ԱՊՐԻԼԻ ԴԱՍԵՐԸ

Ռուսաստանի Պետդումայի եվրոպական ինտեգրման ու հայրենակիցների հետ կապերի հարցերով հանձնաժողովի առաջին փոխնախագահ, ԱՊՀ երկրների ինստիտուտի ղեկավար Կոնստանտին Զատուլինն իր վերջին հարցազրույցներից մեկում մի շարք ուշագրավ հայտարարություններ է արել, որոնք առնչվում են լեռնայինղարաբաղյան հակամարտության շուրջ գործընթացներին։

Խորհրդարանականը, մասնավորապես, նշել է, որ Ռուսաստանը ներկայումս անում է հնարավորը հակամարտության սրացում թույլ չտալու և կողմերի միջև ռազմական հավասարակշռությունը  պահպանելու համար։ 

Կոնստանտին Զատուլինը, մեկնաբանելով Ադրբեջանին ռուսական սպառազինության մատակարարումները, հայտարարել է, որ սպառազինությունը տրամադրվել էր լեռնայինղարաբաղյան հակամարտության գոտում դրա չկիրառման պայմանով։ Սակայն Ադրբեջանը խախտել էր այդ պայմանն ապրիլյան պատերազմի ժամանակ, ինչից հետո Ռուսաստանը, ընդգծում է Զատուլինը, փոխել է իր քաղաքականությունը, ուղղել է իր սխալը՝ վերականգնելով ռազմական հավասարակշռությունը կողմերի միջև։

Իհարկե, այն մասին, որ Ռուսաստանի կողմից Ադրբեջանին ժամանակակից հարձակողական սպառազինության մատակարարումների համար նախապայման էր հանդիսանում այդ սպառազինությունը լեռնայինղարաբաղյան հակամարտության գոտում չկիրառելու մասին գաղտնի պայմանավորվածությունը, խոսվում էր և ավելի վաղ։ Մասնավորապես, փորձագետները կարող էին  դատողություններ անել դրա շուրջ թեկուզ այն պատճառով, որ երբ ադրբեջանական ԶՈՒ¬ն հրթիռներ էր արձակում Արցախի տարածք, ադրբեջանական ԶԼՄ¬ներն իրենք պարտադիր շեշտում էին, որ դրանք թուրքական արտադրության հրթիռներ են։ Բայց մի բան է փորձագետների դատողությունները, մեկ այլ բան՝ Ռուսաստանի Պետդումայի փոխնախագահի հայտարարությունը։ Կոնստանտին Զատուլինն, իհարկե, Կրեմլի կամ Ռուսաստանի ԱԳՆ¬ի պաշտոնական ներկայացուցիչը չէ, բայց նա բավականին պատասխանատու մակարդակի քաղաքական գործիչ է։ 

Իմիջիայլոց, Զատուլինի հայտարարությունը լրացուցիչ լույս է սփռում ուշագրավ մի երկխոսության վրա, որը տեղի ունեցավ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի և Ռուսաստանի ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի միջև 2016 թ. ապրիլին Երևանում՝ Ադրբեջանի ու Արցախի միջև ապրիլյան պատերազմի ավարտից 2 շաբաթ անց։ Այն ժամանակ Սերգեյ Լավրովին ընդունելով իր նստավայրում, Սերժ Սարգսյանը, մասնավորապես, ասել է. ՙԻնձ համար չափազանց կարևոր է ձեր տեսակետը, թե ինչու, այնուամենայնիվ, դա տեղի ունեցավ։ Իհարկե, մենք ունենք մեր պատկերացումը, բայց դուք ավելի շատ եք տեղեկացված, ուստի շնորհակալ կլինենք, եթե ներկայացնեիք ձեր պատկերացումը...՚։

Համաձայնենք, սա առաջին հայացքից տարօրինակ հարց է մի երկրի ղեկավարի կողմից՝ ուղղված մյուս երկրի ԱԳՆ ղեկավարին։ Բայց, հասկանալի է, որ իրականում սա ոչ այնքան հարց է, որքան` մեղադրանք, քանի որ Մոսկվան՝ որպես լեռնայինղարաբաղյան հակամարտության գլխավոր մոդերատոր, չկարողացավ կանխել հերթական սրացումը, իսկ նման քայլի դիմելու Բաքվի վճռականությանը նպաստել են նաև Ադրբեջանին ժամանակակից զենքի մատակարարումները։ Ադրբեջանի ապրիլյան այդ արկածախնդրությունը հարյուրավոր հայ և ադրբեջանցի զինվորականների կյանք արժեցավ։ 

Լավրովն այն ժամանակ պատճառաբանեց հետևյալ ընդհանուր խոսքերով. ՙԹե ինչու է իրավիճակը հայտնվել նման ճգնաժամային կետում, ես չեմ կարող որոշել Հայաստանի, Ադրբեջանի, ղարաբաղցիների փոխարեն, բայց, կարծում եմ, եթե մեզ հաջողվեր առաջ շարժվել քաղաքական գործընթացում, գոնե մի փոքր, եթե մենք գոնե նախանշեինք ընդհանուր սկզբունքները, որոնք կողմերը որպես հիմք կընդունեին արդեն իրավաբանորեն պարտադրող փաստաթղթերի լրամշակման, նախապատրաստման համար, ապա, իհարկե, դա ոչ միայն կարևոր դեր կխաղար բանակցություններ սկսելու համար, այլև զսպող գործոն կհանդիսանար բռնության նոր ալիքների համար՚,¬  պատասխանել է այն ժամանակ Սերգեյ Լավրովը Սերժ Սարգսյանին։ 

Իսկ ահա այսօր Կոնստանտին Զատուլինը, արդեն առանց երկիմաստ ակնարկների, արձանագրում է, որ Բաքուն խախտել է իր պարտավորությունները, ինչի արդյունքում Մոսկվան համապատասխան եզրակացություններ է արել։ Զատուլինը շեշտում է, որ Ռուսաստանն ընդունում է իր սխալը, փոխել է իր քաղաքականությունը՝ վերականգնելով  ռազմական հավասարակշռությունը կողմերի միջև։

Իրոք, ապրիլյան պատերազմից հետո Հայաստանի և Ռուսաստանի միջև ռազմական փոխգործակցության ամրապնդման առումով շատ բան է արվել։ Դա և՜ ռազմական փոխգործակցության մասին նոր պայմանագրերն են, և՜ ռուս¬հայկական միացյալ զորախմբի ստեղծումն է, և՜ հայկական զինված ուժերին ամենաժամանակակից սպառազինության մատակարարումներն են։

Չխոսելով արդեն այն հանգամանքը գիտակցելու մասին, որ Ալիևի բռնապետական ռեժիմի դեպքում նրան սպառազինություն մատակարարելը ոչ մի կերպ չի կարելի դիտարկել զուտ բիզնեսի առումով։

Այս ամենը հիմք է ծառայում կարծելու, որ Մոսկվան, իրոք, հաշվի է առել 2016թ. ապրիլի դասերը, և Բաքուն այսօր շատ ավելի քիչ հնարավորություններ ունի հերթական մասշտաբային արկածախնդրություն թույլ տալու համար՝ ամենից առաջ Հայաստանի ու Արցախի զինված ուժերի պաշտպանական ներուժի էական ամրապնդման պատճառով։

Ոչ պակաս կարևոր դեր է խաղում ևս մի գործոն։ Ալիևի ապրիլյան արկածախնդրությունից եզրակացություններ են արել ոչ միայն Երևանում ու Մոսկվայում։ Կարծում ենք, ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս երկու համանախագահ երկրների մայրաքաղաքներում նույնպես համապատասխան եզրահանգումներ են արել։ Չէ՞ որ 2016թ. ապրիլին Ալիևի համար ևս մի դրդապատճառ կարող էր ծառայել միջազգային հարաբերություններում առկա ընդհանուր լարվածությունը, աշխարհի ուժային կենտրոնների աշխարհաքաղաքական դիմակայությունը։

Աշխարհաքաղաքական դիմակայությունը շարունակվում է և հիմա, հազիվ թե 2018թ. ապրիլին այն նվազ սրված լինի, քան 2016թ. ապրիլին էր։

Բայց չի կարելի չարձանագրել, որ 2016թ. ապրիլից հետո և՜ Վաշինգտոնը, և՜ Փարիզն առավել հետևողական են Ալիևի ռեժիմի նկատմամբ։ Եթե ԵՄ¬ի հետ Հայաստանի համագործակցությունը գնալով աճում է, ապա Ադրբեջանը գտնվում է միջազգային կառույցների ճնշման ներքո՝ հայտնվելով վերջնականապես ՙվտարյալ երկրի՚ կարգավիճակ ստանալու սպառնալիքի առաջ։ Բաքվի նկատմամբ ճնշումը դրսևորվում է նաև Մինսկի խմբի համանախագահների գործունեության մեջ, երբ լեռնայինղարաբաղյան հիմնախնդրի շուրջ բանակցությունների ընթացքում միջնորդներն ավելի հաստատակամ դարձան հրադադարի ռեժիմի պահպանմանն ուղղված հավելյալ միջոցների շուրջ իրենց նախաձեռնությունների առաջմղման հարցում։ Ու թեև ուղղակի արդյունք դեռևս չկա, այս ջանքերը ևս մի գործոն են, որոնք զսպում են Բաքվի ռազմական ախորժակը։ Իսկ համառությունը, որով Ալիևը խույս է տալիս միջնորդների նախաձեռնություններից, միայն ընդգծում է Ադրբեջանում հաստատված բռնապետության ագրեսիվ բնույթը։ 

Ռուբեն ՄԱՐԳԱՐՅԱՆ 

www. golosarmenii.am