Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1

ՓՈԼ ֆոն ԲԼՈՒՄ. ՙՀԱՍՆԵԼՈՒ ԵՄ ՆՐԱՆ, ՈՐ ԹՈՒՐՔԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԻՍ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՆ ԸՆԴՈՒՆԻ ԵՐԻՏԹՈՒՐՔԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԳՈՐԾՎԱԾ ՈՃԻՐԸ՚

Արցախի պետական համալսարանում օրերս հյուրընկալվել էր Լոս Անջելեսի Կալիֆոռնիայի համալսարանի աֆրոամերիկյան և հաղորդակցության ուսումնասիրությունների պրոֆեսոր Փոլ ֆոն Բլումը, որին ներկայացրեց համալսարանի գիտական և միջազգային համագործակցության գծով պրոռեկտոր Վալերի Ավանեսյանը։

Ցեղասպանագետը մանկավարժական գործունեությունն սկսել է 1968 թվականից Բերքլիի համալսարանում, իսկ 1980-ին տեղափոխվել է Կալիֆոռնիայի համալսարան, որն իր մեջ ընդգրկում է 10 համալսարաններ (Լոս Անջելեսում, Սան Ֆրանցիսկոյում, Սան Դիեգոյում և այլն), այդ թվում և Բերքլիինը, որն իր գործունեությամբ հայտնի է աշխարհում։ Այստեղ է ստեղծվել ատոմային և ջրածնային ռումբը։ Բլումը հայտնի է քաղաքացիական իրավունքների համար շարժմանն իր ներգրավվածությամբ և ՙխնդիրներ է առաջացրել՚ իր նստացույցերի և բողոքի այլ ակցիաների ընթացքում, որոնք մարտահրավեր էին Միացյալ Նահանգներում ինստիտուցիոնալ ռասիզմին։ Նա պարտավորված էր զգում կանգնել այն մարդկանց կողքին, ովքեր պայքարում էին փոքրամասնություններին առայսօր տանջող պատմական անարդարությունների դեմ։ Ֆոն Բլումը հայկական հարցերի մասին սկսել է խոսել դեռևս 20 տարի առաջ և իր ունկնդիրներին խոստացել է հասնել նրան, որ թուրքական ներկայիս կառավարությունն ընդունի երիտթուրքերի կողմից իրագործված ոճիրը։ Իսկ 2015թ. հայ իրավաբանների առջև ունեցած իր ելույթի ժամանակ վերահաստատել է խոստումը. ՙԹուրքական կառավարությունը պիտի հասկանա, որ ժխտումն անթույլատրելի է։ Ես պարտավոր եմ շարունակել խոսել։ Ես ազգությամբ հայ չեմ, բայց ես մարդ եմ, և սա ուղղակի հայկական հարց չէ. ընդհակառակը, սա վերաբերում է բոլոր նրանց, ովքեր հոգ են տանում մարդկային պարկեշտության մասին՚։ Տարիների ընթացքում ցեղասպանագետն առավել ինտենսիվությամբ է սկսել զբաղվել հայկական հարցերով, ներառյալ` արցախյան հակամարտությունը։ Նա սերտ հարաբերություններ է հաստատել Ռիչարդ Հովհաննիսյանի և ամերիկահայ այլ գիտնականների հետ` Արցախում տեղի ունեցածի մասին առավել լավ պատկերացում կազմելու համար։ Գիտնական-դասախոսի նպատակը միջազգային հանրության ուշադրությունը Արցախի հիմնախնդրի վրա հրավիրելն է:

Փոլ ֆոն Բլումը դասախոսությունն սկսելուց առաջ հայտնեց իր ուրախությունը Արցախում գտնվելու առթիվ և ներկայացրեց իր հետաքրքրասիրության պատմությունը։ Նա Հոլոքոստից կենդանի մնացած հրեայի ժառանգ է, և երբ ընտանիքից միայն ողջ մնացած հայրը եկավ Ամերիկա, վերջինս հասկացավ, որ ռասիզմն է պատասխանատու այն բոլոր գործողությունների համար, որ կատարվել և կատարվում են մարդկության հանդեպ։ Փոլը 12-13 տարեկան երեխա էր, երբ լսեց Հայոց ցեղասպանության մասին, և 51 տարի է, որ խոսում և դասախոսում է հայերի սպանդի վերաբերյալ։ Ինքը միշտ պայքարել է հանուն մարդու իրավունքների, որի համար մի քանի անգամ բանտարկվել է։ Նա ասաց, որ մինչև այսօր էլ ԱՄՆ-ում կան սոցիալական խնդիրներ, անհավասարություն, կանանց նկատմամբ խտրականություն, ռասիզմ։ Նա իր ուսանողներին ոգեշնչում է, որպեսզի հետագայում հանդես գան որպես մարդու իրավունքների պաշտպաններ, որպեսզի նպաստեն աշխարհում կյանքը գրավիչ դարձնելուն։ 

ՙԱրցախցիներն ապրում են ոչ պատերազմ, ոչ խաղաղության պայմաններում, զինվորներն վտանգում են իրենց կյանքը խաղաղություն պահպանելու համար, իսկ երիտասարդները, կրթվելով, պատասխանատու են դառնում երկրի ապագայի համար՚,- ասաց պրոֆեսորը, ապա խոսեց Արցախում իր անելիքների և Հայաստանի հետ կապված պլանների մասին։ Խնդիրներից մեկն էլ նրանում  է, որ նրա այն ուսանողները, ովքեր չեն լսել ցեղասպանության մասին, տեղեկացվեն: Նրա բոլոր գործընկերները Հայաստանի մասին գիտեն, բայց տեղեկացված չեն Արցախի և նրա պայքարի մասին։ Ինքը պարտավորված է զգում գալ, ավելացնել իր գիտելիքները, քարոզել, որ վաղն իր ուսանողները ևս պայքարեն Արցախի միջազգային ճանաչման, խաղաղության համար։ 

Մեր այն հարցին, թե որքանո՞վ է տեղեկացված Ադրբեջանի՝ Սումգայիթում և Արցախում կատարած ոճրագործությունների, անձի իրավունքի խախտումների մասին, պրոֆեսորը պատասխանեց, որ ինքը գիտի՝ 1915թ.-ից հետո ջարդերը կրել են պարբերական բնույթ, բայց Արցախում կատարվածի մասին պատկերացումն ամբողջական չէ, և ինքն այստեղ է սովորելու, իր իմացածը լրացնելու համար։ Ապա ավելացրեց, որ  շատ լավ տեղեկացված է 2016-ի ապրիլյան քառօրյա պատերազմի մասին, տեղեկացված է հայ ժողովրդի նկատմամբ Ադրբեջանի վարած խտրական քաղաքականության, սահմանում տեղի ունեցող իրադարձությունների մասին և իր պարտականությունն է համարում բարձրաձայնել մարդկության հանդեպ կատարվող հանցագործությունների մասին։ Պրոֆեսորն ասաց. շատ վատ է, որ միջազգային մակարդակով Ադրբեջանը պատասխանատվություն չի կրում։ 

ՙՈ՞րն է ֆոն Բլումի կարծիքը, որ Իսրայելում մերթընդմերթ խոսվում է Հայոց ցեղասպանության ճանաչման մասին` որպես ճնշում, որպես գործիք Թուրքիայի դեմ՚ հարցին դասախոսը պատասխանեց. ՙՍարսափելի է, որ Իսրայելի խորհրդարանն առայսօր չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը, սարսափելի է, որ ժողովուրդը, որը տառապել-անցել է Հոլոքոստի միջով, առայսօր չի ճանաչել, չի դատապարտել այլ ժողովրդի անցած նման ուղին։ Առավել սարսափելի է, որ Միացյալ Նահանգներն առայսօր չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը, որպեսզի չսրի իր հարաբերությունները Թուրքիայի հետ։ Պետք է գործել, ելնելով բարոյականության սկզբունքներից։ Ցեղասպանությունը ժխտելը նշանակում է ժխտել ձգողականության ուժի կամ կլիմայական փոփոխությունների առկայությունը։ Ես լսել եմ կարծիք, թե դա անցյալ է, բայց՝ ոչ, մենք ապրում ենք անցյալով, մենք անցյալի մաս ենք կազմում, ես որպես Հոլոքոստ ապրածի երկրորդ սերունդ, չեմ կարող ազատվել իմ անցյալից, և ես ասում եմ. մենք բոլորս պիտի հիշենք և անցյալի մաս կազմենք։ Ես ուզում եմ, որպեսզի գիտակից բոլոր ազգերը սրեն իրենց հարաբերությունները Թուրքիայի հետ։ Անընդունելի է և տարօրինակ է Թուրքիայի՝ 103 տարվա վարած ժխտողական քաղաքականությունը, և այն դեմ է մարդկային իրավունքների պահպանման բոլոր նորմերին։ Էրդողանի կառավարությունը, իմ կարծիքով, չպիտի գոյատևի՚,- եզրակացրեց պրոֆեսորը` հավելելով, որ մի թուրք ուսանող բողոքել է իր դեմ, որ դասախոսությունների ժամանակ անընդհատ խոսում է հայերի ու Հայոց ցեղասպանության մասին, բայց ինքն իր ասելիքի մեջ հաստատակամ է և կշարունակի քարոզել` արհամարհելով Ադրբեջանի ՙսև ցուցակում՚ հայտնվելու վտանգը։ 

Հարցին, թե ինչպե՞ս է գնահատում այսօր Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները, պատասխանեց, որ ինքը հետևում էր այն զարգացումներին, որ տեղի էին ունենում Հայաստանում հեղափոխության օրերին, ու հպարտ է, որ հայերը կարողացան իշխանափոխություն կատարել առանց զոհերի, և դա ամբողջ աշխարհի համար պետք է ներշնչող լինի։ 

Պրոֆեսորը հայտարարեց, որ ցանկացողները կարող են համացանցով ծանոթանալ իր հոդվածներին, աշխատություններին, գրքերին, կարող են իրեն հարցեր ուղղել և ստանալ պատասխաներ, մանավանդ որ ինքը գրում է հասկանալի և մատչելի լեզվով։ 

Ուսանողները երախտագիտություն հայտնեցին և՜ դասախոսության, և՜ այն բանի համար, որ Փոլ ֆոն Բլումն ուսումնասիրում է Հայոց պատմությունը, ցեղասպանությունն` ընդհանրապես։ 

Նվարդ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ