[ARM]     [RUS]     [ENG]

ԱՐՑԱԽԻ ՃԱԿԱՏԱԳԻՐԸ ՎՃՌԱԾ ԱՌԱՋԻՆ ՀԱՄԱԳՈՒՄԱՐԸ

Առաջին Հանրապետության 100-ամյակի ներկա տարում մենք կտոնենք նաև դարավոր վաղեմության մի շարք տարեթվեր, որոնք կարևոր նշանակություն են ունեցել հայկական պատմության մեջ։

Դրանց շարքին է պատկանում նաև 1918թ. հուլիսի  22-24-ը տեղի ունեցած Արցախի ժողովրդի լիազոր ներկայացուցիչների առաջին համագումարը։ 

1918թ. հունիսի 4-ին Բաթումում Հայաստանի և Թուրքիայի միջև կնքված ստրկական պայմանագրով Զանգեզուրի ու Ղարաբաղի տարածքները ՀՀ կազմ չմտան։ Զանգեզուրի ազգային խորհուրդը, որը կտրականապես համաձայն չէր հարցի նման դրվածքի հետ, 1918թ. օգոստոսի 18-ին մասնավորապես նշում էր. ՙ…Քոչվոր թուրքերը ձգտում են իրենց ստրուկները դարձնել Ղարաբաղի ու Զանգեզուրի հայերին, ովքեր չեն խոնարհվել ո՜չ Ալփ-Արսլանի և Լենկ Թեմուրի, ո՜չ օսմանյան զորքերի առաջ... Մենք երկու ճանապարհ ունենք. կա՜մ զինաթափվել, հանձնվել առանց մարտի՝ թուրքերի և թաթարների անարգությանը մատնելով մեր քույրերին, կա՜մ զենքը ձեռքներիս պաշտպանել մեր կյանքն ու պատիվը՚ (ՀԱԱ, ֆ. 370, ց.1, գ.33, թ.5)։

Այդ օրերին Արցախում ակտիվ աշխատանք էր ընթանում։ Արդեն հունիսի 15-17-ը միջկուսակցական ժողովին Կոմիսարների խորհուրդ ստեղծվեց՝ Հայրապետ Մուսայելյանի գլխավորությամբ։ Նշենք, որ այդ կառույցի կազմի մեջ էին մտնում տարբեր կուսակցությունների ներկայացուցիչներ։ Երկրամասը ծանրագույն ժամանակաշրջան էր ապրում. պարենը չէր բավականացնում, մյուս հայկական տարածքների հետ հաղորդակցությունը կտրված էր, 1918թ. ամռանը թուրք էմիսարների քանակն աճում էր։

Արցախի հայության առաջին համագումարն անց է կացվել հուլիսի 22-24-ը Շուշիում։ Մինչև դրա անցկացումն ընտրվել էին պատվիրակներ տարբեր կուսակցություններից՝ ընդամենը 60 մարդ։ Աշխատանքին մասնակցություն են ունեցել նաև դեռևս 1917թ. դեկտեմբերին ստեղծված միջկուսակցական բյուրոյի անդամներ։ Համագումարի նախագահ էր ընտրվել բոլշևիկ Ալեքսանդր (Ռուբենի) Ծատուրյանը, տեղակալ՝ Արշավիր Քամալյանը, քարտուղար՝ Մելիքսեթ Եսայանը։ Առաջին իսկ նիստին Ա. Ծատուրյանն առանց բացատրությունների հրաժարվեց պաշտոնից, ինչը սաստիկ դուր չեկավ պատվիրակներին, ովքեր որոշել էին էսեռ Արսեն Հովհաննիսյանին ընտրել։

Համագումարի օրակարգում ընդգրկված էին հետևյալ 8 հարցերը. միջկուսակցական բյուրոյի և Կոմիսարների խորհրդի հաշվետվությունները, պարենային ապահովությունը, հարկերը, դատավարությունները, արտաքին քաղաքականությունը, Ղարաբաղը որպես Արարատյան Հանրապետության անքակտելի մաս ճանաչելը, ինքնապաշտպանությունը, ընտրությունները։

Մենք, ցավոք սրտի, մանրամասնորեն չենք տիրապետում կենսական խնդիրների քննարկման ընթացքի վերաբերյալ տեղեկատվությանը, քանի որ համագումարի արձանագրություններն այրվել են 1920թ. մարտին Շուշիում տեղի ունեցած հայերի ջարդի ժամանակ։ Այնուամենայնիվ հայտնի է, որ համագումարն Արցախ-Ղարաբաղը հայտարարել է անկախ վարչաքաղաքական միավոր, ընտրել է օրենսդրական ու գործադիր գործառույթներ իրականացնող 7 մարդկանցից բաղկացած ազգային կառավարություն։ Ի միջի այլոց, սա համաշխարհային պատմության մեջ եզակի նախադեպ է, երբ ողջ երկրամասը երկու տարվա ընթացքում գլխավորվում էր համագումարների միջոցով։ Այդ ժամանակահատվածում հրավիրվել է ընդհանուր առմամբ 10 համագումար, որոնք քննարկել են ամենատարաբնույթ կարևորագույն հարցեր։ 

Ներկայացնեմ առաջին կառավարության կազմը. 1. Եղիշե Իշխանյան (դաշնակցական)՝ կառավարության նախագահ, ով ղեկավարում էր ներքին և արտաքին գործերը, 2.Հարություն Թումանյան (դաշնակցական)՝ ռազմական գործերի կառավարիչ, 3.Արշավիր Քամալյան (սոցիալ-դեմոկրատ, մենշևիկ)՝ ֆինանսների կառավարիչ, 4.Արսեն Հովհաննիսյան (սոցիալիստ-հեղափոխական)՝ պարենային գործերի կառավարիչ, 5.Մարկոս-բեկ Տեր-Աստվածատրյան (անկուսակցական)՝ արդարադատության գործերի կառավարիչ, 6. Մարտիրոս Այվազյան (դաշնակցական)՝ հողագործության և ճանապարհների կառավարիչ, 7.Մելիքսեթ Եսայան (անկուսակցական)՝ կառավարության քարտուղար։

Ինչպես տեսնում ենք, կառավարությունը դաշնակցային էր, դրա կազմի մեջ էին մտնում ՀՅԴ երեք անդամներ, մեկական սոցիալ-դեմոկրատ, էսեռ, երկու անկուսակցական: Մինչդեռ ադրբեջանական վայ-պատմաբանները պնդում են այն մասին, որ կառավարության բոլոր անդամները ներկայացնում էին ՀՅԴ-ն և գործում էին Երևանից ստացվող հրահանգներով: Առաջին համագումարում քննարկված հարցերից գլխավորը Արցախի քաղաքական ճակատագիրն էր: Պատվիրակները կտրականապես մերժեցին Ադրբեջանի կազմ մտնելու հեռանկարը: Նրանք կողմ էին կա՜մ Հայաստանին միանալուն, կա՜մ շրջանի սկզբունքով` որպես առանձին տարածք գոյություն ունենալուն: Չէր բացառվում անհրաժեշտության դեպքում նաև ռուսամետ կողմնորոշման պահպանման ու Ռուսաստանի կազմ մտնելու հեռանկարը:

Առաջին համագումարի` հուլիսի 24-ի հայտարարության մեջ նշվում է, որ ռուսական հեղափոխությունը, տապալելով ցարական ինքնակալությունը, ժողովուրդներին իրենք իրենց ճակատագիրը որոշելու իրավունք է շնորհել: ՙԱմբողջ ութ ամիս աշխարհից կտրված` Ղարաբաղը շարունակում է մնալ մեռյալ կետում… Առաջնորդվելով ժողովրդի բնազդով` Ղարաբաղը վճռել է չսպասել երրորդ ուժի գալուն, որը կկարողանար նրան ազատել շղթաներից՚ (ՙՂարաբաղի սուրհանդակ՚, 19.08.1918): 

Այդկերպ Արցախի հայության առաջին համագումարը, ստեղծելով կառավարություն, դրանով իսկ հռչակեց անկախության իր իրավունքը: Այդ իրադարձությունը կարևոր նշանակություն ունեցավ երկրամասի ճակատագրում, որն անկախ պետականություն ստեղծելու իր իրավունքի հռչակումից հետո 70 տարի անց արդեն նոր պայմաններում ազատության համար պայքար է ծավալել, որն, ի վերջո, հաջողությամբ պսակվեց:

Հրանտ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

www.golosarmenii.am