[ARM]     [RUS]     [ENG]

Վ. ԱԹԱՋԱՆՅԱՆ. ՙՀԱՅԱՏՅԱՑ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՊԵՏԱԿԱՆԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՀԻՄՔՆ Է՚

altՂարաբաղյան հիմնախնդրի շուրջ վերջին զարգացումների, մասնավորապես Ադրբեջանի կողմից շարունակվող հակահայ, թշնամական քաղաքականության, միջնորդական խաղաղարար առաքելություն իրականացնող՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահի հայտարարության, ինչպես նաև  եվրոպական կառույցների ներկայացուցիչների Արցախի Հանրապետություն կատարած պարբերական այցերի կապակցությամբ ՙԱզատ Արցախն՚ իր հարցերն ուղղեց ԼՂՀ արտգործնախարարի պաշտոնակատար Վասիլի ԱԹԱՋԱՆՅԱՆԻՆ.

-Ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման բանակցություններում հայկական կողմը հանդես է գալիս կառուցողական դիրքերից՝ հավատարիմ մնալով  հակամարտող ժողովուրդների միջև թշնամություն չսերմանելու սկզբունքին։ ի՞նչ կասեք Ադրբեջանի նախագահ Ի. Ալիևի հայտարարության մասին, ըստ որի՝ ամբողջ աշխարհի հայերն Ադրբեջանի թշնամիներն են։ Ինչպիսի՞ն պետք է լինի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների վերաբերմունքը նման պահվածքով բանակցային գործընթացին մասնակցող  Ադրբեջանի նկատմամբ։
- Հայատյացությունն ամենեւին էլ նոր երեւույթ չէ մեր հարեւան պետությունում: Հայատյաց քաղաքականությունը հանդիսանում է Ադրբեջանի պետականաշինության հիմքը, որի շնորհիվ էլ առայսօր նրա ղեկավարությանը հաջողվում է բնակչության լայն զանգվածների ուշադրությունը շեղել սոցիալական խնդիրներից,  երկրում ժողովրդավարական սկզբունքների արմատավորման համար պայքարից: Հենց նման ծայրահեղ կեցվածքն էլ առաջին հերթին նպաստում է Ալիեւների կլանի երկարակեցությանը: Այնպես որ, Ալիեւ Կրտսերի ՙսենսացիոն՚ բացահայտումը վախի զգացումից բխող հոգու ճիչ է, որը պայմանավորված է ղարաբաղյան խնդրի ոչ ադրբեջանական բեմագրով կարգավորման մոտալուտ վտանգով: Չէ՞ որ նման դեպքում Ադրբեջանի բազմազգ ժողովրդի կողմից կասկածի տակ կդրվի Ալիեւների չընդհատվող իշխանավարության նպատակահարմարությունը: Իսկ թե ինչպիսին պետք է լինի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների վերաբերմունքը, կարծում եմ, ավելի ճիշտ կլինի, որ իրենք՝ համանախագահները խոսեն այդ մասին։
- Օրերս ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Ռոբերտ Բրադտկեն ՙԱզատություն՚ ռադիոկայանին տված հարցազրույցում կտրուկ հայտարարություն է արել՝ ասելով, որ հակամարտող կողմերն ավելի մոտ են կարգավորմանը, քան իրենք կարծում են։ Մասնավորապես նա շեշտել է հիմնարար սկզբունքների շուրջ համաձայնության ձեռքբերման հանգամանքը, ինչը զանազան ենթադրությունների տեղիք է տվել։ Ի՞նչ կասեք ամերիկացի համանախագահի նման լավատեսության մասին։
- Ես հարգում եմ Ռոբերտ Բրադտկեի լավատեսությունը: Ի դեպ, նա բավական լուրջ եւ գործիմաց դիվանագետ է, այնպես որ, չի բացառվում, որ անհիմն չէ նրա լավատեսությունը: Այնուամենայնիվ, ներկա պահին ես վաղաժամ եմ համարում կիսել նրա լավատեսությունը:
- ԼՂՀ ԱԳՆ-ն շարունակում է պատրաստակամություն դրսևորել եվրոպական ոչ կառավարական կառույցների հետ համագործակցության հարցում։ Պարոն Աթաջանյան, Դուք ի՞նչ նշանակություն եք տալիս եվրոպացի պաշտոնյաների՝ Արցախ կատարած այցերին, և ի՞նչ եք կարծում, ի՞նչ ազդեցություն կարող են ունենալ նման շփումները  տարածաշրջանային գործընթացների վրա։
- Մենք միշտ էլ պատրաստակամ ենք եղել եվրոպական կառավարական եւ ոչ կառավարական կառույցների հետ համագործակցության հարցում: Այս մասին քաջատեղյակ են Եվրոպայում: Մենք անտրամաբանական ենք համարում այն, որ եվրոպական մի շարք կառույցներում հեռակա կարգով զեկույցներ են պատրաստում  մեր պետության մասին՝ զլանալով գեթ մեկ անգամ այցելել, հանդիպել օրինական ճանապարհով ընտրված նրա ղեկավարներին, նաեւ՝  հասարակ մարդկանց, հաղորդակից լինել նրանց տեսակետին, մի խոսքով, տեղում ծանոթանալ իրավիճակին: Հասկանալի պատճառով Ադրբեջանի իշխանություններին ամենեւին էլ ձեռնտու չէ եվրոպական կառույցների ներկայացուցիչների, առավել եւս,  ղեկավարների այցը ԼՂՀ։ Նրանք քաջ գիտակցում են, որ արտասահմանյան ցանկացած պաշտոնական անձի, անկախ մակարդակից,   մուտքը Լեռնային Ղարաբաղ անկասելի հարված է հիմնախնդրի հանդեպ պաշտոնական Բաքվի որդեգրած դիրքորոշմանը, քանի որ բացահայտում է ԼՂՀ-ի`  որպես պետական միավորի, լիակատար կայացվածության հանգամանքը: 
 
Ռուզան ԻՇԽԱՆՅԱՆ