Logo
Print this page

ԲՈԼՈՐ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ ՈՒՆԵՆՔ ՇՈՇԱՓԵԼԻ ԱՌԱՋԽԱՂԱՑՈՒՄ

Հուլիսի 24-ին Պաշտպանության բանակի շտաբում տեղի ունեցավ ԱՀ պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար գեներալ¬լեյտենանտ Լևոն Մնացականյանի մամլո ասուլիսը՝ նվիրված բանակային ուսումնական տարվա կիսամյակային արդյունքների ամփոփմանը։ 

 Ասուլիսին, բացի արցախյան լրատվամիջոցների ներկայացուցիչներից, ներկա էին Հայաստանի Հանրապետությունից շուրջ 2 տասնյակ լրագրողներ` տարբեր ԶԼՄ-ներից։ 

Պաշտպանական գերատեսչության ղեկավարը, անդրադառնալով բանակային տարվա առաջին կիսամյակի արդյունքներին, առանձնացրեց կարևոր, առանցքային ուղղությունները։ Ըստ Լ.Մնացականյանի,  իրադրությունն առաջնագծում, ինչպես  նախորդ տարիներին, այս տարի էլ շարունակել է մնալ լարված: Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից ռազմատենչ հայտարարությունները շարունակական բնույթ են կրել։ Նրանք բացեիբաց հայտարարում են, որ հիմնախնդրի լուծման միակ ճանապարհը  ռազմականն է։ Վերջին նման հայտարարություններն արվել են հունիս ամսվա ընթացքում Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի 100-ամյակին նվիրված տոնակատարության ժամանակ: Այս անգամ հայտարարությունն արվել է ոչ միայն իրենց  ներքին լսարանի, այլև, բացեիբաց` միջազգային հանրության առջև։

Պաշտպանության նախարարի իրազեկմամբ, սույն տարվա մարտ ամսից սկսած, հակառակորդն ակտիվացրել է մարտական պատրաստությանն առնչվող բոլոր միջոցառումները։ Հատկապես առաջնային գծի մոտակա խորքում նկատելի են զրահատանկային, տանկային բոլոր զորամասերի և  ստորաբաժանումների  ընդգրկմամբ զորավարժություններ։ Անց են կացվել ինչպես զորատեսակների հետ առանձին զորավարժություններ, այնպես էլ` ըստ մասնագիտական ուղղությունների։ Իսկ վերջում` արդեն ամփոփիչ օպերատիվ¬մարտավարական  զորավարժություններ։ Այդ ամենը մեր կողմից վերահսկվել է, որոշ ուղղություններում դրանք տեսանելի են եղել նաև դիտարկման  սարքերի, հետախուզության միջոցների շնորհիվ։ Մեր կողմից համապատասխան եզրահանգումներ են արվել  և տրվել ցուցումներ։

Կիսամյակի ընթացքում բոլոր ուղղություններով ակտիվ են գործել հակառակորդի հետախուզական  միջոցները, այդ թվում` անօդաչու թռչող սարքերը, փորձելով հայթայթել  տեղեկություններ մեր առաջնային գծի կահավորման, զորքերի տեղակայման, ընդհանուր գործունեության վերաբերյալ։ Ավելի հաճախակի են դարձել  մարտավարական բանակային ավիացիայի թռիչքները և, ինչպես նախորդ տարիներին, շարունակվել են առաջնագծի և մարտական խորքի ինժեներական կահավորման աշխատանքները։ Իսկ եթե իրավիճակը գնահատելու լինենք զուտ հրադադարի ռեժիմով` ապա նախորդ տարիների համեմատությամբ ունենք լարվածության կտրուկ  նվազում բոլոր ուղղություններով։ Այսօր, կարելի է ասել, խախտումները միայն ու միայն հրաձգային զենքերից են։ Վերլուծելով ընդհանուր իրավիճակը` հանգում ենք հետևյալ  եզրակացության. առաջնագծում իրադրությունը կարելի է գնահատել կայուն հանգիստ, բայց չբացառել, որ լոկալ (տեղային) դեպքերից այն կարող է վերածվել լայնամասշտաբ գործողությունների, նշեց նախարարը։ Հակառակորդի մոտ ինտենսիվ պատրաստությունից հետո կատարվում են սպասարկման  աշխատանքներ, և հնարավոր է, լարվածության աճ լինի սեպտեմբեր¬հոկտեմբեր ամիսներին։ Պաշտպանության նախարարը շեշտեց ՙհնարավոր՚ բառը և ասաց,  որ կարող է նաև չլինել։

Ընդհանուր իրավիճակը, պաշտպանական գերատեսչության ղեկավարի բնութագրմամբ, կայուն է, սակայն լարվածության որոշակի միտումներով, քանի որ նման հանգիստություն երբևիցե  չի եղել։ 

Ի՞նչ է անում Պաշտպանության բանակը,¬ իր իսկ հարցին ի պատասխան գեներալ¬լեյտենանտ Լ.Մնացականյանն ասաց հետևյալը.

-Իհարկե, բոլոր գործողությունները վերահսկելով, մենք շարունակում ենք մեր որդեգրած քաղաքականությունը բոլոր ուղղություններով։ Առաջին հերթին, իհարկե, շեշտը դնում ենք նրանց հետագա գործողությունների բացահայտմանը, ավելի մանրակրկիտ վերլուծմանը և ըստ այդմ  էլ մեր առջև դրվելիք խնդիրների կատարման  առաջնահերթությանը։ Մեզ համար որպես  առաջնահերթություն են մնում առաջնագծի հետ կապված աշխատանքները, առաջին հերթին` ինժեներական։ Այդ առումով ահռելի առաջխաղացում կա, խտություններն են ավելացել, մեծացել են խորությունները, սահմանափակ պայմաններում մեր հետախուզության  վարման հնարավորություններն են ավելացել։ Համալրվել է սպառազինության և ռազմական տեխնիկայի զինանոցը։ Հզորության աճ ունենք արդի տեխնոլոգիաների շնորհիվ։ Վերլուծելով հակառակորդի վերջին զորավարժությունները` որոշակի փոփոխություններ ենք մտցրել նաև զորքերի պատրաստության ծրագրերում: Ստորաբաժանումներն առաջին կիսամյակում ձեռք են բերել դաշտային համապատասխան վարժվածության աստիճան և ի վիճակի են կատարել իրենց առջև դրված խնդիրները։ 

Աշխատել ենք նաև զինվորական կարգապահության ամրապնդման  ուղղությամբ, բոլոր առումներով, կարելի է ասել, ունենք շոշափելի հաջողություն։

Պաշտպանության նախարարը պատասխանել է նաև լրագրողների տարաբնույթ հարցերին, որոնք հիմնականում վերաբերում էին բանակի  զինանոցի ժամանակակից տեխնիկական միջոցներով  հագեցվածության աստիճանին,  տարածաշրջանում Ռուսաստանի դերակատարությանը, բանակի անձնակազմի վրա քաղաքական ներքին խմորումների հնարավոր ազդեցությանը, ծառայությունը հրապուրիչ դարձնելուն միտված ծրագրերի առկայությանը, ադրբեջանական սպառազինությանն հակազդելու միջոցների առկայությանը, զինանձնակազմի միջանձնային փոխհարաբերություններին։ Հարցերի մի մեծ խումբ վերաբերում էր զինվորների անվտանգությանը, նյութական ապահովվածությանը, ՙԵս եմ՚ ծրագրով զորակոչվողների խնդիրներին, զինանձնակազմի բնակապահովման ծրագրերին և այլն։ Լրագրողներից մեկի այն հարցին, թե ինչ է արվում զինվորական կացարանների ու թաքստոցների կահավորման ու ավելացման ուղղությամբ, պաշտպանության նախարարը մանրամասնեց.

-Վերջին երեք տարվա ընթացքում բոլոր դիրքերում միայն երեք հազարից ավելի թաքստոցներ ենք կառուցել։  Դիտակետ¬կրակակետերը մարտական գործողությունների ժամանակ չեն օգտագործվում։ Դրանք  մարտական հերթապահության ընթացքում  դիտարկումներ անցկացնելու համար են։ Զուտ մարտական գործողությունների ժամանակ օգտագործվում են կահավորված խրամաբջիջները։ Դիրքերում ունենք նոր տիպի կացարաններ, այս տարի արդեն 15 հատ կառուցվել է։ Նախատեսում ենք՝ նորերը: Աշխատել ենք կառուցվող բոլոր կացարաններում նորամուծություններ մտցնել. խոսքը քանդովի¬հավաքովի կացարանների մասին է։ Նախկին բոլոր կացարաններն ու  ճաշարաններն էլ հարյուր տոկոսով վերակառուցվել են։ Կառավարման բոլոր կետերն էլ պաշտպանված են։ Այդ ուղղությամբ կատարվող աշխատանքները շարունակական բնույթ են կրելու։ 

ՍԻՐՎԱՐԴ ՄԱՐԳԱՐՅԱՆ

 

 

 

Կայք էջից օգտվելու դեպքում ակտիվ հղումը պարտադիրէ © ARTSAKH TERT. Հեղինակային իրավունքները պաշտպանված են.