Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_content, 1
  • Error loading component: com_content, 1

ԵԱՀԿ ՄԻՆՍԿԻ ԽՈՒՄԲԸ ՏԵՂՈՒՄ ՎԱԶՔ Է ԿԱՏԱՐՈՒՄ

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները տարածեցին, ճիշտ է, ըստ մեզ, մի քիչ ուշացած, հայտարարություն՝ հունիսի 12-14-ը Հայաստան կատարած իրենց այցի կապակցութամբ։

Նախօրեին նրանք հաղորդել են, որ այցը համարում են ճանաչողական` հասկանալու ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում հայկական նոր իշխանությունների դիրքորոշումը։Եվ այսպես, առաջին շփումը կայացավ։ Համանախագահները հանդիպեցին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի, պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի և Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի հետ։ Ի հայտ եկավ հայտարարություն, որն արտաքնապես, ինչպես միշտ, դեկլարատիվ բնույթ է կրում։ Համանախագահները հերթական անգամ հաստատեցին իրենց հավատարմությունը՝ կողմերին օգնելու խաղաղ ճանապարհով հակամարտության կարգավորման հարցում` Հելսինկյան եզրափակիչ ակտի, այդ թվում` ուժի չկիրառման, տարածքային ամբողջականության, ազգերի հավասարության ու ինքնորոշման սկզբունքների հիման վրա։ Նրանք հաղորդել են, որ Երևանում հանդիպումների ընթացքում քննարկել են գործընթացի առաջմղմանը միտված հետևյալ քայլերը՝ ՙմոտ ապագայում՚ Հայաստանի ու Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը, ինչպես նաև տեղի  ունեցավ կարծիքների փոխանակում հայ¬ադրբեջանական սահմանին ու շփման գծում տիրող իրավիճակի շուրջ, ընդգծվեց կառուցողական մոտեցման կարևորությունը։ 

Ըստ էության, այս հայտարարությունը ոչնչով չի տարբերվում նախորդների շարքից։ Սակայն շատ փորձագետներ առանձնացնում են որոշ նոր շեշտադրումներ։ Այն բանից հետո, երբ Փաշինյանը հայտարարություն է արել Արցախի Հանրապետությանը (Լեռնային Ղարաբաղ) լեռնայինղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում ներգրավելու անհրաժեշտության մասին, թվում էր` բանակցային ձևաչափը կարող էր փոխվել։ Նման բան տեղի չունեցավ, ձևաչափը մնում է նախկինը։ Իսկ քանի որ այդպես է, ապա նախանշված է բանակցային գործընթացի շարունակություն ու նախատեսվում է Ադրբեջանի և Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների հանդիպում։ Փորձագետները նկատեցին նաև Մինսկի խմբի համանագահների գործունեության երեք ուղղություններ՝ վստահության միջոցներ, հրադադարի պահպանում և քաղաքական ճանապարհով կարգավորում: Վստահության միջոցներն այժմ չեն աշխատում, քաղաքական կարգավորումը տեղում դոփում է, հրադադարը պահպանվում է միայն ձևականորեն, քանի որ հակամարտ կողմերի շփման գծում չեն դադարում զինված բախումները։

Միևնույն ժամանակ Զ. Մնացականյանը Բրյուսելում Արտաքին հարաբերությունների ու անվտանգության քաղաքականության հարցերով ԵՄ բարձր հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինիի հետ հանդիպմանը հայտարարում է բանակցություններին նպաստող մթնոլորտի ստեղծման ու ավելի վաղ ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման անհրաժեշտության մասին։ Հասկանալի է, որ խոսքը 2016թ. Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի համաձայնությունների կատարման մասին է, որոնք նախատեսում են հակամարտության գոտում մոնիտորինգի համակարգի ստեղծում և այնտեղ միջազգային դիտորդների ներկայություն։ Բայց Երևանի ու Բաքվի միջև մի րոպե անգամ չի դադարում տեղեկատվական պատերազմը, իսկ նշված համաձայնությունների կյանքի կոչումը տեսանելի ապագայում քիչ հավանական է։ Ավելին, դատելով բանակցային գործընթացից, նախկինի պես կպահպանվի գաղտնիության ռեժիմը, երբ միայն մատների վրա հաշված մարդիկ են տեղյակ՝ ինչի մասին և ինչպես են խոսում փակ բանակցություններում հակամարտող կողմերը։

Ինչ վերաբերում է հանրային կողմին, տարօրինակ իրավիճակ է ստեղծվում, երբ, օրինակ, Բաքուն ԵԱՀԿ ՄԽ հովանու ներքո բանակցային գործընթացին մասնակցում է մի օրակարգով, բայց և հանդես գալիս հայտարարություններով, թե ղարաբաղյան հակամարտության կարգավորումը հնարավոր է բացառապես Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում։ Եթե Բաքուն Մինսկի խմբին մեղադրում է ՙձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման հարցում անվճռականության՚ մեջ, ապա կոնկրետ ի՞նչ պայմանավորվածությունների մասին է խոսքը, ընդհանրապես, եթե ոչ` Վիեննայի ու Սանկտ Պետերբուրգի, որոնք հիմա ԵԱՀԿ ՄԽ օրակարգում են։ Եվ որքա՞ն երկար կարող են շարունակվել Մինսկի խմբի համանախագահների ՙմաքոքային դիվանագիտությունն՚ ու ՙթերասության դիվանագիտությունը՚։ Առանց հարցերը կամ խնդիրները հստակեցնելու ցանկացած բանակցություններ, ինչպես և փոխզիջման որոնումն անհնար են՝ անշրջելի ու արդեն տեղի ունեցած փաստերի հաշվառումով։ Առայժմ բանակցություններում Ստեփանակերտին ներգրավելու վերաբերյալ Փաշինյանի առաջարկից բացի, ինչը հընթացս մերժվեց Ադրբեջանի կողմից, առաջարկներում ինչ¬որ նոր բան չկա։ Նախանշաններ չկան նաև այս ուղղությամբ ձևաչափից դուրս դիվանագիտական և այլ խմբերի կողմից աշխատանքի համար։ Բոլորն ինչ¬որ բանի են սպասում, արդեն վաղուց հասունացել է իրավիճակը հանգուցալուծելու  պահանջը։ Բայց ո՞վ կանի դա։

Ստանիսլավ ՏԱՐԱՍՈՎ

REGNUM տեղեկատվական գործակալություն