[ARM]     [RUS]     [ENG]

Լեւոն ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ. ՙԵթե խաղաղ բնակավայրերի վրա մի կրակոց լինի, իրենց համար շատ վատ վերջաբան է ունենալու՚

Եթե խաղաղ բնակավայրերի վրա մի կրակոց լինի, իրենց համար շատ վատ վերջաբան է ունենալու։ Այս մասին Hetq.am-ին տված հարցազրույցում նշել է Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար, Պաշտպանության բանակի հրամանատար Լեւոն ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆԸ։

 - Պրն Մնացականյան, նորից կուտակումներ կան սահմանի տարբեր հատվածներում, Դուք հիմա էլ, զրույցի ընթացքում, անընդհատ էկրանին եք նայում (նախարարը էկրանի վրա տեսնում է ղարաբաղա-ադրբեջանական սահմանի յուրաքանչյուր հատվածի տեսագրող սարքերի կադրերը-հեղ.)։ Ի՞նչ եք կարծում, հնարավո՞ր է հարձակում լինի։ Ւնչու՞ է հակառակորդն այդքան ակտիվացել։

- Այս փուլում հարձակման հավանականությունը փոքր է, բայց` ոչ բացառելի։ Այժմ նրանք գործնական վարժանքներ են իրականացնում առաջնագծում։ Վարժում են անձնակազմը, փորձարկում են տեխնիկան, մշակում մարտավարությունը։ Այս ամենը մեզ հուշում է, որ պետք է պատրաստ լինենք ցանկացած զարգացման։

- Սահմանի տարբեր հատվածներում այժմ զորավարժություններ են, ըստ տեսանյութերի՝ դրանք, կարծես, մեծ չափերի չեն։

- Վերջին մեկ ամսվա ընթացքում զորավարժությունները գրեթե չեն ընդհատվում։ Մասնակցում են տարբեր ուժեր, կարելի է ասել՝ ընդգրկվում են բոլոր մասնագիտական ստորաբաժանումները։ Առավել շատ ուշադրություն են դարձնում հրետանային զորամասերի զորավարժություններին։ Այս տարվա ընթացքում արդեն մի քանի անգամ անցկացրել են հրետանային զորամասերի զորավարժություններ։ Դրանք անցկացվում են ինչպես իրենց մոտակա խորքի զորավարժարաններում, այնպես էլ իրենց խոշոր  զորավարժարաններում։ Այս պահին սկսել են նաեւ ինժեներական ստորաբաժանումների զորավարժություններ։ Այսինքն՝ դա մեզ թույլ է  տալիս մտածել, որ նրանք նախապատրաստվում են ինչ-որ գործողությունների։ Այսօր մենք նաեւ դիտարկում ենք տանկային, ինժեներական եւ ռեզերվային ստորաբաժանումների զորավարժություններ։

- Ադրբեջանական լրատվամիջոցները ներկայացնում են ձեռք բերած նոր զինատեսակները, նորից խոսում են ռազմական գործողություններով Արցախն ՙազատագրելու՚ մասին։ Հայտնի է արդեն, որ Ադրբեջանը Բելառուսից ձեռք է բերել ՙՊոլոնեզ՚ համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր, Bell 412 ռազմական ուղղաթիռներ։ Այդ զինատեսակներին դիմակայելու, դրանք ոչնչացնելու զենքեր ունի՞ ՊԲ-ն։

- Այո, իրենք ցուցադրում են, բացի ՙՊոլոնեզ՚-ներից՝ իսրայելական նույնատիպ հրթիռներ են ձեռք բերել, նաեւ՝ լրացուցիչ հրետանային կայանքներ, հակատանկային միջոցներ։ Այսինքն՝ գիտենք, թե նրանք ինչով են համալրվել։ Ադրբեջանը շարունակում է անօդաչու սարքերի արտադրությունը, ինչպես հարվածային, այնպես էլ հետախուզական։ Նաեւ նորից ձեռք են բերել իսրայելական անօդաչու թռչող սարքեր։ Վերջին մեկ ամսվա ընթացքում նկատելի են դարձել ավելի խորքերում իրենց անօդաչու սարքերի թռիչքները։ Մենք, իհարկե, հետեւում ենք այդ ամենին եւ հակամիջոցներ ենք ձեռնարկում, գործողություններ իրականացնում։ Եվ, կարելի է ասել, որ հիմնականում մեր քայլերն ուղղված են նոր ձեռք բերված իսրայելական LORA հրթիռային համակարգերի եւ ՙՊոլոնեզի՚ դեմ՝ մեր հակաօդային ուժերը դրանք խոցելու ուղղությամբ են աշխատում։

Մենք էլ ենք մեր մարտավարության մեջ որոշակի փոփոխություններ կատարում։ Անում ենք ամեն ինչ, որպեսզի այդ զենքերի արդյունավետությունը նվազեցնենք մեր զորքերի վրա ներգործության ընթացքում։

- Իսկ Արցախի բանակը նոր զինատեսակներ ձեռք չի՞ բերում։

- Մենք էլ ենք ձեռք բերում։ Չթվարկեմ, մենք էլ ունենք նոր հրթիռներ, ունենք միջոցներ, որ նախկինում չենք ունեցել։ Խտությունները, քանակներն ենք ավելացրել։ Հետախուզական միջոցներն են ավելացել, հակառակորդի շարժերը, տեխնիկան վաղ հայտնաբերելու համար՝ անկախ եղանակային պայմաններից, կրակի կառավարման նոր միջոցներ ենք ձեռք բերել։

- Այսինքն՝ հակառկորդի այդ հրթիռները կարո՞ղ եք խոցել։

- Այո, մեր հակաօդային պաշտպանության ուժերի խնդիրներից մեկն է դա, եւ ի վիճակի ենք դրանք խոցել։

- Ասացիք, որ նրանք խորքերում հետախուզություն են անում անօդաչու սարքերով, իսկ Արցախի բանակը կարողանու՞մ է հետախուզություն անել հակառակորդի թիկունքում, խորքերում։

- Իհարկե, մենք երբեք չենք դադարեցրել, թե՜ մոտակա տարածքներում, թե՜ խորքերում,  եւ թե՜ ցերեկը, թե՜ գիշերը այսպիսի հնարավորություններ ունենք։ Իրենց ունեցածին մերը ոչնչով չի զիջում տեխնիկական բնութագրերով։

- Կարելի՞ է ասել, որ անակնկալ հարձակում չի լինի։ Այսինքն, եթե հարձակում լինի,  անակնկալ  չի լինելու, որքա՞ն ժամանակ առաջ եք իմանալու, եթե հակառակորդը գործողություն սկսի։

- Անակնկալ, իհարկե, չի լինի, որովհետեւ մենք անընդհատ հետեւում ենք ադրբեջանական զինուժի կողմից ձեռնարկվող քայլերին։ Հարցն այլ հարթությունում պետք է դիտարկել, քանի որ արդեն գործ ունենք ժամանակակից ռազմատեխնիկական հնարավորություններով օժտված հակառակորդի հետ։ Սա նշանակում է, որ, ի տարբերություն երեկվա, հակառակորդի նախահարձակ մտադրությունը կռահելու համար մենք մեր տրամադրության տակ ունենալու ենք ժամեր, այլ ոչ թե օրեր։ Հաշվի առնելով այս հանգամանքը, այսօր մենք մեր նախապատրաստական եւ կանխարգելիչ գործողություններն իրականացնում ենք հենց այդ հանկարծակիության գործոնի հաշվառումով։ Համոզված եմ, որ օպերատիվ-մարտավարական այս նոր պայմաններում եւս մեր բանակը գտնվելու է իր բարձրության վրա եւ պատվով է կատարելու առաջադրված խնդիրը։ 

- Իսկ եթե հակառակորդը խաղաղ բնակավայրերին հարվածի՞։

- Եթե խաղաղ բնակավայրերի վրա մի կրակոց լինի, իրենց համար շատ վատ վերջաբան է ունենալու։ Մենք այդ մասին զգուշացրել ենք մի քանի անգամ։