[ARM]     [RUS]     [ENG]

ՀԱՐՑԵՐ ԳՈՐԾԱԴԻՐ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆԸ

 

 

 

Գործադիրի հետ Ազգային ժողովի հերթական հարցուպատասխանը տեղի ունեցավ սեպտեմբերի 26-ին, ԱԺ  8-րդ նստաշրջանի առաջին լիագումար նիստում։ Պատգամավորների հարցերին պատասխանեցին ԱՀ նախագահն ու կառավարության անդամները։

 

Պատգամավոր Դավիթ Իշխանյանը, նախքան հարցը հնչեցնելը, ԱԺ ամբիոնից շնորհավորեց ՙՀայաստան՚ համահակական հիմնադրամի նոր գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանին և ապա խոսեց ամենամյա  հեռուստամարաթոնի մասին, որին, սովորաբար, մասնակցում է Արցախի Հանրապետության նախագահը կամ պետական բարձրաստիճան այլ պաշտոնյա։  Պատգամավորին հետաքրքրում էր, թե ի՞նչ ակնկալիքներ կան  առաջիկայում սպասվելիք  դրամահավաքից, և ի՞նչ է նախատեսվել 2019թ. Արցախում ՙՀայաստան՚ համահայկական հիմնադրամի կողմից իրականացվելիք ծրագրերով։

Հարցին պատասխանեց ԱՀ նախագահ Բակո Սահակյանը։ Նա հիշեցրեց, որ Հիմնադրամի ժամանակավոր տնօրինությունը ստանձնել էր Ֆրանսիայի մասնաճյուղի ղեկավար Պետրոս Թերզյանը, ում հետ ինքը մի քանի հանդիպումներ է անցկացրել։ Քննարկումներ են եղել նաև ՀՀ նախագահի, վարչապետի հետ, Բ. Սահակյանը հեռախոսակապով զրույց է ունեցել Հոգաբարձուների խորհրդի մի շարք անդամների, ինչպես նաև տեղական մարմինների որոշ ղեկավարների հետ։ Հիմնադրամի նոր տնօրենի պաշտոնի համար որոշում  էր ընդունվել մրցույթ կազմակերպել։ Մրցույթի հաղթող է ճանաչվել Հայկակ Արշամյանը։ Նախագահի իրազեկմամբ՝ Հիմնադրամի մյուս պատասխանատուների հետ նա շուտով կլինի Արցախում, այստեղ էլ կնախատեսվեն հետագա քայլերը։ Համահայկական հիմնադրամի հեղինակության վերականգնման խնդիրն է դրված, այդ ուղղությամբ աշխատանքներ են իրականացվում։ ՀՀ անկախությանը նվիրված տոնական միջոցառումներին մասնակցելու հրավերով գտնվելով  Երևանում՝ Բ. Սահակյանը հանդիպել է ՀՀ նախագահին ու վարչապետին, նրանց հետ անդրադարձել Հիմնադրամին առնչվող հարցերին։ Առաջիկա ամիսները կօգտագործվեն՝ նախապատրաստվելու մայիսին կայանալիք Հոգաբարձուների խորհրդի նիստին։ Նախագահի հավաստմամբ՝ բոլոր հնարավորություններն օգտագործվում են Հիմնադրամի աշխատանքները բնականոն հուն վերադարձնելու համար։ Նախանշված բոլոր աշխատանքները հաջողությամբ կիրականացվեն, Հոգաբարձուների խորհրդի նիստին կներկայացվեն ժամանակի պահանջներին համապատասխան առաջարկություններ։

Պատգամավոր Արմեն Օհանյանի հարցը վերաբերում էր տեղական ինքնակառավարման մարմիններին։ ԱՀ Ընտրական օրենսգիրքը մշակման և նախնական քննարկումների փուլում է։ Նրա վկայությամբ՝ կան համայնքներ, որոնցում ընտրություն անցկացնելու ժամկետները վաղուց անցել են։ Ճիշտ է, վարչակազմերն առկա հարցերին ժամանակավոր լուծում են տալիս, բայց դա չի կարող երկար շարունակվել։ Գործադիրն ի՞նչ տեսակետ ունի տեղական ինքնակառավարման համակարգում տիրող իրավիճակի վերաբերյալ։             

Պատասխանելով հարցին՝ պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանն ասաց, որ առանձին համայնքներում 2019թ. նախատեսված ընտրությունների հետ կապված՝ անհրաժեշտ կլինի հանդես գալ օրենսդրական նախաձեռնությամբ, որը կնախապատրաստվի կառավարության կողմից և կներկայացվի ԱԺ-ի քննարկմանը։ 2019-ին համայնքապետի և ավագանու ընտրություններ կանցկացվեն այն համայնքներում, որոնցում նրանց լիազորությունների ժամկետն արդեն լրացել է։ 

Պատգամավոր Վարդգես Ուլուբաբյանը վերստին անդրադարձավ մայրաքաղաքի պոլիկլինիկայի հերթերին՝ ասելով, որ բժիշկներն առաջարկում են պիլոտային ծրագիր, որը ենթադրում է  էլեկտրոնային համակարգի ներդնում։ Երկրորդ հարցը՝ ե՞րբ է ՙՈւռուցքաբանական դիսպանսեր՚ ՓԲԸ-ն տեղափոխվելու նոր շենք։ 

Առողջապահության նախարար Արայիկ Բաղրյանն առաջին հարցի առնչությամբ նշեց, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել ՀՀ գործընկերների հետ՝  վերապատրաստվելու նպատակով հոկտեմբերի 15-ին Հանրապետական բժշկական կենտրոնից մի խումբ ուղարկել Երևան։ Նպատակը մեր առողջապահության ոլորտում էլեկտրոնային համակարգի կիրառմանը նախապատրաստվելն է։ Նախարարը վստահեցրեց, որ դա թույլ կտա թեթևացնել հերթագրումները, բնակչությունն էլ դրանից գոհ կլինի։ Ինչ վերաբերում է ուռուցքաբանականի տեղափոխմանը, նախարարն ասաց, որ դրա հետ կապված ոչ մի խնդիր չկա։ Սեպտեմբերի 30-ին ԱՄՆ-ից բժիշկների մի մեծ՝ 60-հոգանոց խումբ է ժամանելու Արցախ։ Այստեղ նրանք բազմաթիվ վիրահատություններ են  անցկացնելու, նաև՝ ուռուցքաբանության նոր կենտրոնում։ Իսկ բացման արարողությունը  նախատեսվել է մինչև հոկտեմբերի երկրորդ տասնօրյակը։         

Էդուարդ Աղաբեկյանի կողմից արծարծվեց ԱՀ-ի և ՀՀ-ի միջև ռազմաքաղաքական դաշինքի կնքման հարցը, որը մեր ժամանակներում  առանձնակի է կարևորվում։ Պատգամավորին հետաքրքրում էր, թե այս ուղղությամբ ի՞նչ քայլեր են ձեռնարկվում։ 

Հարցին պատասխանեց նախագահ Սահակյանը։ Տարիներ առաջ ՀՀ գործընկերների հետ մշակվել է երկու հայկական պետությունների ռազմաքաղաքական դաշինքին վերաբերող փաստաթուղթ։ Վերջերս էլ հայաստանյան ղեկավարության հետ հանդիպումների ժամանակ անդրադարձ է եղել նշված փաստաթղթին։ Նախագահի իրազեկմամբ՝ հատուկ այդ հարցը բարձրացվել է նաև ՀՀ  Անվտանգության խորհրդի քարտուղարի մոտ, և այժմ սպասում են արձագանքի։ Նրա խոսքով՝ նախկինում նշված փաստաթղթի վրա աշխատելիս հաշվի են առնվել մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ աշխարհաքաղաքական իրավիճակը։ Նախագահի խոսքով՝ ուղղակի պարտավոր ենք հաշվի առնել այդ ամենը, հաշվի ենք առել նախկինում, հաշվի ենք առնում նաև այս ժամանակահատվածում։ Ե՜վ ՀՀ մեր գործընկերները, և՜ Արցախի ղեկավարությունը գիտակցում են փաստաթղթի կարևորությունը, բայց մենք գիտակցում ենք նաև առկա հանգամանքները։ Ո՜չ Հայաստանում և ո՜չ էլ Արցախում փաստաթղթի ընդունումից խուսափելու նպատակ չկա։ ՙՓորձելու ենք ամեն ինչ անել՝ վերջնականապես կյանքի կոչելու կարևորագույն նշանակություն ունեցող այդ փաստաթուղթը՚,- հավաստիացրեց հանրապետության նախագահը և հավելեց՝ ուղղակի այն ենթակա չէ այս շրջանում ավելի լայն և ավելի հրապարակային քննարկման։

 Վիլեն Սաֆարյանի հարցը էկոլոգիական մոնիտորինգին էր վերաբերում։ Շուշի, Ստեփանակերտ և Ասկերան քաղաքների, Իվանյան զորավանի և նրանց հարակից բոլոր բնակավայրերի կենցաղային և արտադրական թափոնները լցվում են Կարկառ գետը։ Վերջինիս ջրերը գլխավորապես օգտագործվում են ոռոգման նպատակով։ Հարց է առաջանում՝ քիմիական նյութեր պարունակող այդ կեղտաջրերն ինչպե՞ս են ազդում մեր կողմից օգտագործվող գյուղատնտեսական մթերքների որակի վրա։ Երկրորդ՝ մտածո՞ւմ են արդյոք այն մասին, որ վտանգի տակ է արդյունաբերական օբյեկտների, մասնավորապես լեռնահանքային արդյունաբերության հարստացման պոչամբարների հարևանությամբ գտնվող բնակավայրերի բնակչության առողջությունը։ Նշված խնդիրները նկատի ունենալով, ընդհանրապես, իրականացվո՞ւմ է էկոլոգիական մոնիտորինգ։ Եվս մեկ հարց՝ կապված անտառային ռեսուրսների օգտագործման կանոնակարգման հետ. մեկ տարի առաջ ԱՀ նախագահը Բնապահպանության նախարարությանն առաջարկել էր մշակել համապատասխան կանոնակարգ։ Պատգամավորի խոսքով՝ ցայսօր նման կանոնակարգ գոյություն չունի։ Ինչքա՞ն պիտի շարունակվի անտառային ռեսուրսների ոչ կանոնակարգված օգտագործումը։ 

ԱՀ բնական պաշարների և բնապահպանության նախարար Ֆելիքս Գաբրիելյանն առաջին հարցի վերաբերյալ տեղեկացրեց, որ երկու տարվա կտրվածքով ծրագիր է նախատեսվել, որի ավարտին հետևելու է համապատասխան որոշման ընդունումը։ Լեռնահանքային արդյունաբերության մտահոգիչ խնդիրը պոչամբարների հասցրած վնասներն են։ Դրանց վերաբերյալ փորձագիտական եզրակացություններ կան։ Դրմբոնի երկու պոչամբարները փակվել են, երրորդի վերաբերյալ աշխատանքներ են ընթանում։ Թերևս, ավելի խորը ուսումնասիրության և մասնագիտական գնահատականի կարիք է զգացվում։ 

Վահրամ Բալայանը ողջունեց երիտասարդների՝ առանձնատներ կառուցելու ցանկությունը, բայց միաժամանակ նշեց, որ համապատասխան հողատարածքներ չկան։ Համայնքներում առկա այս խնդրի լուծումն ինչպե՞ս է գործադիրը պատկերացնում։ 

Ի պատասխան հարցի՝ պետնախարար Մարտիրոսյանն ասաց, որ ներկա դրությամբ Ստեփանակերտ քաղաքում բնակարանաշինության համար տրամադրվող հողատարածքների հետ կապված քննարկումներ են ընթանում։ Մի քանի տարբերակ կա։ Մայրաքաղաքի հողային ֆոնդն արդեն սպառված է, հետագա աշխատանքները կընթանան Աջափնյակ և Նոր Արեշ   

ուղղություններով։ Բնակարանաշինության հետագա  ծրագրերում կնախատեսվեն առանձին հատակագծեր, նշված տարածքներում տների կառուցման նպատակով մոտ ապագայում հողատարածքներ կտրամադրվեն։    

        Ռուզան ԻՇԽԱՆՅԱՆ