Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
[ARM]     [RUS]     [ENG]

ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԼԻԱՐԺԵՔ ՁԵՎԱՉԱՓԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆՆ ԱՅԼԸՆՏՐԱՆՔ ՉԿԱ

Ազդակ Ստեփանակերտից 

 Ադրբեջանի պաշտոնական շրջանակներից վերջին երկու շաբաթվա ընթացքում հնչող հայտարարությունները վկայում են որոշ անիրական ակնկալիքների մասին, որոնք ի հայտ են եկել Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո։ Բաքվում հույսեր են փայփայել, որ հայաստանյան նոր ղեկավարությունը բանակցային գործընթացում հետքայլ կկատարի։ Ի հիասթափություն նրանց՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 9-ին Ստեփանակերտում հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում միանշանակ հայտարարեց, որ փոխզիջումների մասին կարող է խոսք լինել միայն այն դեպքում, եթե Ադրբեջանից հստակ ուղերձ լինի Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչման մասին։ Բայց քանի դեռ այդ երկրի ղեկավարությունը չի հրաժարվել ռազմատենչ հռետորաբանությունից, հիմնախնդրի կարգավորման մասին խոսք լինել չի կարող։ Վարչապետը շատ կարևոր ազդակ  ուղղեց Ադրբեջանին ու միջազգային հանրակցությանը. խնդրի լուծման ամենակարևոր բաղադրիչը ճիշտ ձևաչափով բանակցություններն են։ Ն. Փաշինյանի հայտարարությունների ադրբեջանական արձագանքն ամենևին անսպասելի չէր։  Այդ երկրի ԱԳՆ-ի մամուլի ծառայության ղեկավար Հիքմեթ Հաջիևը հայրենի իշխանությունների մտահոգությունը փոխանցեց՝ Հայաստանի նոր քաղաքական ղեկավարությունը չի կրկնի նախորդի սխալները և Ադրբեջանի հետ հարաբերություններում ՙառողջ դիվանագիտություն՚ կցուցադրի։ Սույն պաշտոնյան հընթացս էլ ինտելեկտի պակասություն ցուցադրելով` ասաց, թե ՀՀ վարչապետը սոցիալ-տնտեսական բարեփոխումներ սկսելու փոխարեն Լեռնային Ղարաբաղի թեման է շոշափում, քաղաքական գովազդով զբաղվում։ 

Կարծում ենք, Էլմար Մամեդյարովի միջամտության կարիքն այստեղ զգացվում է. Հաջիևին հարկ է շտապ տեղեկացնել, որ Հայաստանն անցել է կառավարման նոր համակարգի։ Հետաքրքիր է, էլ ի՞նչ կասի ադրբեջանական ԱԳՆ-ի մամլո ծառայության ղեկավարը, եթե իմանա, որ ՀՀ նոր Սահմանադրությամբ վարչապետը պատերազմի ժամանակ նաև Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարն է։ Կարելի է ենթադրել, որ հետևելու են նոր հայտարարություններ Ադրբեջանի նախագահի աշխատակազմից, ինչու չէ՝ նաև ալիևյան կլանին անմնացորդ նվիրվածությամբ աչքի ընկնող մեջլիսականների կողմից, որոնց դատողությունները Հաջիևի դատարկաբանությունից ոչնչով չեն տարբերվելու։  

Հայաստանի նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասում է այն, ինչի մասին տարիներ շարունակ բարձրաձայնում է Ստեփանակերտը։ ԱՀ Նախագահ Բակո Սահակյանը, ի գիտություն միջազգային հանրակցության, բանակցային լիարժեք ձևաչափի վերականգնման մասին խոսել և խոսում է բոլոր առիթներով՝ միջնորդների հետ ունեցած հանդիպումների, մեր երկիր ժամանած օտարերկրյա պատվիրակությունների ընդունելության ժամանակ, արտասահմանյան տարբեր լրատվամիջոցներին տված իր հարցազրույցներում։      

Հարկ ենք համարում անդրադառնալ նաև ապրիլի սկզբներին ԱՀ արտգործնախարար Մասիս Մայիլյանի՝ Tert.am կայքին տված հարցազրույցին։ Նախարարին այսպիսի հարց է ուղղվել. արդյո՞ք պահն է, որ հայկական կողմը կամ միջազգային հանրությունը հանդես գա բանակցային գործընթացում Արցախը ներգրավելու նախաձեռնությամբ, դա կնպաստի՞ բանակցությունների ինտենսիվացմանը։ Հարցին ի պատասխան նշվել է, որ եռակողմ բանակցությունների վերականգնման անհրաժեշտության մասին խոսում են և՜ Հայաստանը, և՜ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները։ Արցախը հակամարտության երեք կողմերից մեկն է և պետք է լինի բանակցային ողջ գործընթացի լիիրավ ու լիարժեք մասնակից,  իր ներդրումն ունենա բանակցային սեղանին դրված անխտիր բոլոր հարցերի քննարկմանը։ Կողմերի ստորագրած ամենակարևոր և գրեթե միակ գործուն փաստաթուղթը՝ հրադադարի մասին 1994թ. մայիսի 12-ի պայմանագիրը, ստորագրել են հակամարտության բոլոր կողմերը՝ Արցախը, Հայաստանը և Ադրբեջանը։ Եվ այսօր բանակցային սեղանի շուրջ Արցախի վերադարձին խոչընդոտող միակ կողմն Ադրբեջանն է, որը պարբերական ու համակարգված ջանքեր է գործադրում՝ ավելի հեռացնելու հակամարտության կարգավորման հեռանկարները, ընդգծել է ԱՀ արտգործնախարարը։       

Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում հրադադարի հաստատման պահից մինչ այսօր պաշտոնական Բաքուն սին պատրանքներ է տածում առ այն, որ ինչ-որ մեկը սկուտեղի վրա նրան կվերադարձնի Արցախը։ Անգամ միջնորդական առաքելություն իրականացնողներին չի հաջողվել Իլհամ Ալիևին բերել իրականության դաշտ և խոսել պատերազմից հետո ի հայտ եկած նոր իրողությունների շուրջ։ Անգամ 2016-ի ապրիլյան արկածախնդրության անփառունակ ավարտը դաս չեղավ Ադրբեջանի նախագահի համար: 

Բաքվում պարզապես չեն ուզում ընդունել, որ բանակցային գործընթացում արցախյան կողմի մասնակցության վերականգնումը վաղուց արդեն դարձել է հրամայական, մի իրողություն, որի հետ ադրբեջանական կողմը պետք է հաշվի նստի։ Ալիևյան կլանը, ըստ երևույթին, հայաստանյան նոր ղեկավարության մոտ ղարաբաղյան խնդրում դիրքորոշման փոփոխություն էր ակնկալում։ Նման բան, իհարկե, չէր կարող տեղի ունենալ։ Բաքվի մտավախությունը, թերևս, հասկանալի է. ՀՀ նորընտիր վարչապետը պնդում է, որ Հայաստանը խոսելու է իր անունից, ասել է թե՝ բանակցությունների նոր մեկնարկ պիտի լինի՝ Արցախի մասնակցությամբ։         

Ադրբեջանը շարունակում է խոչընդոտել բանակցություններում Արցախի ներգրավմանը և ամբողջությամբ հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացին, ինչի մասին են վկայում այդ երկրի կողմից իրականացվող հակահայկական քարոզչությունն ու հայ ժողովրդի հանդեպ ատելությունը։ 

Վերջին շաբաթվա նորություններից մեկը, այսպես կոչված, ՙԱդրբեջանի դեմ ագրեսիայի և ադրբեջանական տարածքներում կրոնական ու մշակութային ժառանգության ավերման վերաբերյալ բանաձևն՚ է, որն ընդունվեց Բանգլադեշի մայրաքաղաք Դաքքայում՝ Իսլամական համագործակցության կազմակերպության (ԻՀԿ) անդամ պետությունների արտգործնախարարների նիստի շրջանակներում։ Ի դեպ, սա այն հարթակն է, որում Ադրբեջանը կարողանում է առաջ մղել հակամարտության հետ կապված  ամենաանհեթեթ, իրականության հետ աղերս չունեցող իր տեսակետները։ Հիշյալ բանաձևը բոլոր երկրներին կոչ է արել թույլ չտալ Հայաստանին սպառազինության և ռազմամթերքի մատակարարումը, ինչպես նաև երկրների տարածքները սպառազինության փոխադրման նպատակով օգտագործելը։

ԻՀԿ-ի անդամ պետությունների արտգործնախարարների նիստից որոշ մանրամասներ հայտնի են դարձել ադրբեջանական ընդդիմադիր մամուլի հրապարակումներից, ինչը թույլ է տալիս առավել ամբողջական պատկերացում կազմել կառույցի շրջանակներում տեղի ունեցող զարգացումների մասին։ Բացի նրանից, որ նիստի մասնակիցներին  կոչ է արվել չհամագործակցել Հայաստանի հետ, նաև կրոնական երանգ է տրվել հակամարտությանը. Հայաստանի քաղաքականությունն ուղղված է ոչ միայն Ադրբեջանի, այլև իսլամական ընդհանուր պատմության և մշակութային ժառանգության դեմ։ Նիստում հայտարարվել է, որ ԻՀԿ-ի բանաձևերը պետք է ուղղակի կոչ լինեն մահմեդական պետություններին, որպեսզի ՙօկուպանտ հայերի՚ հետ համագործակցելու ցանկություն չունենան։ 

Սա է Ադրբեջանի ղեկավարության ՙառողջ դիվանագիտությունը՚, որը ոչ այլ ինչ է, քան ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ հանգուցալուծմանը հասնելու հայկական և միջազգային ջանքերին խոչընդոտելու նպատակային քաղաքականություն։ 

Ստեփանակերտից հարևան երկրին հստակ ազդակ է ուղղվում՝ առանց Արցախի Հանրապետության ղեկավարության անմիջական մասնակցության, հիմնախնդրի խաղաղ կարգավորման բանակցություններն անիմաստ են։ Եվ որքան շուտ Ադրբեջանը գիտակցի Արցախի հետ երկխոսություն սկսելու անհրաժեշտությունը, այնքան ավելի մոտ կլինի հակամարտության հանգուցալուծմանը։ 

Ռուզան ԻՇԽԱՆՅԱՆ