[ARM]     [RUS]     [ENG]

ՍՊԱՍՎՈՒՄ ԵՆ ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ՆՈՐ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄՆԵՐ

Իսկ Հասանովն իր առևտուրն է սկսել լրագրողների հետ

 Ադրբեջանում ընթացող նախագահական ընտրարշավի մասին պաշտոնական և խիստ սահմանափակ պայմաններում գործող ոչ պաշտոնական աղբյուրներից ստացվող տեղեկությունները հավասարապես հաստատում են մրցակցային պայքարի և քաղաքական բանավեճի բացակայությունը։ Իշխանությունը տիրապետում է տնտեսական ռեսուրսներին, վարչական բոլոր լծակներին, ինչը քաղաքական լուրջ պայքարի բացակայության պայմաններում կանխորոշում է արտահերթ ընտրությունների ելքը։ Միջազգային լայն դիտարկման մասին խոսելն էլ ավելորդ է։ Միայն այն փաստը, որ Եվրախորհրդարանը հրաժարվել է դիտորդական առաքելություն ուղարկել Բաքու, վկայում է միջազգային այդ կառույցի՝ բռնապետական վարչակարգի հանդեպ ունեցած քամահրանքի մասին։ Ի՞նչ սպասել մի երկրից, որը միայն հրաժարվում է միջազգային պարտավորություններից։ Այդ կառույցներում համոզվել են, որ ընտրական գործընթացներում իրենց վերահսկողությունը և հատկապես  ժողովրդավարության մասին դասընթացները ադրբեջանական քաղաքական վերնախավին դարձնում են առավել ագրեսիվ։   

Քարոզարշավի վերաբերյալ տեղեկություններն, ընդհանուր առմամբ, սուղ են, քանզի ՙհեռատես՚ իշխանությունը ժամանակին կասեցրել է տեղեկատվական դաշտում որոշակի հեղինակություն և ազդեցություն ունեցող անկախ լրատվամիջոցների գործունեությունը, ինչպես նաև արգելանք դրել որոշ կայքերի վրա։ Ադրբեջանական հասարակությունում առկա  տրամադրությունների մասին պարբերաբար տեղեկություններ է ներկայացնում ՙԹուրան՚ լրատվական գործակալությունը։ Վերջին հրապարակումների շարքում ուշադրություն է գրավում տնտեսական գիտությունների դոկտոր Գուբաթ Իբադօղլիի հեղինակած՝ ՙՊետբյուջեի գաղտնի ծախսերը՚ վերտառությամբ հոդվածը։ Թափանցիկության բացակայությունը թույլ է տվել տնտեսագետին եզրակացնել, որ մոտ  800 մլն մանաթ օգտագործվել է կոռուպցիոն նպատակներով, իսկ 1,5 միլիարդ մանաթը չի ներառվել բյուջեի ծախսային մասում։ Իբադօղլին անիմաստ է համարում 20 մլն մանաթի ուղղումը պետական մակարդակով անցկացվող միջազգային միջոցառումներին, քանի որ դրանց մասնակցելու նպատակով շատ դեպքերում հրավիրվում են իրենց երկրներում հեղինակությունը կորցրած գործիչներ։ ՙԱյլ ծախսերի՚ տակ մտցված 862 մլն մանաթը, տնտեսագետի դիտարկումներով, բյուջեի հիմնական մասին չի վերաբերում։ Ընդհանուր առմամբ, 822 միլիոն մանաթը ո՜չ տնտեսական, ո՜չ գործառույթային և ո՜չ էլ վարչական դասակարգման չի ենթարկվում, այսինքն՝ պարզ չէ, թե ինչ ուղղությամբ է նախատեսվել ծախսել այդ գումարը։ Պետական բյուջեի 4%-ին հավասար միջոցների օգտագործման վերաբերյալ պարզաբանման բացակայությունն ինքնին կոռուպցիայի վկայություն է, ընդգծել է տնտեսագետը և հավելել, որ  հարկատուների վճարումներից և նավթային եկամուտներից ստացվող գումարները քամուն են տրվում, ի վերջո, հարկավոր է վերջ դնել այս արատավոր պրակտիկային։ 

Ադրբեջանցի տնտեսագետի վերլուծությունից անցնենք Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի՝ մարտի 14-ի հայտարարությանը։ Լրագրողների հետ ունեցած զրույցում նա տեղեկացրել է, որ բրիտանական հետախուզությունը և Հանցագործության դեմ պայքարի ազգային գործակալությունը պատրաստվում են հետաքննել կոռուպցիոն գործարքներում կասկածվող անձանց ֆինանսական և ձեռնարկատիրական գործունեությունը։ Գաղտնի հետաքննության կենթարկվի նաև այդ երկրում բիզնես գործունեություն ծավալած Ալիևների ընտանիքը։ Այս մասին իրազեկել է azadliq.info կայքը՝ վկայակոչելով բրիտանական աղբյուրները։ Փողերի լվացման մասին նոր և հետաքրքրաշարժ մանրամասներ են հասնում բրիտանական կառավարությանը, որոնք անմիջականորեն առնչվում են Ադրբեջանի նախագահի ընտանիքին։ Այս տեղեկատվության մեջ նաև անդրադարձ կար Կազմակերպված հանցագործության և կոռուպցիայի բացահայտման նախագծին, որի շնորհիվ 2017-ի ամռանը միջազգային հանրությունը հստակ տեղեկություններ ստացավ ադրբեջանական քաղաքական վերնախավի կողմից տնօրինված 3 միլիարդ դոլար գաղտնի հաշվի մասին։ 

Ալիևյան կլանի կոռուպցիոն գործունեությունը հաստատող ևս մեկ փաստ դարձավ հանրության սեփականությունը։ Լոնդոնից հնչած հայտարարությանը հետևեց վաշինգտոնյան հաղորդագրությունն առ այն, որ Ադրբեջանի նախագահի ընտանիքին պատկանող` Մալթայի Pilatus բանկի ղեկավարը ձերբակալվել է  ԱՄՆ-ում։ Նրա համար արտասովոր պատժաչափ է որոշվել՝ 125 տարվա ազատազրկում։ Տեղեկատվությունը հրապարակել է azadliq.info կայքը, որն իր հերթին վկայակոչել է հեղինակավոր  Reyters գործակալությանը։ Բանկի հետ կապված պատմությունն ամբողջությամբ վեր է հանվել մալթացի լրագրող Դաֆնա Գալիցիայի շնորհիվ. իր հոդվածում նա գրել էր, որ բանկի դեպոզիտների 60%-ը պատկանում է Ալիևների ընտանիքին և ալիևյան կլանի ներկայացուցիչ Քեմալադդին Հեյդարովին, ով Ադրբեջանի արտակարգ իրավիճակների նախարարն է։ Հետաքննող լրագրողը բացահայտել է, որ Pilatus բանկի միջոցով 1 մլն դոլար է փոխանցվել Մալթայի վարչապետի կնոջը պատկանող ընկերությանը։  Գալիցիան անցյալ տարվա հոկտեմբերին սպանվել է Մալթայում։  

ՙԱնհնազանդ՚ լրագրողներին սպանում են։ Վաղուց արդեն նորություն չէ։ Բայց ահա  նախագահական ընտրությունների նախաշեմին գտնվող Ադրբեջանում իշխանությունը նախ փորձում է ՙլեզու՚ գտնել լրագրողների հետ։ Համապետական նշանակության միջոցառման լուսաբանողները լրագրողներն են, ուրեմն, անաչառ տեղեկատվության հոսքի կանխումը իշխանության համար դառնում է օրակարգային խնդիր։ Ադրբեջանական պաշտոնական կայքի փոխանցմամբ՝  նախագահի հասարակական-քաղաքական հարցերով օգնական Ալի Հասանովը օրերս հանդիպում է անցկացրել ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ՝ նրանց ՙբացատրելու՚, թե հատկապես ինչի վրա պիտի կենտրոնանան և ինչն է անցանկալի ղեկավարության համար։ 

Առաջին հերթին, նախագահական ընտրություններում ԶԼՄ-ների դերին ու խնդիրներին հարկ է լուրջ մոտենալ, հորդորել է Հասանովը։ Իսկ դա ի՞նչ է նշանակում։ Դա ՙպրոֆեսիոնալ՚ մակարդակ է ենթադրում, այսինքն՝ ամեն ինչ պետք է անել ՙօրենքի պահանջներին և ի մասնավորի Ընտրական օրենսգրքի դրույթներին՚ համապատասխան։ Ընտրությունների իմիջը ձևավորելու են լրագրողները, շարունակել է նախագահի օգնականը, հետևապես, բարձր է նրանց պատասխանատվությունը, բայց քանի որ նրանք նաև Ադրբեջանի քաղաքացիներ են, այդ պատասխանատվությունը կրկնակի բարձրանում է։ Հաջորդ կարևոր հանգամանքը. գործող նախագահ Իլհամ Ալիևը նույնպես թեկնածու է, ասել է թե՝ ՙանհրաժեշտ է ճիշտ գնահատել նրա  ընթացիկ գործունեությունն ու նախընտրական քարոզչությունը՚։ Նման բաները պետք է հաշվի առնվեն, խորհուրդ է տվել Հասանովը։

Սույն պաշտոնյայի համար պրոֆեսիոնալիզմը յուրահատուկ  մեկնաբանություն ունի։ Այս պարագայում ադրբեջանցի լրագրողը  պարտավոր է այնպես ներկայացնել գործող նախագահին, որպեսզի չվնասի իր երկրի վարկանիշը, որի մասին բավականաչափ իրազեկված են ինչպես առանձին պետություններում, այնպես էլ միջազգային ամենատարբեր հարթակներում։ Ալիևի ՙընթացիկ գործունեությունը՚ մատնացույց անելով՝ նրա օգնականը, ըստ երևույթին, ուղղորդում է ԶԼՄ-ների ներկայացուցիչներին չշրջանցել երկրի սոցիալ-տնտեսական կացության մասին նախագահի գնահատականները, չմոռանալ հատկապես վերջին զորավարժությունները, նրա ռազմական հռետորաբանությունը, Հայաստանի տարածքների նկատմամբ հավակնությունները։  Չէ՞ որ նման ՙհամարձակության և ոգու՚ տեր մարդն է միայն արժանի քվեների բացարձակ մեծամասնությանը։ Ադրբեջանցի լրագրողներն իրենց հրապարակումներում հենց այս  հատկանիշներին պիտի ուշադրություն դարձնեն։         

Հանդիպման ավարտին Իլհամ Ալիևի օգնականը հաշվենկատ առևտրականին հատուկ լեզու է բանեցրել։ Հիշեցնելով  վճարովի քարոզչության մասին՝ նա ասել է, որ իրավացի են բոլոր նրանք, ովքեր առաջնորդվում են առևտրային շահերով։ Լրագրողներն էլ բացառություն չեն։ Մի խոսքով, Հասանովն իրեն պատկերացրել է Բաքվի շուկայում և պարզ ապրանքափոխանակման առաջարկ արել՝ մենք ձեզ կվճարենք հավուր պատշաճի, դուք էլ կնախընտրեք մեր առաջարկածը։ Ինչքան շատ գովազդեք մեր ապրանքը, այնքան շատ կվաստակեք։             

Ինչ խոսք, արտահերթ ընտրություններ անցկացնելու որոշումը պատահական չէր, ներկա դրությամբ Ադրբեջանում չկան գործող նախագահի հնարավորությունները նվազեցնող ուժեր։ Խնդիրն այստեղ իշխանության վարկանիշի մեջ է։ Սոցիալ-տնտեսական կացության վատթարացումը, այդ ֆոնին աճող դժգոհությունը, սպառազինության արդիականացմանն ուղղված գերածախսերը,  ինչպես նաև կոռուպցիոն գործարքների չընդհատվող բացահայտումները կարող են պարարտ հող ստեղծել ներքաղաքական ընդվզումների համար։ 

 

 

 Ռուզան ԻՇԽԱՆՅԱՆ