[ARM]     [RUS]     [ENG]

ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ ՀԱՅԿԱԿԱՆ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԱՐԺԵՀԱՄԱԿԱՐԳԱՅԻՆ ՀԱԿԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԻՐԵՆՑ ԶԳԱՑՆԵԼ ԿՏԱՆ

Ադրբեջանի համար դժվար կլինի ցրել բրյուսելյան մթնոլորտը

 Ղարաբաղյան խաղաղ կարգավորման գործընթացի ներկա փուլի գլխավոր իրադարձությունը Բրյուսելում հուլիսի 11-ին նախատեսված՝ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումն է։ Ծրագրվել է այն անցկացնել ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում, որին մասնակցելու հրավեր էր ստացել նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Ավելի վաղ տեղեկատվություն էր տարածվել այն մասին, որ Բրյուսելում սպասվում է Փաշինյանի հանդիպումը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգի հետ։ 

Քանի որ միջազգային մամուլի ուշադրությունը սևեռված է գագաթնաժողովի օրակարգի ու նաև ՀՀ վարչապետի համար նախանշված բարձր մակարդակի հանդիպման վրա, բնականաբար, դա  չէր կարող շրջանցվել հարևան երկրի քարոզչամիջոցների կողմից, որոնք միայն առիթներ են փնտրում՝ Արևմուտք-Հայաստան հարաբերությունները հակադրելու ՌԴ-ի հետ Հայաստանի ռազմավարական դոկտրինին։ Այդ նպատակով Բաքվի քարոզիչներն օգտագործել են Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի հարցերով ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրայի հայտարարությունն առ այն, որ Դաշինքը նպատակ ունի ընդլայնել Հայաստանի հետ համագործակցությունը։ 

Բաքվում մոգոնել են ալիևյան կլանի քիմքին հաճո մի մեկնաբանություն. Մոսկվան առանց այն էլ չի վստահում Փաշինյանի կառավարության անդամներին, ովքեր արևմտամետ գործիչներ են, և ահա ՆԱՏՕ-ի՝ Հայաստանի հետ համագործակցությունը խորացնելու մտադրությունը միայն կխորացնի Կրեմլի դժգոհությունը։ 

Բրյուսելյան գագաթնաժողովի նախօրեին Ադրբեջանն ակնհայտորեն  հակասություններ էր փնտրում հայ-ռուսական հարաբերություններում։ Հասկանալի է, որ Եվրամիության մայրաքաղաքում հայկական ժողովրդավարական արժեհամակարգի և ադրբեջանական բռնապետական բարքերի հակադրության ֆոնին Մնացականյան-Մամեդյարով հանդիպումը Բաքվին, մեղմ ասած, դնում է ոչ շահեկան վիճակում։ Բանակցությունների մթնոլորտն Ադրբեջանի համար պետք է որ ճնշող լինի։  

Այն ժամանակ, երբ ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին հայտարարություն էր անում Հայաստանի հետ վիզային ռեժիմի ազատականացման մասին, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը փնովում էր ՀՀ իշխանություններին՝ ապաշնորհ կանխատեսումներ անելով ՙհայկական պետականության կրախի մասին՚։ Բրյուսելի Հայ Դատի հաղորդակցության պատասխանատու Հարություն Շիրինյանը 1in.am-ին հայտնեց, որ ներհայաստանյան զարգացումները գտնվում են Եվրախորհրդարանի ուշադրության կենտրոնում, 80%-ով ուժի մեջ է մտել ՀՀ-ԵՄ համաձայնագիրը, կառույցի կողմից դրական քայլեր կլինեն նաև վիզաների ազատականացման ուղղությամբ։ Շիրինյանի խոսքով՝ Եվրոպայում կարևորում են հայ ժողովրդի քաղաքական հասունությունը, անարյուն իշխանափոխությունը, Հայաստանի նման մեկուսացված երկրում, որտեղ Ռուսաստանը շատ մեծ ազդեցություն ունի, նման գործընթացն ուղղակի անհնար էր թվում։ 

Ադրբեջանում տեղի ունեցող ներքին զարգացումներն էլ հարկ է դիտարկել մերօրյա  իրողությունների՝ արժեհամակարգային և քաղաքակրթական հակասությունների համապատկերին։ Ներքաղաքական անկայունության դրսևորումներից մեկը Գյանջայի քաղաքապետ Էլմար Վելիևի նկատմամբ հուլիսի 3-ին ձեռնարկված մահափորձն էր։ Զինված հարձակում կատարողը վիրավորել է քաղաքապետին ու նրա թիկնապահին, ըստ ադրբեջանական աղբյուրների, հանցագործն արմատական իսլամիզմի կրողներից է, որը նաև քրեական աշխարհում հայտնի անձնավորություն է։ Այդ մասին մանրամասն  տեղեկություններ է ներկայացրել ՙԹուրան՚ գործակալությունը՝ իրազեկելով, որ մահափորձ կատարողը՝ Յունիս Սաֆարովը, կրոնական ծայրահեղականության այն ներկայացուցիչներից է, որոնց  նկատմամբ Գյանջայի քաղաքապետն իրականացրել է հետապնդումներ և բռնաճնշումներ։ Գործակալության վկայությամբ՝ դրա կողքին նշվում են հանցագործության այլ դրդապատճառներ, սակայն իրավապահներն իրենց արձանագրություններում ամրագրել են հենց այդ տարբերակը և Սաֆարովին ներկայացրել որպես արմատական կրոնական հոսանքի ներկայացուցիչ։ Վելիևին արմատական իսլամի դեմ պայքարում որպես զոհ ներկայացնելու և նույնիսկ հերոսացնելու միտումն ակնառու է, ընդգծում է գործակալությունը և հավելում, որ Գյանջայի քաղաքապետը համարվում էր Իլհամ Ալիևի հենարանն Ադրբեջանի արևմտյան տարածաշրջանում։ 

Ադրբեջանական այս ոչ պաշտոնական աղբյուրն ուշադրություն է հրավիրում մի հանգամանքի վրա. առայսօր չկան քաղաքապետին ատրճանակով վիրավորելու ապացույցներ, Սաֆարովը նույնիսկ նրա վրա չի էլ կրակել, այդ վարկածը ներկայացվել է պաշտոնական շրջանակների կողմից։ Գործակալության դիտարկումներից հետևում է, որ միջադեպն, ըստ երևույթին, բեմագրվել է ադրբեջանական իշխանությունների կողմից և այն պետք է ընկալել որպես  արմատական իսլամի դեմ պայքարում իշխանության ինքնագովազդ։ 

Եթե իրոք այդպես է, ուրեմն, նման ինքնագովազդն ալիևյան վարչակազմը կարող է հավասարապես օգտագործել ինչպես ներքին, այնպես էլ արտաքին սպառման համար. տեսե՜ք, Ադրբեջանի ղեկավարությունն անհաշտ պայքարի մեջ է իսլամական ծայրահեղականության դեմ, այդ դեպքում ճի՞շտ է այսօրվա իշխանությունների հեռացման պահանջ դնելը։

Մյուս կողմից էլ, թուրք-ադրբեջանական տանդեմն իր միասնական դիրքորոշումն է առաջ տանում. Բաքվում Ալիև-Էրդողան հանդիպմանը հնչած շեշտադրումներում ագրեսիվության չափաբաժնի նվազում չարձանագրեցինք։ Հակառակը, բրյուսելյան գագաթնաժողովից մեկ օր առաջ տանդեմը վերստին ցուցադրեց ղարաբաղյան հակամարտությունն ուժի դիրքից լուծելու դիրքորոշումը։ ՙԹուրքիան Լեռնային Ղարաբաղի հարցում մշտապես աջակցում է Ադրբեջանին, և առաջիկայում Բաքուն Թուրքիայից նոր սպառազինություն ձեռք կբերի՚,- Էրդողանի հետ հանդիպումից հետո հայտարարել է Ի. Ալիևը։    

Վերադառնանք բանակցությունների թեմային և Ադրբեջանի արտգործնախարարի արտահայտություններին։ Նախքան Բրյուսել մեկնելը Մամեդյարովը հարցազրույց է տվել ՙԱզերթաջ՚ գործակալությանը և ներկայացրել իր երկրի  դիրքորոշումը՝ հայկական զորքերը դուրս բերել ՙօկուպացված տարածքներից, ինչպես պահանջում են ՄԱԿ-ի ԱԽ բանաձևերը՚։ Դիվանագիտական այս զինանոցով Մամեդյարովը հայկական կողմի հետ  ինտենսիվ բանակցություններ վարելու պատրաստակամություն է հայտնել։ 

Ադրբեջանն ասում է այն, ինչը քաղաքակիրթ հանրության կողմից դժվար է ընկալվում։  Պաշտոնական Բաքվին համանախագահները բազմիցս հասկանալ են տվել, որ միջազգային իրավունքի կարևորագույն սկզբունքներից մեկի՝ ժողովրդի ազատ ինքնորոշման իրավունքի անտեսումը միայն խոչընդոտում է բանակցային գործընթացին և հակամարտող կողմերի երկխոսությանը։   

Ադրբեջանի ներքին խնդիրները մշտապես իրենց ազդեցությունն են ունեցել նրա արտաքին քաղաքականության, մասնավորապես ղարաբաղյան խաղաղ կարգավորման գործընթացի վրա։ Ընդգծված արժեհամակարգային հակասություններն այսօր առավելագույնս են իրենց զգացնել տալիս։ Այս տեսանկյունից միանգամայն հասկանալի են ՀՀ արտգործնախարար Մնացականյանի խոսքերն առ այն, որ  Ադրբեջանի արտգործնախարարի հետ հանդիպման նպատակը բանակցությունների դինամիկայի պահպանումն է։ Հակառակ կողմի առավելապաշտական դիրքորոշմանը, թերևս, այսպես կարելի է արձագանքել, բայց համանախագահներն, իրոք, այդ առավելապաշտությունը զսպելու խնդրի առաջ են կանգնած։

Ռուզան ԻՇԽԱՆՅԱՆ