[ARM]     [RUS]     [ENG]

Ա. ՍԿԱԿՈՎ. ՙԱՌԱՆՑ ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏԻ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ ՉԻ ԼՈՒԾՎԻ՚

ՙՌիտմ Եվրազիի՚-ի հարցերին պատասխանում է հայտնի փորձագետ, պատմական գիտությունների թեկնածու, ՌԳԱ Համաշխարհային տնտեսության ու միջազգային հարաբերությունների ինստիտուտի հետխորհրդային հետազոտությունների կենտրոնի առաջատար գիտաշխատող Ալեքսանդր ՍԿԱԿՈՎԸ։ 

 -Ալեքսանդր Յուրևիչ, Հայաստանի առաջին դեմք հանդիսացող վարչապետ Փաշինյանի ո՞ր որակներից կախված կլինի խորհրդարանական հանրապետության սոցիալ-քաղաքական կայունությունը։ 

-Հայաստանում տարիներով հասարակության ՙհոգնածություն՚ էր կուտակվել։ Նախկին նախագահ Ս. Սարգսյանին հարկավոր էր փորձել ստվերային առաջնորդ մնալ ու վարչապետ դառնալու քայլին չգնալ։ Այդ պայմաններում այլընտրանք կարող էր դառնալ ամեն ոք, յուրաքանչյուր բավականին ստեղծարար քաղաքական գործիչ ու հռետոր, ով ունակ է խաղալ հանրահավաքային տարերքի վրա։ Բավականին պատահականորեն դա եղավ Նիկոլ Փաշինյանը՝ սա նրա հնարավորությունն է, բայց սա նաև ողջ հայկական հասարակության հնարավորությունն է։ Բացարձակապես ակնհայտ է, որ պահանջվում են եթե ոչ լուրջ քաղաքական փորձ, ապա առնվազն շարժունություն, ընկալունակություն, ընդունակություն՝ փոխելու մոտեցումները և սովորելու` այդ թվում նաև սեփական սխալների վրա։ 

-Փաշինյանի հայտարարություններից մեկը ՙմեծ հայրենադարձության՚, կապիտալի, գաղափարների, նախագծերի ու մարդկանց վերադարձի մասին է։ Որքանո՞վ են հիմնավորված այդ ծրագրերը։ Կցանկանա՞ն արդյոք Արևմուտքում հաջողություն ունեցող հայերը վերադառնալ Հայաստան: Փաշինյանը, ամենայն հավանականությամբ, նկատի չի առնում ուրիշների։ 

-Հայտարարությունը միանգամայն տրամաբանական ու արդարացված է, այլ հարց է՝ որքանով է այն իրագործելի։ Մի կողմից` Ն. Փաշինյանը հիմա բարեփոխման համար ինչ-որ քարտ-բլանշ ունի, նա ունակ է փոխել երկրում գոյություն ունեցող հասարակական-քաղաքական համակարգը՝ նրա կլանային բովանդակությամբ, կարող է փոխակերպել տեղական քաղաքական վերնախավի ձևաչափը։ Մյուս կողմից, իշխանության գալով` նա, ակնհայտ է, որոշ երաշխիքներ է տվել նախկին վերնախավին, նախկին նախագահի շրջապատին, այլապես նրա օգտին խորհրդարանում պարզապես չէին քվեարկի, իսկ Սարգսյանի ֆունկցիոներները ՙկյանքը կտային՚ ու կանգ չէին առնի ուժի կիրառման առաջ՝ իշխանափոխություն թույլ չտալու նպատակով։ 

Փաշինյանի այդ պարտավորությունները կարող են նրան խանգարել, թեպետ, այստեղ ամեն ինչ կախված է նրա շարժունությունից ու ստեղծարարությունից։ Ինչ վերաբերում է ՙհայրենադարձությանը՚` դա Հայաստանի խնդիրն ու դժբախտությունն է, այն, որ նրա մարդկային, մտավոր, տնտեսական, գիտական ու բոլոր այլ կարգի կապիտալի հիմնական մասը գտնվում է երկրի սահմաններից դուրս։ Ու երկրից արտահոսքը վերջին տարիներին չի կրճատվել, այլ աճել կամ շարունակել է գտնվել կայուն բարձր մակարդակի վրա։ Այդկերպ կարելի է ստանալ ՙՀայաստան` առանց հայերի՚, և դա մարտահրավեր է ազգային նախագծի համար։ Կհաջողվի՞ արդյոք բեկել այդ միտումը՝ մեծ հարց է, ու չեմ կարող կասկած չունենալ դրանում։ 

-Փաշինյանն առաջին հերթին այցելել է Ստեփանակերտ, մտադիր է հասնել միջազգային հանրակցության կողմից ԼՂ-ի ճանաչմանն ու Ղարաբաղը բանակցությունների սեղանի շուրջ  վերադարձնելուն, ինչի հետ Ադրբեջանը համաձայն չէ։ Ըստ Ձեր կանխատեսման` ի՞նչ հունով  կզարգանա ղարաբաղյան հիմնահարցը Փաշինյանի օրոք։ 

-Այդ առումով Փաշինյանի դիրքորոշումը տրամաբանական է, բայց այստեղ ոչ մի նոր բան չկա։ Իրականում, Լեռնային Ղարաբաղը որոշ ժամանակ եղել է հակամարտության կողմ, և միանգամայն հիմնավորված ու օրինաչափ է, եթե այն նորից կողմ դառնա։ Առանց Ստեփանակերտի հակամարտությունը չի լուծվի, դա ակնհայտ է։ Համենայն դեպս, խաղաղ ճանապարհով։ Բայց ներկայումս Ադրբեջանը դա թույլ չի տա։ Օգտագործելով 1990-ականների փաստաթղթերում առկա որոշ երկիմաստություններ` նա համառորեն կպնդի բանակցություններում ոչ միայն ԼՂՀ¬ի (Լեռնային Ղարաբաղի հայկական համայնքի), այլ նաև իր ադրբեջանական համայնքի (փախստականների) մասնակցության վրա։ Իսկ դա, հասկանալի է, անթույլատրելի է հայկական կողմի համար։ Ուստի երկու ճանապարհ է մնում՝ կա՜մ պատերազմ, կա՜մ միջազգային հանրակցության կողմից Ադրբեջանին արդյունավետ խաղաղ բանակցությունների պարտադրելը (առանց ՙադրբեջանական համայնքի՚ մասնակցության)։ Ոչ այս, ոչ էլ մյուս տարբերակն առայժմ արդիական չեն։ 

-Արտաքին խաղացող հանդիսացող Թուրքիան մի՞թե կհրաժարվի Լեռնային Ղարաբաղում տարածքային զիջումների հարցի շուրջ Հայաստանի նկատմամբ ունեցած պահանջներից։

-Թուրքիայի համար Լեռնային Ղարաբաղն ավելորդ գլխացավանք է, այն նրան պետք չէ։ Անկարայում էլ առանձնապես գոհ չեն այն հանգամանքից, որ պոչը փորձում է շանը պտտեցնել, ինչպես նրանք են համարում, այսինքն այն, որ Ադրբեջանը փորձում է որոշել Թուրքիայի քաղաքականությունը։ Կարող եմ հիշեցնել, որ, երբ Թուրքիան փորձում էր Հայաստանի հետ հաշտեցման գնալ, հետևեց Բաքվի կողմից ՙէներգետիկ շանտաժը՚։ Չեմ կարծում, որ Անկարայում այդ մասին մոռացել են։ Թուրքիային, որպես տնտեսական գերտերության, հետաքրքրում են ոչ թե Արցախի քարքարոտ հողի քառակուսի կիլոմետրերը, այլ հայկական շուկան։ Անկարան, հաշվի առնելով Հայաստանի հետ ընդհանուր սահմանը, կարող է պարզապես նրան ՙխժռել՚ Լեռնային Ղարաբաղի հետ միասին։ 

-Հաշվի առնելով Ռուսաստանի հետ լարված հարաբերությունները, ԵՄ¬ի և Ամերիկայի մտքով չի՞ անցնի արդյոք ղարաբաղյան հիմնահարցում Մոսկվայի դերակատարության չեզոքացման շուրջ միջոցներ ձեռնարկել։ Հակամարտության կողմերի համար ի՞նչ ապակառուցողական հետևանքների կարող է հանգեցնել Եվրամիության և ԱՄՆ¬ի հնարավոր միջամտությունը (քաղաքական ու ուժային)։

-ԵՄ¬ն և ԱՄՆ¬ն ներկայումս լեռնայինղարաբաղյան հակամարտության կարգավորման և այդ տարածաշրջանից Ռուսաստանի հետագա դուրս մղման համար ռեսուրսներ չունեն։ Եթե նման ռեսուրսներ լինեին, դրանք կիրառված կլինեին։ Բայց այստեղ չափազանց շատ խաղացողներ կան, չպետք է հաշվից դուրս թողնել նաև Իրանը։ Առավել ևս, որ լեռնայինղարաբաղյան հակամարտության գործուն ու երկարատև հանգուցալուծման որևէ սցենար պարզապես չկա, և դա վերաբերում է բոլոր խաղացողներին, այդ թվում նաև Ռուսաստանին։ Ներկայումս Մինսկի խումբը հանդիսանում է այն սակավաթիվ ձևաչափերից մեկը, որտեղ Ռուսաստանի և ՙհավաքական Արևմուտքի՚ միջև բացակայում են խորին հակասությունները, և ոչ ոք շահագրգռված չէ դրանց ի հայտ գալու մեջ։

Իրավիճակն, իհարկե, կարող է փոխվել, ու դրա վրա կարող են ազդել իրանական խնդրի բարդացումը, այդ տարածաշրջանում իրավիճակի վատթարացումը, ԱՄՆ¬ի և/կամ Իսրայելի կողմից Իրանի վրա ուժային ներգործության փորձը։ Բայց դա ավելի շատ վարկածայնության ոլորտից է։ Լեռնայինղարաբաղյան հակամարտության շուրջ Մոսկվայի, Բրյուսելի և Վաշինգտոնի  փոխգործողության խաթարումը խիստ բացասական հետևանքներ կունենար տարածաշրջանի կայունության համար։ Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմական ցանկացած լուրջ կոնֆլիկտ չի սահմանափակվի Լեռնային Ղարաբաղի գոտով և երկու կամ երեք մասնակիցներով։ Ու այդ պարագայում Մինսկի խմբի առջև հարց կծառանա. ի՞նչ անել։ Կհաջողվի՞ արդյոք փոխըմբռնում գտնել Մոսկվայի, Բրյուսելի և Վաշինգտոնի միջև պատասխան քայլերի ու համաձայնեցված արձագանքի հարցի շուրջ։ Ըստ էության, խոսք կգնա խաղաղարար օպերացիայի անցկացման մասին, իսկ հաշվի առնելով արտաքին հիմնական դերակատարների միջև վստահության խիստ ցածր մակարդակը` ընդհանուր լեզու գտնելը բարդ կլինի։  

Սվետլանա ՄԱՄԻՅ

www.ritmeurasia.org