[ARM]     [RUS]     [ENG]

ԱՐՑԱԽԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ՝ ԱՇԽԱՐՀԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ՍՐԱՑՄԱՆ ՀԱՄԱՊԱՏԿԵՐԻՆ

Հայաստանի Հանրապետությունում լիազորություններն ավարտած ԱՄՆ-ի դեսպան Ռիչարդ Միլսի ՙգրավյալ տարածքների վերադարձի՚ մասին աղմկահարույց հայտարարության արցախյան և հայաստանյան արձագանքները ղարաբաղյան խաղաղ կարգավորման գործընթացում միջնորդական առաքելություն իրականացնողներին հասկանալ տվեցին, որ կարգավորման հիմքում պետք է լինի Արցախի ժողովրդի անվտանգությունը։

Մադրիդյան սկզբունքները վաղուց արդեն հնացած են և չեն կարող հիմք ծառայել ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման բովանդակային բանակցությունների համար։ ԱՀ արտգործնախարար Մասիս Մայիլյանն, օրերս անդրադառնալով այդ հարցին, միջազգային հանրությանը հիշեցրեց  Արցախի Հանրապետության սահմանադրության մեջ այդ տարածքների ամրագրված լինելու փաստը՝ ընդգծելով, որ դրանք մեր անվտանգության բաղկացուցիչ մասն են կազմում։ Նախարարի խոսքով՝ միջնորդների հետ աշխատանքը պետք է շարունակել այնպես, որ նրանք հակամարտության կարգավորման համար հնացած մոտեցումներ չօգտագործեն։ 

Նկատի ունենանք նաև, որ Միլսի հայտարարությունը հնչել է համաշխարհային ուժային կենտրոնից, և դրա ռուսաստանյան վեկտորի անտեսումը ճիշտ չէր լինի։ Ռուսաստանի միջնորդության շնորհիվ Դուշանբեում Փաշինյան-Ալիև կարճատև զրույցն ավարտվեց իրավիճակն օպերատիվ վերահսկելու նպատակով հակամարտող կողմերի ղեկավարության միջև մշտական կապ հաստատելու պայմանավորվածությամբ։ Դա, իհարկե, կայուն պայմանավորվածություն չէր, բայց ամեն դեպքում Ռուսաստանի նախաձեռնությունն էր։ Եվ այդ նախաձեռնության կարևորությունը ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի կողմից հաստատվեց ևս մեկ հայտարարությամբ, որն ինչ-որ առումով անակնկալի բերեց շատերին։ Ադրբեջանական կողմի հետ ստեղծված կապը նա հուսալի կապ որակեց՝ ոչ երկիմաստ ազդակ ուղարկելով արևմտյան կողմին։      

Վերջին զարգացումների ֆոնին ահա թե ինչ տեսակետ է արտահայտում ռուսաստանցի քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը. ՙԱՄՆ նախագահի անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը կարող է ղարաբաղյան հակամարտության հարցում Բաքվին ինչ-որ նոր գաղափարներ առաջարկել՚։ ԱՄՆ-ն վաղուց է փորձում Սև ծովում ռազմանավեր տեղակայել՝ օգտագործելով Վրաստանի և ՆԱՏՕ-ի միջև դաշինքը։ Մարկեդոնովի կարծիքով՝ Վաշինգտոնը կփորձի Արևելյան Անատոլիայում բազաներ ստեղծել, որպեսզի այնտեղ տեղակայի իր զինծառայողներին և պահանջի իր տրամադրության տակ դնել մի շարք թուրքական նավահանգիստներ։ 

Հայկական razm.info կայքը տեղեկացնում է, որ ԱՄՆ-ից ստացված Island տիպի պարեկանավերն արդեն Վրաստանի ծովափնյա պահակախմբում են։ Նույն կայքի փոխանցմամբ՝ հոկտեմբերի 18-ին Ադրբեջանի պաշտպանության նախարարության հրապարակած լուսանկարներից մեկում երևում է ամերիկյան ՙԲոինգ՚ ընկերության արտադրության MH-6 թեթև ուղղաթիռ, ինչի առկայության մասին նախկինում հայտնի չէր։ ԱՄՆ բանակում այդ ուղղաթիռն օգտագործվում է հատուկ նշանակության գործողությունների համար։ Այս ուղղաթիռը, razm.info-ի դիտարկումներով, կարող է կրել նաև հրթիռներ, բայց առայժմ պարզ չէ, թե ուղղաթիռի մոդիֆիկացված տարբերակը հասե՞լ է Ադրբեջան, թե՝ ոչ։  

ՏԱՍՍ գործակալությունն էլ իր հերթին, հղում անելով ՌԴ ռազմարդյունաբերական համալիրից ստացված տեղեկություններին, հայտնում է, որ C-400 ՙՏրիումֆ՚ զենիթահրթիռային համակարգն արդեն համալրել է ռուսական զինված ուժերը։ Ի դեպ, նման հրթիռային համակարգերի ձեռքբերման մասին Ռուսաստանի հետ պայմանագիր ունի նաև Թուրքիան, ինչն Արևմուտքը դիտարկում է որպես ՆԱՏՕ-ին ուղղված ձեռնոց։ 

Բաքվի պաշտոնական աղբյուրը տեղեկացնում է, որ ուսումնական կենտրոններում շարունակվում են ադրբեջանական բանակի  հակաօդային պաշտպանության ստորաբաժանումների վարժանքները։ Ադրբեջանական մեկ այլ պաշտոնական կայքի տեղեկություններով՝ հոկտեմբերի 29-30-ը Ադրբեջանը և Եվրամիությունը Բաքվում երկխոսելու են անվտանգության հարցերի շուրջ։ Եվրամիությունում Ադրբեջանի ներկայացուցչությունն իրազեկելով այս մասին, միաժամանակ հստակեցրել է, որ երկխոսությունը կապված չէ Բաքվի և Բրյուսելի միջև ռազմավարական գործընկերության մասին նոր համաձայնագրի նախագծի համաձայնեցման շրջանակներում տարվող բանակցությունների հետ։ Պաշտոնական Բաքվի ակնարկը հասկանալի է և վերաբերում է Հյուսիսատլանտյան դաշինքին։   

Տարածաշրջանում ամերիկյան ակտիվության հանգամանքը հարկադրում է անուշադրության չմատնել Իրանի նկատմամբ կիրառվող  պատժամիջոցների համատեքստում հարավկովկասյան հանրապետությունների նկատմամբ Միացյալ Նահանգների քաղաքականությունը։ Հայկական քաղաքական փորձագիտական շրջանակներում մտավախություն կա, որ ամերիկյան կողմը կարող է փորձել Իրանի դեմ իր կողմից նախապատրաստվող գործողություններում ուղղակի կամ անուղղակի ներգրավել Հայաստանին։ Արևմուտքը փորձում է ճշտել տարածաշրջանային հարցերում հայաստանյան նոր իշխանությունների դիրքորոշումը։ 

Կարելի է ենթադրել, որ աշխարհի ուժային կենտրոններն ակնհայտորեն նոր սրացման առաջ են կանգնեցնում հարավկովկասյան տարածաշրջանը։ Ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության շուրջ հնարավոր զարգացումները զգոնություն են պահանջում, քանի որ խոսքը վերաբերում է մեր երկրի անվտանգությանը։ 

Մեկ այլ կարևոր հանգամանք. անցած շաբաթ Արցախի Հանրապետության ղեկավարությունը միջազգային հանրությանն իրազեկեց մի շատ կարևոր նախագծի՝ Արցախը Հայաստանին կապող երրորդ մայրուղու շինարարության մասին։ 

Ադրբեջանական ոչ պաշտոնական կայքերից մեկը, հղում անելով հայկական ԶԼՄ-ների  հաղորդած՝ երրորդ ավտոճանապարհի կառուցման մասին տեղեկատվությանը, գրեց. ՙՀայերը մեզ հասկանալ են տալիս, որ մտադիր չեն հանձնել Ղարաբաղի հարակից տարածքները՚։ Նորությունն ադրբեջանական լսարանին ավելի հստակ ներկայացնելու նպատակով շեշտվում էր, որ ՙճանապարհն անցնելու է Արաքսի կողքով, Զանգելանի, Ջեբրայիլի և Ֆիզուլու տարածքներով՚։  

Բաքվում երբեմն հասկանում են արցախյան մեսիջները, բայց, դրա  հետ մեկտեղ, չեն հրաժարվում իրենց ագրեսիվ նկրտումներից։ Հարևան երկրի քաղաքական վերնախավին կարելի է ևս մեկ մեսիջ հղել այն մասին, որ կարիք չկա առանձնակի հույսեր կապել տարածաշրջանում համաշխարհային ուժային կենտրոնների միջև մրցակցային պայքարի սրացման հետ։ Պաշտպանության բանակի մարտական պատրաստվածության բարձր մակարդակը և զգոնությունն առաջնագծում նրանց համար նույնպես պետք է հասկանալի լինի։   

 

 

Ռուզան ԻՇԽԱՆՅԱՆ