[ARM]     [RUS]     [ENG]

ԲԱՔՈՒՆ ՆՈՐ ՍԱԴՐԱ՞ՆՔ Է ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՒՄ

Ռուսաստանի և Սաուդյան Արաբիայի հավաքականների ֆուտբոլային խաղից հետո ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ընդունելություն կազմակերպեց ԱՊՀ երկրների ղեկավարների համար, որի ընթացքում տեղի ունեցավ Նիկոլ Փաշինյանի ծանոթությունն Իլհամ Ալիևի հետ։

Ինչպես ավելի ուշ հստակեցրեց Փաշինյանն ինքը, զրույց՝ որպես այդպիսին, չի եղել, պարզապես ծանոթացել են։

Այս առաջին հանդիպում¬ծանոթությունը, սակայն, չի կարող ազդել լեռնայինղարաբաղյան հիմնախնդրի շուրջ այսօր տեղի ունեցող գործընթացների վրա։ Իսկ ներկա գործընթացների էությունը կայանում է Բաքվի ցուցադրական ագրեսիվության մեջ՝ ինչպես Հայաստանի և Արցախի հետ սահմաններում, այնպես էլ տեղեկատվական դաշտում։ 

Հայ¬ադրբեջանական ոչ պաշտոնական  սահմանի նախիջևանյան հատվածում Բաքվի ակտիվության մասին արդեն բազմիցս խոսվել է։ Իսկ օրերս Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դավիթ Բաբայանը հայտարարել էր, որ ադրբեջանական կողմն ուժեր է կուտակում շփման գծի գրեթե ողջ երկայնքով՝ Արցախի և Ադրբեջանի սահմանամերձ շրջաններ տեղափոխելով ստորաբաժանումներ, որոնց մշտական տեղակայման վայրը գտնվում է Ադրբեջանի տարածքի խորքում։

Բաբայանի խոսքով՝ վերջին մի քանի օրերին ստորաբաժանումների առաջխաղացումն ակտիվացել է հատկապես արևելյան տափաստանային շրջաններում։ Բաբայանը հավելել է, որ նման ակտիվ տեղաշարժեր չի դիտվել 2016թ. ապրիլից ի վեր։ ԼՂՀ նախագահի խորհրդական Տիգրան Աբրահամյանը, իր հերթին, հաղորդել է, որ Ադրբեջանն ակտիվություն է ցուցաբերում միանգամից առաջնագծի մի քանի ուղղություններով և ՙիրավիճակի կտրուկ սրացման իրական սպառնալիք կա՚։ Փորձագետները հստակեցնում են, որ ադրբեջանական ստորաբաժանումներն առաջին հերթին առաջ են քաշվում նախկին Ֆիզուլիի և Աղդամի ուղղություններով։

Նախիջևանում և Արցախում իրենց զորամիավորումները հայկական դիրքերին մոտեցնելուն զուգահեռ Ադրբեջանի ԶԼՄ¬ները պարբերաբար զեկուցում են Ադրբեջանի հրթիռային ստորաբաժանումների զորավարժությունների մասին, որոնց զինանոցը վերջերս համալրվեց բելառուսական և իսրայելական արտադրության հայտնի հրթիռային համալիրներով։

Ի՞նչ են նշանակում նման դեմարշները` Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպում նախապատրաստելու մասին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարության համապատկերին։ Նախևառաջ, Բաքվում ցանկանում են ընդգծել, որ իրենց համար անընդունելի են Լեռնային Ղարաբաղի շուրջ բանակցային գործընթացում Ստեփանակերտի լիարժեք մասնակցության անհրաժեշտության մասին պաշտոնական Երևանի հայտարարությունները։ Ալիևը ձգտում է ցույց տալ, որ, եթե Երևանը չփոխի իր դիրքորոշումը, Բաքուն կարող է նոր ռազմական գործողություններ սկսել։ 

Իրականում դա միայն պատրվակ է, և Հայաստանի ու Արցախի դեմ նոր ռազմական արշավ սկսելու մասին որոշման համար Ալիևի համար նշանակություն ունի մեկ այլ գործոն՝ որքանով է կայուն իրավիճակը Հայաստանում և Արցախում։ Մի՞թե հատկանշական չէ, որ հենց մայիսին, երբ Հայաստանում ակտիվորեն ընթանում էր իշխանափոխության գործընթացը, Ադրբեջանը Նախիջևանում առաջ է անցել դեպի որոշակի նոր դիրքեր։ Իսկ հիմա, երբ քաղաքական ակտիվ ընդվզումը Հայաստանից մասամբ տեղափոխվել է Արցախ, ադրբեջանական զինվորականներն անցան Արցախի հետ շփման գծում իրենց տեխնիկայի ու մարդկային ռեսուրսների կուտակման նոր փուլի։ 

Բաքվի վարքագծում զարմանալի ոչինչ չկա. նրան ձեռնտու չեն բանակցային գործընթացի միտումները, 2016թ. ապրիլյան պատերազմը դրա վառ վկայությունն է։ Հենվելով Թուրքիայի աջակցության վրա, Բաքուն ձգտում է թույլ չտալ Արցախի միջազգային ճանաչման գործընթացը, այլապես խուճապի չէր մատնվի բանակցային եռակողմ ձևաչափը վերականգնելու առաջարկներից. հենց այդ ձևաչափի շրջանակներում էին ձեռք բերվել ինչպես 1994թ. հրադադարի համաձայնագիրը, այնպես էլ 1995թ. հրադադարի ռեժիմի ամրապնդման շուրջ պայմանավորվածությունները։

Ինչպես բազմիցս ընդգծել են Երևանի և Ստեփանակերտի պաշտոնական ներկայացուցիչները, Արցախի պաշտոնական ներկայացուցիչների մասնակցությամբ լիարժեք ձևաչափով բանակցություններից Ադրբեջանի հրաժարվելը նշանակում է ադրբեջանական իշխանությունների մոտ հակամարտությունը խաղաղ բանակցությունների ճանապարհով լուծելու կամքի բացակայություն, և այն, որ Բաքվի համար գլխավորը բանակցությունների հաջողությունը չէ, այլ` Արցախի դեմ նոր ագրեսիայի համար ժամանակ շահելը։

Մեր բոլոր աջ, ձախ, կանաչ, կարմիր և ցանկացած այլ տեսակի կուսակցությունները պետք է հնարավորինս արագ սթափվեն թավշյա տենդից. հրատապ օրակարգը շատ արագ կարող է կրճատվել-հասնել մինչև մեկ կետի։

Ռուբեն ՄԱՐԳԱՐՅԱՆ

   www.golosarmenii.am