[ARM]     [RUS]     [ENG]

Վ. ԵՎՍԵԵՎ. ՙՌՈՒՍԱՍՏԱՆՅԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ԱՅՑՆ ԱԴՐԲԵՋԱՆ ՉԻ ԱՐՏԱՀԱՅՏՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՐՑՈՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄԸ՚

Ռուսաստանյան պատվիրակությունը, որի կազմում էին քաղաքագետներ Մաքսիմ Շևչենկոն, Իգոր Կորոտչենկոն, Ալեքսանդր Դուգինը և Պետդումայի պատգամավոր Դմիտրի Սավելևը, օրերս  Ադրբեջանում այցելեցին Լեռնային Ղարաբաղի սահմանամերձ շրջանում տեղակայված զորամասերից մեկը, որտեղ ռուսաստանցիները բարձրացան Լելեթեփե բարձունքը, որը գրավվել էր ադրբեջանական ուժերի կողմից 2016թ. ապրիլյան ՙքառօրյա պատերազմի՚ ժամանակ։

 Ռուս ռազմական փորձագետ, ԱՊՀ երկրների ինստիտուտի փոխտնօրեն Վլադիմիր Եվսեևը համարում է, որ ռուսաստանյան պատվիրակության այցը մասնավոր բնույթ էր կրում և չի արտահայտում Ռուսաստանի ղեկավարության դիրքորոշումը։

ՙԱյցը պաշտոնական բնույթ չէր կրում։ Եթե ռուսաստանյան առանձին փորձագետներ դրանում մասնակցություն ունեցան, դա դեռ չի խոսում այն մասին, որ նրանք հայտնեցին Ռուսաստանի ղեկավարության տեսակետը, հատկապես այն հարցի շուրջ, թե Հարավային Կովկասում որ պետությունն է հանդիսանում Ռուսաստանի Դաշնության դաշնակիցը։ Միջազգային գործող փաստաթղթերի համաձայն` Ռուսաստանի միակ դաշնակիցը Հարավային Կովկասում Հայաստանի Հանրապետությունն է՚,- ասել է Վլադիմիր Եվսեևը ՙՌուսԱրմԻնֆո՚-ին տված հարցազրույցում։ 

Ռուս փորձագետի կարծիքով, ռուսաստանյան պատվիրակության կողմից Լելեթեփե բարձունքն այցելելը անցանկալի քայլ էր ռուս-հայկական հարաբերությունների անկայունության պայմաններում: ՙԿոնկրետ այդ բարձունքն այցելելը խորհրդանշական բնույթ էր կրում, քանի որ 2016թ. ապրիլին տեղի ունեցած պատերազմը նախաձեռնել էր Ադրբեջանը՝ ի խախտումն այն համաձայնագրերի, որոնք ձեռք էին բերվել 1994-1995թթ., ինչպես նաև Մադրիդյան սկզբունքների։

Ադրբեջանը փորձում է օգտագործել Հայաստանի ներքին անկայունությունը, որպեսզի թուլացնի նրա կապերը Ռուսաստանի հետ, քանի որ միայն այդպես է հնարավոր Լեռնային Ղարաբաղի վերադարձը՚,- համարում է Վլադիմիր Եվսեևը։

Վ. Եվսեևը նշում է, որ եթե Մոսկվայի ու Երևանի միջև հարաբերությունները կայուն բնույթ ունենային, ապա, հավանաբար, ռուսաստանցիների այցն առաջնագիծ ավելի ՙթեթև կընկալվեր՚։ 

 

rusarminfo.ru