[ARM]     [RUS]     [ENG]

ԱՐՑԱԽԻ ԽՆԴԻՐԸ ՇՐՋԱՆՑՎԵԼ Է

Հայ-թուրքական հարաբերությունների հեռանկարային պատկերացումների մասին խոսելով, ՀՀ վարչապետ Փաշինյանը հիմնականում վերաբանաձեւել  էր պաշտոնական Երեւանի դիրքորոշումը` կողմ ենք Անկարայի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատմանը առանց նախապայմանների։

Ըստ նրա` ճիշտ չէ, որ երրորդ երկրի հետ Անկարան պայմանական հարց արծարծի հարաբերությունների բնականոնացման համար։ Երեւանը շարունակում է առաջադրել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը, որն առաջին հերթին նպատակադրում է ցեղասպանությունների կրկնության կանխարգելումը։ Փաշինյանի մոտեցումը միաժամանակ թե՜ արցախյան հակամարտության եւ թե՜ ցեղասպանության ճանաչման հարցով մերժել է Անկարայի նախապայմանները, ինչը համահունչ է Երեւանի մինչ այժմ որդեգրած եւ կիրառած պաշտոնական կեցվածքին։

Պաշտոնական Անկարան արձագանքել է ՀՀ վարչապետի այս հայտարարությանը. ՙՏեսնենք, եթե Հայաստանը Թուրքիայի նկատմամբ տարիներ շարունակ ունեցած թշնամական դիրքորոշումը փոխի, հրաժարվի Թուրքիայի տարածքային ամբողջականության ու սահմանների նկատմամբ ունեցած սխալ դիրքորոշումներից, հրաժարվի այդ ամենից, ցանկանա նոր էջ բացել, մենք էլ, ուսումնասիրելով մանրամասները, համարժեք պատասխան կտանք։ Մենք չենք ցանկանում որեւէ մեկի, հատկապես մեր հարեւանների հետ թշնամություն անել։ Եթե այդպիսի մոտեցում լինի, բնականաբար, մեր պետության շահերի շրջանակներում կքննարկենք այն՚։

Արձագանքը պատկանում է ուղղակի Թուրքիայի վարչապետ Յըլդըրըմին։ Այսպես, ուրեմն. Անկարան պատրաստ է քննարկելու դիվանագիտական կապերի հաստատման Երեւանի մոտեցումները, եթե Երեւանը ճանաչի  այսօրվա սահմանը եւ Թուրքիայի տարածքային ամբողջականությունը։ Գեթ այս բանաձեւման մեջ Ցեղասպանության ճանաչման պահանջից հրաժարվելու ուղղակի պայման չկա. հրաժարման պահանջը հստակորեն տարածքայինին է վերաբերում։

Բայց ավելի կարեւորն այն է, որ Յըլդըրըմը չի ակնարկում վարչապետ Փաշինյանի արծարծած առաջին խնդիրը։ Հրապարակված այս արձագանքում Արցախի խնդիրը շրջանցվել է։ Թուրք վարչապետը խոսում է սոսկ Թուրքիային վերաբերող հարցերից։

Արցախի հարցի շրջանցումն այս դեպքում չի կապվում, իհարկե, ՀՀ վարչապետի այն մատնանշմանը, որ երկու երկրների միջեւ հարաբերությունների հաստատման հարցին չպետք է առնչել երրորդ կողմը։

Թուրքիայի վարչապետի այս մոտեցումն ուղենշային համարելը, հավանաբար, կանխահաս է։ Այնուամենայնիվ, նախապայմանների առաջնահերթության հարց է ստեղծում, երբ արցախյան հակամարտության խնդիրը միշտ անմիջականությամբ եւ հրատապությամբ էր արծարծվում։ 

Մի հանգամանք եւս. որոշ նրբություն է փոխանցում հարցին ուղենշային բովանդակություն տալու ուղղությամբ։ Փաշինյանը պատասխանել  է լրագրողի հարցին եւ ոչ թե հատուկ հայտարարություն է արել նոր մեկնարկ կամ նոր գործընթաց սկսելու միտում փոխանցելու իմաստով։ Յըլդըրըմն իր հերթին արձագանքել է Փաշինյանի այս պատասխանի մասին դարձյալ լրագրողի տված հարցին։

Հայկական կողմն այս դեպքում որեւէ փոփոխություն չի բերել հայ-թուրքական հարաբերությունների հաստատման համար Երեւանի որդեգրած դիրքորոշումներին, մինչ թուրքականը շրջանցել է մեկ նախապայման։ Ոչ անպայման ընդառաջելով այն մոտեցմանը, որ երկկողմ հարաբերությունները չպետք է պայմանականացնել երրորդ կողմով։

 

Շահան ԳԱՆՏԱՀԱՐՅԱՆ

ՙԱզդակ՚ թերթի գլխավոր խմբագիր

Լիբանան