[ARM]     [RUS]     [ENG]

ԴԱՍԱԿԱՐԳԵԼ ԱՌԱՋՆԱՀԵՐԹՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԱՅՍՕՐՎԱՆԻՑ ՍԿՍԵԼ 2019թ. ՊԵՏԲՅՈՒՋԵԻ ԿԱԶՄՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ

Հարցուպատասխանի ժամ խորհրդարանում

 Օրենսդիր-գործադիր հերթական հարցուպատասխանն անցկացվեց Ազգային ժողովի հունիսի 27-ի լիագումար նիստում՝ ԱՀ Նախագահ Բակո Սահակյանի և կառավարության անդամների մասնակցությամբ։ 10 պատգամավորի կողմից հնչեցվեցին երկրի կենսագործունեության ամենատարբեր ոլորտներին առնչվող հարցեր։

Գագիկ Բաղունցին մտահոգում էր ինտերնետ կապի որակը։ Բնակչությանը որակյալ և հասանելի ինտերնետ կապ ապահովելու համար կոնկրետ ի՞նչ ժամկետ է նախանշված։ Պատգամավորի գնահատմամբ՝  վերջին տարիներին ծավալված աշխատանքների արդյունքը գոհացուցիչ չէ։ 

ԱՀ էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարար Լևոն Գրիգորյանը հարցի առնչությամբ նշեց, որ ՙՂարաբաղ Տելեկոմը՚ վերջին տարիներին հանրապետության տարածքում ավելացրել է ինտերնետ կապի արագությունն ու ծավալը։ Այլ խնդիր է, որ բնակչության մոտ սպառման ավելի մեծ պահանջարկ է առաջացել՝ պայմանավորված տեխնոլոգիաների զարգացմամբ և ինտերնետ միջավայրում տարբեր ծրագրերի օգտագործմամբ։ Ուրեմն, հարկ է ուշադրություն դարձնել օպերատորի հետ կնքվող պայմանագրերին։ Կարևոր է, որ այդ ծառայությունից օգտվող բնակիչները ճիշտ հաշվարկեն պոտենցիալ սպառումը և, ելնելով դրա ծավալից՝ փորձեն ավելի լավ փաթեթ ունենալ։ ՙՂարաբաղ Տելեկոմը՚ շարունակում է ցանցի արդիականացման և բարելավման ուղղությամբ աշխատանքները, առաջին հերթին՝ մայրաքաղաքում, որից հետո կանցնի շրջկենտրոններին և մյուս բնակավայրերին։ Ինտերնետ  կապի որակի և ծավալի փոփոխություն կզգացվի արդեն մոտակա ժամանակներում, հավաստիացրեց նախարարը։ 

Հայկ Խանումյանի առաջին հարցը հնչեց հետևյալ ձևակերպմամբ. 2016թ. ապրիլից հետո ԱԺ-ում ստեղծվեց ոչ ֆորմալ խումբ՝  զորահավաքի, զինապարտության, ռազմական դրության մասին օրենքների  ուսումնասիրման նպատակով։ Այդ օրենքները հղում են կատարում կառավարության մի քանի տասնյակ կարգերի վրա, որոնք իրականում չկան։ Դրանք առ այսօր չեն ընդունվել։ Պատգամավորն իր հարցն ուղղեց ԱՀ Նախագահին՝ ինչո՞ւ այս վերջին երկու տարվա ընթացքում գործադիրն անգործություն ցուցաբերեց այդ կարևորագույն հարցերում, ինչո՞ւ չեն ընդունվել երկրի անվտանգության և պաշտպանության հարցերի վերաբերյալ կարևոր նշանակություն ունեցող կարգերը։ 

Հ. Խանումյանի երկրորդ հարցն ուղղվեց արդարադատության նախարարին. հունիսի 16-ին 19 հոգի Վերածննդի հրապարակում Նախագահի հեռացման կարգախոսով հավաք են անցկացրել։ Հավաքների սահմանադրական իրավունքը սահմանափակող միակ ակտի՝ Ստեփանակերտի քաղաքապետի որոշման մեջ գրված է, որ մինչև 20 մարդու ընդգրկմամբ հավաքները որևէ իրազեկում չեն պահանջում։ Ոստիկանությունը խոչընդոտել է այդ հավաքը, ասաց պատգամավորը և հարցրեց՝ ինչպե՞ս է արդարադատության նախարարը գնահատում ոստիկանության գործողությունները։ Դրանք  իրավաչա՞փ են, օրինակա՞ն, թե՞ ապօրինի։  

Առաջին հարցին պատասխանեց Նախագահ Սահակյանը՝ անհամաձայնություն հայտնելով Խանումյանի որակումներին։ Կառավարությունը նշված հարցում չի հապաղել. անցած ժամանակահատվածում Պաշտպանության նախարարության պատասխանատուներն անց են կացրել բազմաթիվ քննարկումներ, որոնց արդյունքների մասին տեղեկատվություն է հրապարակվել։ Նշված օրենքների նախագծերի հետ կապված մի շարք հանդիպումներ են եղել, այսօր էլ այդ աշխատանքները շարունակվում են։ Նախագահի խոսքով՝ նշված հարցերի կարևորությունը չի անտեսվել, առհասարակ, բացառվում է, որ մեր անվտանգության համակարգին վերաբերող առաջարկությունները կամ նախաձեռնություններն անտեսվեն ոլորտի պատասխանատուների կողմից։ ՙԿան մի շարք հանգամանքներ, որոնք ենթակա են լրացուցիչ քննարկումների,-շարունակեց Նախագահը,- պաշտպանության նախարարը խորհրդարանում նույնպես ներկայացրել է մի շարք առաջարկություններ։ Նախատեսված աշխատանքային ծրագրերից մենք դուրս չենք եկել, այնպես որ՝ ես չեմ ընդունում այն որակումը, որ մենք անտեսել ենք մեր երկրի համար կարևորագույն նշանակություն ունեցող հարցերը՝ լինի դա զորահավաքների, կամ էլ այլ խնդիրների հետ կապված՚։ 

ԱՀ պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանն անհրաժեշտ համարեց իր կողմից տեղեկացնել, որ, պատգամավորի կողմից մատնացույց արված օրենքներից բացի, նաև  անդրադարձ է եղել կառավարության որոշումներին, որոնցում կատարվել են փոփոխություններ՝ կցագրման, ՏԻՄ մարմինների գործունեության, պատերազմական իրադրության և զորահավաքի կազմակերպման հետ կապված։ Նախարարը վստահեցրեց, որ քննարկման առանցքում են եղել նաև կառավարության համապատասխան կարգերը, որոնք կոչված են կարգավորելու տեխնիկական տարրերը։ Հատկապես ուշադրություն է դարձվել մայրաքաղաքում և հանրապետության մյուս համայնքներում զորահավաքի կազմակերպման հարցերին, նախարարության տեսադաշտից ոչ մի ուղղություն դուրս չի մնացել։

Երկրորդ հարցի հասցեատերը ԱՀ արդարադատության նախարար Արարատ Դանիելյանն էր։ Նա հավաքների ազատության մասով նշեց, որ ԱԺ ընթացիկ նիստում ներկայացվել է այդ օրենքի նախագիծը, որով նախատեսվում են լիազոր մարմնի՝ համայնքի ղեկավարի կողմից իրականացվող գործառույթները։ Թե ոստիկանության գործողությունները որքանով են իրավաչափ եղել, հարցը չի մտնում Արդարադատության նախարարության լիազորությունների մեջ։ Գործողությունների գնահատականը տալիս է դատարանը։ Ցանկացած որոշում՝ լինի դա հավաքի արգելում, սահմանափակում, կարող է բողոքարկվել դատարանում։ Բայց հավաքի կազմակերպիչն  առաջին հերթին պետք է հաշվի առնի, որ իր կազմակերպած հավաքը չպիտի խախտի այլոց իրավունքներն ու ազատությունները։ Այդ հանգամանքը հստակ ամրագրված է գործող օրենքում։

ՙԴաշնակցություն՚ խմբակցության վերջին հանդիպումներից մեկն անցկացվել է ուսուցիչների հետ, որի ընթացքում արծարծվել է նրանց արձակուրդայինի վճարման հարցը։ Հնարավո՞ր կլինի ժամանակին վճարել, թե՞ կլինեն ուշացումներ. պատգամավոր Արմեն Սարգսյանի հարցն ուղղվեց ֆինանսների նախարար Արթուր Հարությունյանին։ Նախարարի իրազեկմամբ՝ այս պահի դրությամբ առաջին փուլի բոլոր արձակուրդայինները վճարված են՝ համաձայն ներկայացված հայտերի։ Երկրորդ փուլը նախատեսված է հուլիսին, ֆինանսավորումը չի ուշանա։ Հարցի հստակ պարզաբանումը տրվեց Նախագահ Սահակյանի կողմից։ Անցած տարիներին չի եղել մի դեպք, որ ուսուցիչների արձակուրդայինը վճարվի մեկ ամսվա ընթացքում։ Մշտապես դրանք վճարվել են երկու ամսվա ընթացքում՝ հունիս-հուլիս ամիսներին։ Գործադիրը նախկինում փորձել է թոշակների և ուսուցիչների արձակուրդայինի վճարման հարցը  մեկ ամսում իրականացնել, բայց 2012 թվականին նման որոշում ընդունելուց հետո հայտնվել է բավականին բարդ իրավիճակում։ Համարձակ քայլ կատարվեց, որի իրականացումը դարձավ անհնար։ Երկրի փաստացի հնարավորությունները թույլ չտվեցին լուծել խնդիրը, ընդգծեց Նախագահը։ 

Պատգամավոր Արսեն Առստամյանը հանդիպել է Հեքիմյան փողոցի մի քանի շենքերի բնակիչների հետ։ Նրան լիազորել են շենքերի բակի ասֆալտապատման խնդրի մասին բարձրաձայնել ԱԺ ամբիոնից։ Ընթացիկ տարում հնարավո՞ր կլինի լուծել խնդիրը։ Նա  հանդիպել է նաև Մխիթար Գոշի փողոցի երեք բնակելի շենքերի բնակիչների հետ։ 10Ա -ում բնակվողներն իրենց մտահոգությունն են հայտնել առ այն, որ յուրաքանչյուր հորդառատ անձրևից հետո նկուղը լցվում է անձրևաջրերով։ Հարցը նույնն էր՝ կարելի՞ է ակնկալել իրավիճակի փոփոխություն։      

Երկու հարցերին էլ պատասխանեց ԱՀ քաղաքաշինության նախարար Կարեն Շահրամանյանը։ Մայրաքաղաքում կշարունակվեն բարեկարգման աշխատանքները՝ մի մասը պետբյուջեի հաշվին, մյուսը՝ տարաժամկետ վճարման պայմանով՝ հաշվի առնելով  այդ աշխատանքների իրականացման համար զգալի ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը։ Նշված շենքերի բարեկարգման հարցին նախարարությունը կանդրադառնա առաջիկայում։ Մխիթար Գոշի փողոցի շենքերի անմխիթար վիճակը բարելավելու նախագիծն արդեն առկա է, որը նույնպես մեծ գումարներ է պահանջում։ Ներկա դրությամբ շենքերից մեկի տանիքի հիմնանորոգման աշխատանքներն են ընթանում։   

Ընտրողների հետ հանդիպումների ժամանակ պարբերաբար հնչում են հարցեր խմելու ջրի որակի բարձրացման մասին։ Պատգամավոր Ռիտա Մնացականյանի վկայությամբ՝ Բերձորի բնակիչները վերջերս ահազանգ են հնչեցրել իրենց բնակարանների ծորակներից հոսող ցեխաջրերի, որդերի և միջատների մասին։ Ջրի ֆիլտրման խնդիրը հարկ է ժամանակին լուծել։ Ասկերանի շրջանի Խանցք գյուղի բնակիչներն էլ գազիֆիկացման կարիք ունեն, բացի այդ, մտահոգիչ խնդիր է   Ստեփանակերտի հետ տրանսպորտային կապի բացակայությունը։ Խանցքի գազիֆիկացումը, Կարեն Շահրամանյանի պարզաբանմամբ, տնտեսական նպատակահարմարության խնդիր է։ Իսկ խմելու ջրի որակի բարձրացումը համեմատաբար դյուրին է. նախարարը խոստացավ մշակել ֆիլտր կայանի նախագծա-նախահաշվային փաստաթղթերը, կաշխատեն գտնել նաև անհրաժեշտ ֆինանսական միջոցները։

Վահրամ Բալայանը գործադիր իշխանությանն առաջարկեց հավուր պատշաճի հավերժացնել Արցախի ազգային -ազատագրական շարժման ամենավառ դեմքերից մեկի, Շարժման գաղափարախոս Իգոր Մուրադյանի հիշատակը. հուշարձան կանգնեցնել, Ստեփանակերտի փողոցներից մեկը վերանվանել նրա անունով։ Կարող են լինել նաև այլ նախաձեռնություններ։  

Էդուարդ Աղաբեկյանը կարևորեց հիփոթեքային վարկավորմամբ զոհված զինծառայողների ընտանիքների բնակարանային պայմանների բարելավման հարցը՝ տեղեկացնելով, որ քաղաքացիները բողոքում են, գործընթացն ինչ-որ առումով արգելակվել է։ Ծրագիրը շարունակվելո՞ւ է, թե՞ ոչ։ 

Պատասխանելով հարցին՝ ԱՀ պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը նշեց, որ որևէ ծրագրի սահմանափակում գոյություն չունի։ Ինչ վերաբերում է Սոցիալական ծրագրերի հիմնադրամի կողմից իրականացվող հիփոթեքային վարկավորմանը, ապա ծրագիրը շատ  ավելի մեծ թափ ու ծավալ է ստացել։ Անցած 5-6 ամիսների ընթացքում Սոցիալական ծրագրերի հիմնադրամը Արցախի ներդրումային հիմնադրամի համեմատ շուրջ երկու անգամ ավելի հիփոթեքային վարկի սուբսիդավորում է իրականացրել։ Ծրագրի դանդաղումը պայմանավորված է որոշ հանգամանքներով, վարկային ռեսուրսների սահմանափակումն էլ ժամանակավոր բնույթ է կրում։ Պետնախարարի խոսքով՝ ընդհանուր առմամբ, ծրագիրն արդյունավետ է, որոշ վերլուծություններից հետո կլինեն նաև վերանայումներ։

Պատգամավոր Արթուր Թովմասյանի հարցը վերաբերում էր հանրապետությունում արձանագրված վերջին կարկտահարությանը և հողօգտագործողների մտահոգություններին։ Հողօգտագործողներն ուզում են իմանալ՝ կառավարության կողմից կլինի՞ փոխհատուցում։

Գյուղատնտեսության նախարար Ժիրայր Միրզոյանն ի պատասխան հարցի՝ ասաց, որ ուսումնասիրվել են կարկուտի հետևանքով հասցված վնասի չափերը, գյուղատնտեսական նշանակության  9016 հա տարածքի վրա բերքահավաք չի կազմակերպվի։ Եվս 1900 հա վնասված է որակվել 50-70%-ով։ Վերջնական տվյալները, անշուշտ, ձեռքի տակ կլինեն բերքահավաքի ավարտից հետո։ Փոխհատուցման մասով նախարարը տեղեկացրեց, որ հարցը քննարկվել է տարբեր ատյաններում ու նաև ԱՀ Նախագահի մոտ։ Միանշանակ կարելի է ասել մի բան՝  հողօգտագործողները գործադիրից կարող են ֆինանսական աջակցություն ակնկալել, բայց ամբողջական փոխհատուցում չի կարող լինել։

ԱՀ Նախագահն անհրաժեշտ համարեց անդրադառնալ այդ հարցով անցկացված խորհրդակցությանը. արձանագրվել է 2 միլիարդ դրամ պարտք՝ առանց գյուղատնտեսությանը հասցված վնասի, խնդիրներ կան նաև զորամասերում ու զինավաններում։ Իրավիճակի շտկման ուղղությամբ աշխատանքներն արդեն ընթանում են։ Նախնական տվյալներով՝ երկրի տնտեսությանը հասցված վնասը կազմում է  2 մլրդ 500 մլն դրամ։ Սպասվում են լրացուցիչ քննարկումներ, իշխանությունը հողօգտագործողին մենակ ու անպաշտպան չի թողնի, հավաստիացրեց Նախագահը։ 

ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը տարբեր տեղերից դիմումներ է ստացել, որոնցում քաղաքացիներն իրենց մտահոգությունն են հայտնում Շուշիի քաղաքային հիվանդանոցի շենքային պայմանների ոչ բարվոք վիճակի կապակցությամբ։ Նախատեսվո՞ւմ է արդյոք հիվանդանոցի շենքի վերանորոգում, կամ մեկ այլ լուծում։

Կարեն Շահրամանյանի պատասխանը հետևյալն էր. առողջապահության ոլորտի մասնագետների հետ հարկ է քննարկել հարցը՝ ճշտելու, թե արդյո՞ք պետք է Շուշիում ունենալ մեծ հիվանդանոց։ Որոշումը կկայացվի քննարկումներից հետո միայն։ 

Ամփոփելով հարցուպատասխանը՝ ԱՀ Նախագահը ևս մեկ անգամ ուշադրություն հրավիրեց իր կողմից նախկինում արված առաջարկության վրա՝ կիրառել առաջնահերթությունները դասակարգելու մշակույթը։ ՙՄենք հաստատում ենք պետբյուջեն, նրա կատարողականի հարցում փորձում ենք հետևողական լինել, բայց ամեն անգամ այս կարգի հանդիպումներից հետո ես համոզվում եմ, որ նման անհրաժեշտություն մենք իրոք ունենք՚,- ընդգծեց երկրի ղեկավարը։ Նախագահը հակված է գործել առկա հնարավորությունների շրջանակներում, բայց երբեմն հարկ է լինում գործել նաև այդ հնարավորություններից դուրս՝ ներգրավելով արտաբյուջետային միջոցներ։ Բ. Սահակյանն առաջարկեց այսօրվանից սկսել 2019թ. պետբյուջեի կազմման աշխատանքները՝ որպես հիմք ընդունելով առաջնահերթությունների դասակարգումը։                     

                     

Ռուզան ԻՇԽԱՆՅԱՆ