[ARM]     [RUS]     [ENG]

ՊԱՏԵՐԱԶՄԻ ՄԵԿ ԱՌԻԹ ՄԵՐՁԱՎՈՐ ԱՐԵՎԵԼՔՈՒՄ

Մեկ մեսիջ էլ` արցախյան սահմանագծից  

 Մերձավորարևելյան ՙեռացող կաթսայում՚ համաշխարհային ուժային կենտրոններն ու տարածաշրջանային դերակատարները գործում են ըստ իրենց բեմագրերի, և թվում է, թե բոլորը միասին սպասում են մի առիթի, որին պետք է հետևեն ռազմական գործողություններ։ Արդյո՞ք նման առիթ կարող է դառնալ ռուսական ՙԻլ-20՚  ռազմական ինքնաթիռի խոցումը, որը ոչնչացվեց սիրիական հակաօդային պաշտպանության համակարգի կողմից, այն էլ խորհրդային զենիթահրթիռային համակարգով՝ C-200-ով։ Փաստն ինքնին հուշում է, որ սիրիական հակամարտության գոտում ինչ-որ գործողություն էր ծրագրվել, մանավանդ որ առաջին անգամ չէ ռուսական ռազմական ավիացիայի հետ նման բան տեղի ունենում։ 

Միջադեպի վերաբերյալ տեսակետ է հայտնել ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը։ Նա իրազեկել է, որ ՙԻլ-20՚-ի անհետացումից մոտ մեկ ժամ առաջ 4 իսրայելական ՙF-16՚ ռազմական ինքնաթիռներ թռիչքներ են իրականացրել սիրիական Լաթաքիա նահանգում, բայց այդ մասին հավուր պատշաճի չեն իրազեկել ռուսական կողմին։ Ծանուցումը ստացվել է հարվածից մեկ րոպե առաջ, ինչը թույլ չի տվել ռուսական ինքնաթիռին՝ անվտանգ գոտի տեղափոխվել։ Արդյունքում ստացվել է, որ իսրայելական ՙF-16՚ -ի օդաչուները թաքնվել են ՙԻլ-20՚-ի հետևում՝ Սիրիայի հակաօդային պաշտպանության ուժերի հարվածի տակ դնելով ռուսական ինքնաթիռին, որի մեջ 14 մարդ է եղել։ Նրանք բոլորն էլ զոհվել են։ Իսրայելի գործողությունները Լաթաքիայում Կոնաշենկովը թշնամական է գնահատել և նախազգուշացրել պատասխան գործողություն իրականացնելու իրավունքի մասին։      

Համառոտ անդրադառնանք այս միջադեպին նախորդող իրադարձություններին՝ նախևառաջ վկայակոչելով սեպտեմբերի 17-ին Սոչիում կայացած  Պուտին- Էրդողան հանդիպումը, որտեղ Ռուսաստանի և Թուրքիայի առաջնորդները քննարկել են սիրիական Իդլիբում տիրող իրավիճակը։  Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն նախօրեին տեղեկացրել էր, որ Անկարան Իդլիբում իրավիճակի վատթարացում է նկատում։ Թուրքիայի վիճակը, մեղմ ասած, նախանձելի չէ։ Սիրիական թնջուկը թույլ չի տալիս Էրդողանին միաժամանակ հաճոյանալ և՜ Վաշինգտոնին, և՜ Մոսկվային։ Ոչ հեռավոր անցյալում Ռուսաստանը, Իրանն ու Թուրքիան Թեհրանի գագաթնաժողովում պայմանավորվել էին զինադադար հայտարարել այդ տարածքում։ Հյուսիսատլանտյան դաշնակիցները, սակայն,  Էրդողանին դրել են մի այնպիսի վիճակում, որ նա հարկադրաբար պետք է հետքայլ անի այդ պայմանավորվածությունից։ Արևմտյան կոալիցիան նախապատրաստվում է մի ռազմագործողության, որի նպատակը Ռուսաստանին ուժ ցուցադրելն է։ Թուրքիայի նախագահը, ամենայն հավանականությամբ, գլուխը կախել է նախագահ Պուտինի առաջ, և ալլահը գիտի միայն, թե ինչ է նա խոստացել ՙպարտքի դիմաց՚։ 

Նախքան ՌԴ նախագահին հանդիպելը՝ Էրդողանը Բաքվում մասնակցում էր, այսպես կոչված, Կովկասյան իսլամական բանակի կողմից Բաքվի ազատագրման 100-ամյակին նվիրված միջոցառումներին։ Ոչ ամենևին պատահականորեն նա  քննադատության ենթարկեց ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահությանը՝ ասելով, որ այն ձգձգում է ղարաբաղյան հակամարտության կարգավորումը։ Այս մասին իրազեկել է թուրքական ՙԱնադոլու՚ գործակալությունը։ Էրդողանի կարծիքով՝ Թուրքիան Մինսկի խմբի անդամ է, հետևաբար, կցանկանար հիմնախնդրի խաղաղ կարգավորման բանակցություններում հանդես գալ որպես միջնորդ։ Նա չի թաքցրել թուրք-ադրբեջանական տանդեմի՝ ներկայիս գործող ձևաչափը փոխելու մտադրությունը, ավելին՝ համոզմունք է հայտնել, որ  հայկական կողմն է կասեցնում այդ ուղղությամբ Ադրբեջանի կողմից գործադրվող ջանքերը։ Բաքվում Թուրքիայի նախագահը նաև հայտարարել է, որ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորում չի կարող լինել, քանի դեռ լուծված չէ ղարաբաղյան խնդիրը։ Եվ Հայաստանն էլ թող սահմանի բացում չակնկալի։ Այս էլ որերորդ անգամ կրկնել է կրտսեր եղբոր՝  Իլհամի խոսքերն առ այն, որ ՙԱդրբեջանի տարածքների 20%-ը օկուպացված է հայերի կողմից, նրանք էլ խոչընդոտում են 1 մլն ադրբեջանցի փախստականների վերադարձն իրենց հարազատ հողերը՚։      Թուրք-ադրբեջանական միասնական բեմագիրը գոնե մեզ համար անհասկանալի կետեր չունի։ Թուրքիայի գործողությունները հակակշռող Իրանից հայտարարություններ դեռևս չեն հնչել։ 

Ռուսաստանյան ՙՌԻԱ Նովոստին՚, վկայակոչելով ՌԴ նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովին, գրում է, որ Իրանի և Ռուսաստանի առաջնորդների հանդիպում առայժմ ծրագրված չէ։ Նաև չի բացառել նման հանդիպման հավանականությունը։

Անդրադառնանք իսրայելական կողմի՝ ռուսական ռազմական ինքնաթիռի կործանմանը նախորդած գործողություններին։ Մերձավոր Արևելքի կարևոր դերակատարներից մեկի՝ Իսրայելի քաղաքականության հերթական դրսևորումը պաշտպանության նախարար Ավիգդոր Լիբերմանի սեպտեմբերի 12-ի այցն էր  Վրաստան, որին հետևել է Բաքու այցը։ Լիբերմանը հանդիպել է երկու երկրների նախագահների, պաշտպանության նախարարների և հետախուզական ծառայությունների ղեկավարների հետ։ Հանդիպումների մանրամասները չեն հրապարակվել ո՜չ վրացական ու ադրբեջանական և ո՜չ էլ հրեական տեղեկատվական աղբյուրների կողմից։ 

Խոսքը, ըստ էության, վերաբերում էր ռազմական փոխգործակցությանը, իսկ Ադրբեջանի մասով, ինչպես փորձագետներն են նշում, դա նշանակում է ռազմատեխնիկական համագործակցության հերթական փուլի նախապատրաստում։     

Լիբերմանի առաքելության շուրջ  Ադրբեջանի և Վրաստանի պաշտոնական շրջանակներում ընթացող խոսակցությունները բավականին ժլատ են, բայց արձանագրված փաստը վկայում է այդ այցելությունների  կարևորությունը՝ ինչպես Իսրայելի, այնպես էլ հարավկովկասյան երկու հանրապետությունների անվտանգության տեսանկյունից, գրում է  ադրբեջանական ոչ պաշտոնական contact.az կայքը։ Իսրայելից դեպի հյուսիս և Կովկասից դեպի հարավ իրավիճակն ավելի է թեժանում. Իրանը դիմագրավում է ամերիկյան պատժամիջոցներին, իսկ Սիրիան գտնվում է ՙԻսլամական պետության՚  վերջին հենակետի՝ Իդլիբի գրոհայինների ջախջախման  նախաշեմին, որտեղ նաև ԻՊ-ի դաշնակիցներն են պատսպարված։ Նշված կայքը մեջբերել է Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի՝ Իսրայելի պաշտպանության նախարարի այցին տված գնահատականը՝ այն կարևոր է ոչ միայն երկու երկրների համագործակցության, այլև տարածաշրջանի անվտանգության տեսանկյունից։          

Վերը շարադրված զարգացումներից հետևում է, որ իրավիճակի սրացում կարելի է ակնկալել ոչ միայն Մերձավոր Արևելքում, այլև մեր տարածաշրջանում։ Աչքի առաջ ունենանք ադրբեջանական կողմից Տավուշի շրջանի Բաղանիս գյուղի գնդակոծության փաստը։ Սահմանային լարվածությունը շարունակվեց, և  սեպտեմբերի 16-ի լույս 17-ի գիշերը ադրբեջանական զինուժը որոշեց կրակ բացել ՀՀ  ՝ՊՆ 3-րդ բանակային կորպուսի ուղղությամբ։ Հակառակորդն առանց վարանելու թիրախավորեց խաղաղ բնակիչներին՝ գնդակոծության ենթարկելով սահմանամերձ Չինարի գյուղի բնակելի տներն ու մանկապարտեզի շենքը։ Ադրբեջանական կրակոցներից հրազենային վնասվածք է ստացել Կոթի գյուղի բնակիչը։ Սեպտեմբերի 19-ին զոհ ունեցանք Տավուշի շրջանում, այդ առնչությամբ ՀՀ ԱԳՆ-ն հանդես եկավ մեկնաբանությամբ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ուշադրությունը հրավիրելով տեղի ունեցածի վրա, ընդգծելով Բաքվին սանձելու և նրան  կառուցողական դաշտ բերելու հրատապ անհրաժեշտությունը։   

Թուրք-ադրբեջանական տանդեմի անթաքույց նպատակին քաջատեղյակ Արցախի և Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարությունը ձեռնարկում է բոլոր քայլերը՝ հնարավոր սադրանքները կանխելու ուղղությամբ։ Սեպտեմբերի 18-ին արցախյան առաջնագծում էին երկու հայկական պետությունների ղեկավարներն ու ռազմական գերատեսչությունների պատասխանատուները։ Չնայած առաջնագծում լարվածություն է նկատվում, սակայն ՀՀ զինված ուժերը և Պաշտպանության բանակը վստահորեն վերահսկում են իրավիճակն առաջնագծում։ Մենք պատերազմ չենք ուզում, բայց պատրաստ ենք հակահարված տալ ադրբեջանական զինված ուժերի սադրանքներին. սա  արցախյան սահմանագծից արկածախնդրության  սիրահարներին ուղղված հստակ մեսիջ է։  

 

     

Ռուզան ԻՇԽԱՆՅԱՆ