[ARM]     [RUS]     [ENG]

Ադրբեջանի հրահրած նոր պատերազմը ոչ թե կենաց, այլ մահու պատերազմ կլինի

Ընթացիկ տարվա ապրիլից Ադրբեջանը լրացուցիչ ստորաբաժանումներ է տեղակայում Արցախի հետ շփման գծում։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանը։

 Ադրբեջանը, սակայն, չպետք է պատրանքներով սնվի։ Եվ Ադրբեջանում պետք է իմանան՝ մենք կպաշտպանվենք մինչեւ վերջ, ցանկացած մեթոդներով, մինչեւ արյան վերջին կաթիլը՝ մեր եւ ադրբեջանական։ Նրանց հրահրած պատերազմը ճակատագրական կլինի։ Մենք պատերազմ չենք ցանկանում։ Եվ մենք համոզված ենք, որ նորմալ չէ երեխաների, ծերերի, կանանց մահը ցանկանալ միայն այն պատճառով, որ նրանք ուրիշ ազգության են պատկանում։ Մենք չենք ցանկանում ադրբեջանցիներին սպանել, չենք ցանկանում նրանց պետությունը ոչնչացնել, սակայն մենք մեր երկիրը կպաշտպանենք, եւ կա անցած տարիների փորձը, թե ինչով են ավարտվել Բաքվի պատրանքները՚,- շեշտեց Բաբայանը։

Միաժամանակ, նա հիշեցրեց, որ պատերազմում չի կարող հաղթել միայն բանակը՝ ամուր թիկունք է անհրաժեշտ։ ՙՄեր դեպքում դա Հայաստանի, Արցախի եւ Սփյուռքի եռամիասնությունն է։ Ադրբեջանը եւ Թուրքիան փորձում են խախտել եռամիասնությունը։ Բայց դա անհեռանկարային է։ Չնայած ամեն ինչին, ժողովուրդն իմաստուն է։ Եվ եթե Ադրբեջանը նոր պատերազմ հրահրի, դա կլինի ոչ թե կենաց, այլ մահու պատերազմ։ Մեզ համար դա մեր քաղաքների ու գյուղերի, մեր հողի պաշտպանությունն է։ Ադրբեջանի համար՝ հավակնությունների հարց։ Դրանք անհամաչափ հասկացություններ են, եւ այն նոր պարտություն է խոստանում չափն անցած հակառակորդին։ Այլ ճանապարհ չկա՚,- շեշտեց Դավիթ Բաբայանը։