Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
[ARM]     [RUS]     [ENG]

ԱԼԻԵՎԸ ՓԱՇԻՆՅԱՆԻՑ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆԸ ԽԼԵԼՈՒ ՇԱՆՍ ՍՏԱՑԱ՞Վ

Բաքուն Ստեփանակերտին կհրավիրի՞ մասնակցելու լեռնայինղարաբաղյան հակամարտության  կարգավորման շուրջ բանակցություններին

 ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանյան համանախագահ Իգոր Պոպովը հանդես է եկել լեռնայինղարաբաղյան հակամարտության կարգավորման հեռանկարների մասին հայտարարությամբ։ ՙՀաշվի առնելով հարցի նրբությունը, Մինսկի խմբի համանախագահներն առայժմ ձեռնպահ են մնում այս թեմայով որևէ հրապարակային հայտարարությունից,-նշել է Պոպովը: -ՙԵռյակի՚ համապատասխան հայտարարությունը կարվի Հայաստանի ու Ադրբեջանի  արտգործնախարարների հանդիպումից հետո՚։

Տվյալ պարագայում Պոպովը, ինչպես և ԵԱՀԿ  ՄԽ մյուս համանախագահները, ովքեր մասնակցում են Բաքվի ու Երևանի բանակցային գործընթացին, օգտագործում է, այսպես կոչված, կաուչուկային (երկիմաստ նշանակությամբ) արտահայտություն ու ձևակերպում, որն արտացոլում է հասկացությունների նենգափոխման արվեստը։ Կոնկրետ ինչո՞ւմ է այսօր կայանում Պոպովի հիշատակած ՙնրբությունը՚։ Հակամարտության կարգավորմա՞ն հարցում  (առաջին կետ) կամ Հայաստանում քաղաքական իրավիճակի փոփոխությա՞ն  (երկրորդ կետ), ինչը կարող էր և, հնարավոր է, կարող է ապագայում որոշ նոր տեխնոլոգիաներ ներմուծել բազմամյա հիմնախնդրի հանգուցալուծման մեջ։ Առաջին մասով Մինսկի խումբը ցայսօր որևէ սկզբունքայնորեն թարմ գաղափար չի մտցրել՝ բացի վիեննյան և սանկտպետերբուրգյան համաձայնությունների գործնական իրագործման անհրաժեշտությունից, որոնք նախատեսում են հակամարտության գոտում մոնիտորինգի անցկացումն ու այնտեղ միջազգային միջնորդների հայտնվելը՝ հեռավոր ապագային թողնելով այնպիսի մտքերի հավաքածու պարունակող Մադրիդյան սկզբունքները, որոնք հանրամատչելիորեն հայտնի են բոլոր փորձագետներին, իսկ ոչ հանրամատչելիորեն՝ գրեթե ոչ ոքի, բացի հենց բանակցությունների մասնակիցներից։

ԵԱՀԿ ՄԽ - Բաքու- Երևան եռյակում միայն Հայաստանը, ավելի ճշգրիտ` այդ երկրի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, առաջ քաշեց Ստեփանակերտը հակամարտության կողմ ճանաչելու ՙնոր-հին՚ գաղափարը, ինչը սկզբունքայնորեն կարող էր բանակցային գործընթացը դուրս բերել պատային իրավիճակից։ Դրան դեմ հանդես եկավ Ադրբեջանը՝ Հայաստանին մեղադրելով բանակցությունները խաթարելու փորձի մեջ։ 

Այս հարցը Հայաստանի ԱԳՆ ղեկավար Զոհրաբ Մնացականյանը Մոսկվա կատարած իր այցի ընթացքում քննարկել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ։ Բանակցությունների արդյունքներով տեղի ունեցած մամուլի ասուլիսին Լավրովն այս առիթով բազմանշանակ պատասխան էր տվել. ՙԵթե ինչ-որ փուլում կողմերը պայմանավորվեն, որ Լեռնային Ղարաբաղը դարձյալ կներկայացվի բանակցություններում, դա կլինի նրանց որոշումը, մենք կհարգենք այդ որոշումը՚։ Մյուս կողմից ռուսաստանյան նախարարը կանխեց Մինսկի խմբի բանակցային օրակարգը փոխելու Բաքվի փորձը։ Իսկ ռուս փորձագետների հետ Մոսկվայում կայացած հանդիպմանը Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հստակեցրեց, որ ՙՍտեփանակերտը բանակցություններում կներգրավվի այն փուլում, երբ կորոշվեն անմիջապես նրա խնդիրները՚։

Բայց այդ դեպքում հարց է ծագում՝ ի՞նչ են քննարկել Ադրբեջանի և Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները ԵԱՀԿ ՄԽ հովանու ներքո կայացած հանդիպմանը, եթե Արցախի Հանրապետության (Լեռնային Ղարաբաղ) խնդիրները բանակցությունների բուն առարկան չեն՝ անգամ վիեննյան և սանկտպետերբուրգյան պայմանավորվածությունների գործնական իրագործմանը հասնելու` Մինսկի խմբի պաշտոնապես հայտարարված ձգտման դեպքում։ Տեսականորեն կարելի է ենթադրել, որ, հաշվի առնելով Բաքվի ու Երևանի՝ փաստորեն պատերազմական վիճակում գտնվելու հանգամանքը, ԵԱՀԿ ՄԽ-ն առաջարկել է նրանց ստորագրման պատրաստել խաղաղ պայմանագիր կամ արդեն նոր պայմաններով լեռնայինղարաբաղյան հակամարտության շուրջ բանակցություններին անցնելու մասին համաձայնագիր։ Գոնե այն պատճառով, որ Անդրկովկասում նոր պատերազմը կանցնի Սիրիայում և Իրաքում արդեն ընթացող պատերազմների հարևանությամբ ու կդառնա երրորդը Մեծ Մերձավոր Արևելքի տարածաշրջանում (եթե հաշվի առնենք նաև Եմենի հակամարտությունը), որն անցնում է Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի սահմանների մոտ։ Բայց գործնականում Ադրբեջանը հազիվ թե պատրաստ է աշխարհաքաղաքական առկա սպառնալիքների ընկալմանն ու լայն պատկերացմանը, երբ փորձում է բոլոր միջոցներով հասնել ՙկորցրած տարածքների՚ նկատմամբ վերահսկողությունը վերականգնելուն։ Ուստիև հակամարտող Բաքվին ու Երևանին խաղաղություն պարտադրելը պետք է արվի ղարաբաղյան ուղղությամբ ինչ-որ պայմանների հետ կապված վերապահումներով։

ՙՄենք համոզված ենք, որ Մինսկի խումբն օպտիմալ ձևաչափ է, որպես այս խմբի համանախագահներից մեկը՝ ֆրանսիացիների ու ամերիկացիների հետ, մենք վարում ենք ընդհանուր շահագրգռված, ոչ հակասական ուղեգիծ՝ միտված այնպիսի պայմանների ստեղծմանը, որոնք Ադրբեջանին ու Հայաստանին թույլ կտան պայմանավորվել՚,- հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ ղեկավար Լավրովը։ Բայց ինչպե՞ս հասնել դրան և ստեղծել անհրաժեշտ պայմաններ, եթե Բաքվից ու Երևանից տարբեր ինտենսիվությամբ հնչում է ռազմաշունչ հռետորաբանություն, որը ռազմականացնում է երկու երկրների հասարակական գիտակցությունը։ ՙԻնչպե՞ս կարող ենք մեր հասարակությանը խաղաղության պատրաստել, երբ Ադրբեջանի իշխանություններն իրենց հասարակությանը պատերազմի են պատրաստում՚,- այս կապակցությամբ հռետորական բացականչություն է անում Փաշինյանը։ Ինչ վերաբերում է Բաքվին, Ադրբեջանի նախկին արտգործնախարար Թոֆիկ Զուլֆուգարովն արդարացի հարց է տալիս. ՙԱրդյո՞ք ադրբեջանական վերնախավի մոտ կա այն գիտակցումը, որ ռազմաշունչ հռետորաբանությունից հրաժարվելն Ադրբեջանին կարող է դուրս բերել ռազմաքաղաքական կոլապսի վիճակից, որի հավանականությունն աճել է Հայկական հեղափոխության միջազգային էֆեկտի շնորհիվ՚։ Այնուհետև` ՙապրիլյան պատերազմից հետո Բաքուն համաշխարհային կենտրոնների կողմից պարբերաբար ուժային լուծման վրա վետո է ստանում։  Արդյունքում Ադրբեջանն առավելագույնս հասել է նրան, որ ապրիլյան պատերազմից հետո Վիեննայում պայմանավորվածությունների առարկա հանդիսացած միջոցները, այդ թվում՝ մոնիտորինգի միջոցների տեղակայումը, ընդունվեցին միակողմանի կարգով։ Այլ կերպ ասած՝ այդ միջոցները տեղակայել է  հայկական կողմը, ինչը զգալիորեն կրճատել է Ադրբեջանի դիվերսիոն հնարավորությունները՚։

Միևնույն ժամանակ լեռնայինղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման տեսակետից Ադրբեջանի համար իրավիճակից ելքը Զուլֆուգարովը տեսնում է ՙբանակցությունների հիմքի, ռազմավարության փոփոխության՚ մեջ, քանի որ ՙԲաքուն հասկանում է, որ տեղի են ունենում խորքային փոփոխություններ, ընդ որում՝ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո՚։ Նրա իսկ խոսքով՝ ՙնման ազդանշաններ վաղուց արդեն տալիս է առաջին փոխնախագահ Մեհրիբան Ալիևան՚։ Բայց դրա համար Ադրբեջանին անհրաժեշտ է գրագիտորեն հաշվարկել բանակցություններին Ստեփանակերտի միանալու բեմագիրը, անգամ այս հարցում հանդես գալ նախաձեռնողի դերում, այլ ոչ թե սպասել այս առիթով Երևանից բարդ բառերով արտահայտված հայտարարությունների։  Սրանում է կայանում տարածաշրջանում դեպքերի ընթացքի փոփոխության շանսը` Հայաստան-Արցախի Հանրապետություն-Ադրբեջան եռանկյան ներսում. լեռնայինղարաբաղյան հակամարտությունը դեռևս միակն է մնում հետխորհրդային տարածքում, երբ բանակցություններում ներգրավված չէ նրա գլխավոր մասնակիցը։

Բաքվի փորձագետները քիչ է մնում միաբերան համոզեն իրենց քաղաքացիներին, որ ՙՓաշինյանի օրերը Երևանում հաշված են՚, այժմ  նա ՙի վիճակի չէ ուշադրություն հատկացնել իրական բանակցային գործընթացին, և նոր իշխանությունը մեծամասամբ կօգտագործի ղարաբաղյան գործոնը ներքին սպառման համար՚։ Սա, իհարկե, ընդամենը տեղեկատվական աղմկային ֆոն է, բայց դրանում բանականության տարր կա՝ կապված Ալիևի կողմից Փաշինյանի ձեռքից նախաձեռնությունը խլելու հնարավորության հետ։ Քանի որ, ինչպես գրում է փորձագետներից մեկը, ՙԲաքուն առաջ գնալու տեղ արդեն չունի, իսկ առանց հեղինակության հետ կապված կորուստների նահանջելն անհնար է՚։ Հայաստանը երկար տարիների ընթացքում ընտելացել է պատերազմի սպառնալիքներին, բայց նրա համար հեշտ չի լինի յուրացնել Ադրբեջանի հնարավոր նոր դիվանագիտությունը։  Հակառակ դեպքում Բաքվի սիրած ՙառարկայական բանակցությունները՚ կտևեն հավերժ, իսկ Մինսկի խմբի ռուսաստանյան համանախագահները բազմիցս ստիպված կլինեն իրենց հայտարարություններում օգտագործել ՙկաուչուկային՚ արտահայտություններ ու ձևակերպումներ։

 

REGNUM

 տեղեկատվական գործակալություն

Ստանիսլավ ՏԱՐԱՍՈՎ