[ARM]     [RUS]     [ENG]

ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԵՏ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՐԿՈՒ ԱՐԺԵՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ԲԱԽՈՒՄ Է

Արցախի Հանրապետության պետնախարար Գրիգորի ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻ հարցազրույցը ՙՀպրտցոսՌՍՈ ԸՐՎպվՌÿ՚ թերթին 

 -Սեպտեմբերի 2-ին Արցախը նշեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության (ԼՂՀ) հռչակման մասին` Լեռնային Ղարաբաղի մարզային և Շահումյանի շրջանային խորհուրդների համատեղ նստաշրջանում ընդունված Հռչակագրի 27-ամյակը: Նրա ընդունումից գրեթե երեք տասնամյակ անց և հանրապետության անցած՝ դժվարին փորձություններով լի ճանապարհի պրիզմայի միջով ինչպե՞ս կմեկնաբանեիք Հռչակագրի դերն ու նշանակությունը։

-Կարծում եմ՝ այս քայլով մեր ժողովուրդը, որի իրավունքները ոտնահարվում էին տասնամյակներ շարունակ, առաջին հերթին, փրկվեց ֆիզիկակական ոչնչացումից, որի վտանգի հետ մենք ամենայն ակնհայտությամբ բախվել էինք։ Համախմբելով համազգային ջանքերը, մեզ հաջողվեց հաղթանակ տանել իրական դիմակայությունում և պաշտպանել հռչակված անկախությունը։ 

Այ՜ո, Արցախի անկախության համար հայ ժողովուրդը շատ մեծ գին վճարեց, և մեկնաբանություններն այստեղ ավելորդ են։ Այսօր իրողությունը հետևյալն է՝ արդեն 27 տարի է՝ ունենք հայկական երկրորդ պետություն՝ զարգացող տնտեսությամբ, պետականության բոլոր բնորոշիչներով ու ինստիտուտներով և ժողովրդավարական արժեհամակարգով։ Իսկ առավել լայն իմաստով՝ Մայր Հայաստանի անբաժանելի մասն ենք։ 

-Այն տարիներին արցախցիների գլխավոր խնդիրն ադրբեջանական ագրեսիայից հայրենիքը պաշտպանելն էր։ 1994թ. հրադադարի հաստատումից հետո առաջին պլան մղվեցին պետական ինստիտուտների կայացման, տնտեսության վերականգնման, սոցիալական խնդիրների լուծման հարցերը։ Այսօր բոլորի կողմից ճանաչված փաստ է, որ Արցախի Հանրապետությունը կայացած պետություն է՝ ինքնիշխան երկրներին բնորոշ բոլոր ատրիբուտներով՝ իշխանության ձևավորման  ժողովրդավարական կայուն ավանդույթներով, անկախ արտաքին քաղաքականությամբ, զարգացող տնտեսությամբ, ուժեղ և մարտունակ բանակով։ Ո՞ր խնդիրների լուծումն է այսօր Արցախի համար առաջնահերթություն ներկայացնում։

-Ինչպես բոլոր երկրներում, մենք նույնպես բազմապլան խնդիրներ ունենք ներքին և արտաքին ոլորտներում։ Հակամարտության կարգավորման և Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման հարցերը շարունակում են մեզ համար առաջնահերթ մնալ։ Դրանց լուծման սկզբունքները  պետք է համապատասխանեն մեր ժողովրդի կողմից 30 տարի առաջ սկսած Ազգային-ազատագրական շարժման պահանջներին։ Բացի այդ, հիմնախնդրի վերջնական լուծումը կարևոր է նաև տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության և տնտեսության բազմակողմանի զարգացման համատեքստում։ Դրան զուգահեռ անհրաժեշտ է ապահովել տնտեսության կայուն և համակողմանի զարգացումը, ինչպես նաև բարձրացնել կառավարման համակարգի արդյունավետությունը։ Իրականում այսօր գոյություն ունեցող խնդիրներից շատերը սերտ փոխկապակցված են մեկը մյուսի հետ, և դրանց լուծման գործում մեզ շատ են աջակցում Հայաստանի Հանրապետության կառավարությունն ու Սփյուռքը։ 

-Տնտեսության ո՞ր ոլորտների զարգացումն է առաջնահերթ խնդիր հանդիսանում Արցախի համար։ 

-Որպես տնտեսության գերակա ուղղություններ` նախանշել ենք գյուղատնտեսության, հիդրոէներգետիկայի, լեռնահանքաարդյունաբերության, մշակող արդյունաբերության և տուրիզմի զարգացումը։ Բոլոր այս ոլորտներում ունենք հաջողություններ և ներդրումներ ներգրավելու մեծ ներուժ։ Ինչ վերաբերում է նոր ճյուղերին, Արցախի կառավարությունը զարգացման լուրջ հեռանկար է տեսնում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում։ Մենք ունենք շատ խելացի և տաղանդավոր երեխաներ, ովքեր, առաջին հերթին, համապատասխան կրթության կարիք ունեն։ Այս ուղղությամբ արդեն ձեռնարկվել են որոշակի քայլեր, և հուսով եմ, առաջիկա տարիներին կկարողանանք շոշափելի արդյունքների հասնել։

-Հայաստանը եղել և մնում է Արցախի անվտանգության երաշխավորը։ Այդ մասին բազմիցս հայտարարել է և ՀՀ ներկայիս վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Իսկ Արցախի ներքաղաքական իրավիճակի վրա որևէ կերպ անդրադարձե՞լ են Հայաստանում ՙթավշյա հեղափոխությունից՚ հետո տեղի ունեցած փոփոխությունները։

-Արցախը բոլոր առումներով Հայաստանի հետ միևնույն տարածության մեջ է, և այս տեսակետից Երևանում տեղի ունեցող իրադարձություններն իրենց արձագանքն են գտնում Ստեփանակերտում։ Ուրախ եմ հաղորդել, որ Արցախի Հանրապետության կառավարությունը շատ սերտ դաշնակցային հարաբերություններ ունի ՀՀ նոր կառավարության հետ։ Ինչ վերաբերում է ներքաղաքական իրավիճակի վրա ազդեցությանը, կարծում եմ՝ միտումներն ընդհանուր առմամբ դրական են, քանի որ մենք նույնպես հետևողականորեն շարունակում ենք խթանել կառավարման համակարգում աշխատանքի թափանցիկ և հրապարակային ոճը։

-Տեսնո՞ւմ եք, արդյոք, արցախա-ադրբեջանական հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունների լիարժեք ձևաչափի վերականգնման, այսինքն` բանակցությունների սեղան Արցախի վերադարձի մեխանիզմներ։ Որքանո՞վ է դա իրատեսական, եթե հաշվի առնենք Բաքվի խստացված հակազդեցությունն ու միջնորդների չեզոք դիրքորոշումները, ովքեր այդ հարցի լուծումը թողնում են հակամարտ կողմերի հայեցողությանը։

-Ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում վերջին իրադարձություններն օրախնդիր հարց են դարձնում Արցախի իշխանությունների լիարժեք մասնակցությամբ բանակցությունների եռակողմ ձևաչափի վերականգնման մեխանիզմներ գտնելու անհրաժեշտությունը։ Նման մեխանիզմ կարող է դառնալ Ադրբեջանի հետ հակամարտության կարգավորման գործընթացում Հայաստանի և Արցախի դերերի ու լիազորությունների հստակ տարանջատումը, երբ  կողմերից յուրաքանչյուրը բանակցություններ կվարի իր անունից և այն հարցերի շուրջ, որոնք իրենց իրավասության մեջ են մտնում։ Ակնհայտ է, որ ադրբեջանական իշխանություններն այսուհետ ևս  ամեն կերպ կխոչընդոտեն լիարժեք ձևաչափով բանակցությունների վերականգնմանը, քանի որ շահագրգռված չեն հիմնախնդրի խաղաղ կարգավորման հարցում։ Ուստի Ադրբեջանի վերադարձը կառուցողական դաշտ և բանակցությունների լիարժեք ձևաչափի վերականգնումը պետք է ընդհանուր խնդիր դառնան բոլոր նրանց համար, ովքեր շահագրգռված են ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ, վերջնական և արդարացի կարգավորման հարցում։ Եվ այս գործում կարևոր դերակատարություն ունեն, այդ թվում, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները։ 

-Արցախում ինչպե՞ս են վերաբերվում, այսպես կոչված, ՙտարածքային զիջումների՚ վերաբերյալ տարբեր առիթներով բռնկվող քննարկումներին։

-Տարածքների հարցը, որոնց վրա, Սահմանադրության համաձայն, տարածվում է Արցախի Հանրապետության իրավասությունը, անքակտելիորեն կապված է մեր երկրի անվտանգության և խաղաղ զարգացման իրավունքի հետ։ Դրանք այն արժեքներն են, որոնք, ինչպես բազմիցս հայտարարել են Արցախի Հանրապետության իշխանությունները, սակարկության ենթակա չեն։ Տվյալ դիրքորոշումն այլընտրանք չունի, հատկապես նոր ագրեսիա սանձազերծելու` Ադրբեջանի չընդհատվող փորձերի, Արցախը օկուպացնելու և նրա բնակչությունը ոչնչացնելու կամ վտարելու ուղղակի սպառնալիքների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության նկատմամբ Բաքվի տարածքային անթաքույց հավակնությունների համապատկերին։ 

Միևնույն ժամանակ կցանկանայի հատկապես ընդգծել, որ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունը տարածքային վեճ չէ, ինչպես դա փորձում է ներկայացնել ադրբեջանական կողմը, Ադրբեջանի հետ հակամարտությունը բախում է` երկու արժեհամակարգերի միջև. մի կողմից դա Արցախի ժողովրդի ձգտումն է ազատության, ժողովրդավարության և խաղաղ զարգացման, մյուս կողմից` Ադրբեջանի փորձերը` ավտորիտար մեթոդներով և ուժի օգնությամբ մարդկանց զրկելու ոչ միայն իրենց հիմնարար իրավունքներից, այլև Հայրենիքից:

 

''Республика Армения''