Logo
Print this page

ՙԱՆՆԿԱՏԵԼԻՈՐԵՆ ՎԻԵՆՆԱՅԻ ԵՎ ՍԱՆԿՏ ՊԵՏԵՐԲՈՒՐԳԻ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԴՈՒՐՍ ԵԿԱՆ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՕՐԱԿԱՐԳԻՑ, ԻՆՉՆ ԱՆԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ Է՚

ՙՉի եղել մի փուլ, երբ կողմերն այսքան հաճախ խոսեն պատերազմի հնարավորության, ռազմական պատասխաններ տալու պատրաստակամության մասին` բացառելով խնդրի բանակցային ձևաչափով կարգավորումը՚,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց շվեյցարացի կովկասագետ Նիկոլյա ՀԱՅՈՍԸ՝ անդրադառնալով սեպտեմբերին կայանալիք Մնացականյան-Մամեդյարով հնարավոր հանդիպմանը։

 Հիշեցնենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Հայաստանի ու Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Զոհրաբ Մնացականյանին և Էլմար Մամեդյարովին առաջարկել են  ևս մեկ հանդիպում անցկացնել։ Այս մասին այսօր ասել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը։

ՙԱրտաքին գործերի նախարարների ևս մեկ հանդիպում անցկացնելու վերաբերյալ առաջարկ ներկայացվել է համանախագահների կողմից։ Հանդիպման վայրի և ժամկետների շուրջ վերջնական համաձայնեցումից հետո դրա մասին կտեղեկացնենք մեր հասարակությանը, ինչպես և կատարվել է նախկինում՚,- ասաց Բալայանը։ Ադրբեջանի ԱԳ նախարար Մամեդյարովը հուլիսի 24-ին հայտարարել էր, որ սեպտեմբերին Նյու Յորքում ծրագրվում է հանդիպում Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի հետ։ Նրա խոսքով՝ հնարավոր է՝ հանդիպումը տեղի ունենա ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում։ Նշենք նաև, որ Մնացականյան-Մամեդյարով առաջին հանդիպումը տեղի է ունեցել հուլիսի 11-ին՝ Բրյուսելում։ Հանդիպմանը ներկա էին նաև Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Էնդրյու Շեֆերը (ԱՄՆ) և Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա)։

Նիկոլյա Հայոսի խոսքով՝ ճիշտ կլինի, որպեսզի միջնորդները կողմերին, մասնավորապես՝ նախարարներին, բանակցային գործընթացի ակտիվ փուլին անցումը ձգձգելու հնարավորություն չտան, քանի որ դա շատ կերկարաձգի պրոցեսը` վտանգավոր միտումները խորացնելով։ Ըստ նրա՝ վտանգավոր միտումն իրավիճակն է հակամարտության գոտում և հայտարարությունները պատերազմի վերսկսման իրատեսականության մասին։ ՙՉի եղել մի փուլ, երբ կողմերն այսքան հաճախ խոսեն պատերազմի հնարավորության, հակազդեցության, ռազմական պատասխաններ տալու պատրաստակամության մասին` բացառելով խնդրի բանակցային ձևաչափով կարգավորումը, այնինչ դա միակ կառուցողական ճանապարհն է, քանի որ, տեսեք, թե ինչի հանգեցրեցին ապրիլյան մարտական գործողությունները` որոշումների տեսանկյունից՝ ոչնչի, կողմերն ունեցան միայն ողբերգական հետևանքներ` կորուստներ, միջոցների վատնում, և այլն, և այլն, թեև կա կարծիք, որ դրանով փորձեցին իրենց ուժերը շատ ավելի լայնամասշտաբ պատերազմի համար։ Ու շատերը կարծում են, որ ներկայումս այդ լայնամասշտաբ պատերազմի վերսկսման փուլն է՚,- ասաց Հայոսը։

Նա ՙվճռական՚ որակեց ներկայումս համանախագահների ճիշտ գործողությունները։

ՙՉպետք է այնպես լինի, որ մենք ինչ-որ փաստից հետո սկսենք մեղադրել համանախագահներին անգործության մեջ, համանախագահներն արդեն այսօր գոնե պետք է հաճախ կազմակերպեն բանակցային հանդիպումներ կողմերի միջև, թեև կողմերը միմյանց առաջարկելու ոչինչ չունեն՚,- ասաց Հայոսը։

Նրա խոսքով՝ այս տեսանկյունից դրական է այն, որ համանախագահները հանդես են եկել նոր հանդիպում կազմակերպելու առաջարկով։

ՙԲնականաբար, չեմ կարծում, որ այն բեկումնային կլինի, բայց գուցե այս հանդիպման ընթացքում նախարարները կարողանան Փաշինյան-Ալիև հանդիպում կազմակերպել, հատկապես, երբ Փաշինյանը ցանկանում է հանդիպել Ադրբեջանի նախագահին՚,- ասաց Նիկոլյա Հայոսը։

Ըստ նրա՝ անհասկանալի է, թե ինչ հաշվարկների վրա են հիմնված կարծիքներն այն մասին, որ սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին պատերազմ կսկսվի։

ՙԳուցե Պաշտպանության բանակը տվյալներ ունի, այնուամենայնիվ, եթե կան տվյալներ, պետք է աշխատել հակառակ ուղղությամբ՝ ներգրավվելով այդ աշխատանքում միջազգային հանրությանը, պետք է աշխատել Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի համաձայնությունները կյանքի կոչելու ուղղությամբ։ Աննկատելիորեն այդ պայմանավորվածությունները դուրս եկան բանակցությունների օրակարգից, որն անթույլատրելի է, քանի որ բանակցությունների կառուցողական շարունակականության համար անհրաժեշտ է ունենալ խաղաղ և վերահսկելի շփման գիծ ու սահման։

Առանց այդ պայմանավորվածությունների՝ արդյունավետ բանակցություններն անհնար եմ համարում, քանի որ բանակցությունները, հաշվի առնելով կողմերի ներկայիս մերժողական դիրքորոշումները, երկարատև գործընթաց են լինելու, բանակցային գործընթացը կարող է ցանկացած պահի ընդհատվել շփման գծում տեղի ունեցող լարվածության հետևանքով։ Ուստի այս վտանգները հաշվի առնելով՝ համանախագահները պետք է ստեղծեն հավելյալ առիթներ կողմերի շփումների համար, բացի միջազգային մասշտաբի միջոցառումներից՚,- ասաց Հայոսը։

;

 

 

 

Կայք էջից օգտվելու դեպքում ակտիվ հղումը պարտադիրէ © ARTSAKH TERT. Հեղինակային իրավունքները պաշտպանված են.