[ARM]     [RUS]     [ENG]

ՌԱԶՄԱԿԱՆ ՀՌԵՏՈՐԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՈՒԺԳՆԱՑՈՒՄ՝ ԵՐՐՈՐԴ ԵՐԿՐՆԵՐԻ ՆԵՐԳՐԱՎՄԱՄԲ

Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության՝ հակամարտության գոտում պատերազմական գործողությունների վերսկսմանն ուղղված ինտենսիվ քարոզչությունը, դրան զուգահեռ՝ որոշ զինատեսակների արդիականացումն ամենևին անակնկալի չբերեցին հայկական կողմին։

Ուղղակի այս գործընթացում նկատվում են որոշ միտումներ, մասնավորապես, ադրբեջանական ղեկավարությունն իր հռետորաբանությունում ակնհայտորեն սկսում է ներգրավել երրորդ երկրների ներկայացուցիչների։ 

Նկատի ունենք ՌԴ Պետդումայի պատգամավոր Դմիտրի Սավելևին, ով իր անպատասխանատու կեցվածքով ուղղակի գերազանցեց ադրբեջանցիներին՝ հայտարարելով, որ Ադրբեջանն է Ռուսաստանի դաշնակիցը և որ ՙՀայաստանը պետք է առանց նախապայմանների Լեռնային Ղարաբաղը և 7 շրջանները տա  Ադրբեջանին՚։ Սավելևին ժամանակին հակադարձեց նրա գործընկերը՝ Պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման ու հայրենակիցների հետ կապերի կոմիտեի առաջին փոխնախագահ Կոնստանտին Զատուլինը։ ՙԱրմենպրեսին՚ նա ասաց, որ Սավելևի հայտարարությունը չի համապատասխանում ՌԴ-ի պաշտոնական դիրքորոշմանը։ ՙԱկնհայտ է, որ ֆորմալ առումով ոչ ոք լիազորություն չի տվել պարոն Սավելևին՝ նման հայտարարություն անելու՚,- ասել է Զատուլինը՝ այդ հարցում նրան համարելով ոչ իրավասու։ Զատուլինը, միաժամանակ, իր մտահոգությունն է հայտնել Ադրբեջանի ղեկավարության հռետորաբանության առնչությամբ։ Նրա խոսքով՝ Ադրբեջանի հետ ՌԴ հարաբերությունները չպետք է ուղղված լինեն Հայաստանի հանդեպ դաշնակցային պարտավորությունների դեմ։ Ռուսաստանն այսօր հստակ դիրքորոշում ունի՝ բանակցությունները պետք է շարունակվեն, ռազմական գործողությունները՝ ոչ մի դեպքում չվերսկսվեն։ Ի վերջո, հրադադարի ռեժիմը մեծ ջանքերի շնորհիվ է ձեռք բերվել։     

Այդ մեծ ջանքերը Ադրբեջանին, բնավ, չեն հետաքրքրում, դրա վառ ապացույցը Հայաստանի և Նախիջևանի սահմանային հատվածում տեղի ունեցող իրադարձություններն են, ինչի մասին հայկական կողմն իրազեկել է միջազգային հանրությանը։ Օրերս էլ Ադրբեջանի զինված ուժերը նախիջևանյան ուղղության որոշ տեղամասերում փորձել են դիրքային ամրապնդման ինժեներական աշխատանքներ իրականացնել, ինչին ի պատասխան հայկական կողմը կրակ է բացել և թույլ չի տվել հակառակորդին՝ կատարելու իր խնդիրը։ Հուլիսի 1-ին ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում հրապարակեց մի տեսանյութ այն մասին, թե ինչպես է Նախիջևանում հայկական կողմի արձակած կրակի արդյունքում այրվում ադրբեջանական դիրքը։ Մամուլի խոսնակի վկայությամբ՝ դիրքն ամբողջովին այրվել ու ավերվել է։ 

Նախիջևանի ուղղությունում հակառակորդի գործողությունները ՀՀ ԶՈՒ ուշադրության կենտրոնում են։ razm.info-ն, վկայակոչելով Ադրբեջանի ՊՆ պաշտոնական կայքը, տեղեկացրեց Նախիջևանի առանձին համազորային բանակի հակաօդային պաշտպանության ստորաբաժանումների կողմից անցկացվող հատուկ մարտավարական զորավարժությունների մասին։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ  հուլիսի 2-6-ը նախատեսված է Ադրբեջանում անցկացնել լայնածավալ զորավարժություններ։ Հայաստանի պաշտպանության նախարարությունը ձեռքի տակ ունեցած տեսանյութերի ուսումնասիրությունից պարզել է, որ զորավարժություններին մասնակցելու համար զորքեր են բերվում երկրի հյուսիսից։ 

Ադրբեջանական ռազմական հռետորաբանության համատեքստում պետք է դիտարկել նաև հունիսի 25-ից հուլիսի 6-ը Թուրքիայի Քոնիա նահանգում անցկացված ՙAnadolu ankasi – 2018՚ ( Անատոլիայի փյունիկ) զորավարժությունը։ Հայկական աղբյուրը, վկայակոչելով Թուրքիայի ԶՈՒ գլխավոր շտաբի պաշտոնական կայքը, տեղեկացնում է, որ այս զորավարժությունը թուրքական ռազմաքաղաքական ղեկավարության կողմից նախաձեռնվել է 2009 թվականին և պարբերական բնույթ է կրում։ Այս անգամ այն տեղի է ունեցել Քոնիայում տեղակայված ռազմաօդային ուժերի 3-րդ գլխավոր ռազմաբազայի հրամանատարությունում։ razm.info-ի տեղեկություններով՝ դրան մասնակցել են Թուրքիայի, Ադրբեջանի, Սաուդյան Արաբիայի և Հյուսիսային Կիպրոսի չճանաչված հանրապետության զինված ուժերի ներկայացուցիչներ։  

Հարկ ենք համարում ևս մեկ անգամ արձանագրել, որ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունում թուրք-ադրբեջանական տանդեմին կայուն աջակցություն է ցույց տալիս Սաուդյան Արաբիան։ Այս իրողությունը եղբայրական պետությունների ղեկավարները երբեք չեն թաքցրել։ Սրանից  հետևում է, որ Արցախի Հանրապետության դեմ հնարավոր ռազմական ագրեսիայում, բացի Ադրբեջանից և Թուրքիայից, կարող է ներգրավվել նաև երրորդ պետությունը՝ Սաուդյան Արաբիան։ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, դժբախտաբար, անուշադրության են մատնում նման իրողությունը, մինչդեռ, նրանք պարտավոր են համարժեքորեն արձագանքել, որովհետև այս պարագայում ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության մեջ ներքաշվում են այլ պետություններ, ինչը հակասում է հակամարտության խաղաղ կարգավորման փիլիսոփայությանը։  

Տարածաշրջանային զարգացումների համապատկերին հարկ ենք համարում դիտարկել շատ կարևոր մի փաստ՝  Միացյալ Նահանգներում ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հանդիպումը պետքարտուղար Մայք Պոմպեոյի հետ։ Հանդիպումը տեղի է ունեցել հունիսի 29-ին, որին գնահատական է տվել ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Ռիչարդ Միլսը։ Նա մասնավորապես նշել է, որ պետքարտուղարի ցանկությունն էր հանդիպել Հայաստանի նախագահին և խոսել ԱՄՆ-ի կողմից ՀՀ-ին ցուցաբերվելիք աջակցության մասին։ Զրույցն ընթացել է առևտրի, ներդրումների ու նաև Հայաստանում կոռուպցիայի դեմ ձեռնարկված կոշտ պայքարի շուրջ։ 1in.am-ի փոխանցմամբ՝ անդրադարձ է եղել հայաստանյան ՙթավշյա հեղափոխությանը՚. դեսպան Միլսը կարևորել է ՀՀ քաղաքացիների՝ թափանցիկ և արդար հասարակություն ստեղծելու պահանջը՝ ընդգծելով, որ ԱՄՆ-ի և Հայաստանի վերջին 20 տարիների համագործակցության արդյունքում զարգացան և հզորացան հենց այն ձայները, որոնք գնահատում էին թափանցիկությունն ու հաշվետվությունը։ 

Ի գիտություն ընդունելով դեսպանի խոսքերը` կարելի է ենթադրություն անել նաև, թե Նախագահ Սարգսյանն ուրիշ ի՞նչ ասպեկտների վրա կարող էր սևեռել ԱՄՆ պետքարտուղարի ուշադրությունը։ Նախքան Սարգսյանի վաշինգտոնյան այցը՝ միջազգային հանրությունն իրազեկվեց ՀՀ ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանի՝ ԱՄՆ կոնգրեսականներ Ջեքի Սփայերին և Թուլսի Գեբարդին հղած նամակին, որը վերաբերում էր Ադրբեջանի վերջին ռազմական շքերթում ամերիկյան արտադրության ՙBell 412՚ ուղղաթիռների հայտնվելուն։ Այդ փաստը բազմաթիվ հարցերի և մտահոգությունների տեղիք է տվել։ ՙՕգտակար կլինի իմանալ բոլոր կանոնադրական սահմանափակումները. գործադիր իշխանությանը կամ այլ քաղաքական կառույցներին և երրորդ կողմին արգելվում է Ադրբեջանին ԱՄՆ արտադրության ռազմական սարքավորումների և տեխնոլոգիաների վաճառքն ու փոխանցումը՚,- նամակում գրել է Հովհաննիսյանը։ Նա խնդրել է իր գործընկերներին նշված հարցի վերաբերյալ տեղեկատվություն տրամադրել։ Նամակի մասին հայկական լրատվամիջոցները տեղեկացրել են հունիսի 23-ին, այսինքն՝ Սարգսյան-Պոմպեո հանդիպումից մոտ մեկ շաբաթ առաջ։ Վերջինիս հետ կապված՝ տեղեկատվական արտահոսք չի եղել, բայց հազիվ թե ՀՀ Նախագահը շրջանցած լիներ այս կարևոր հարցը։ 

Ռազմական փորձագետ Տարոն Հովհաննիսյանն ուշադրություն է հրավիրում այն փաստի վրա, որ ՙBell 412՚-ը կրկնակի նշանակության ուղղաթիռ է և կիրառվում է ինչպես քաղաքացիական, այնպես էլ ռազմական նպատակներով։ Դրանք կարող են ռազմականի վերածվել Թուրքիայի օգնությամբ, կարծում է փորձագետը։ Ադրբեջանի պաշտպանության նախարարն ավելի վաղ  իրենց ավիացիան արդիականացնելու մասին հայտարարություն էր արել։ Ռազմական առումով դրանք Հայաստանի համար լուրջ վտանգ չեն ներկայացնում, Ադրբեջանը փորձում է այդ գնումն օգտագործել քարոզչական նպատակներով։ Հովհաննիսյանը նաև հիշեցրել է, որ ԱՄՆ-ում օրենսդրական մակարդակով արգելվում է միմյանց հետ հակամարտող կողմերին զենք մատակարարել, բացի այդ, արդեն 25 տարի է` ԱՄՆ-ում գործում է 907-րդ բանաձևը, որն արգելում է կառավարությանը որևէ կերպ աջակցել Ադրբեջանին, եթե այդ օգնությունը պիտի օգտագործվի Հայաստանի դեմ։

Ընդհանրացնելով վերը շարադրվածը՝ փաստենք, որ հակառակորդն ուժեղացնում է իր ռազմական հռետորաբանությունը՝ ներգրավելով հակամարտության կողմ չհանդիսացող երկրների, հայկական կողմին սպառնալով լայնածավալ պատերազմով։ Նման սպառնալիքներին Արցախից արձագանքում են համարժեքորեն. ԱՀ Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանն Ադրբեջանին պարզ լեզվով հասկանալ է տվել, որ եթե նա նոր պատերազմ հրահրի, դա կլինի ոչ թե կենաց, այլ մահու պատերազմ։ Մեզ համար դա մեր հողի պաշտպանությունն է, Ադրբեջանի համար՝ հավակնությունների հարց, ասել է Բաբայանն ու հավելել՝ դրանք անհամաչափ հասկացություններ են, և այդ պատերազմը նոր պարտություն է խոստանում չափն անցած հակառակորդին։        

 

 

Ռուզան ԻՇԽԱՆՅԱՆ