[ARM]     [RUS]     [ENG]

ՓՈԹՈՐԿԱՀՈՒՅԶ ՓԵՏՐՎԱՐԻ 30-ԱՄՅԱ ԴԱՍԵՐԸ

1988 թվական, փոթորկահույզ փետրվար, պոռթկումի, հավատի, հույսի, փրկության ամիս…

1988 թիվ փետրվարի 13…

Փետրվարը մեկնարկն էր Ղարաբաղյան ազատագրական պայքարի:

Այո՜, այն վճռորոշ սկիզբ եղավ արցախցու և համայն հայության դարավոր երազանքի իրականացման ճանապարհին` ապրել ազատ ու անկախ, լինել հայրենի եզերքի տերն ու տնօրենը:

 Փետրվարի 20… Պատմական նստաշրջանում խիզախության չափ համարձակ որոշման ընդունում:

30 տարիների հեռավորությունից ավելի են իմաստավորվում այդ իրադարձությունները, որոնց հաջորդած հետագա բոլոր դեպքերը գալիս են փաստելու, որ դրանք մեր Շարժման և,  հատկապես, նրա քաղաքական փուլի անկյունաքարն են:

Արցախ աշխարհը յոթանասունամյա բռնության լուծը թոթափելու համար պոռթկաց՝ ազդարարելով Մայր Հայաստանին միանալու, ազատ ու անկախ ապրելու մասին:

Փոթորկվեց Արցախը՝ ընդգրկելով ողջ բնակչությանը՝ համախմբված, միասնական:

Սակայն Ադրբեջանը մեր քաղաքակիրթ պահանջներին ու խաղաղ ցույցերին պատասխանեց կոտորածներով, ջարդերով, տեղահանումներով, սումգայիթով: Կրկին փորձ արվեց հայկական հարցը լուծել արդեն իսկ փորձարկված մեթոդով՝ ցեղասպանությամբ:

Ասում են` հուշն անցյալի ներկայի աներկբա հուշարարն է: 30 տարիների հեռվից անմոռաց ու սրտամորմոք հուշեր ունեմ մեր ազատագրական պայքարի 1988թ.-ի փոթորկահույզ ու դժնդակ օրերից: 

Շուշիում ապրող հայ բնակչության վիճակն օրհասական էր: Մենք ապրեցինք այդ ահեղ տարվա սովը, դառնությունները, դժվարությունները, ահաբեկումներն ու գաղթը:

Մենք՝ Շուշիի հայերս, ջերմորեն ընդունեցինք ազատագրական պայքարի, ազգային զարթոնքի մեկնարկը՝ փետրվարի 13-ը: Հենց  այդ օրն էլ հայ բնակչությունը Շուշիում դարձավ ադրբեջանական խավարամոլների թիրախը:

Դժվար է վերապրել այն օրերի ահասարսուռ վայրագությունները: Ցանկանում եմ որոշ դրվագներ ներկայացնել այդ դժնդակ օրերից: Ի դեպ, նշեմ, որ Ստեփանակերտում ամեն մի խաղաղ ցույցին ադրբեջանցիները Շուշիում պատասխանում էին հայերի նկատմամբ  բռնություններով, ցույցերով, ահաբեկումներով:

Շուշիի հայ բնակիչները, ի հեճուկ թուրքերի, չընկրկեցին, չընկճվեցին, չհուսալքվեցին այդ սարսափներից, կենաց ու մահվան գոտեմարտում մաքառեցին, համախմբվեցին ու միասնական դարձան փետրվարի 13-ից մինչև սեպտեմբերի 19-ը:

Փետրվարի 13-ի Ստեփանակերտի խաղաղ ցույցին ի պատասխան թուրքերը Շուշիում ցույց կազմակերպեցին ՙԿորչեն հայերը Շուշիից՚, ՙՄա՜հ հայերին՚, ՙՀողը մերն է՚ կարգախոսներով: Նրանց թիրախը եղավ Մայիսմեկյան (նախկին) փողոցի վրա գտնվող` Արցախի երկարամյա մանկավարժ Արսեն Խաչատրյանի առանձնատունը. ջարդեցին, փշրեցին բնակարանն ու պահանջեցին գերդաստանի հեռացումը Շուշիից: Ցույցը շարունակվեց փետրվարի 14-ին:

Թուրքերը Շուշիի հայերի նկատմամբ ցուցում էին ստացել՝ ահաբեկել, բայց չսպանել, պատանդ պահել:

Մեզ համար առանձնակի ահավոր էին հատկապես մայիսը և սեպտեմբերը: Մայիսի սկզբին ծեծի ենթարկեցին 18-ամյա Վիտալի Պետրոսյանին, որը մահացավ: Ավելի ահավոր ու սարսափելի էր մայիսի 16-ը, երբ քաղաք էր ներխուժել ՙԳորշ գայլեր՚ ավազակախումբը: Զինված ահաբեկիչները ներկայանում էին այն օբյեկտները, ուր աշխատում էին  նաև հայերը:

 Նույն օրը նրանք թույլ չտվին կուսշրջկոմի շենք մտնել Շուշիի  շրջկոմի երկրորդ քարտուղար Միքայել Խաչատրյանին, ԼԿԵՄ շրջկոմի երկրորդ քարտուղար  Ջուլիետա Ավանեսյանին, մշակութա-լուսավորչական ուսումնարանի երկարամյա դասախոս Ալբերտ Խաչատրյանին, ՙՇուշի՚ հանգստյան տանն  աշխատող բոլոր հայ բուժքույրերին, տեխաշխատակիցներին, ռուսական միջնակարգ դպրոցում աշխատող հայ ուսուցիչներին ու աշակերտներին:

Նույն օրը միջօրեին գազազած ազերիները հարձակվեցին հայերի բնակարանների վրա, ծեծեցին մեծերին ու փոքրերին, ջարդեցին, փշրեցին ունեցվածքը, անջատեցին էլեկտրականությունն ու հեռախոսակապը:

Ահաբեկված շատ շուշեցիներ մազապուրծ, արահետներով, անտառներով  ոտաբոբիկ ու մերկ փախան Շոշ, Քարին տակ գյուղեր, Ստեփանակերտ:

Շուշիի հայ բնակչությունն աստիճանաբար նվազում էր, իսկ ադրբեջանցի քոչվորներն անընդհատ գալիս էին՝ ապրելու նախօրոք բաժանված հայկական տներում: Ռեալական ուսումնարանի հոյակերտ կոթողում ապրում էին հետամնաց կենցաղով, թխսկաններով ու ոչխարներով մարդիկ: 

Ականջդ կանչի, լուսահոգի Մարտին Առաքելով, մեծանուն բարերար, տե՜ս քո կառուցածը ո՞վ է վայելում:

Սակավաթիվ հայ շուշեցիների համար առանձնահատուկ էր սեպտեմբերի 1-ը, երբ հնչեց դպրոցական զանգը թվով 25 աշակերտի համար:

Ավաղ, ուսումնական գործընթացը շարունակվեց մինչև սեպտեմբերի 19-ը: Այս չարաբաստիկ օրը թուրք ջարդարարները հայ բնակիչներին ահաբեկեցին պետական այրերի անմիջական ղեկավարությամբ: Ոճրագործության հրամանատարը Թելման Օրուջևն էր` հայերին սպանելու, թալանելու կարգադրությամբ:

Թուրքերը հարձակվեցին հայկական թաղամասի վրա, վայրենաբար խոշտանգեցին, ծեծի ու թալանի ենթարկեցին հայ բնակչությանը, պայթեցրին Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցու բակում վեր խոյացող հայտնի բարերար, քաղաքը ջրատար անցկացրած Թադևոս Թամիրյանի մարմարե հուշակոթողը: Երկինքը ծածկվեց թանձր ծխի մշուշով:

Թուրքերի հարձակման վերջին թիրախը դարձան Խ. Աբովյանի անվան միջնակարգ դպրոցն ու տնօրեն Արսեն Խաչատրյանի առանձնատունը՝ իր մրգաշատ ծառերով, երփներանգ ծաղիկներով և մեղվանոցով:

ՙԱյստեղով թուրքն է անցել՚ հայտնի փաստն այլևս անհնար դարձրեց հայերի մնալը քաղաքում:

Սեպտեմբերի 19-ին հայաթափվեց Շուշին: Երրորդ անգամ Շուշիի հայերը բռնեցին գաղթի ճամփան՝ հալածված, խոշտանգված, որը ոտքով, որը` թուրքերի հարձակումներից ջարդված ավտոբուսներով:

Շուշեցի հայերս անհամբեր սպասում էինք հայրենի օջախ վերադառնալուն, ազատ ու անկախ, հայեցի ապրելուն: Մեր երազանքն իրականացավ 1992թ. մայիսի 9-ին, երբ պատերազմական թատերաբեմերում կռվախնձոր դարձած հայկական ոստան Շուշին  ազատագրվեց, դարձավ հայաշունչ: Մենք վերադարձանք մեր ձեռքով շենացնելու բզկտված, թալանված, ավերված քաղաքը: 26-ամյա հայոց ազատագրված բերդաքաղաքն այսօր վերածնունդ է ապրում, հաղթահարում պատերազմող երկրի ավերված քաղաքին բաժին հասած բոլոր դժվարությունները:

30 տարիների հեռվից մեր պարտքն է հիշել փետրվարյան փոթորկահույզ օրերի բոլոր մասնակիցներին, մեր արդար պայքարի առաջամարտիկներին, անխոնջ նվիրյալներին:

Հարգենք բոլոր նահատակների սուրբ հիշատակը, թո՜ղ լույս իջնի նրանց շիրիմներին: Հիշենք նրանց տարիներ հետո և դարեր հետո, նրանց, որ ընկան անդարձ, անշիրիմ: 

Իսկ Արցախ աշխարհի երկնքում ճախրեն խաղաղության աղավնիները, հավերժ լռեն մահաբեր զենքերը, ուրախ հնչեն փառքի երգերն ու եկեղեցական, դպրոցական զանգերի ախորժալուր ղողանջները:

Թո՜ղ հավերժվեն Արցախ աշխարհի լուսաշող առավոտները:

 

Լարիսա ՂԱԶԱՐՅԱՆ

ԼՂՀ վաստակավոր մանկավարժ