[ARM]     [RUS]     [ENG]

ԲՌՆԱՃՆՇՈՒՄՆԵՐՆ ՈՒ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՇՐՋԱՓԱԿՈՒՄԸ ԱԼԻԵՎԻՆ ՀԱՍՑՆԵԼՈՒ ԵՆ ՄԻ ՆՈՐ ՀԱՆԳՐՎԱՆԻ

Ադրբեջանի ամբողջատիրական համակարգի բնորոշ գծերը՝ Ալիևների ընտանիքի կողմից իշխանության բռնազավթումը, այդ ընտանիքի հովանու ներքո կոռուպցիայի ծաղկումը, էներգետիկ պաշարների վրա քաղաքական հաշվարկները, կեղծիքներով ուղեկցվող ընտրական գործընթացները և  դրանցում մրցապայքարի հավասար պայմանների բացառումը, ստահոդ քարոզչությունն ու ապատեղեկատվությունը հասարակության մեջ առաջացրել են ապատիա և դիմադրողականության անկում։

Վերջիններս  իրենց զգացնել տվեցին ընթացիկ տարվա  ապրիլին անցկացված արտահերթ նախագահական ընտրություններում, երբ առողջ ուժերը չկարողացան միաբանվել և հավուր պատշաճի հակազդել իշխանության վարչարարական ճնշումներին։ Այս ամենին գումարվում է իշխող կլանի ագրեսիվությունը, ինչը դրսևորվում է ռազմատենչ հռետորաբանության ուժեղացմամբ, ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում և Հայաստան-Նախիջևան սահմանագծին սպառազինության կուտակումներով։     

Նշենք, որ Թուրքիայում նախագահական ընտրություններում Ռեջեփ Էրդողանի հաղթանակը բավականաչափ ոգևորել էր ալիևյան վարչակազմին, որի ձեռքում այդ հաղթանակը կարող է օգտագործվել որպես քաղաքացիական հասարակության ընդվզումները խեղդելու ևս մեկ  գործոն։ Բայց սա կունենա ժամանակավոր էֆեկտ. իշխանության կողմից բռնությամբ որոշումներ պարտադրելու քաղաքականությունը, որպես կանոն, նրան հասցնում է բոլորովին այլ հանգրվանի։     

Հարավկովկասյան տարածաշրջանի բռնապետ  Իլհամ Ալիևի համար, ըստ էության, սկսվում է նոր ժամանակաշրջան։ Միջազգային հանրության ընկալումներում նա  տարածաշրջանի անվտանգությանն և քաղաքական կայունությանը մարտահրավեր նետած բռնապետ է։ Բրյուսելում ՀՀ վարչապետի հայտարարություններից մեկն էլ այն էր, որ Ադրբեջանի ագրեսիան ուղղված է ոչ միայն Հայաստանի, այլև տարածաշրջանում ժողովրդավարության դեմ։       

Բրյուսելյան գագաթնաժողովից հետո Ադրբեջանում երկրորդ փուլով սկսվեցին իշխանությունների քաղաքականության դեմ ընդվզումները։ Ուշագրավն այն է, որ ալիևյան ռեժիմի դեմ ելույթներն այս անգամ էլ ուղեկցվեցին էլեկտրական հոսանքի անջատումներով։ Ադրբեջանական աղբյուրների տեղեկություններով՝ էլեկտրաէներգիայի ընդհատումների հետ կապված՝ սահմանվել է մատակարարման 27-տոկոսյա սահմանափակում։ Հուլիսի 2-ին արձանագրված առաջին հոսանքազրկման արդյունքում պարզվել է, որ պատճառը Մինգեչաուրում տեղադրված՝ 30-ամյա հնության տրանսֆորմատորի աշխատանքի խաթարումն է։ Էներգակիրներով հարուստ երկրում էլեկտրաէներգիայի մատակարարման նման մակարդակը միջազգային հանրության սեփականությունը չէր դառնա, եթե չլիներ արտակարգ իրավիճակը։ 

Բայց արդյո՞ք պատահականություն են էլեկտրական հոսանքի ընդհատումներն ու դրանց զուգահեռ իշխանության դեմ բողոքի ցույցերը։ Թե ինչպես միաժամանակ ասպարեզ եկան գործարկման համար ոչ պիտանի տրանսֆորմատորն ու արմատական ընդդիմության ելույթները, ալիևյան վարչակազմն այս մասին ոչ մի հայտարարություն չի անում։ Քաղաքական վերնախավի կարկառուն դեմքերն այսօր էլ շարունակում են տարփողել միջազգային նշանակության էներգետիկ նախագծերում իրենց երկրի նշանակությունը։ Ակնարկն ուղղված է արտաքին աշխարհին, ասել է թե՝ ժողովրդավարությունից քիչ խոսեցեք, Ադրբեջանը դեռևս ի վիճակի է քաղաքական հաշվարկներ անել սեփական էներգետիկ պաշարների վրա։ Միջազգային ասպարեզում նման հայտարարություններին, բնականաբար, ուղղակիորեն չեն արձագանքում։

Ադրբեջանական իշխանամետ աղբյուրի փոխանցմամբ՝ հուլիսի 15-ին Սումգայիթ են մտել հատուկ նշանակության ստորաբաժանումներ և ձերբակալել 18 հոգու, որոնք արմատական ընդդիմության ու կրոնական խմբավորումների ներկայացուցիչներ են։ Հատուկ ստորաբաժանումների գործողությունները շարունակվել են նաև հուլիսի 16-ին։ Ըստ այդ աղբյուրների՝ անկարգություններ հրահրողները կառավարվում են արտասահմանից, նրանք նպատակ ունեն կրկնել այն, ինչ տեղի է ունեցել  Գյանջայում։ Օրերս իրավապահ մարմինների ղեկավարների հետ անցկացված հանդիպման ժամանակ նախագահ Իլհամ Ալիևը հայտարարեց, որ դրսում կան ուժեր, որոնք չեն ընդունում իշխող թիմի հաջողությունները, այդ պատճառով էլ սադրանքներ են իրականացնում, կեղտոտ քարոզարշավ տանում։ 

Բաքուն գտնում է, որ արտաքին ուժերից մեկը սահմանակից Իրանի Իսլամական Հանրապետությունն է։ Նախկին արտգործնախարար Թոֆիգ Զուլֆուղարովը, մեկնաբանելով Գյանջայի իրադարձությունները, ասաց. ՙՏպավորություն է ստեղծվում, որ մեզ կամ ցանկանում են ինչ-որ բան ցույց տալ, կամ` Իրանի ղեկավարությունում ծայրահեղ շրջանակները փորձում են ապակայունացնել իրավիճակն Ադրբեջանում, ապակայունացնել  երկարաժամկետ և հանգեցնել մեր երկրում շիաների և սունիների բախման՚։ Նա անդրադարձել է Հեյդար Ալիևի ժամանակներին, երբ երկու երկրների միջև առկա էր պայմանավորվածություն, ըստ որի՝ Ադրբեջանը չի միջամտում Իրանի ներքին գործերին, վերջինս էլ իսլամական հեղափոխության գաղափարախոսությունը չի արտահանում ադրբեջանական տարածք։ Ըստ Զուլֆուղարովի՝ իրանական ղեկավարությունում որոշ ուժեր այժմ ուզում են խախտել այդ համաձայնությունը։      

Իրավապահների հետ անցկացված հանդիպմանն Ադրբեջանի նախագահն  առիթը բաց չի թողել՝ ցեխ շպրտելու նաև արևմտյան հեղինակավոր այն լրատվամիջոցներին, որոնք իրենց անաչառ հրապարակումներում բացահայտել են ալիևյան բռնապետական վարչակարգի հակաժողովրդական, կոռուպցիոն բնույթը։ Իշխանությունն ակնհայտորեն իր զայրույթը թափում է տեղական ԶԼՄ-ների վրա, և դա թույլ է տվել ադրբեջանական ոչ պաշտոնական կայքին՝ contact.az-ին, գրելու, որ հայրենի մեդիա դաշտը խոստանում է հայտնվել շատ ավելի վատ վիճակում։ Տեղեկատվական ջունգլիներ. իրավիճակն այսպես է բնութագրել ադրբեջանական մեդիա դաշտի անկախ  փորձագետը, որի դիտարկումներով՝ իրավիճակն այնքան սրընթաց է վատթարանում, որ որոշ ժամանակ անց մարդիկ պարզապես կմնան առանց տեղեկատվության։ Բացառությամբ վստահություն չներշնչող որոշ ԶԼՄ-ների՝ ադրբեջանական ոչ մի  լրատվամիջոց չի լուսաբանել Գյանջայի իրադարձությունները։ Տեղեկատվական որոշ կայքերի արգելափակումը տեղի է ունեցել առանց դատարանի վճռի, ընդգծում է հիշյալ աղբյուրը և հավելում, որ օրերս արգելափակման են ենթարկվել ևս չորս տեղեկատվական կայքեր։ Դրանց ղեկավարները մի քանի օր շարունակ զբաղված են եղել իրավապահ մարմիններում ցուցմունք տալով։ Փաստորեն Ադրբեջանի տարածքում բոլոր անկախ և ընդդիմադիր կայքերն աշխատելու հնարավորությունից զրկվել են։ Տեղեկատվական շրջափակման պայմաններում հասարակության մեջ սկսում են գերիշխել խուճապային տրամադրությունները, որոնք ներքին լարվածության պատճառ են դառնում։ Իշխանությունների համար սա պետք է ազդանշան լինի, եզրափակել է ադրբեջանցի փորձագետը: 

Իշխող վերնախավի վարած քաղաքականությունից դժգոհողներ չպիտի լինեն, մեղավորը, ըստ ալիևյան վարչակազմի, արտաքին ուժերն են։ Ուրեմն, հարկավոր է խստացնել ռեժիմը, պատժել անհնազանդներին։ Իրավապահների աշխատանքն ուղղորդելու ժամանակ Ալիևը հավաստիացրել է, որ երկիրը գնում է զարգացման և առաջընթացի ճանապարհով, և այդ քաղաքականությունը պետք է իր շարունակությունն ունենա՝ ապահովելու ադրբեջանական ժողովրդի երջանիկ ապագան։ 

Նախագահի քարոզչության համարժեք պատասխանը, կարծում ենք, ադրբեջանցի մեդիա փորձագետի վերլուծությունն է. պարզ ու հասկանալի ձևով մատնացույց է արվում, թե ինչպիսի ապագա է սպասվում իշխանության պարտադրված որոշումներով և տեղեկատվական շրջափակման մեջ ապրող հասարակությանը։ 

Ռուզան ԻՇԽԱՆՅԱՆ