[ARM]     [RUS]     [ENG]

ԱԴՐԲԵՋԱՆԻ ՂԵԿԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՄԱՐԴԻԿ ԿԱՆ, ՈՐՈՆՔ ԸՆԴՈՒՆԱԿ ԵՆ ԲԱԽՈՒՄ ՍԱԴՐԵԼՈՒ

 

 

 

Ղարաբաղյան հակամարտության խնդրով համաձայնագրի կնքման հավանականությունը գնահատելիս անհրաժեշտ է հաշվի առնել տարածաշրջանում ստեղծված աշխարհաքաղաքական, աշխարհատնտեսական եւ աշխարհառազմավարական իրավիճակները։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց Ռազմական կանխատեսման ռուսական կենտրոնի ղեկավար Անատոլի ՑԻԳԱՆՈԿԸ։

 

Փորձագետի կարծիքով՝ տարածաշրջանում խաղաղության եւ կայունության հաստատման վրա ազդում են այնպիսի երկրների ռազմական հայեցակարգերը, ինչպիսիք են Վրաստանը, Հայաստանը, Ադրբեջանը, ինչպես նաեւ Ռուսաստանը, Թուրքիան եւ Իրանը, որոնք այստեղ ռազմավարական շահեր ունեն։

ՙԱդրբեջանի ղեկավարությունը մեծ ուշադրություն է դարձնում իր զինված ուժերի ամրապնդմանը։ Սակայն ներկայումս ադրբեջանական բանակը մարտունակությամբ իրապես զգալիորեն զիջում է հայկական զինված ուժերին, ուստի Երեւանը ռազմական դիմակայությունում հաղթելու ավելի մեծ հնարավորություն ունի՚,- շեշտեց Ցիգանոկը։

Փորձագետը միաժամանակ նշեց, որ Ադրբեջանը մինչեւ հիմա չի կողմնորոշվել տարածաշրջանում իր ռազմաքաղաքական ռազմավարության հարցում, չնայած աջակցում է համընդհանուր անվտանգության նպատակով ռազմական քաղաքականությանն ինտեգրվելու գաղափարին։ Ռազմական փորձագետի կարծիքով, սակայն, Ադրբեջանի ղեկավարության մեջ մարդիկ կան, որոնք ընդունակ են բախում սադրելու, չնայած մարտական գործողություններին բանակի անպատրաստ լինելուն։

Փորձագետի կարծիքով՝ մինչդեռ Հայաստանում ոչ միայն լավ հասկանում են, որ 2 կողմերի միջեւ ռազմական կոնֆլիկտը շատ վտանգավոր է ամբողջ կովկասյան տարածաշրջանի համար, այլ նաեւ այն, որ խնդիրների ռազմական լուծումը կարող է խախտել ամբողջ եվրասիական տարածաշրջանի փխրուն հավասարակշռությունը։ Նրա խոսքով՝ նման սցենարը Մոսկվային շատ է մտահոգում, որի համար Կովկասում իրավիճակը հատուկ ուշադրության գոտի է։ ՙՌուսաստանը, որպես միջնորդ, Լեռնային Ղարաբաղում խաղաղությունը պահպանելու համար ջանքեր է գործադրում փոխընդունելի լուծման մշակման բանակցությունների ակտիվացման եւ ռազմական կոնֆլիկտ թույլ չտալու համար՚,- շեշտեց ռուսաստանցի փորձագետը։

Նրա գնահատմամբ, դրանից զատ, Մոսկվայի մտավախությունն է հարուցում նաեւ այն, որ Բաքվի վաղեմի դաշնակիցը Թուրքիան է, որը հազիվ թե մի կողմ քաշված մնա, եթե Ադրբեջանի զինված ուժերն անհաջողություններ կրեն։ ՙՈւստի այս իրավիճակում բոլոր կողմերի համար լավագույն ելքը բանակցային գործընթացի շարունակումն է՝ այն հույսով, որ, այնուամենայնիվ, կհաջողվի համաձայնության հասնել եւ տարածաշրջանում հաստատուն խաղաղություն հաստատել՚,- եզրափակեց Անատոլի Ցիգանոկը։

Հիշեցնենք, որ EADaily-ին վերջերս տված հարցազրույցում Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ադրբեջանական կողմին խորհուրդ էր տվել այդքան համոզված չլինել, որ ինքն է վերահսկում Լեռնային Ղարաբաղում ռազմական իրավիճակի էսկալացիայի հարցը։ Այսինքն, նրա խոսքով, այնպես չի լինի, որ միջնորդներին հաջողվի հայկական կողմին համոզել դադարեցնել պատասխան պատժիչ գործողություններն ադրբեջանական կողմից ռազմական գործողությունների վերսկսման դեպքում։ Նա շեշտել էր, որ 2016 թվականի ապրիլյան ագրեսիան կրկնվելու դեպքում հայկական կողմը կարող է եւ չխուսափել իր մոտ եղած ամբողջ սպառազինության օգտագործման ՙգայթակղությունից՚՝ հակառակորդին վճռական եւ մասշտաբային հակազդեցության համար։

;