[ARM]     [RUS]     [ENG]

ԹՈՒՐՔԻԱՆ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՃԱՄՓԱԲԱԺՆՈՒՄ. ԱՌՃԱԿԱՏՈՒՄ ԿԱՄ ԼՂՀ-Ի ՃԱՆԱՉՈՒՄ

Թուրքիայի և Հայաստանի Հանրապետության ու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջև լուրջ հիմնախնդիրները կանխորոշված են այն  բանով, որ Թուրքիան չի դատապարտել 1894-1896, 1909, 1915-1923թթ. հայերի հանդեպ կատարված ցեղասպանությունը և չի վերացրել բարոյական, քաղաքական, տարածքային և տնտեսական բնագավառներում նրա ունեցած հետևանքները։ Ներկա պահին Թուրքիան  իրականացնում է Հայաստանի Հանրապետության հակաիրավական շրջափակում, հրաժարվում դիվանագիտական հարաբերություններ հաստատել նրա հետ։ Թուրքիան նաև ավանդաբար սատարում է Ադրբեջանի ագրեսիան Լեռնային Ղարաբաղի դեմ։
Ադրբեջանի հետ դաշինքի թուրքական պաշտոնական քաղաքականությունը կառուցվում է ըստ ՙմեկ ազգ, երկու պետություն՚ բանաձևի։ 1993թ. Թուրքիայի ղեկավարությունը նախապատրաստել էր Հայաստան ներխուժելու (ինտերվենցիայի) պլան։ Թուրքիան թուրք-հայկական սահմանին էր մոտեցրել 1-ին և 3-րդ դաշտային բանակները՝ սպառնալով հայկական տարածք ռազմական ներխուժումով, ինչը սպառնալիք ստեղծեց նաև Ռուսաստանի ազգային շահերի համար։ Այդ ժամանակ Ռուսաստանը գտավ անհրաժեշտ  դիվանագիտական քայլը։ ՌԴ ԶՈՒ գլխավոր շտաբում շտապ կերպով անցկացվեցին ռազմաշտաբային զորավարժություններ, որոնք ցուցադրեցին, թե թուրքական 1-ին և 3-րդ դաշտային բանակներն  ինչպես են ջախջախվելու հենց իսկ թուրքական տարածքում՝ Կարսի և Վանի միջև մեծ ՙկաթսայում՚։ Դրանից հետո մամուլում տվյալ զորավարժություների մասին տեղեկատվության արտահոսք բաց թողնվեց, ինչն իսկույն պաղեցրեց Թուրքիայի ռազմական ավյունը։
2009թ. Անկարան փորձ ձեռնարկեց առանձին խաղ խաղալ Հայաստանի Հանրապետության հետ երկկողմ հարաբերությունների զարգացման և դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին արձանագրություններ ստորագրելու ձևով։ Բայց Ադրբեջանի հակազդեցության պատճառով այդ փորձը ձախողվեց։ Կարևոր է ընդգծել, որ, միջազգային իրավունքի համաձայն՝ դիվանագիտական հարաբերությունները հաստատվում են առանց նախնական պայմանների՝ նոտաներ փոխանակելու ուղիով։ Թուրք-հայկական արձանագրություններն արդեն ինքնին նախնական պայմաններ էին հանդիսանում և Հայաստանի Հանրապետության կողմից փոխզիջում և բարի կամքի ակտ էին արտահայտում։ Չի կարելի մոռանալ, որ հայերի ցեղասպանության ժխտումը ցեղասպանության եզրափակիչ փուլն է հանդիսանում։
Պաշտոնական Անկարան չի հրաժարվել հակահայկական քաղաքականությունից։ Դրա ակնբախ վկայությունն են հանդիսանում ամենամյա թատերականացված տոները՝ նվիրված 1915թ. Արևմտյան Հայաստանի քաղաքներից հայերի վտարման տարեդարձերին։ 2012թ. իշխանության կուսակցությունը ներկայացնող քաղաքագլուխների ղեկավարությամբ այդպիսի տոներ են անցկացվել Թուրքիայի Ռիզե, Բայբուրտ, Էրզրում և Իգդիր քաղաքներում։ Այդ տոնի շրջանակներում շոու-ներկայացում է կազմակերպվել ՙՀային սրով խոցելը՚ անվանումով։ Մեկնաբանություններն, ինչպես ասում են, ավելորդ են։
2012թ. փետրվարի 26-ին Ստամբուլում տեղի է ունեցել Ադրբեջանի հետ համերաշխության հակահայկական հանրահավաք, որի մասնակիցները ռասիստական ցուցապաստառներ են կրել և վանկարկել. ՙԱյսօր մենք գրավել ենք Տաքսիմը (քաղաքի կենտրոնական հրապարակը.-Ռ.Զ.), վաղը կվերցնենք Երևանը՚։ Հանդես գալով հանրահավաքում, Թուրքիայի ՆԳՆ ղեկավար Ի. Շայինը բացեիբաց պաշտպանել է նրա մասնակիցներին։ Այնուամենայնիվ, Թուրքիայի նախագահ Աբդուլլա Գյուլը երկիմաստորեն  հայտարարել է. ՙՀանրահավաքի կազմակերպման գաղափարին դրականորեն եմ նայում, սակայն այնտեղ առաջ քաշված կարգախոսներն ամոթալի են եղել։ Շատ ամոթ է եղել։ Դա Թուրքիային չի սազում։ Դա խայտառակություն է՚։
Դրա հետ միասին, վերջին տարիներս թուրքական մամուլում ավելի ու ավելի հաճախ են հոդվածներ հրապարակվում ղարաբաղյան հիմնախնդրի վերաբերյալ, որոնք ակնհայտորեն հասցեագրված են ադրբեջանական կողմին։ Թուրք պրագմատիկ քաղաքագետները գրում են ԼՂՀ -ի և Հայաստանի հետ Թուրքիայի բարեկամության անհրաժեշտության մասին, այն մասին, որ ԼՂՀ-ի անկախությունն անշրջելի է, որ Ադրբեջանը երբեք չի կարողանա զավթել ԼՂՀ-ն։ Այդ գործընթացը կապված է նաև Թուրքիայի անդրենածին բնակչության՝ իսլամականացած հույների և հայերի  ինքնագիտակցության վերածննդի հետ։
ՙMilliyet՚ թուրքական թերթի վերլուծաբան Քադրի Գյուրսելը 2009թ. սեպտեմբերին հրապարակած ՙՂարաբաղը մոռանալն ադրբեջանցիների օգտին կլինի՚ հոդվածում ընդգծել է, որ Ադրբեջանն առավել խելամիտ պետք է վարվի և ձեռք քաշի Ղարաբաղի հետ կապած հույսից։ Թուրք վերլուծաբանն  արձանագրում է. ՙԱդրբեջանը չի կարող ոչ դիվանագիտական ուղիով, ոչ տնտեսական շրջափակումով, ոչ պատերազմի միջոցով Ղարաբաղը վերցնել իր իշխանության տակ։ Անհնար է կանխատեսել այդպիսի բան նաև ապագայում՚։
2009 թվականի հոկտեմբերին թուրք վերլուծաբան Էմին Փազարջին ՙTumgazeteler՚ կայքէջում արձանագրել է, որ Ղարաբաղն այսուհետ պատկանում է հայերին։ Է. Փազարջին ընդգծել է, որ կանցնի ևս 10 տարի, և ղարաբաղյան հիմնահարցն այլևս օրակարգում չի լինի, քանի որ, Է. Փազարջիի խոսքերով, ՙհայերը Ղարաբաղում կհաստատվեն այնպես, ինչպես պետք է՚։ Հոդվածի հեղինակը նշում է, որ ադրբեջանցիներն իրենք էլ են հասկանում, որ յուրաքանչյուր օրը ավելի ու ավելի է հեռացնում Ղարաբաղին տիրելու հավանականությունը։
2010 թվականի սեպտեմբերին Ստամբուլի ՙԲողազիչի՚ համալսարանի դասախոս Բեհլուլ Օզքանը հանդես է եկել հայտարարությամբ, նշելով, որ հենց  Թուրքիան  է առավել մեծ չափով  հասկանում, որ Լեռնային Ղարաբաղի անկախությունն անշրջելի է։
2011թ. փետրվարին հայտնի թուրք իրավապաշտպան և հրատարակիչ Ռագիպ Զարաքոլուն արձանագրել է. Թուրքիան պետք է անվերապահորեն բացի Հայաստանի հետ սահմանը և չմիջամտի ղարաբաղյան հակամարտությանը։ Նրա կարծիքով, Թուրքիայի ազգայնական շրջանները համակրում են Ադրբեջանին, բայց այդ մոտեցումն արդեն սպառել է իրեն, քանի որ ադրբեջանցիներն ու թուրքերը տարբեր ժողովուրդներ են։ Ռ. Զարաքոլուն նշել է, որ ՙմեկ ազգ, երկու պետություն՚ կարգախոսը բարբաջանք է, քանի որ նշված երկու ժողովուրդների միջև ընդհանուր ոչինչ չկա՝ լեզվից բացի։ Նա հայտարարել է. ՙԱյսպիսով, ես կարծում եմ, որ Ադրբեջանը կարևոր կամ ազդեցիկ գործոն չի հանդիսանում։ Ղարաբաղի անկախությունն անվիճելի է, և Լեռնային Ղարաբաղի բնակչությունն ինքնորոշման իրավունք ունի։ Ինչ վերաբերում է հայ-թուրքական արձանագրություններին, ապա դրանք արդեն մեռել են։ Այժմ Թուրքիան պետք է կամք դրսևորի, բացի սահմանը և Հայաստանի հետ դիվանագիտական կապ կարգավորի առանց որևէ նախապայմանի՚։
2012թ. մարտին Todays Zaman թուրքական թերթում հրապարակվել է քաղաքագետ Չինգիզ Աքթարի հոդվածը, որում հեղինակը պնդում է, որ, ղարաբաղյան հարցում սատարելով Արբեջանին և արգելակելով հարաբերությունների նորմալացումը Հայաստանի հետ, Թուրքիան իր համար կործանարար ուղի է ընտրել։ Չ. Աքթարը  նշում է, որ 2009թ. թուրք-հայկական արձանագրությունների իրացմանը հենց  Ադրբեջանն է խանգարել։ Նա գրում է. ՙՎերջին հաշվով, Թուրքիայի առավել կենսական էներգետիկական պահանջմունքներն են նրան ստիպել նախապատվությունը տալ Ադրբեջանին, այլ ոչ թե Հայաստանի հետ հարաբերությունների նորմալացմանը՚։ Չափազանց ուշագրավ են և հեղինակի այս խոսքերը. ՙՎերջերս ավարտված՝ գեների քարտավորման նախագիծը ցույց է տվել, որ մենք իրոք ընդհանուր շատ բան չունենք մեր էթնիկական ազգակիցների հետ։ Հետազոտությունը նաև ցույց է տվել մեր գենետիկական ազգակցությունը Անատոլիայում ապրող ոչ թուրքական ժողովուրդների հետ։ Հիրավի դրանում զարմանալի ոչինչ չկա՚։ Ակներև է, որ խոսքը հայերի և հույների մասին է։
Այսպիսով, որպես վստահության միջոց և բարի կամքի ժեստ, միջազգային իրավունքի նորմերին համապատասխան՝ Թուրքիան լիովին կարող էր ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը և դիվանագիտական հարաբերություններ հաստատել նրա հետ, ինչը կնպաստեր հակամարտության կարգավորման հարցում առաջադիմությանը։  Կարևոր է նշել, որ 20-րդ դարի սկզբին Թուրքիան փաստորեն Լեռնային Ղարաբաղը Հայաստանի մաս էր ճանաչում։ Առաջին համաշխարհային պատերազմն սկսվելուց հետո թուրքական կառավարությունը փորձեց հայերին հակել Թուրքիային սատարելու ընդդեմ Ռուսաստանի՝ դրա փոխարեն նրանց խոստանալով ինքնավար Հայաստանի ստեղծում՝ բաղկացած Էրիվանի, Կարսի նահանգներից և Ելիզավետպոլի նահանգի արևմտյան մասից, այսինքն՝ Վանի և Բիթլիսի վիլայեթներից։ Այսպիսով, Թուրքիան Լեռնային Ղարաբաղը համարում էր հայկական հող, ըստ որում,  զգալի չափով, նրա պատմական սահմաններում, այլ ոչ թե ԼՂԻՄ-ի  կրճատված սահմաններում։ Ռուսաստանի դեմ հանդես գալուց հայ ժողովրդի հրաժարվելը դարձավ 1915-1923թթ. Թուրքիայում հայերի ցեղասպանության առիթներից մեկը, որի ընթացքում սպանվեցին 1,5 միլիոն հայեր։
 
Ռուբեն ԶԱՐԳԱՐՅԱՆ
ԼՂՀ արտաքին գործերի նախարարի խորհրդական,
պատմական գիտությունների թեկնածու
ՙՆովոյե Վոստոչնոյե օբոզրենիե՚
ինտերնետ-հանդես