[ARM]     [RUS]     [ENG]

ԱՌԱՆՑՔԻ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԵՐԿԱԿԻ ԽԱՂԵՐԸ

Պաշտոնական Թեհրանը ողջունեց եւ դրական գնահատական տվեց Թուրքիայի նախագահի վերընտրությանը։ Հավանաբար, քաղաքական առումով ընկալելի դրսեւորում է, որն անում է Իրանի Իսլամական Հանրապետության արտգործնախարարության խոսնակը։

 Քաղաքական ընկալելիությունն այս դեպքում առավելաբար տարածաշրջանում Մոսկվա-Թեհրան-Անկարա երբեմն ուրվագծային, հաճախ ուղղակի տեսանելի ռազմավարական եռակողմ դաշինքի հետ կապված է՝ հատկապես Սիրիայի տարածքում արձանագրվող իրադարձությունները նկատի ունենալով եւ Թեհրան-Վաշինգտոն ըստ էության հակադրության եւ Թեհրան-Վաշինգտոն վայրիվերումային հարաբերությունները նկատի ունենալով։

Ուրեմն` խնդիրը միջինարեւելյան տարածաշրջանի կամ Սիրիական պատերազմին առնչված ռազմաքաղաքական իրադրությունների հետ կապ չունի միայն։ Թեհրանի դեմ հատկապես Վաշինգտոնի կողմից կիրառվող մեկուսացման քաղաքականությունը հատկանշվեց միջուկային համաձայնությունից հետ քաշվելով եւ պայմանագիրը ստորագրած երկրներին կոչ անելով չեղարկելու համաձայնությունը։ Պատժամիջոցների վերաորդեգրմանն առընթեր կոչերը կշարունակվեն արգելակել Իրանից գազի արտահանումը։

Այս պայմաններում Անկարան Վաշինգտոնի թելադրած խաղի կանոններին հետեւելու ոչ միանշանակ քայլեր  է անում։

Թուրքիայի արտգործնախարարը հունիսի 26-ին հայտարարել է, որ Թուրքիան անփոխարինելի դաշնակից է ո՜չ միայն ԱՄՆ-ի, այլեւ բոլոր դաշնակիցների համար։ Պետք է հասկանալ այստեղ նաեւ՝ Իրանի։

Նույն օրերին Կրեմլը հաղորդագրությամբ հայտարարում է, որ ՌԴ-ի եւ Թուրքիայի նախագահները համաձայնել են սերտորեն համագործակցել Սիրիայի հիմնախնդրի լուծման համար եւ անդրադարձել մարզում նավթի միացյալ ծրագրերի առաջնահերթությանը։ Ուժանյութային/նավթային-ռազմավարական ծրագրերի համաձայնեցման այս հայտարարությունն արվում էր զուգահեռ Իրանի մեկուսացման համար եւ վառելանյութի արտահանման դեմ մղվող ամերիկյան պայքարին, մինչ քաղաքական կոչերը կենտրոնանում էին իրանյան ուժերին սիրիական տարածքներից հեռացնելու հրամայականի վրա։

Թուրքական այս երկակի խաղը որոշ ճանապարհ արդեն անցել է եւ դեռևս շարունակվելու նախադրյալներ  է երևակում։ Բայց վերադառնանք տարածշրջանային ռազմավարական առանցքին եւ անմիջապես նկատի ունենանք, որ այդ առանցքային պետություններից երկուսի հետ ամերիկյան հարաբերությունները վերափոխվելու շեմին են։

Թուրքիայի նախագահի վերընտրության շնորհավորանքի առիթով ԱՄՆ-ի եւ Թուրքիայի նախագահները շեշտել են իրենց վճռականությունը` ամրապնդելու երկկողմ հարաբերությունները, նախ՝ ռազմական հողի վրա։ Նրանք նաեւ շեշտել էին Սիրիայի հիմնախնդրի լուծման համար միացյալ ճանապարհային քարտեզի  կարեւորությունը եւ ահաբեկչության դեմ պայքարում համագործակցության շարունակության անհրաժեշտությունը։

Իսկ հիմա արդեն խոսվում է Թրամփ-Պուտին հելսինկյան հանդիպման  նախապատրաստությունների մասին։

Առանցքի պետություններից Վաշինգտոնի հետ հարաբերություններում Անկարան եւ Մոսկվան այլ ուղղության վրա են գտնվում։

Վերադառանանք Էրդողանի վերընտրությունը Թեհրանի կողմից դրական եւ ողջունելի համարելու հայտարարությանը եւ հիմա էլ նկատենք, որ հայտարարությունը կատարվել է ոչ թե նախագահական, ոչ թե արտգործնախարարի, այլ արտգործնախարարության խոսնակի աստիճանաչափով։ 

 

Շահան ԳԱՆՏԱՀԱՐՅԱՆ

ՙԱզդակ՚ թերթի գլխավոր խմբագիր

Լիբանան