունը վերադարձավ տուն։ Հենրիխ Բորովիկի հետ ոչ դյուրին մի խոսակցություն ունեցա։ Ես նրան խնդրեցի ինձ ևս թույլ տալ մի քանի օր մնալ ԱՄՆ-ում։ Այդ իմաստուն մարդը՝ ԱՄՆ-ում ՙԼիտերատուրնայա գազետա՚ թերթի սեփական թղթակիցն ու տաղանդավոր հրապարակախոսը, ինձ շատ լավ էր հասկանում։ Եվ ես նրան երախտապարտ էի դրա համար։ Իհարկե, նա այն ժամանակ չէր կարող իմանալ, որ մեր զրույցից ընդամենը մեկուկես ամիս անց իր նկարահանման խմբով ժամանելու է Լեռնային Ղարաբաղ, որպեսզի ՙԴիրքորոշում՚ հեղինակային ծրագրով առաջիններից մեկը ոչ միայն պատմի, այլև փորձի ցուցադրել Սումգայիթի սարսափները։ Ի դեպ, նույնը կարելի է ասել նաև Լուիզ-Սիմոնի մասին, որը դժվար թե կարող էր այն ժամանակ ենթադրել, թե մի քանի ամիս անց իր դստեր, ինչպես և Մերի Նաջարյանի ու Մայքլ Արմենի հետ ուղղաթիռով թռչելու է  Ստեփանակերտ՝ իմ ուղեկցությամբ, որտեղ հանդիպելու էին Արկադի Վոլսկուն։ Սփյուռքի ներկայացուցիչների Արցախ կատարած այդ առաջին այցելության մասին ես հոդված գրեցի ՙՍովետական Հայաստան՚ թերթում, այն վերնագրելով ՙԱռաջին ծիծեռնակը՚։

…Եվ այսպես, երազանքի օր էր վիճակված դառնալ 1988 թվականի փետրվարի 20-ը՝ շաբաթ օր։ Հենց այդ օրը, վաղ առավոտյան, թռիչքից ամբողջ երեք ժամ առաջ, Լուիզ-Սիմոնի հետ մեքենայով գնում էինք Քեննեդի օդանավակայան։ Նախորդ օրը ես իմացել էի, որ Մոսկվայից այստեղ էր թռչելու ակադեմիկոս Աբել Աղանբեկյանը, և Լուիզը ցանկություն էր հայտնել ծանոթանալ, ինչպես այն ժամանակ էին մեծարում հայտնի տնտեսագետին՝ ՙվերակառուցման ճարտարապետի՚ հետ։ Ես անընդհատ նայում էի ժամացույցիս։ Տարբերությունը Ստեփանակերտի հետ ութ ժամ էր։ Իսկ դա նշանակում է, որ հենց այդ ժամանակ, երբ մենք օդանավակայանի ճանապարհին էինք, Ստեփանակերտում սկսվում է ԼՂԻՄ ժողովրդական պատգամավորների XX գումարման խորհրդի արտահերթ նստաշրջանը։

Օդանավակայանում ես Լուիզին ծանոթացրեցի ակադեմիկոս Աղանբեկյանի հետ, որը պատմեց, թե ողջ Մոսկվան փոթորկվում է. բոլորի շուրթերին ՙՂարաբաղ՚ բառն է։ Ես նրան հայտնեցի, որ մեր հայրենակիցներին լավ ծանոթ է ԱՄՆ-ում իր մեկամսյա այցելության երթուղին և արդեն նախապատրաստած հարցեր ունեն Ղարաբաղի վերաբերյալ։ Նա հակադարձեց. ՙԻսկ ես էլ նախապատրաստած պատասխաններ ունեմ՚։ 

Փետրվարի 21-ի վաղ առավոտյան արդեն Մոսկվայում իմացա, որ Ստեփանակերտի նստաշրջանը չորս ժամով հետաձգվել է։ Այն սկսվել էր տեղական ժամանակով ժամը 20-ին։ 149 պատգամավորներից նստաշրջանի աշխատանքին մասնակցել էր 110 հոգի։ Այդ մասին ինձ հեռախոսով հայտնեց Վալերի Մարությանը։ Ես նրան խնդրեցի վերցնել ՙՍովետական Ղարաբաղ՚ թերթը և բարձրաձայն կարդալ նիստի որոշման տեքստը։ Նա սկսեց կարդալ. ՙ Լսելով և քննարկելով ԼՂԻՄ ժողովրդական պատգամավորների մարզային խորհրդի պատգամավորների ելույթները՝ միջնորդելու Ադրբեջանական և Հայկական ԽՍՀ-ների Գերագույն խորհուրդների առջև՝ ԼՂԻՄ-ը Ադրբեջանական ԽՍՀ-ի կազմից հանելու և Հայկական ԽՍՀ-ի կազմ մտցնելու մասին, Լեռնային Ղարաբաղի ժողովրդական պատգամավորների արտահերթ նստաշրջանը որոշեց՝ ընդառաջելով ԼՂԻՄ-ի աշխատավորների ցանկությանը, խնդրել Ադրբեջանական ԽՍՀ Գերագույն խորհրդին և Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդին խոր ըմբռնում հանդես բերել Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության ակնկալիքների հանդեպ և վճռել ԼՂԻՄ-ը Ադդրբեջանական ԽՍՀ-ի կազմից Հայկական ԽՍՀ-ի կազմ փոխանցելու հարցը, միաժամանակ միջնորդել ԽՍՀՄ Գերագույն խորհրդի առջև՝ դրականորեն լուծելու ԼՂԻՄ-ը Ադրբեջանական ԽՍՀ-ի կազմից Հայկական ԽՍՀ-ի կազմ հանձնելու հարցը՚։ Նույն օրը ԽՄԿԿ Կենտկոմի Քաղբյուրոն օպերատիվ կերպով հնչեցրեց իր արձագանքը Ղարաբաղի մարզգործկոմի որոշմանը։ Դա հիստերիկ ճիչ էր, որն, ըստ էության, Ադրբեջանին կոչ էր անում դիմել սադրանքների։ Չէր լինի ՙսումգայիթ՚, եթե չլինեին ԽՄԿԿ Կենտկոմի սադրանքները։

Ավելի ուշ մենք իմացանք, որ ԽՍՀՄ ղեկավարներից ամենից ակտիվը եղել էր Եգոր Լիգաչովը, որը բառացիորեն կատաղել էր նրանից,  թե՝ գիտե՞ք, ինչ-որ ծայրահեղականներ իրենց թույլ են տալիս խոսել ժողովրդի անունից։ Նա նկատի ուներ ՙընդառաջելով աշխատավորների ցանկություններին՚ արտահայտությունը։ Քաղբյուրոյի ամենաչսիրված անդամն այդպես էլ չհասկացավ, որ հենց այդ արտահայտությունն էր արտացոլում այն անվիճելի փաստը, որ դեռևս մինչև մարզային նստաշրջանը, Արցախի ողջ ժողովուրդը շրջանային նիստերում արդեն ինքն իր համար վճռել էր այդ հարցը։ Թերևս խորհրդային իշխանության ողջ ժամանակաշրջանում ոչ մի այլ որոշում չէր ընդունվել այդքան գրագետ և սահմանադրության ճշգրիտ պահպանմամբ։

 …Մեկ օր անց ինձ ուղարկեցին փետրվարի 21-ի ՙՍովետական Ղարաբաղ՚ թերթը։ Ես մնացի Մոսկվայում, հանդիպելով նրանց հետ, ումից այս կամ այն աստիճանով կախված էր մեր հարցի գոնե ըմբռնումը։ Ինձ կանոնավորապես ուղարկում էին թերթեր և անհրաժեշտ տեղեկատվություն, զանգում էր Իգոր Մուրադյանը, անհանգստություն հայտնելով, որ արդեն անհնար է զսպել ժողովրդին։ Համարյա թե ամեն օր, ծանրակշիռ թղթապանակով, որ պատրաստել էինք ՄՊՀ պրոֆեսոր Հրանտ Եպիսկոպոսովի տանը, ես մտնում էի ԽՄԿԿ Կենտկոմի հրահանգիչների, բաժինների ու բաժանմունքների վարիչների աշխատասենյակներ։ Եվ ամեն տեղ թողնում էի թղթապանակի մեկ օրինակ։ Ինձ օգնում էին Լեոն Օնիկովը, Սերգո Միկոյանը (նրա հանգուցյալ կնոջ եղբայրը  Քաղբյուրոյի անդամ, ԽՄԿԿ Կենտկոմի քարտուղար Ալեքսանդր Յակովլևի օգնականն էր), Հայաստանի կոմկուսի Կենտկոմի նախկին երկրորդ քարտուղար Գեորգի Տեր-Ղազարյանցը, Գորբաչովի օգնական Գեորգի Շահնազարովը։ Երբ հերթը հասավ Կենտկոմի քարտուղար Յակովլևին, ես որոշեցի Մոսկվա  հրավիրել Սիլվա Կապուտիկյանին։ Դա՝ արդեն Գորբաչովի հետ հանդիպման համար։ Ես հասկանում էի, որ շատ աշխատասենյակների դռներ բացվում էին շնորհիվ ՙԼիտերատուրնայա գազետա՚-ում իմ բազմաթիվ հրապարակումների. այդ մասին խոստովանում էին, որպես կանոն, իրենք՝ աշխատասենյակների տերերը։

Չէի բաժանվում ՙՍովետական Ղարաբաղ՚ թերթի համարից։ Դա թերևս աշխարհում առաջին անգամ էր, որ թերթը լույս էր տեսնում կիրակի օրը (բացառություն էր կազմել միայն ՙՊրավդա՚-ն)։ Կարծում եմ, ինչ-որ ժամանակ մենք ֆիլմ կնկարահանենք կամ գիրք կգրենք այն մասին, թե ինչպես 1988 թվականի փետրվարի 20-ի լույս 21-ի գիշերը տպագրվեց փետրվարի 23-ի համար ծրագրված համարը՝ նվիրված Խորհրդային բանակի 70-ամյակին։ ՙԽորհրդային բանակի ղարաբաղցի զորահրամանատարները՚ վերնագրի տակ տեղավորված էին նյութեր վեց գեներալների մասին՝ դիմանկարներով և կենսագրական տվյալներով։ Ի դեպ, նրանց մեջ կար նաև մեկ ադրբեջանցի։ Այն մասին, թե ինչպես տղաները կարողացան հրատարակել նստաշրջանի որոշումը, այն էլ կիրակի օրով, իհարկե, արժե պատմել մանրամասնորեն։ Արդեն այն ժամերին ու րոպեներին պարզ էր դարձել, որ Ղարաբաղն ու ղարաբաղցիները տրամադրված են ոչ թե ՙռոմանտիկ վճռականությամբ՚, այլ ՙգիտակցված վճռականությամբ՚։ Նրանք հստակ գիտակցում էին, որ իրենք չեն բարձրացրել Արցախի, Հայաստանի և մեր ապագայի փրկության պայքարի դրոշը, այլ ընդունել են այն որպես էստաֆետ հայրերի և պապերի ձեռքից, որոնք բազմաթիվ անգամներ էին ղարաբաղյան շարժում սկսել։

…Կրեմլն այդպես էլ չհասկացավ ՙՓետրվարի 20՚ երևույթի ո՜չ պատմական, ո՜չ ժողովրդավարական էությունը։ Կրեմլում միայն պնդում էին, թե ղարաբաղյան խնդրի դրական լուծումը կարող է վտանգավոր նախադեպ դառնալ, որն իր հերթին կհանգեցնի երկրում սահմանների վերաձևման շղթայական ռեակցիայի։ Իսկ կյանքը ցույց տվեց, որ նախադեպ դարձավ ոչ թե ՙՓետրվարի 20՚-ը, այլ արյունոտ Սումգայիթը, որի անպատիժ մնալը, Անդրեյ Սախարովի խոսքերով, բերեց բազմաթիվ ՙսումգայիթների՚ և ապա՝ երկրի փլուզման։

Ինչ վերաբերում է բուն Ղարաբաղին, ապա ժամանակն է, թեկուզև երեսուն տարի անց, հասկանալ վերջապես, որ չկա և չի կարող լինել ոչ մի նախադեպ։ Քանզի չկար և չկա հենց Ղարաբաղի խնդիրը։ Կար և կա Ադրբեջանի խնդիր։ Եվ նույնիսկ ԽՍՀՄ-ի խնդիր։ Եվ ՙ1988 թվականի փետրվարի 20՚-ն էր, որ բացեց աշխարհի աչքերը։ Պարզ դարձավ, որ Ղարաբաղն իր ավելի քան երկու հարյուր քրիստոնեական տաճարներով ու եկեղեցիներով (մեծ մասն ավերված է Ադրբեջանի իշխանությունների կողմից) ոչ մի կերպ չէր կարող գտնվել մի պետության  ներսում, որը երբեք գոյություն չէր ունեցել բնության մեջ։ Այդ մասին ես չեմ ասում, այդ մասին գրում է գիտնական-պատմագետ Ե.Ա.Պախոմովը, որի դասախոսություններով դեռևս 1923 թվականին առաջին ադրբեջանցի ուսանողները սովորեցին հենց նոր ստեղծված խորհրդային հանրապետության պատմությունը։ Արդեն նախաբանում դասախոսությունների ժողովածուի հեղինակը գրում է. ՙՀրատարակելով Արևելյան Անդրկովկասի (ահա այդպես էր կոչվում ռուսական կայսրության այդ մասը) պատմության ակնարկը, որը ներկայումս գրավված է ( ! - Զ.Բ.) Ադրբեջանի Հանրապետության կողմից, անհրաժեշտ եմ համարում մի քանի բառով…՚։ 

Ինչպես դժվար չէ գուշակել, ՙԱրևելյան Անդրկովկաս՚ բառակապակցությունը զուտ աշխարհագրական է և ոչինչ ավելի։ Ահա թե ինչ է գրում պատմաբան Պախոմովը իր մենագրության 11-րդ էջում. ՙԱդրբեջան անվանումը երբեք չի տարածվել Արաքսից հյուսիս ընկած հողերի վրա։ Միայն 1917 թվականին ( ! -Զ.Բ.), երբ լուծարվեց Վրաստանի, Հայաստանի և Արևելյան Անդրկովկասի անդրկովկասյան կոմիսարիատը, առաջարկություն ծնվեց ( ! - Զ.Բ.) հիմնել մի պետություն, որը կմիավորի բոլոր, այսպես կոչված՝ ՙադրբեջանական թուրքերին՚։ Այդ պետությանը տրվեց Ադրբեջան ՙպրովիզորային՚ անվանումը (գերմաներեն՝ նախնական, ժամանակավոր)։ Անվանումը ստիպված եղան թողնել՝ ավելի լավը չգտնելու պատճառով՚։

Եվ այսօր, Ղարաբաղյան շարժման հոբելյանական 30-ամյակի տարում, յուրաքանչյուրն, ով ստանում է միջազգային լիազորություններ՝ զբաղվելու, ինչպես ընդունված է ասել, ղարաբաղյան խնդրի կարգավորմամբ, պետք է առաջին հերթին ինքն իր համար պարզի հետևյալը. մենք բոլորս գործ ունենք մի անհեթեթության հետ, երբ հինավուրց Հայաստանի պատմական մարզը ոչ թե պետական, այլ կուսակցական մարմնի որոշմամբ, որը ղեկավարում էր բազմաթիվ ժողովուրդների դահիճ Ստալինը, ներառվեց դեռ երեկ գոյություն չունեցած մի պետության կազմում, որին միայն ժամանակավորապես, ՙպրովիզորային՚ կարգով էին տվել մի անուն, որից ՙավելի լավը՚ դեռ չէին գտել։ Ինչպե՞ս կարելի է դա հաշվի չառնել։

Չի կարելի մի ամբողջ ժողովրդի դարձնել Հելսինկյան համաձայնագրերի սկզբունքների խորամանկ մեկնաբանությունների և չարաբաստիկ նախադեպերի պատանդ։ Դա վտանգավոր է ոչ այնքան Հայաստանի, որքան ամբողջությամբ վերցրած ողջ տարածաշրջանի համար և, հետևաբար՝ նաև ողջ աշխարհի։ Ցանկանում ենք, թե ոչ, այդ հարցը պետք է լուծվի արդարացիորեն։ Քանզի ոչ միայն օրենքները, այլև նույնիսկ բուն խելամտությունն առանց արդարության և տրամաբանության ոչինչ չարժեն։

…Ամենազարմանալին այն է, որ Ղարաբաղի մասին գաղտնիքն առաջինը բացահայտեց ոչ այլ ոք, քան Թուրքիայի այն ժամանակվա նախագահ Թուրգուտ Օզալը, որը (խնդրում եմ առանձնահատուկ ուշադրություն դարձնել) բառացիորեն շշպռեց Ադրբեջանի ղեկավարությանը միայն նրա համար, որ կազմակերպեցին ՙսումգայիթ՚ և ՙբաքու՚, հայերին պարտադրեցին պատերազմ։ Նա լավ գիտեր, որ ամբողջ յոթանասուն տարի Թուրքիան բավական ճարպկորեն, Բաքվի միջոցով  սնուցում էր  Լեռնային  Ղարաբաղում և Հայկական ԽՍՀ-ում գտնվող ադրբեջանական բնակչությանը, նրանց հիմնականում տեղավորելով Թուրքիային սահմանակից ադրբեջանական շրջաններում, ռազմավարական կարևոր կետերում, և հանկարծ, Թուրգուտ Օզալի կարծիքով, ողջ թուրքական մարտավարությունը, բոլոր ջանքերը և բոլոր միջոցները կորան գրողի ծոցը։ Եվ այդ ամենը այն պատճառով, դարձյալ Օզալի կարծիքով, որ Ադրբեջանի ղեկավարությունը հաշվի չէր առել, որ ՙսումգայիթին՚ և ՙբաքվին՚, բարբարոսությանն ու վանդալիզմին, ավերիչ պատերազմին հայերը պատասխան էին տալու վճռականորեն։ Եվ որ ողջ քաղաքակիրթ աշխարհը սատարելու է նրանց։

Իսկ հիմա պատկերացնենք՝ ինչ կլիներ մեզ հետ, եթե ԽՍՀՄ-ի փլուզման պահին մեր բոլոր սահմանամերձ գոտիները, բոլոր ռազմավարական ճանապարհներն ու կետերը գտնվեին նրանց վերահսկողության տակ, ովքեր ունակ էին կազմակերպել հրեշավոր ՙսումգայիթ՚ և ոչ պակաս հրեշավոր ՙբաքու՚։ Չէ՞ որ, օրինակի համար, հենց միայն Թուրքիային սահմանակից հայկական Ամասիայի շրջանում բնակչության մոտ իննսուն տոկոսը կազմված էր իրենց թուրքեր համարող ազերիներից…  

Վստահ եմ, եթե չհնչեր 1988 թվականի փետրվարի 20-ի ղարաբաղյան կոչնակը, ապա 1991 թվականի դեկտեմբերի 25-ին, երբ Գորբաչովը ստորագրեց իր վերջին նախագահական փաստաթուղթը Խորհրդային Միության փլուզման մասին, Հայաստանի բոլոր սահմանները, անվիճելիորեն, կրնկի վրա բաց կլինեին։ Թե ինչով կավարտվեր դա, մենք լավ գիտենք 1917-1918 թվականների ողբերգական փորձից։ Ինչպես նաև գիտենք այն, որ ապագա դժբախտությունը կանխատեսելու և կանխելու լավագույն ձևը անցյալի մասին գործուն կերպով հիշելն է։ Այդ թվում և այն մասին, թե ինչ է եղել ուղիղ երեսուն տարի առաջ։

 

(Սկիզբը՝ ՙԱԱ՚ թիվ 18, 19)

Զորի ԲԱԼԱՅԱՆ