Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
[ARM]     [RUS]     [ENG]

Բ. ՍԱՀԱԿՅԱՆ. ՙՄԻԱՍԻՆ ԼՈՒԾԵԼՈՒ ԵՆՔ ԲՈԼՈՐ ԽՆԴԻՐՆԵՐԸ: ՄԵՐ ՈՒԺԸ ՄԵՐ ՄԻԱՍՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ Է՚

 

 

 

ԱՀ Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 11-ին հարցազրույց է տվել Արցախի հանրային, ՄեդիաՏոն և Հ1 հեռուստաընկերություններին։ Նախագահը պատասխանել է Արցախի ներքաղաքական կյանքի վերջին զարգացումներին վերաբերող մի շարք հարցերի։ 

 

Ստորև ներկայացնում ենք Նախագահ Բ. ՍԱՀԱԿՅԱՆԻ հարցազրույցը։ 

-Պարոն Նախագահ, բնական է, որ ներկա դրությամբ ամենակարևոր հարցերից մեկը, որը, հիրավի, հուզում է և՜ Արցախի բնակչությանը, և՜ համայն հայությանը, մեր երկրում ստեղծված ներքաղաքական իրավիճակն է և դրա հետ կապված վերջին զարգացումները: Կարծես թե բոլորն առանձնապես սպասում էին հենց Ձեր արձագանքին և գնահատականին: Ինչո՞ւ այսքան ժամանակ որևէ հայտարարություն չեք արել:

-Նախ և առաջ ուզում եմ նշել, որ բողոքի ակցիայի հենց առաջին իսկ պահից ես անմիջապես արձագանքել եմ մասնակիցների պահանջներին: Մի շարք հանդիպումներ եմ ունեցել ակցիայի կազմակերպիչների հետ, որոնց ժամանակ անկեղծ և բաց մթնոլորտում քննարկվել են նրանց կողմից բարձրացված բոլոր հարցերը: 

Դուք գիտեք, որ տեղի ունեցած ցավալի միջադեպի կապակցությամբ հարուցվել է քրեական գործ, և ներկա դրությամբ ընթանում է հետաքննություն: Ես ընդգծել եմ, որ իրականացվելու է մանրակրկիտ ու անաչառ հետաքննություն, և մեղավորները պատասխանատվություն են կրելու օրենքով սահմանված կարգով: Այսպիսին էին բուն միջադեպը և դրա լուծմանն ուղղված քայլերը:

Ինչպես գիտեք, հետագայում  ունեցանք այլ զարգացումներ: Տեղի ունեցան ցույցեր, և առաջ քաշվեցին այլ պահանջներ: Եվ այստեղ էլ կան բոլորիս, առաջին հերթին` իշխանությունների համար հետևություններ անելու շատ ու շատ հարցեր: Մենք միշտ պատրաստ ենք եղել և այսօր էլ պատրաստ ենք լուծում տալ վեր հանված խնդիրներին, որոնք արդարացի դժգոհությունների պատճառ են հանդիսացել:

Ցավոք, մենք նաև ականատես եղանք մի խումբ անձանց կողմից մարդկանց արդարացի պահանջների քաղաքականացմանն ու շահարկումներին: Մի կողմ թողնելով այս ամենի բարոյական կողմը` ուզում եմ նշել, որ մեր պարագայում  դա իսկապես հղի է անկանխատեսելի հետեւանքներով: 

Մեր ժողովուրդը քաջ գիտակցում է, որ միայն ամուր, կուռ, համախմբված ու միասնական հասարակությունը կարող է լուծել այնպիսի բարդ ու կարևորագույն խնդիրները, որոնք ծառացած են մեր առջև` լինի դա ներքին, թե արտաքին ասպարեզներում: 

Անթույլատրելի եմ համարում ցանկացած քայլ, որը սպառնալիք է հանդիսանում մեր համախմբվածության, կայունության ու անվտանգության համար: Համոզված եմ, որ մեր ժողովուրդը հենց այդպես էլ մտածում է, ինչի համար ես շատ ու շատ շնորհակալ եմ ձեզ, իմ սիրելի հայրենակիցներ, Արցախի Հանրապետության քաղաքացիներ:

- Եթե փորձենք քաղաքական գնահատական տալ ստեղծված ներքաղաքական իրավիճակին, ինչպե՞ս կգնահատեք այն` քաղաքական ճգնաժա՞մ, անկայունությո՞ւն, թե՞ …

-Դուք շատ ճիշտ հարց հնչեցրիք, որովհետեւ շատ կարևոր է իմանալ, թե իրականում ինչ է տեղի ունենում: Եվ ես ուղիղ կպատասխանեմ այդ հարցին մեր ժողովրդի համար: 

Տարբեր մարդիկ տարբեր նպատակներով տեղի ունեցածին տալիս են իրենց գնահատականները` այդ թվում նաև ձեր կողմից հնչեցված որակումներով: Բայց, իմ խորին համոզմամբ` մեզ մոտ չկան այնպիսի դրսևորումներ, որոնք կբնութագրեն իրավիճակը որպես քաղաքական ճգնաժամ, ինչպես ներկայացնում են ոմանք: 

Փաստերը հետևյալն են. մեզ մոտ տեղի է ունեցել ցավալի միջադեպ, ինչին հաջորդել են բողոքի ակցիաներ, բայց այն շրջանակներում, որոնք հեռու են նման որակումներից: Եվ որ զարգացումները եղել են միայն ու միայն այդպիսին, դա արդյունք է առաջին հերթին մեր ժողովրդի խոհեմության ու բարձր գիտակցության: Համոզված եմ, որ կայուն ու հանդարտ վիճակ մեր երկրում կպահպանվի այսուհետ ևս:

- Պարոն Նախագահ, ի վերջո, ի՞նչ հետևություններ է անհրաժեշտ անել տեղի ունեցածից:

- Տեղի ունեցածը պահանջում է լուրջ և բազմակողմանի վերլուծություն: Դա ահազանգ է հանրությանը մտահոգող եւ լուծում պահանջող տարաբնույթ հարցերի մասին: Հետևություններն անվերապահորեն արվել և արվելու են:

Դուք քաջատեղյակ եք այն մեծածավալ աշխատանքների մասին, որ անցած տարիների ընթացքում իրականացրել ենք միասին` մեր ժողովրդի անվտանգության, երկրի պաշտպանունակության, սոցիալ-տնտեսական հարցերի լուծման ուղղությամբ: Կատարվածն ակնառու է, և ես նպատակահարմար չեմ գտնում այսօր կանգ առնել դրա վրա: 

Սակայն դա չի նշանակում, թե մենք չենք տեսնում այն խնդիրները, որոնք առկա են: Դրանց լուծումը կլինի մեր այսօրվա և հետագա աշխատանքների օրակարգում, մենք հետևողականորեն անդրադառնալու ենք այդ հարցերին: 

Բայց այս խնդիրների լուծման հիմքում պետք է լինի կառուցողական մոտեցում: Մենք չպետք է թույլ տանք շահարկումներ, որոնք ենթադրում են քանդել եղածը, այլ ոչ թե պահպանել ու ավելացնել կառուցածը: Ասածիս վառ ապացույցն է, որ հենց նման կառուցողական ճանապարհով են գնում շատ ու շատ պետություններ, և առաջին հերթին` առաջադեմ ու քաղաքակիրթ երկրները, որոնք ընտրել են կայուն, անցնցում և շարունակական զարգացման ուղին:

Հատուկ կուզենայի անդրադառնալ առանձին ղեկավարների գործելաոճին՝ ուղղված արդարացի դժգոհություններին: Այստեղ էլ ունենք լուրջ անելիքներ: Անպայման ձեռնարկվելու են համապատասխան միջոցներ միայն ու միայն այն տրամաբանությամբ, որի հիմքում ընկած կլինի աշխատանքների բարելավման կամքը և այնպիսի կադրերի ընտրությունն ու նշանակումը, որոնք վայելում են ժողովրդի վստահությունը` որպես համապատասխան մասնագիտական ու բարոյական ունակություններով օժտված անձնավորություններ, և բարձր պատասխանատվությամբ ու արդյունավետորեն իրականացնում են իրենց գործառույթները:

Հարկ եմ համարում կանգ առնել ևս մի հարցի վրա: Ինչպես գիտեք, 2017 թվականին մեր ժողովուրդը հանրաքվեի միջոցով ընդունեց նոր Սահմանադրություն, որով նախատեսված է անցումային փուլ`  երեք տարի ժամկետով: Այդ ժամանակը նախատեսված է նաեւ օրենսդրական դաշտը նոր Սահմանադրությանը համապատասխանեցնելու համար:

2020 թվականին, գործող Սահմանադրության համաձայն, տեղի կունենան Արցախի Հանրապետության նախագահի համաժողովրդական ընտրություններ: 

Ուզում եմ պաշտոնապես հայտարարել, որ ես` որպես հանրապետության նախագահի թեկնածու, չեմ մասնակցելու այդ ընտրություններին: Իմ մասնակցությունը կլինի միայն որպես Արցախի Հանրապետության քաղաքացի, ով ընտրում է նոր նախագահ: Սա ոչ թե պահի թելադրանքով ընդունված, այլ գիտակցված որոշում է, որը բխում է մեր արժեհամակարգից, ժողովրդավարական եւ քաղաքակիրթ երկիր կառուցելու հրամայականից: 

Եվ քանի որ տեղի են ունենալու Նախագահի եւ Ազգային ժողովի համաժամանակյա ընտրություններ, ես` որպես գործող Նախագահ, օրենքով սահմանված իմ լիազորությունների շրջանակում ձեռնարկելու եմ բոլոր անհրաժեշտ միջոցները, որպեսզի և՜ Նախագահի, և՜ խորհրդարանական ընտրություններն անցնեն ազատ, արդար ու թափանցիկ:

- Պարո՜ն Նախագահ, ուզում ենք շնորհակալություն հայտնել, որ Դուք պատասխանեցիք մեր ժողովրդին հետաքրքրող հարցերին`  կապված ստեղծված իրավիճակի հետ: Եվ վերջին հարցը. ի՞նչ կմաղթեիք մեզ բոլորիս:

- Միգուցե սա այն պահն է, երբ ես չեմ կարող զգացմունքային չլինել: 

Ինչպես և մեր բոլոր քաղաքացիները, ես հպարտ եմ, որ հայ եմ եւ արցախցի, ծնվել և մեծացել եմ այս հողի վրա, որը սրբություն է համայն հայության համար: 

Մենք միասին անցել ենք բարդ ճանապարհ, որն ընտրել է մեր ժողովուրդը` պայքարելով հանուն արդարության, ազատության ու անկախության: Եվ մենք արժանիորեն վաստակել ենք մեր հայրենիքով հպարտանալու օրինական իրավունքը:

Ոչ մեկը և ոչ մի դեպքում չի կարող մեր ժողովրդին շեղել իր ընտրած ճանապարհից: Միասին լուծելու ենք բոլոր խնդիրները: Մեր ուժը մեր միասնության, Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության մեջ է: Եվ յուրաքանչյուրիս պարտքն է անսասան պահել այս ամենը:

Մեր հայրենիքին, մեր ժողովրդին` փոքրից մինչեւ մեծ, մաղթում եմ խաղաղություն, երջանկություն և հաջողություններ: