[ARM]     [RUS]     [ENG]

ԱՄԵՆ ԻՆՉ ԵՆԹԱՐԿԵՑՎԱԾ Է ՄԵԿ ՆՊԱՏԱԿԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԵՏ ԱՐՑԱԽԻ ՎԵՐԱՄԻԱՎՈՐՄԱՆԸ

1990-ականների սկզբին մարզի տնտեսությունը լիակատար փլուզման եզրին էր։ Շրջափակումն ավելի էր խստանում, դեպի Երևան ավիաչվերթների քանակը նվազագույնի էր հասցվել, արգելվել էր քաղաքացիական ուղղաթիռների օգտագործումը, Ստեփանակերտի օդանավակայանում պարետության աջակցությամբ լկտիորեն տիրություն էր անում ադրբեջանական ՕՄՕՆ¬ը, որը, փորփրելով թռիչքահարթակը և այնտեղ զրահատեխնիկա մտցնելով, խոչընդոտներ էր ստեղծում ինքնաթիռների անվտանգ վայրէջքի համար, թալանով էր զբաղվում զննումների ժամանակ և անպատվում ուղևորներին։

Սաֆոնովյան պարետությունը գնալով ավելի խիստ ու ավելի կոպիտ էր քաղաքացիների զննումներ ու անձնագրերի ստուգումներ անցկացնում, հատկապես Ստեփանակերտում։ Ադրբեջանական զինված ավազակախմբերը, որոնց համար պարետային ժամ գոյություն չուներ, հարձակվում էին հայկական թույլ պաշտպանված ծայրամասային գյուղերի վրա՝ զգալի վնաս հասցնելով առանց այդ էլ սնանկացած տնտեսություններին։ Խուլ շրջափակման պատճառով քաղաքում գնալով ավելի սուր էր զգացվում պարենային մթերքների պակասը։ Բայց ամենաշատը խնդիրներ էր ստեղծում բենզինի ու դիզվառելիքի աղետալի պակասը, ինչի պատճառով չէր աշխատում մասնագիտացված տրանսպորտը, ներառյալ սանիտարական մեքենաներն ու աղբահավաք մեքենաները։ Ստեփանակերտում սկսվեց կուտակվել կենցաղային աղբ, որը կարող էր վնասակար ինֆեկցիոն հիվանդությունների աղբյուր դառնալ։

Հակառակ ծանրագույն այս իրավիճակին, Կենտրոնի աջակցությամբ ադրբեջանական իշխանությունների բոլոր փորձերը՝ ուղվված նրան, որ ղարաբաղցիներին ստիպեն ընդունել Ադրբեջանի կազմում մարզի կարգավիճակի վերաբերյալ ԽՍՀՄ Գերագույն խորհրդի որոշումը, հանդիպեցին ժողովրդի համառ դիմադրությանն ու դատապարտված էին ձախողման։ Շարժման մասնակիցների շարքերն ավելի ստվարացան, նրանք հանդես էին գալիս դիմադրության միասնական ճակատով` իրենց բոլոր գործողությունները ենթարկեցնելով մեկ ընդհանուր նպատակի՝ Հայաստանի հետ Լեռնային Ղարաբաղի վերամիավորմանը։ Այս նպատակի իրացման համար պայքարին մասնակցում էին մարզխորհրդի գործկոմը, քաղաքային ու շրջանային կուսակցական, խորհրդային ու արհեստակցական կազմակերպությունները, ընդհատակյա գործունեության անցած Ազգային խորհուրդը (ղեկավար՝ Վաչագան Գրիգորյան, տեղակալներ` Վալերի Աթաջանյան, Վլադիմիր Թովմասյան), ՙՄիացում՚ կազմակերպությունը (ղեկավար՝ Ռոբերտ Քոչարյան, տեղակալներ` Սերժ Սարգսյան և Համլետ Գրիգորյան), Աշխատանքային խումբը (ղեկավար՝ Ռաֆայել Գաբրիելյան, տեղակալներ` Վլադիմիր Բեգլարյան և Ավետիս Գրիգորյան), քաղաքացիական պաշտպանության շտաբը և ՙԱմարաս՚ բարեգործական միությունը։ Ավելի ուշ նրանց միացավ վերակազմավորված ՙՀիշատակ՚ բարեգործական կազմակերպությունը, որը ղեկավարում էր մարզի գլխավոր վիրաբույժ Էդուարդ Ղուկասյանը։ Ժողովրդի հետ էին և նրա պատվիրակները ԽՍՀՄ Գերագույն խորհրդում։

Այդ օրերին Շարժման ակտիվիստները հավաքվել էին քաղգործկոմի շենքում, քննարկում և որոշումներ էին ընդունում մարզի համար կենսական կարևորություն ունեցող հարցերի շուրջ։ Չեմ թաքցնի՝ միշտ չէ, որ այդ խորհրդակցություններն առանց տարաձայնությունների էին անցնում, բայց հիմնականում, առաջնորդվելով մեկ առանցքային գաղափարով, մասնակիցները միասնական կարծիքի էին գալիս ու գտնում բարդ իրավիճակներից ելքը։ Այսպես, օրինակ, կենցաղային աղբի հարցը լուծում գտավ Տնօրենների խորհրդի կողմից, որն առաջարկեց և քաղաքացիների օգնությամբ կազմակերպեց աղբի հավաքումն ու հեռացումը` կցասայլերով ՙԲելառուս՚ դիզելային խնայողատար տրակտորների օգնությամբ։ ՙՇտապ օգնության՚ ծառայության կարիքն ունեցող ստեփանակերտցիներին հնարավորության սահմաններում անշահախնդիր կերպով բուժհաստատություններ էին հասցնում հարազատները, հարևանները, պարզապես ծանոթները՝ անձնական տրանսպորտի միջոցներով, իսկ ծայրահեղ դեպքում օգնության էր հասնում ոստիկանության քաղբաժնի հերթապահ ՙՈՒԱԶ՚-ը։

 

Այս միջոցառումների անցկացմանը նպաստում էր, առաջին հերթին, մարզի բնակիչների հայրենասիրության, պատասխանատվության, կազմակերպվածության ու համախմբվածության բարձր մակարդակը։ Ներքին գործերի վարչությունն այդ օրերին գրեթե չէր արձանագրել հասարակական կարգի խախտման և ոստիկանություն բերման ենթարկելու որևէ դեպք՝ քրեական գործի հարուցմամբ։

Արցախի համար այս ծանր շրջանում, ինչպես միշտ, օգնության հասավ Հայաստանը, որը մայրական հոգատարությամբ ղարաբաղցիներին ցուցաբերում էր բարոյական ու նյութական աջակցություն, թեև ինքն էլ խեղդվում էր շրջափակման աքցաններում։ Վտանգելով սեփական կյանքը, դժբախտաբար, պատահում էր` և կյանքի գնով, Երևանի Էրեբունի օդանավակայանի (ղեկավար՝ Կաչիկ Մնացականյան, տեղակալ Սերգեյ Վանցյան) ինքնաթիռների և ուղղաթիռների հերոսական անձնակազմերը մարզ էին հասցնում խիստ անհրաժեշտ բեռներ՝ գաղտնիության համար հաճախակի փոխելով բեռնափոխադրումների մեծ մասն իրականացնող ուղղաթիռների վայրէջքի հարթակները։ Նման ճանապարհով խնայողության խստագույն ռեժիմով դժվարությամբ հաջողվում էր մարզն ապահովել բենզինով ու դիզվառելիքով։ Սակայն վառելիքի պահանջն սկսեց ավելանալ, քանի որ այդ շրջանը համընկավ Լեռնային Ղարաբաղում առաջին պարտիզանական խմբերի, ինչպես նաև Հայաստանից ու Սփյուռքից ֆիդայական-կամավորական ջոկատների ստեղծման հետ, որոնք Արցախի ապագա ինքնապաշտպանական ուժերի հիմքն էին կազմում։ Համապատասխանաբար  աճեցին և փոխադրվող բեռների ցանկն ու ծավալը, ավելացավ թռիչքների բարդությունը։ Անվտանգության ապահովման համար օդաչուներն իրենց խցիկի հատակը ծածկում էին զրահապատ բաճկոններով, իսկ ուղղաթիռի բաց դռան փեղկում տեղադրվում էր խոշոր տրամաչափի գնդացիր, որից անհրաժեշտության դեպքում պատասխան կրակ էր բացվում ներքևից գրոհող հակառակորդի ուղղությամբ։ Հաշվի առնելով այս բարդությունները, ղարաբաղցիներն էլ ավելի խստացրին խնայողության ռեժիմն ու միջոցներ էին ձեռնարկում սննդամթերքով, առաջին հերթին՝ հացով ինքնապահովման համար։ Այդ տարիներին, չնայած բոլոր խնդիրներին, մարզի գյուղատնտեսները, հատկապես Մարտունու և Ասկերանի շրջանների, աճեցնում ու հավաքում էին հացահատիկի ռեկորդային բերք, ինչը թույլ էր տալիս հացով ապահովել մարզն ու Շահումյանի շրջանը։ Հիշում եմ, մի անգամ այդ օրերին հացի պակասի վերահաս վտանգի պատճառով ստիպված էինք թռչել Հայաստան և խնդրանքով դիմել հանրապետության կառավարությանը։ ՙՀայհացամթերք՚ կոմիտեի նախագահ Ռաֆայել Շահբազյանը ներկայացված հայտով հատկացրեց ալյուր և հացահատիկ, իսկ Հայաստանի ավտոմոբիլային տրանսպորտի նախարար Հենրիխ Բադեյանը կազմակերպեց ավտոմեքենաների ավտոշարասյուն, որը բեռն Էջմիածնից անփոխհատույց տեղափոխեց Կամո՝ ուղղաթիռային հարթակ։ Նման օպերատիվությամբ էր Հայաստանն արձագանքում մարզի համար կենսական կարևորության հարցերի վերաբերյալ մեր բոլոր խնդրանքներին, ինչը նույնպես մեզ թույլ տվեց դիմակայել այն ծանր տարիներին։ 

1990թ. մարտին մարզի քաղաքական կյանքը բավականին ակտիվ էր ընթանում։ Մարտի 3-ին Հայաստանը որոշում ընդունեց մայիսի 20-ին առաջին անգամ ԼՂԻՄ-ում անցկացնել  հանրապետության Գերագույն խորհրդի ընտրություններ՝ կազմավորվող 12 ընտրատարածքներում։ Այս միջոցառումը պահանջում էր ընդհատակյա  պայմաններում նախապատրաստական լուրջ աշխատանքի կազմակերպում՝ ընտրողների պատասխանատվության բարձր մակարդակով, քանի որ քվեարկության արդյունքները, փաստորեն, ևս մեկ անգամ պետք է արտահայտեին Լեռնային Ղարաբաղի ժողովրդի կամքը Հայաստանի հետ մարզի վերամիավորման հարցում։ Մարտի առաջին կեսին մարզխորհրդի գործկոմի նախագահին (տողերիս հեղինակին), կուսակցության Ստեփանակերտի քաղկոմի առաջին քարտուղար Վ. Ա. Աթաջանյանին, մարզի բոլոր շրջկոմների առաջին քարտուղարներին՝ Վ. Մ. Գաբրիելյանին, Վ. Ս. Գրիգորյանին, Վ. Ե. Քոչարյանին և Գ. Լ. Բաղյանին Մոսկվա կանչեց ԽՄԿԿ Կենտկոմի քարտուղար Ա. Ն. Գիրենկոն։  Հիշելով նրա ու Ռ. Ն. Նիշանովի՝ մարզ կատարած հունվարյան այցի ձախողման մասին, երբ Ստեփանակերտի բնակիչները բոյկոտեցին նրանց հետ հանդիպումը, այցից ոչ մի կարգին բան չէինք սպասում։ Այդուհանդերձ, Մոսկվա ուղևորվեցինք բոլորս, բացի Վ. Ե. Քոչարյանից, ով այդ ժամանակ հիվանդ էր։

Մենք կրկին հույս ունեինք ինչ-որ նոր բան լսել Ղարաբաղի հիմնախնդրի շուրջ։ Հանդիպման ընթացքում արդարացան մեր վատթարագույն սպասումները. կաբինետի տերը, չկարողանալով իրեն զսպել, մեզ բոլորիս անհատապես մեղադրեց, որ չենք ցանկանում իրադրությունը կայունացնել, և ցասման պոռթկումով Ղարաբաղի հայերի վրա բարդեց ոչ միայն երկրում, այլև Արևելյան Եվրոպայում տիրող անկարգությունների համար պատասխանատվությունը։ Ավարտելով իր մենախոսությունը՝ մեզ բոլորիս սպառնաց ԽՄԿԿ շարքերից վտարելու հնարավորությամբ։ Սպառնալիքներով էլ ավարտվեց այս խորհրդակցությունը։ Թեպետ, ի՞նչ կարելի էր ակնկալել ԽՄԿԿ Կենտկոմի քարտուղարից, ով պատասխանատու էր ազգային քաղաքականության համար և ով Բաքվում հայերի հունվարյան ցեղասպանության ժամանակ գտնվում էր Ադրբեջանում և որևէ միջոց չձեռնարկեց բարբարոսական այդ քայլը կանգնեցնելու համար։

Մարտի 15-ին Մ. Ս. Գորբաչովը ԽՍՀՄ ժողպատգամավորների երրորդ արտահերթ համագումարի ժամանակ ընտրվեց երկրի առաջին (և ինչպես ավելի ուշ պարզվեց՝ վերջին) նախագահ։ Ղարաբաղում լուր տարածվեց, որ հնարավոր է մարզում նախագահական կառավարում մտցնեն։ Հերքելով այս լուրը, ադրբեջանական ԶԼՄ-ները կեղծ հաղորդագրություն հրապարակեցին այն մասին, որ Մ. Ս. Գորբաչյովը մարտի 12-ին նիստերի միջև ընդմիջումների ժամանակ ադրբեջանական մի խումբ պատգամավորների հետ ունեցած հանդիպմանը, իբր, հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղում կառավարման նման ձև մտցնելու կարիք չկա, քանի որ Լեռնային Ղարաբաղի շուրջ բոլոր հարցերն արդեն լուծված են ԽՍՀՄ Գերագույն խորհրդի 1989թ. նոյեմբերի 28-ի հայտնի որոշումով, և որ ստեղծվել է կազմկոմիտե, որն աշխատանք է տանում իրադրության կայունացման ուղղությամբ, կարգավորում է մարզի քաղաքական, տնտեսական, սոցիալական կյանքը, և պետք է բոլոր ուժերով օգնել նրան։ Այս տեղեկատվության ստահոդ լինելն ակնհայտ էր: Մ. Ս. Գորբաչովը չէր կարող Գերագույն խորհրդի նախագահության նախագահ Ա. Ի. Լուկյանովի ներկայությամբ, իր ընտրվելուց երկու օր առաջ Նախագահի անունից  նման հայտարարություններ անել։

Բայց ադրբեջանական ԶԼՄ-ների` իրականությունը գլխիվայր շրջող նման սադրիչ հայտարարությունները՝ հղում անելով պետության առաջին դեմքերին, կարող էին ապատեղեկացնել միջազգային հանրությանը, ուստիև մարզգործկոմն անհրաժեշտ համարեց հանդես գալ համապատասխան հերքմամբ, և մարտի 19-ին ԽՍՀՄ նախագահին ուղղված հեռագրում խնդրեց նրան հաստատել մարտի 12-ին Ադրբեջանի պատգամավորների հետ հանդիպման փաստը։ Գնահատական տրվեց կազմկոմիտեի ղեկավարության գործողություններին, որոնք միտված էին մարզում իրավիճակի ապակայունացմանը, Լեռնային Ղարաբաղից հայերի վտարմանը՝ նրա հետագա անեքսիայով։ Նախագահին ուղղված դիմումում հույս էր հայտնվում, որ նա կփոխի իր վերաբերմունքը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի հարցում, ինչպես նաև` շնորհակալություն պատասխանի համար։ Այն, ինչպես միշտ, չհետևեց։

Մարտի երկրորդ կեսին ՄԱԿ-ի մարդու իրավունքների հանձնաժողովը Գլխավոր ասամբլեայի 46-րդ նստաշրջանի ժամանակ քննարկեց ՙՀայերի զանգվածային ոչնչացումն Ադրբեջանում և Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը՚ զեկույցը։ Այս առիթով Ադրբեջանական ԽՍՀ արտաքին գործերի  նախարարությունը հանդես եկավ սադրիչ սուտ հայտարարությամբ, որում հեղինակները պնդում էին, որ հակամարտության իրական պատճառներն Ադրբեջանի նկատմամբ Հայաստանի տարածքային հավակնություններն են։ Մարտի 21-ին ՄԱԿ-ին ուղղված իր հեռագրում մարզգործկոմը,  շնորհակալություն հայտնելով Ղարաբաղի հիմնախնդրի հանդեպ ցուցաբերած ուշադրության համար, շարադրեց հակամարտության ծագման պատմությունն ու պատճառները։ 

Այս երկու հեռագրերի ստորագրման փաստն ինքն այն ժամանակ հանրության կողմից կարող էր գնահատվել որպես հեռացում ադրբեջանական իշխանություններին ու Կենտրոնին ընդդիմանալու սկզբունքից, որն ընդունվել էր 50-հազարանոց հանրաքվեի բանաձևում՝ ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նոյեմբերի 28-ի հայտնի նստաշրջանից հետո։ Կարելի է շարունակել այն փաստաթղթերի ցանկը, մարզխորհրդի գործկոմի կողմից, որոնց ընդունումը պահանջում էր մարզի բարդ կյանքը: Բայց դրա հետ մեկտեղ մեր կողմից չէր եղել կազմկոմիտեի որոշումները հաստատելու կամ նրա ղեկավարության հետ շփման մեջ մտնելու փորձերի որևէ դեպք։ Մարզխորհրդի գործողություններում այս պայմանական երկվությունն ՙարդարացնելու՚ համար փաստաթղթերն այն ժամանակ վավերացվում էին հետևյալ կերպ.

ՙ...Լեռնային Ղարաբաղի ժողպատգամավորների մարզխորհրդի գործկոմի կարգադրությամբ, գործկոմի նախագահ՝ Ս. Բաբայան (ստորագրություն)՚։

Ստեղծված իրավիճակից ելք գտնելու համար Շարժման ակտիվիստները խորհրդակցության ընթացքում քննարկեցին այդ ժամանակաշրջանի գլխավոր հարցը` ժողպատգամավորների 20-րդ գումարման մարզխորհրդի ու նրա գործկոմի գործունեության պաշտոնական վերականգնումը։ Մարտի 27-ին գումարվեց մարզխորհրդի արտահերթ նստաշրջան, որին ներկա էին նաև Լեռնային Ղարաբաղից ԽՍՀՄ Գերագույն խորհրդի պատգամավորներ։ Նստաշրջանը որոշում ընդունեց վերսկսել ժողովրդավարական իշխանության մարզային մարմինների գործունեությունը՝ հիմնվելով միայն ԽՍՀՄ Սահմանադրության վրա, հաշվի չառնելով 1989թ. ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նոյեմբերի 28-ի հայտնի որոշումները, դրանով իսկ ընդգծելով Ադրբեջանի իշխանություններից ու Կենտրոնից իր գործողությունների անկախությունը։ Նստաշրջանը դիմեց նաև մարզի աշխատավորներին՝ ավելի քան երկու ամիս շարունակվող գործադուլը դադարեցնելու առաջարկով։

Մարզի բոլոր ձեռնարկություններում ու կազմակերպություններում ապրիլի 2-ին վերականգնվեց աշխատանքային բնականոն ռիթմը։

Սեմյոն ԲԱԲԱՅԱՆ