[ARM]     [RUS]     [ENG]

ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՇԱՐԺՄԱՆ ՈՐՈՇ ԴՐՎԱԳՆԵՐ.

Ժողպատգամավորների Հադրութի շրջխորհրդի նստաշրջանը

 Մեր ազգային-ազատագրական շարժումը ցնցեց խորհրդային երկիրը` միջազգային հանրության ուշադրությունը սևեռելով  Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցող գործընթացներին, հրապարակայնորեն հասկանալ տվեց, որ Արցախի հինավուրց հողը  պատմական Հայաստանի մի հատվածն է։ 1988-ի  համաժողովրդական պայքարը ամրագրվեց ժողովրդական պատգամավորների ԼՂԻՄ մարզային խորհրդի փետրվարի 20-ին կայացած արտահերթ  նստաշրջանի  հայտնի որոշմամբ։ Իսկ փետրվարի 20-ին կայացած նստաշրջանին նախորդել էին ինքնավար մարզի  ժողովրդական պատգամավորների շրջանային խորհրդների արտահերթ նստաշրջանները։ 

1988 թվականի փետրվարի 13-ին հրավիրված էր Հադրութի շրջանային խորհրդի 20-րդ գումարման 4-րդ  նստաշրջանը։ Սակայն փետրվարի 12-ին Հադրութի շրջկոմի բակում կազմակերպված հանրահավաքի հետևանքով այն տեղի չի ունեցել։ 30 տարի է անցել այն օրից, որ ժամանակի հրամայականով արցախցիների համար նոր  դարաշրջանի սկիզբ դարձավ։ Փետրվարի 12-ին  տեղի ունեցած ցույցում ժողովրդի խանդավառությունն այսօր անհնար է նկարագրել։ Տարիների հեռվից հստակ հիշում եմ այն խիզախ  անհատներին, ովքեր կազմակերպել են ազգափրկիչ Շարժումը:

 Ստեղծված դրությունը հաշվի առնելով` Հադրութի շրջխորհրդի գործկոմը շրջխորհրդի 50 պատգամավորների պահանջով 1988 թվականի փետրվարի 13-ի որոշմամբ նստաշրջանի հրավիրումը տեղափոխեց փետրվարի 20-ը։ Շրջանային խորհրդի  77 պատգամավորներից նստաշրջանին մասնակցում էր 62-ը։ Այն տեղի է ունեցել  Հադրութի մշակույթի տան փոքր դահլիճում։ Նստաշրջանին հրավիրված էին գյուղական խորհրդների գործկոմների, կոլտնտեսությունների նախագահներ, խորհտնտեսությունների տնօրեններ, շրջխորհրդի գործկոմի բաժինների վարիչներ, հիմնարկ-ձեռնարկությունների ղեկավարներ։   Նստաշրջանը վարող ընտրվեց Սամվել Սաֆարյանը (նախագահող), քարտուղար` Գոհար Սահակյանը։ Նստաշրջանի քննարկմանն էր ներկայացված ՙՀադրութի շրջանային խորհրդի  գործկոմի  հաշվետվությունը 1987 թվականի կատարված աշխատանքների մասին՚ հարցը։ Մինչ օրակարգի հաստատումը պատգամավոր  Վալերի Միքայելյանն առաջարկեց նստաշրջանի օրակարգ մտցնել ՙԼՂԻՄ-ը Սովետական  Հայաստանին վերամիավորելու մասին՚ հարցը, իսկ երջանկահիշատակ պատգամավոր Վալերի Ալավերդյանն առաջարկեց օրակարգ մտցնել  ՙԼՂԻՄ-ի և Նախիջևանի Հանրապետության միավորումը Սովետական Հայաստանին, այդ հարցով  հանրաքվե անցկացնել Շահումյանի, Դաշքեսանի, Շամխորի և Խանլարի շրջաններում՚ հարցը և արդյունքները ներկայացնել ԽՍՀՄ Գերագույն խորհրդին` հարցին լուծում տալու համար։ Ձայների մեծամասնությամբ օրակարգ մտցվեց Վալերի Ալավերդյանի առաջարկած հարցը։ Օրակարգային առաջին հարցը ներկայացրեց տողերիս հեղինակը։ Հարցի քննարկման առթիվ ելույթ ունեցան  Տողի ՙՀոկտեմբեր՚ սովխոզի դիրեկտոր Միքայել  Հայրապետյանը, Էդիլլվի  գյուղսովետի  նախագահ Միքայել Մելքումյանը, Հադրութի տեղարդկոմբինատի դիրեկտոր Արթուր Գրիգորյանը,  Տումու Բաքվի 26 կոմիսարների անվան սովխոզի դիրեկտոր Հաշիմ Բաղյանը, ՆԳ Հադրութի բաժնի  ավագ  քրեական հետախույզ  Եղիշե Չոփչյանը,  Առաքելի գյուղխորհրդի գործկոմի նախագահ Շահեն Սեյրանյանը, Դոլանլարի Շահումյանի անվան կոլտնտեսության նախագահ Վալերի Ալավերդյանը։ Մշակույթի տան ամբողջ տարածքը  մարդաշատ էր, նրանք սպասում էին նստաշրջանի կողմից ՙ ԼՂԻՄ-ը Սովետական Հայաստանին միավորելու մասին՚ հարցի որոշմանը։ Ներկայացված հարցը նստաշրջանի մասնակիցների կողմից բուռն քննարկման առարկա դարձավ։ Ելույթ ունեցան 15 պատգամավոր: Քննարկման արդյունքներով  ընդունվեց  համապատասխան որոշում, որը, պատգամավորների պահանջով, ուղարկվեց ժողպատգամավորների ԼՂԻՄ մարզային խորհուրդ։ Նստաշրջանի կողմից  ընդունված  ՙԼՂԻՄ-ի և Նախիջևանի  Ինքնավար Հանրապետության միավորումը  մայր Հայաստանին և այդ հարցով Շահումյանի, Դաշքեսանի, Շամխորի և Խանլարի  շրջաններում հանրաքվե անցկացնելու մասին՚ որոշումը մեծ ոգևորությամբ  ընդունվեց հավաքի մասնակիցների կողմից, նրանք ավելի համախմբվեցին, դիմակայեցին 30 տարի առաջ սկսված ազատության ճանապարհին եղած  բոլոր փորձություններին։ Հետագա տարիներին, պահպանելով  համաժողովրդական միաբանությունը, հաղթեցինք  մեզ պարտադրած պատերազմում։

Էդիկ ԴԱՎԹՅԱՆ

ք. Հադրութ