[ARM]     [RUS]     [ENG]

ՄՈՍԿՎԱՆ ԿԱՐՈՂ Է ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏԻՆ ՈՐՊԵՍ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍՆԱԿԻՑ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԿՈՉ ԱՆԵԼ

Աշնանը կկայանա՞ արդյոք Ալիև-Փաշինյան հանդիպումը

 Այն բանից հետո, ինչ Բրյուսելում կայացան Ադրբեջանի և Հայաստանի արտաքին գործերի նախարարներ Էլմար Մամեդյարովի և Զոհրաբ Մնացականյանի միջև բանակցություններ, որոնք տևել են չորս ժամ, սկսել է թվալ, թե հորիզոնի վրա նշմարվել է գլխավոր նպատակը՝ լեռնայինղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև բանակցությունների կազմակերպումը։ Առավել ևս, որ այդ հանդիպման արդյունքներով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից արված հայտարարության մեջ ասված էր, որ հակամարտող կողմերը ՙմտքեր են փոխանակել ու քննարկել  առարկայական բանակցություններին վերադառնալու հետագա քայլերը՚։

Որպես կանոն, բարձր մակարդակի գագաթնաժողովները մանրազնին կերպով են նախապատրաստվում, ուստի կարելի էր ենթադրել, որ Մամեդյարով-Մնացականյան երկխոսությունը կշարունակվի ամենամոտ ժամանակներս։ Բայց որոշ հանգամանքներ սկսեցին զգուշավորություն հարուցել։ Այսպես, Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Հիքմեթ Հաջիևը հայտարարել է հետևյալը. ՙԱնկեղծ ասած, մենք դեռ չենք կարողանում հասկանալ, թե ով բարձր մակարդակով կվարի բանակցությունները։ Հայաստանի նախագահական աշխատակազմից լսել ենք մեկ տարբերակ, իսկ վարչապետի գրասենյակից՝ մեկ այլ։ Իսկ ընդհանուր առմամբ պատրաստ ենք բարձր մակարդակով բանակցությունների՚։ Սա կապված էր այն բանի հետ, որ մամուլում հաղորդագրություն է հայտնվել այն մասին, որ Ալիևը ՙբանակցություններ կվարի Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի հետ՚, իսկ Փաշինյանը հրաժարվում է բանակցություններ վարել Ադրբեջանի նախագահի հետ Արցախի Հանրապետության (Լեռնային Ղարաբաղի) իշխանությունների անունից։ Եվ կարծես թե հենց այս առնչությամբ է ի հայտ եկել ՙիրադարձությունների հետագա զարգացման հետ կապված որոշակի անորոշությունը՚։

 Սակայն Ս. Սարգսյանը հայտարարություն արեց, որի էությունը նրանում է, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում բանակցողը հենց վարչապետն է, որ ՙնա (նախագահ Սարգսյանը- Ս.Տ.) այստեղ խորհրդականի դերում է՚։ Այնուհետև Հայաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը հստակություն մտցրեց. ՙՄենք հուսով էինք, որ Ադրբեջանում կարդացել են ՀՀ Սահմանադրությունը, վերլուծել ու հասկացել են դրա էությունը։ Բացի այդ, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը բազմիցս հայտարարել է, որ պատրաստ է Հայաստանի անունից բանակցություններ վարել Ադրբեջանի ղեկավարի հետ՚։ Այսպես ուրվագծվեց գլխավոր դիրքորոշումը. Բաքուն և Երևանը պատրաստ են բանակցություններ վարել լեռնայինղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ պետությունների առաջնորդների մակարդակով, բայց ոչ ոք չգիտի` որտեղ ու երբ կարող են դրանք տեղի ունենալ։ Եվ ահա օրերս ադրբեջանցի քաղաքագետ Էլհան Շահինօղլուն շարադրեց իրադարձությունների զարգացման` Բաքվի համար ցանկալի բեմագիրը։ 

Նրա խոսքով, ՙհաշվի առնելով ստեղծված իրավիճակը` Կրեմլը կաշխատի աշնանը Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդների հանդիպում կազմակերպել՚ օգոստոսի 30-ին Ալիևի Մոսկվա նախանշված պետական այցից հետո։ ՙԿրեմլում Ալիևի հետ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը կնախորդի և առանձնահատուկ իմաստ կունենա Փաշինյանի հետ սպասվող դեմ առ դեմ զրույցի նախաշեմին,- պնդում է Շահինօղլուն։- Բայց եթե Հայաստանի ղեկավարն առաջին իսկ հանդիպմանը կառուցողականություն չցուցաբերի, ապա հետագա հանդիպումների մեջ իմաստ չի մնա։ Ընդհանրապես, այնպիսի իրավիճակ է ստեղծվել, որ ոչ մի բանի չբերող դիվանագիտական հանդիպումների ու բանակցությունների ոչ մի անհրաժեշտություն չի մնացել, քանի որ մեր բանակն արդեն ռազմավարական կոնկրետ նպատակներ ունի՚։ Այստեղ գլխավորն այն է, որ այդկերպ Բաքուն սկսել է ուրվագծել ՙմոսկովյան միտումը՚, որն անուղղակիորեն հաստատվում է նաև Երևանի կողմից։ 

 

ՙՌուսաստանն ունի Լեռնային Ղարաբաղում նոր պատերազմի կանխարգելման բոլոր հնարավորությունները և անհրաժեշտության դեպքում կկիրառի դրանք,- համարում է Հայաստանի վարչապետը։- Ես չեմ հավատում, որ Ադրբեջանի նախագահը կգնա որևէ գործողությունների, սադրանքների` առանց համապատասխան աշխարհաքաղաքական պայմանների առկայության՚։ Ինչ խոսք, իրոք, 2016թ. ապրիլին, երբ Լեռնային Ղարաբաղում դաժան զինված բախումներ տեղի ունեցան հակամարտող կողմերի միջև, հենց Մոսկվան է կանգնեցրել տարածաշրջանում հնարավոր զինված լայնածավալ սրացումը, այն դեպքում, երբ ԵԱՀԿ ՄԽ մյուս համանախագահ երկրները փաստորեն քաղաքական պասիվություն են դրսևորել։ Բայց ինտրիգն այլ բանում է։ Ալիև-Փաշինյան առաջիկա բանակցություններն ընդունելով որպես որոշակի իրողություն՝ խաղի մեջ որոշեց մտնել Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, ով հանդիպում է ունեցել Փաշինյանի հետ՝ լեռնայինղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ դիրքորոշումների մշակման համատեքստում։

Միջազգային հարաբերությունների ու անվտանգության հայկական ինստիտուտի հիմնադիր Ստեփան Սաֆարյանն իրավիճակը հայաստանյան հրատարակություններին հետևյալ կերպ է բնութագրել. ՙ2016թ. հուլիսին տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ Փաշինյանը բավականին կտրուկ հայտարարություններով է հանդես եկել Տեր-Պետրոսյանի հասցեին` կապված ՙՍասնա ծռեր՚ խմբի (որն այդ ժամանակ Երևանում գրավել էր Հայաստանի ոստիկանության պարեկապահակային ծառայության գունդը - Ս.Տ.) գործողությունների հետ։ Նա անգամ Տեր-Պետրոսյանին մեղադրել է ՙԼավրովի պլանի՚ (ինչ-որ մի ՙպլան՚, որն իբր նախատեսում է շրջանների վերադարձ Ադրբեջանին Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի դիմաց, այն գոյություն չի ունեցել, և Մոսկվան բազմիցս պաշտոնապես հերքել է դրա առկայությունը՝ հակառակ Բաքվի պնդումներին- Ս.Տ.) իրագործման նպատակով Սերժ Սարգսյանի հետ դաշինք կազմելու մեջ՚։ Սաֆարյանն ասել է, որ Փաշինյանը համակարծիք չէ Ղարաբաղի հարցով Տեր-Պետրոսյանի քաղաքականության հետ, թեև հասկանում է, որ հայերի հասարակական-քաղաքական գիտակցության մեջ ՙհակամարտության կարգավորման մոսկովյան բեմագրի՚ վիրուս է բաց թողնված։ 

Միևնույն ժամանակ դրան ազդակ հաղորդեց Փաշինյանի արտաքուստ չհիմնավորված հայտարարությունը նաև այն մասին, որ ՙՀայաստանը պատրաստ է զիջումների (իսկ հատկապես ի՞նչ - Ս.Տ.) գնալ լեռնայինղարաբաղյան հակամարտության կարգավորման մեջ, հենց որ համոզվի, որ Ադրբեջանն էլ է պատրաստ իր կողմից զիջումների՚։ Նման հայտարարությունը թույլ է տալիս այլ տեսանկյունից նայել իրավիճակին, երբ ակնհայտ է, որ Երևանի և Բաքվի միջև գոյություն ունեն որոշ ՙփոխզիջումային նախագծեր՚, որոնց մասին հրապարակայնորեն ոչ մի բան հայտնի չէ, բայց որոնց  շուրջ տարօրինակ հռետորաբանությամբ բաց ու փակ բանավեճեր են ընթանում։ Ինչ վերաբերում է Ադրբեջանին, ապա նա պաշտոնապես ընդունում է հակամարտության կարգավորման ինչ-որ մի ՙճանապարհային քարտեզի՚ առկայության փաստը, բայց չի բացահայտում դրա մանրամասները։ Այդ համատեքստում Փաշինյանը, հասկանալով, որ բոլոր նախագծերն անմիջականորեն շոշափում են Արցախի Հանրապետության շահերը, հայտարարում է Ստեփանակերտին բանակցային գործընթացում ուղղակիորեն ներգրավելու անհրաժեշտության մասին՝ մատնանշելով նրան որպես հակամարտության կողմ, ինչի հետ համաձայն չեն Սերժ Սարգսյանի թիմի որոշ անդամներ և, ինչպես տեսնում ենք, ոչ միայն նրանք։ 

Ինչ վերաբերում է Մոսկվային, ապա Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ավելի վաղ կոչ է արել ֆուտբոլի աշխարհի առաջնության բացմանը Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդների շփումները չշփոթել Լեռնային Ղարաբաղում կարգավորման շուրջ աշխատանքի վերսկսման հետ։ Նրա խոսքով, ՙկա շփում պետությունների ղեկավարների միջև, որը ենթադրում է և՜ բազմակողմ, և՜ երկկողմ շփում, և կա հիմնախնդիր, որն ունի լուծման իր ձևաչափը՚։ 

Եվ այսպես` արդյունքում ստանում ենք հետևյալը։ Փաշինյանը, չնայած Ադրբեջանի և Հայաստանի ԱԳՆ ղեկավարների հանդիպմանը, որը հայտարարվել է միայն որպես ՙճանաչողական՚, շոշափում է Ղարաբաղը բանակցությունների սեղանի շուրջ վերադարձնելու հեռանկարների հետ կապված տրամադրությունները՝ ստուգելով դրա հանդեպ Բաքվի և Մոսկվայի արձագանքը։ Իր հերթին Ալիևը, հայտարարելով բանակցային գործընթացում Ստեփանակերտի մասնակցության անընդունելիության մասին, սպառնում է հիմնախնդիրը լուծել ուժային միջոցներով, բայց այնպես, որպեսզի Հայաստանին մեղադրի բանակցային գործընթացի տապալման  մեջ, և հենց մոսկովյան հարթակում։ 

Ադրբեջանի նախագահը մտավախություն ունի, ինչպես և հայաստանյան որոշ գործող ու նախկին քաղաքական գործիչներ, որ Մոսկվան շփման մեջ կմտնի Ստեփանակերտի հետ։ Ու այդ իրողությունը չի չեղարկի, այլ միայն հրատապություն կհաղորդի հակամարտության կարգավորման խնդիրների քննարկմանը, բեկումնային քայլ կդառնա փոխզիջումային լուծումներ որոնելու ուղղությամբ։ Իսկ առայժմ այն իրավիճակում, երբ բանակցային գործընթացի գաղտնիության պատճառով հաջողություն են վայելում միայն ներքին և արտաքին դավադրական վարկածները, պետք չէ մոտ ապագայում Ալիև-Փաշինյան գագաթնաժողովի հետ հույսեր կապել։ Հիմա Մոսկվայի դիրքորոշումը մնում է անփոփոխ, այն շարունակում է աշխատել ԵԱՀԿ ՄԽ-ի ձևաչափով: Միևնույն ժամանակ, ինչպես ասել է Ռուսաստանի ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը, ՙեթե ինչ-որ փուլում կողմերը պայմանավորվեն, որ Լեռնային Ղարաբաղը դարձյալ կներկայացվի բանակցություններում, դա կլինի նրանց որոշումը, մենք կհարգենք այդ որոշումը՚։ Ակնարկը կա, իսկ ե՞րբ կլինեն գործողությունները։ 

 

www.regnum.ru

Ստանիսլավ ՏԱՐԱՍՈՎ