[ARM]     [RUS]     [ENG]

ՔԱՂԱՔԱԳԵՏ. ՙԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԵՏ ՊԱՏԵՐԱԶՄԸ ԺԱՄԱՆԱԿԻ ՀԱՐՑ Է, ԲԱՅՑ ՄԵՆՔ ԴԱՏԱՊԱՐՏՎԱԾ ԵՆՔ ՀԱՂԹԱՆԱԿԻ՚

The Armenian Interest՚ կենտրոնի ղեկավար, ամերիկագետ, ՙForbes՚, ՙThe National Interest՚ և ՙՌուսաստանը գլոբալ քաղաքականության մեջ՚ ամսագրերի սյունակագիր, քաղաքագետ Արեգ ԳԱԼՍՏՅԱՆՆ իր խորհրդածություններն է ներկայացնում ՙԿարո՞ղ են տարածքները հանձնվել Ադրբեջանին՚ և ՙԿարո՞ղ է նոր պատերազմ սկսվել՚ թեմաներով։

 ՙԱմեն օր աշխարհով մեկ ցրված մեր հայրենակիցներից նման բովանդակությամբ հարյուրավոր հաղորդագրություններ եմ ստանում։ Սկսեմ հարցի երկրորդ մասից։ Ադրբեջանի հետ պատերազմը ժամանակի հարց է, քանի որ նման հակամարտությունները չեն կարող կարգավորվել փոխզիջումների որոնման ճանապարհով՚,-գրել է Գալստյանը ֆեյսբուքի իր էջում։Նվազագույն խնդիրը

Նրա խոսքով, դա խաղ է՝ զրոյական արդյունքով, որտեղ մի սուբյեկտի փոխզիջումն ինքնաբերաբար նշանակում է մյուս կողմի պարտությունը։ 

ՙՄեզ համար նվազագույն խնդիրն այդ տարածքների պահպանումն է բացառապես հայկական վերահսկողության ներքո։ Արտասահմանյան վերահսկողությունը չի կարող մեր ազգի ու պետականության անվտանգության երաշխիքը լինել, քանի որ յուրաքանչյուր արտաքին կենտրոն տարածաշրջանի, նրա երկրների ու ժողովուրդների հանդեպ իր պրագմատիկ ու ժամանակավոր վերաբերմունքն ունի։ Օտարերկրացիների ստորագրություններով միջազգային ոչ մի փաստաթուղթ չի կարող հիմք հանդիսանալ, որ մենք հանգիստ լինենք՚,- գրել է Գալստյանը։

Նա հիշեցնում է այն մասին, որ հայերն արտաքին ուժերի երաշխիքների հետ բախվել են իրենց ողջ պատմության ընթացքում՝ Կիլիկիայի թագավորության նկատմամբ Վատիկանի ոչ պաշտոնական պրոտեկտորատից մինչև Առաջին համաշխարհային պատերազմից հետո Սևրի պայմանագիր։

ՙԻ՞նչ ստացանք այդ երաշիքներից հետո։ Բավական է նայել քարտեզին` ստանալու համար այդ հարցի պատասխանը։ Մենք չենք կարող թույլ տալ մեզ շքեղություն` կրկնելու հերթական պատմական սխալներն ու հավատալու աշխարհիս ուժեղներին, ովքեր նայում են մեզ որպես գործիք (նրանց իրավունքը նրանց շահերն են)։ Մենք կարող ենք միայն համոզված լինել այն որոշումների մեջ, որոնք ընդունում և իրագործում ենք բացառապես սեփական ուժերով ու հնարավորություններով, իսկ արտաքին ուժերի գործիքները պետք է ցինիկաբար օգտագործվեն սեփական դիվիդենդներ շահելու համար (քաղաքականությունը կապ ունի ցինիզմի ու պրագմատիզմի, այլ ոչ թե սիրո հետ)՚,- գրել է Գալստյանը։ Նա համարում է, որ անհրաժեշտ է գնալ բանակցությունների` ստանալու ավելին, քան ունենք այսօր, այլ ոչ թե զիջելու այն, ինչը նվաճվել է սերնդի լավագույն որդիների արյան գնով։ 

ՙԿարո՞ղ եք պատկերացնել մի իրավիճակ, երբ հաղթող կողմը ճնշման օբյեկտ է դառնում հաղթված կողմի համար։ Դժբախտաբար, մեր ՙմեծ ռազմավարներին՚, ովքեր ամեն ինչ գիտեն և ամեն ինչ կարող են, հաջողվել է անել դա։ Թե նման ռազմական հաջողությունն աշխարհում ինչպես չփոխակերպվեց Ադրբեջանի քաղաքական լիակատար կապիտուլյացիայի՝ խաղաղ պայմանագրի ստորագրմամբ ու հետագայում Հայաստանի կազմի մեջ Արցախի ներառմամբ՝ ինձ համար մեծ առեղծված է մնում՚,- գրել է Գալստյանը։

Նա բացատրում է դա կա՜մ քաղաքագետ-ռազմավարների բացակայությամբ, կա՜մ արտաքին ուժերի հանդեպ ֆոբիայով, և կա՜մ քաղաքական կամքի պակասով, իսկ հնարավոր է՝ անգամ պատճառների համակցությամբ։ Բայց փաստը հետևյալն է՝ հակառակորդը ժամանակ է շահել, ամրապնդվել ու հարձակման է անցել բոլոր ճակատներով` աշխարհով մեկ։ 

 

Ադրբեջանը պատրաստ չէ խաղաղության ու երկխոսության

ՙԱդրբեջանի դիրքորոշումն այժմ պարզ է և հասկանալի ողջ աշխարհի համար՝ չկա ոչ մի Արցախ` որպես սուբյեկտ (ընդ որում, Ստեփանակերտի բացառումը նույնպես մեր ՙռազմավարների՚ վաստակն է), կա միայն միջազգային իրավունքի սուբյեկտ հանդիսացող Հայաստանի կողմից ՙօկուպացված՝ Ադրբեջանի տարածքների 20 տոկոս՚։ Ամեն ինչ գլխիվայր են շրջել և այժմ թելադրում են ողջ բանակցային գործընթացի տրամախոսությունը։ Նրանց փիլիսոփայությունը պարզ է՝ ամեն ինչ, կամ` ոչինչ՚,- գրել է Գալստյանը։ Նրա խոսքով` ի հակադրումն Հայաստանի և հայերի, նրանք կառուցում են իրենց ազգային քաղաքական ինքնությունը, և տարածքների վերադարձը նրանց սևեռուն գաղափարն է։ Խոսքն Արցախի մասին չէ միայն, քանի որ նրանց առաջնորդը բացեիբաց հայտարարում է Սյունիքի ու Երևանի մասին (նույն այդ աշխարհը լռում է)։

ՙՄենք պետք է հստակ հասկանանք, որ նրանք պատրաստ չեն խաղաղության ու մեզ հետ երկխոսության։ Նրանց միակ ցանկությունն է ռևանշ վերցնել և միջազգային հանրությանն ապացուցել տարածաշրջանային գերտերության իրենց կարգավիճակը։ Այս համապատկերին մենք միշտ արտասահմանյան դռներն ենք թակում` ասելով, որ Ադրբեջանը տարածաշրջանային խուլիգան է, որը հարված է հասցնում հենց իր մարդկանց (մարդու իրավունքներ) և անգամ մտածում է այն մասին, թե ինչպես օգտագործի գնված սպառազինությունը մեր՝ խաղաղասերներիս դեմ, ովքեր խաղաղության են ձգտում ամբողջ աշխարհում՚,- գրել է Գալստյանը։

Նա նշել է, որ իդեալական աշխարհում, որտեղ մարդկանց փոխարեն հրեշտակները կիշխեին, դա նշանակություն կունենար։ Բայց ի՞նչ իմաստ կա այդ մասին խոսել եսասեր քաղաքական գործիչների հետ, ովքեր Սաֆարովի ազատման ու նրա հերոսացման առնչությամբ իրենց հերթապահ ՙվա՛յ, որքա՛ն սխալ է դա՚ արտահայտությունն արեցին ու շարունակեցին Բաքվի հետ խոսել արտասահմանյան ուղղակի ներդրումների ավելացման մասին։ 

ՙԶարմանալի ժողովուրդ ենք, ժողովուրդ, որին պատմությունը բազմիցս դաժան հարվածներ է հասցրել, բայց մենք դասեր չենք քաղում։ Մենք պետք է պատրաստ լինենք ոչ միայն պատերազմի, այլև պատկերացնենք ապագայի հետպատերազմյան կոնֆիգուրացիան՝ առնվազն 20-40 տարվա կտրվածքով՚,- գրել է Գալստյանը։

 

Մենք կանգնած էինք անդունդի եզրին

Ինչ վերաբերում է տարածքները հանձնելու հնարավորությանը, քաղաքագետը համարում է, որ նախկինում դա հնարավոր էր։ ՙԻ՞նչ կարելի էր սպասել այն մարդկանցից, ովքեր 25 տարի շարունակ զբաղվում էին ինքնահարստացմամբ՝ ազգային շահերի հաշվին։ Ի՞նչ կարելի է սպասել այն գեներալներից, ովքեր թալանել են սեփական բանակը՝ պետության սրբության սրբոցը։ Ի՞նչ կարելի է սպասել այն դիվանագետներից, ովքեր պաշտպանում էին ոչ թե ազգի ու երկրի շահերը, այլ` սեփական բիզնես-շահերը։ Ի՞նչ կարելի է սպասել այն քաղաքական գործիչներից, ովքեր տարածքներին վերաբերվում էին որպես ֆիզիկական հող, այլ ոչ թե ազգի մետաֆիզիկական կենսական տարածք՚,- գրել է Գալստյանը։

Նա համարում է, որ, բարեբախտաբար, ազգային դիմադրողականությունը ժամանակին աշխատեց և մեզ փրկեց աղետալի հետևանքներից. մենք կանգնած էինք անդունդի եզրին։

ՙՆերկա քաղաքական ընտրանքն պետք է դասեր քաղի իր նախորդներից ու ոչ մի պարագայում երկիրը չկառուցի նույն հիմքերի ու սկզբունքների վրա։ Խնամի-բարեկամ հարաբերությունների ժամանակն անցել է, եկել է արհեստավարժության, բանիմացության ու աշխատասիրության ժամանակը։ Արտաքին ուղղվածության ժամանակն անցել է, եկել է հայակենտրոն դիրքորոշման ժամանակաշրջանը։ Ռոմանտիզմի ժամանակն անցել է, եկել է ցինիզմի ու պրագմատիզմի ժամանակը։ Եթե մենք հավատանք ինքներս մեզ, դադարենք սպանել միմյանց հնարավորությունները, դադարենք ատել միմյանց հաջողությունները, մեր ՙեսը և իմը՚ մի կողմ դնենք ու սկսենք մտածել ՙմենք-ը և մերը՚ կատեգորիաներով, կհաղթենք ցանկացած արտաքին թշնամու՚,- գրել է Գալստյանը։

Նրա կարծիքով, հայերի հիմնական թուլությունն իրար հանդեպ վերաբերմունքն է։ Մնացած խնդիրների լուծումը կլինի զուտ ժամանակի, ջանքերի ու տեխնիկայի հարց։ 

ՙԵվ հիշենք՝ մենք դատապարտված ենք հաղթանակի, վայրկյան անգամ չկասկածենք դրանում՚,- գրել է Գալստյանը։ 

                                                                                                                         www.newsarmenia.am