[ARM]     [RUS]     [ENG]

ՊԵՏՔԱՐՏՈՒՂԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄ Է ԱԴՐԲԵՋԱՆԻ ՙԿՐՈՆԱԿԱՆ ՀԱՆԴՈՒՐԺՈՂԱԿԱՆՈՒԹՅԱՆ՚ ԿԵՂԾ ՊԱՏԿԵՐԸ

Ադրբեջանի կառավարությունն ամեն տարի մեծ գումարներ է ծախսում աշխարհին համոզելու համար, որ ադրբեջանցիները հանդուրժող մարդիկ են, որոնք հարգում են իրենց երկրում ապրող բոլոր փոքրամասնությունների իրավունքները։

 Սակայն, անկախ նրանից, թե Ադրբեջանի լոբբիստները Եվրոպայում և ԱՄՆ-ում որքան կեղծ միջկրոնական հանդիպումներ են կազմակերպում քրիստոնյա և հրեա ղեկավարներին կաշառելու միջոցով, անհնար է ծածկել ճշմարտությունը ադրբեջանական անհանդուրժողականության մասին։

Ադրբեջանի 10 միլիոն բնակչության 96 տոկոսը մահմեդականներ են, որոնց մոտավորապես 65 տոկոսը շիա է, իսկ 35 տոկոսը՝ սունի։ Բաքվում ապրում է 15-20 հազար հրեա, մինչդեռ այնտեղ հազիվ թե հայ մնացած լինի՝ Արցախյան պատերազմի ժամանակ նրանց կոտորածից ու տեղահանությունից հետո։

 ԱՄՆ-ի պետքարտուղարության՝ ամբողջ աշխարհում միջազգային կրոնական ազատությունների մասին վերջին (2017թ.) ամենամյա զեկույցում նշվում է, որ Ադրբեջանը խտրականություն է դնում որոշակի կրոնական խմբերի միջև, թեև նրա օրենքներն արգելում են կառավարությանը միջամտել նրանց գործունեությանը։

 Ադրբեջանի օրենսդրության մեջ նշված է, որ ՙկառավարությունը կարող է լուծարել կրոնական կազմակերպությունները, եթե դրանք առաջացնում են ռասայական, ազգային, կրոնական կամ սոցիալական թշնամանք՚, հավատափոխություն այնպիսի ձևով, որը ՙնվաստացնում է մարդու արժանապատվությունը և խանգարում աշխարհիկ կրթությանը...՚։ Պետքարտուղարությունը հաղորդում է, որ ՙտեղական իրավապաշտպան կազմակերպությունները և ուրիշները հայտարարել են, որ կառավարությունը շարունակում է ֆիզիկական բռնություն կիրառել, ձերբակալել և բանտարկել կրոնական ակտիվիստներին։ Ըստ տեղեկությունների՝ տարեվերջին ազատազրկվածների ընդհանուր թվաքանակը կազմել է 80 մարդ... Հունվարին և դեկտեմբերին դատարանները ՙՄահմեդական միասնություն շարժման՚ առաջնորդներին և Նարդարանում 2015թ. ձերբակալված մյուս անձանց դատապարտել են երկարատև ազատազրկման՝ բազմաթիվ ակտիվիստների կողմից կեղծված համարվող մեղադրանքներով, այդ թվում՝ կրոնական ատելության և ահաբեկչության։ Հուլիսին իշխանությունները մի աստվածաբանի դատապարտել են երեք տարվա ազատազրկման՝ արտերկրում իսլամություն ուսումնասիրելուց հետո կրոնական արարողություններ իրականացնելու համար։ Իշխանությունները ձերբակալել, տուգանել կամ զգուշացրել են բազմաթիվ անձանց` չարտոնված կրոնական հավաքներ անցկացնելու համար։ Ըստ կրոնական խմբերի՝ կառավարությունը շարունակում է մերժել կամ հետաձգել փոքրամասնությունների կրոնական խմբերի գրանցումը, որոնք համարվում են ՙոչ ավանդական՚՝ խանգարելով նրանց կրոնական արարողությունները և տուգանելով մասնակիցներին։ Նախկինում գրանցված խմբերը, որոնք կառավարության պահանջով վերագրանցվել են, շարունակում են խնդիրներ ունենալ այդ հարցում։ Իշխանությունները թույլ են տվել որոշ խմբերի ազատորեն աշխատել, սակայն ուրիշները հայտնում են դժվարությունների մասին՝ իրենց կրոնը դավանելու փորձերում՚։

 Բացի դրանից, ըստ Պետքարտուղարության, ՙտեղական կրոնական մասնագետները հաղորդել են, որ կառավարությունը շարունակում է փակել մզկիթները, դրանք վերանորոգելու պատրվակով, սակայն ասում են, որ իրական պատճառն այն է, որ կառավարությունը մտահոգ է, որ մզկիթները ծառայում են որպես ծայրահեղական տեսակետների տարածման վայրեր։ Կառավարությունը շարունակել է վերահսկել կրոնական նյութերի ներկրումը, տարածումը և վաճառքը։ Դատարանները տուգանել են բազմաթիվ անձանց՝ կրոնական նյութերի չթույլատրված վաճառքի կամ տարածման համար, չնայած որոշ անձինք բողոքարկման միջոցով չեղարկել են իրենց տուգանքները՚։ 

 Պետքարտուղարությունը նաև տեղեկացրել է, որ ՙկրոնական գրականության ապօրինի արտադրության, բաշխման կամ ներկրման պատիժը կարող է ներառել տուգանք՝ 2900-ից մինչև 4100 դոլար, կամ մինչև երկու տարվա ազատազրկում՝ առաջին հանցագործության համար, և 4100-5300 դոլար տուգանք կամ երկուսից հինգ տարի ազատազրկում հետագա հանցագործությունների համար՚։ 

Չնայած այն հանգամանքին, որ Ադրբեջանի Սահմանադրությունը ՙորոշ դեպքերում թույլ է տալիս այլընտրանքային ծառայություն՚, երբ զինվորական ծառայությունը հակասում է անհատական հավատքին, սակայն չկա այլընտրանքային ծառայություն թույլատրող օրենսդրություն, այդ թվում, կրոնական հիմքերով, և զինվորական ծառայությունից հրաժարումը պատժվում է ազատազրկմամբ Քրեական օրենսգրքով մինչև երկու տարի ժամկետով կամ պարտադիր զինվորական ծառայությամբ՚, ասվում է Պետքարտուղարության հաղորդագրության մեջ։

ՙՍեպտեմբերի 30-ին իշխանությունները ձերբակալել են 30 տղամարդու, ովքեր, խախտելով տեղական հրամանագիրը, ոտքով շարժվել են դեպի Գյանջայի ՙԻմամզադե՚ մզկիթը՝ նշելու Աշուրան։ Ոստիկանությունը քրեական գործ է հարուցել չորս անձանց նկատմամբ՝ խուլիգանության և ոստիկանությանը դիմադրելու համար և նրանց նախնական կալանքի տակ պահել։ Մարդու իրավունքների պաշտպանները հայտնել էին, որ ոստիկանությունը դաժանորեն ծեծել է կալանավորներից շատերին՚, հաղորդել է Պետքարտուղարությունը։

 Զեկույցներ կային նաև ադրբեջանական իշխանությունների անօրինական և տարօրինակ գործողությունների մասին ընդդեմ ընդդիմադիր խմբերի և անհատների, որոնք ընկալվում են որպես արմատական մահմեդականներ։ 

 Վերջապես, ՙտեղական կրոնական մասնագետները հաղորդել են, որ կառավարությունը շարունակում է փակել մզկիթները, դրանք վերանորոգելու կամ վերականգնելու պատրվակով. նրանք ասում են, որ կառավարության իրական շարժառիթը կրոնական ծայրահեղականության ընկալմանը հակազդելն է։ Վերանորոգումից հետո էլ մզկիթները շարունակում են փակ մնալ։ 

 Անվերջ գովազդվող ՙհանդուրժողական՚ Ադրբեջանն, ի վերջո, պարզվում է, որ այնքան էլ ՙհանդուրժողական՚ չէ։ Նրա ՙմեղմ՚ օրենքները մնում են միայն թղթի վրա և անտեսվում են ոստիկանության ու դատավորների կողմից։

 

 

Հարութ ՍԱՍՈՒՆՅԱՆ 

ՙԿալիֆոռնիա Կուրիեր՚ թերթի 

հրատարակիչ և խմբագիր