Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_content, 1
  • Error loading component: com_content, 1
[ARM]     [RUS]     [ENG]

ՑՈՒՅՑԵՐԻ ՓՈԽԱՐԵՆ՝ ԴԻՄՈՒՄՆԵՐ ԵՎ ԲՈՂՈՔՆԵՐ

Ստեփանակերտում բողոքի ակցիաներին հաջորդել է դիմում-բողոքների հեղեղը: Հանդիպման վայրի հասցեն ևս փոխվել է: Որպես փոխզիջում` Ազատամարտիկների փողոցը բացվել է:

Փոխարենը Ստեփանակերտի մշակույթի եւ երիտասարդության պալատում ցույցերի համակարգող կոմիտեին գրասենյակ է հատկացվել` քաղաքացիների բողոքներն ընդունելու, ըստ պահանջի հասցնելու համար:

ՓՈԽԶԻՋՈՒՄԸ ԳՏՆՎԵՑ

Հունիսի 4-ի երեկոյան Ստեփանակերտի Ազատամարտիկների փողոցի` Կենտրոնական ավտոկայանին հարող հատվածը շարունակում էր փակ մնալ: Կրքերը թեժացնում էր այն, որ ընդհանուր պահանջներին նաեւ մասնավոր բողոքներն էին միանում, հաճախ` նախնական պահանջների հետ չկապված:  Սիրիայից Արցախ տեղափոխված Հովիկ Ասմարյանը սիրիական զարգացումներն է հիշում եւ հորդորում. բողոքը համընդհանուր անիշխանության վերածելը վտանգավոր է: ՙԱրդեն քանի տարի է՝ իմ ընտանիքի հետ եկել եւ ապրում եմ Արցախում: Մինչ այդ, շատերդ գիտեք, Սիրիայում էի ապրում: Այնտեղի ցույցերն էլ տեսել եմ: Եկավ մի պահ, որ իշխանությունն ու ժողովուրդը դադարեցին միմյանց լսել, ոչ ոք փոխզիջման չգնաց: Արդյունքում իրավիճակը շարունակեց լարվել, բախումներ սկսվեցին: Եվ այսօր նախկին ծաղկուն ու հզոր Սիրիայից ոչինչ չի մնացել՚,- ե՜ւ վերհիշում, ե՜ւ ցույցի ժամանակ հարթակից արցախցիներին զգուշացնում է Հովիկ Ասմարյանը: 

Արցախում փոխզիջումը, այնուամենայնիվ, գտնվեց: Պետական նախարար Արայիկ Հարությունյանը խորհրդարանի պատգամավորների ուղեկցությամբ ցուցարարների հետ հանդիպեց նախագահականում կայացած խորհրդակցության ընթացքում առաջարկված լուծումների փաթեթով: ՙՆախագահը վստահեցնում է, որ ժամանակի հետ ամեն ինչ կարգավորվելու է: Ե՜վ կադրային հարցերն են վերանայվելու, ե՜ւ համակարգային: Եվ այն հարցերը, որոնք դուք եք այստեղ առաջ քաշում: Բայց դրա համար ժամանակ է պետք: Դա չի տեւելու տարիներ, ամիսներ, տասնյակ օրեր: Ամեն ինչ արվելու է ավելի արագ: Նախագահը վստահեցնում է, որ դուք գոհ եք լինելու՚,- հավաստիացրել է պետական նախարար Արայիկ Հարությունյանը: Ցույցի նախաձեռնողներին հարցի կարգավորման այս տարբերակը բավարարեց: Որոշվեց, որ Ազատամարտիկների փողոցում ցույցերը դադարեցվում են, ճանապարհը փակելը եւս: 

Հունիսի 5-ին, այնուամենայնիվ, ցուցարարների մի խումբ փորձեց կրկին փակել Ազատամարտիկների փողոցը: Փորձը կասեցվեց հենց ցույցերի համակարգող կոմիտեի հորդորներով: Սկսված անձրեւն էլ հորդորը համոզիչ դարձրեց: Ազատամարտիկների փողոցից ցուցարարների վերջին խումբն էլ ուղղվեց Մշակույթի եւ երիտասարդության պալատ: Այստեղ մարդաշատ էր վաղ առավոտից: Բողոքներն ընդունող, գրանցող խումբը ժամը 10-ից է սկսել աշխատել: ՙԵս այստեղ միայնակ չեմ աշխատում: Մի քանի երիտասարդ կամավորներ են կցված այս գործին: Ոմանք պատրաստ գրած դիմումներով են գալիս, ոմանք գալիս, այստեղ են գրում: Որոշ դեպքերում մենք ենք ձեւակերպում, դիմումատուի ցանկությամբ՝ հայերեն կամ ռուսերեն՚,- տեղեկացնում է բողոքներն ընդունող գրասենյակի պատասխանատու Գայանե Գրիգորյանը: Իր բողոքն էլ չի մոռանում. ինքն էլ աշխատանք է փնտրում: Բողոքներով եկողներից շատերն անգամ նախորդ օրերի ցույցերի մասնակիցները չեն: Պարզապես տեղեկացել են, որ քաղաքացիների բողոքներն ընդունող գրասենյակ կա, շտապել են իրենց խնդիրների մասին եւս պատմել՝ բնակարանաշինությունից մինչեւ առողջապահություն եւ արդարադատություն:

Բողոքը գրելու իրենց հերթին սպասողներին Մշակույթի եւ երիտասարդության պալատի մեծ դահլիճն է տրամադրվել: Գրասենյակն աշխատանքները կշարունակի առաջիկա օրերին եւս: Աշխատանքների ռեժիմի, ինչպես նաեւ հավաքված դիմումների հետագա ճակատագրի մասին ցույցերի համակարգող կոմիտեն կտեղեկացնի մանրամասները ճշտելուց հետո: Նաեւ այդ մասին է խոսել Մշակույթի եւ երիտասարդության պալատում ցուցարարների հետ հանդիպման եկած պետական նախարար Արայիկ Հարությունյանը:

ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒՆԵՐԻ ՇՐՋԱՆԱԿՆ ՈՒՐՎԱԳԾՎԵՑ

Հունիսի 5-ին տարածվեց տեղեկատվություն, որ Ստեփանակերտի մշակույթի եւ երիտասարդության պալատում ընթացող քննարկումների արդյունքում ընտրվել է ժամանակավոր հանրային խորհրդի կազմ:  Խորհրդի անդամներն են Դավիթ Սիմոնյանը, Կարեն Սիմոնյանը, Սերգեյ Ղազարյանը, Հովիկ Ասմարյանը, Վրեժ Ասմարյանը, Իրինա Սաֆարյանը եւ Արմինե Պետրոսյանը: Խորհրդի անդամներից Սերգեյ Ղազարյանի խոսքով՝ Հանրային խորհուրդը պետք է փորձի ապահովել իշխանության եւ հասարակության միջեւ օպերատիվ կապը, վերահասցեավորել, տեղ հասցնել բարձրացված խնդիրները՝ ըստ առաջնահերթության: Ըստ անհրաժեշտության՝ նաեւ թեժ գիծ կապահովվի՝ խորհրդի հետ կապն ապահովելու համար:

 

Նորայր ՀՈՎՍԵՓՅԱՆ