Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
[ARM]     [RUS]     [ENG]

ՀԱՂԹԱՆԱԿԻ ՈՒ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՏՈՆ կամ՝ Ինչպես է սեփականաշնորհվում հաղթանակը

Օրեր առաջ  Մոսկվան, ինչպես միշտ, Հայրենական մեծ պատերազմում ֆաշիզմի դեմ տարած հաղթանակը նշեց արդեն սովորական դարձած հատուկ շուքով ու խանդավառությամբ:

Ամեն տարի Ռուսաստանի կողմից սեփական մկանների ցուցադրման և որպես աշխարհի գերտերություն ներկայանալու  տարեցտարի ուժեղացող ձգտումն իր բարձրակետին է հասնում հենց մայիսի 9-ին, երբ ռազմական շքերթի ժամանակ ողջ աշխարհին ի ցույց են դրվում  ռուսական բանակի ուժի ու կարողության բոլոր հնարավոր և անհնարին  ապացույցները և Կարմիր հրապարակով անցնում է  անընդհատ թարմացվող ռուսական ողջ զինանոցը: Ակնհայտ է, որ ի սկզբանե խաղաղության ու 20-րդ դարի ամենադաժան պատերազմի ավարտն ազդարարող այդ տոնը վերջին մի քանի տարում  ռուսական իշխանությունների թողտվությամբ, իսկ գուցե` նաև պատվերով, բոլորովին այլ իմաստ է ձեռք բերել` փոխելով իր հիմնական իմաստ ու քաղաքական ուղղվածությունը, վերածվելով երևակայական ինչ-որ թշնամիների հետ պատերազմելու վատ քողարկված կոչերի:

Հայրենական մեծ  պատերազմը մեր  ժողովրդի ողբերգական էջերից մեկն է, և յուրաքանչյուր ընտանիք  այդ պատերազմի հետ կապված իր հուշերն ունի:  Իմ մանկության տարիներին այդ օրը մեր տանը ծանր լռության օր էր, ինչը ծնողներիս անհայր մանկությամբ, նրանց հարազատների ՙգլխատված՚ ընտանիքներով, հետպատերազմյան զրկանքներով էր թերևս պայմանավորված: Արցախյան համարյա յուրաքանչյուր ընտանիք այդ պատերազմում զոհ է ունեցել: Մեր ընտանիքում նրանք վեցն էին: Հադրութում ծնված, նախապատերազմյան տարիներին մարզի տարբեր դպրոցներում դասավանդած, այնուհետև ընտանիքով Օրջոնիկիձեում (Վլադիկավկազ) հաստատված ու այնտեղից էլ կամավորագրված հորական Ռուբեն պապիս նամակների հոսքը դադարել է 1942թ.: Միայն մի քանի տարի առաջ ՌԴ պաշտպանության նախարարության obdmemorial.ru կայքի միջոցով հնարավոր եղավ պարզել, որ նա եղել է ավագ լեյտենանտ, զբաղեցրել է դասակի հրամանատարի պաշտոն, մեկ անգամ վիրավորվել ու նորից շարք է վերադարձել ու զոհվել է 1943թ. մայիսին: Անհայտ կորածների ցուցակներում է նրա միակ եղբոր՝ Միքայելի անունը: 23 տարեկանում այրիացած տատս պատերազմի առաջին իսկ օրերին Հյուսիսային Կովկասից երկու երեխայի հետ մի կերպ է հասել ծննդավայր:  Թիկունքի վետերան էր, պատերազմի տարիներին թողել էր դպրոցը, որպես իր կուսակցությանը նվիրված կոմունիստ, աշխատում էր այնտեղ, որտեղ իր կարիքը կար:  Մյուս պապս` Աբգար Հարությունյանը, Մարտունու շրշանի Հերհեր գյուղից էր, նույնպես ուսուցիչ էր, պատերազմից առաջ Հադրութի շրջանի Տող գյուղի դպրոցի   ուսմասվարն էր: Այստեղ ամուսնացել էր նույն դպրոցում դասավանդող տողեցի ապագա տատիս հետ: Կարճ ժամանակ պապս զբաղեցրել է  այդ դպրոցի տնօրենի պաշտոնը, հետո` անզգույշ մի քանի արտահայտություն, որին հետևել  է վտարումը մանկավարժական  ասպարեզից:  Նրանից մնացել է նամակներով լցված ուսուցչական կաշվե պորտֆելը, որը տատս մինչև իր մահը պահեց որպես սրբություն: Ծերացած տատս հաճախ էր լուռ ու երկար կանգնում 26-ամյա ամուսնու մեծադիր նկարի դիմաց և  միայն ծանր հոգոցները չէր կարողանում խլացնել: Նրա ասած միակ`՝ ՙԻ՞նչ գործ ունեիր դու այդ պատերազմում՚ նախադասությունը ես ամեն անգամ փորձում էի չլսել, որովհետև դա անհասկանալի ու դավաճանության չափ խորթ էր  աշխարհի ամենահզոր, ազատ ու երջանիկ երկրում ապրող աշակերտիս ականջների համար: Հրետանային գնդի դասակի հրամանատար, գվարդիայի լեյտենանտ Աբգար Հարությունյանի համար պատերազմը տևել է մինչև 1943-ի հուլիսը, նույն տարում զոհվել է նաև նրա ավագ եղբայր Վարդանը: 

Իսկական հերոսի մարտական ուղի է անցել տատիս եղբայրը` Սամվել Բարսեղյանը: Տատիս պատմածով` նրա մասին դեռևս պատերազմական  օրերին ռազմական լրագրող Հ. Քոչարն է գրել:  Podvignaroda.ru կայքում, որտեղ միայն պատերազմի ընթացքում պարգևատրված զինծառայողների արխիվն է պահվում, գաղտնազերծված զինվորական փաստաթղթերի մեջ նրա անձնական սխրանքի օրինակներն ամբողջ երկու էջ են կազմում: Խորհրդային բանակի կադրային սպա էր դեռ մինչև պատերազմը, 76-րդ հրաձգային դիվիզիայի կազմում հսկում էր հայ-թուրքական սահմանը: Հետագայում  նույն դիվիզիայի 207-րդ գնդի հրամանատարն էր: Մասնակցել է բազմաթիվ ռազմագործողությունների: Անձնական խիզախության և մարտերի ընթացքում ցուցաբերած քաջության համար դիվիզիայի հրամանատար, հետագայում գեներալ-մայորի կոչում ստացած Վ. Պենկովսկին 1942թ. նրան ներկայացրել է ՙԿարմիր դրոշ՚ շքանշանի, սակայն ԽՍՀՄ ԳԽ հրամանագրով Ս. Բարսեղյանը պարգևատրվել է Հայրենական պատերազմի 1-ին աստիճանի շքանշանով: Մայոր Սամվել Բարսեղյանն անհայտ կորել է Ստալինգրադի մատույցներում: 1942թ. զոհվել էր նաև նրա եղբայրը` շարքային Անդրանիկ Բարսեղյանը:  

 

Սրանք  ծանր կորուստներն են, որ կրել է  ընդամենը մեկ խորհրդահայ ընտանիք: Մեր փոքրիկ հողակտորում նման ընտանիքների թիվն անցնում է 20 հազարից: Հերոսնե՞ր են նրանք մեծացող սերնդի համար, թե՞ խորհրդային բռնապետության համար մարտնչած ռոմանտիկներ` դժվար է ասել:

Գաղտնիք չէ, որ նախկին խորհրդային հանրապետությունների որոշ մասն այսօր Երկրորդ աշխարհամարտին խորհրդային բանակի կազմում սեփական մասնակցությունը հարկադրական է համարում ու  որպես հերոսներ ներկայացնում գերմանական բանակի կազմում մարտնչած համերկրացիներին: Ավելին, Մերձբալթյան երկրները, Ուկրաինան, մասամբ` նաև Մոլդովան, վաղուց  նույն հարթությունում են դիտարկում  ֆաշիզմն ու ստալինիզմը` ոչ առանց հիմքի ագրեսոր ներկայացնելով նաև խորհրդային երկիրը: Այս ամենի հետ մեկտեղ` նույն այդ երկրներում հուսահատ փորձեր են արվում նաև չվիրավորելու խորհրդային հայրենիքի համար մարտնչած վետերանների նվիրական զգացմունքները, ինչը, սակայն, ոչ մի կերպ չի հաջողվում: Մի քանի տարի առաջ պատմաբաններից կազմված ՌԴ հասարակական խմբավորման  հարցման արդյունքներով վերլուծություն էր հրապարակվել, համաձայն որի Ռուսաստանից բացի նախկին միութենական հանրապետություններից միայն Հայաստանում ու Բելառուսում է, որ որևէ կերպ չի նսեմացվում խորհրդային բանակի դերն ու դեռևս օգտագործվում է Մեծ հայրենական անվանումը:

Կասկածից դուրս է, որ մնացած  պետություններում վերոհիշյալ  իրողությանը մեծապես  նպաստել ու նպաստում է նաև ՌԴ-ի որդեդրած քաղաքականությունը, մասնավորապես, ամենաբարձր մակարդակով հնչող հայտարարություններն այն մասին, որ Երկրորդ աշխարհամարտում գերմանական ֆաշիզմի դեմ հաղթանակն ապահովվել է գերազանցապես ՙռուս ժողովրդի անպարտելի ոգու շնորհիվ՚, և հաղթանակը հնարավոր կլիներ նաև առանց Ուկրաինայի կամ այլ հանրապետության մասնակցության: Ավելորդ է ասել, որ վերջին տասնամյակներում Մեծ հայրենականին նվիրված ֆիլմերում գրեթե բոլոր գործող անձինք ռուսական ազգանուններ ունեն: ՌԴ-ի հանդեպ ատելության  մթնոլորտն ավելի են խտացնում իշխանամերձ բոլոր հեռուստաալիքներով տարբեր ազգության ու տրամաչափի  փորձագետների՝ Ռուսաստանն իբրև Երկրորդ աշխարհամարտի ավարտը կանխորոշած և  իբրև գլխավոր  հաղթանակած կողմ հռչակելու մասին ճառերը, ինչպես նաև այս կամ այն թշնամի պետությունը հանկարծահաս պատերազմի դեպքում ռադիոակտիվ մոխրի վերածելու մասին Կրեմլի քարոզիչների խոսակցությունները, որոնք պաշտոնական շրջանակներում միայն խրախուսանքի և հավանության են արժանանում: 

Ռուսների կողմից բացահայտ  քամահրական վերաբերմունքը Մեծ Հայրենականի ընթացքում նախկին միութենական հանրապետությունների վաստակի հանդեպ պարզորոշ ուրվագծվել է դեռևս հաղթանակի 65-ամյակին նվիրված մոսկովյան շքերթի ժամանակ, որին մասնակցում էին նախկին խորհրդային գրեթե բոլոր հանրապետությունների ղեկավարները, իսկ հրապարակով ռուսական զորամիավորումների հետ անցել են նաև ազգային զորասյուներ: Այն պահին, երբ հայկական զորասյունն էր անցնում, շքերթը լուսաբանող հաղորդավարն ընդամենը հարկ համարեց հիշեցնել, որ զորամիավորումն առաջնորդում է մարշալ Խուդյակովի թոռը, մոռացության մատնելով փաստը, որ մարշալի իսկական ազգանունը Խանփերյանց էր, որ ավելի քան 600 հազար հայ զորակոչիկներից (բացի հակահիտլերյան կոալիցիոն ուժերի կազմում մարտնչածներից) տուն է վերադարձել կեսից էլ քիչ զինվոր, որ ազգությամբ հայ մարշալների, գեներալների, ԽՍՀՄ հերոսների թվով հպարտանալու տեղ ունի ոչ միայն հայ ժողովուրդը: Հրապարակ մտնող հաջորդ` եթե չեմ սխալվում,՝  ուզբեկական զորասյունն էլ  հիշատակվեց ընդամենը հայտարարությամբ, որ այն առաջնորդող սպայի նժույգի պապը ԽՍՀՄ մարշալ Ժուկովին է ծառայել… Մեծաշուք այդ  շքերթում այդքանով շեշտվեց ռազմի դաշտում ու թիկունքում անասելի զրկանքներ ու կորուստներ հաղթահարած հանրապետությունների մասնակցությունը: Պետք է ասել, որ  ռուսական կողմի հրամցված այդ անասելի դառը անակնկալը   ընդունվեց զարմանալի համբերատարությամբ, քանի որ դեռ գործում էր ՙմեծ  եղբոր՚ խորհրդային մոդելը և պիտի գործեր երկար:

ԽՍՀՄ փլուզումին հաջորդած անկախության առաջին տարիներին ՀՀ ղեկավարության որոշմամբ Մայիսի 9-ը տոնացույցում նշվում էր որպես  Երկրորդ աշխարհամարտում  ֆաշիզմի դեմ տարած  Հաղթանակի օր: Դա համարձակ ու տեղին քայլ էր, որով փորձ արվեց պատերազմում հայերի ունեցած մասնակցությունն արժևորել մեկ այլ՝ ավելի ընդգրկուն բովանդակությամբ, այնպես, ինչպես թույլ են տալիս մեր պապերի ավանդն ու կորուստների չափը: Այդ նախաձեռնությունը, սակայն, տարիների ընթացքում անտեսվեց, և մենք վերադարձանք խորհրդային ձևաչափին: Իսկ մեր ժողովրդի կորուստները, ինչպես հայտնի է, կարելի է համարձակ համեմատել հակահիտլերյան կոալիցիայի Մեծ եռյակի անդամ ԱՄՆ-ի կորուստների հետ: 

Շուշիի ազատագրման ու մեր բանակի կազմավորման` այդ օրվա հետ համընկած տարեդարձները նկատելիորեն ստվերեցին այդ  հաղթանակը` հաստատելով 80-ականների վերջից սկիզբ առած այն մտայնությունները, որ այդ պատերազմն, այնուամենայնիվ, մեզ համար Մեծ Հայրենական չէր:  Ավելի քան քառորդ դար Մայիսի 9-ը մենք նշում ենք որպես Եռատոն` չմոռանալով հատկանշել նաև մեր պապերի ու տատերի սխրանքն աշխարհը գերմանական ֆաշիզմից փրկելու պատերազմում: Մեզանում դեռևս անգամ ընդգծված արևմտամետ կեցվածք ունեցողները մայիսի 9-ին խորհրդային զինվորի հիշատակը հարգելու մեջ ռուսահպատակության դրսևորումներ չեն որոնում: Այդ օրը մի կողմ են թողնվում բանավեճերն այն մասին, թե ինչ դեր է ունեցել 1939թ. Ստալինի ու Հիտլերի կնքած պայմանագիրը նացիզմի ծաղկման ու հետագա ողբերգական իրադարձությունների մեջ և այլ բազմաթիվ ցավալի փաստեր: 

Այս ամենի հետ մեկտեղ, այնուամենայնիվ, այսօր դժվար է պնդել, որ եթե Շուշին ազատագրվեր մեկ այլ օր, մենք դարձյալ այսպես  կնշեինք Մայիսի 9-ը` որպես 1941-45թթ. պատերազմի հաղթանակի օր: Պարզ ու անվիճելի է միայն այն, որ այդ օրը  կտրուկ կտարբերվեր այն ամենից, ինչ կատարվում է ամեն տարի մոսկովյան հրապարակներում ու փողոցներում:  Անհերքելի է մեկ այլ իրողություն ևս. ամեն անգամ, մայիսի 9-ի երեկոյան, երբ լռում  է ռուսական պաթոսը և սկսվում է հայտարարած լռության րոպեն, նախկին Խորհրդային Միությունում մանկություն ու  երիտասարդություն ապրած յուրաքանչյուր մարդ` անկախ ազգությունից, ակամա սևեռվում է  էկրանին: Ու երբ  Ռ. Ռոժդեստվենսկու Ռեքվիեմի տողերով ասես  պատերազմական կրակներից վեր են հառնում և անհայտությունից վերադառնում  միլիոնավոր անանուն  զինվորների դիմանկարները, գիտակցում ես, որ նրանք նաև քո սերնդի հերոսներն են, իսկ հերոսությունը երբեք ժամանակավրեպ չի դառնում:

 

Նունե ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ